Ստեփան Զորյան

Օրիորդ Մարիամը

Ընկերուհիները զրուցելով կեսգիշերին վերադառնամ էին տուն։ Նրանք հենց նոր դուրս եկան պարահանդեսից և այժմ, լուռ փողոցով անցնելով, խոսում էին այդ մասին։

Ինչ ուզում ես, ասա, ասում էր Շուշանը, որ նիհար, բարձրահասակ մի օրիորդ էր՝ թռչունի քթով և մանկաբարձուհու տեսքով, ես շատ հավանեցի այն պարոնի պարը, որ ոտքերը խփում էր իրար և ձեռքերը մեջքին դնելով այսպես էր անում...

Այս ասելով՝ օրիորդ Շուշանը ձեռքերը կանթեց մեջքին և իրանը շարժեց։

Էհ, թող, ի սեր աստծո, նկատեց ընկերուհին՝ օրիորդ Մարիամը, որ ավելի կարճ և ավելի տարիքով էր Շուշանից, դու պարի մասին սկի՛ գաղափար չունես։

Թող այդպես լինի, բայց իմացիր, որ նա շատ լավ էր պարում, շարունակեց Շուշանը և, օձից խայթված կամ դրամաքսակը կորցրած մարդու պես, հանկարծ ցնցվեց ու թողեց ընկերուհու թևը։

Ի՞նչ պատահեց, հարցրեց Մարիամը, նրան նայելով։

Քիչ մնաց մոռանայի,–խոսեց Շուշանը, նորից ընկերուհու թևը բռնելով։

Ի՞նչը։

Լսիր՝ ասեմ։ Էն բարձրահասակ պարոնին տեսա՞ր, որ մեր ետևը կանգնած էր...

Որի՞ն։

Էն որ իծի մորուք ուներ։

Հա՛, ի՞նչ կա որ... Նա առաջ մեր բակումն էր ապրում։ Ճանաչում եմ...

Հենց էդ պարոնը վաղը կամ մյուս օրը քեզ առաջարկություն է անելու, ասաց Շուշանը լուրջ դեմքով։

Էհ, թող, ի սեր աստծո, նեղացավ Մարիամը, հանաքների ժամանակ չէ։

Հավատացնում եմ, Մարիամ, ես իմ ականջով լսեցի, թե ինչպես նա՝ իրեն մոտ կանգնած կնոջ հետ խոսում էր քո մասին, մի քանի անգամ նույնիսկ մատով ցույց տվին քեզ։

Թո՛ղ կատակներդ։

Անկեղծ եմ ասում, Մարիամ, նրանք քո մասին էին խոսում, և մինչև անգամ նկատեցի, որ այն պարոնը կարծես սիրահարված լիներ քեզ վրա, այնպե՜ս էր նայում...

Վերջապես, թո՛ղ հիմարություններդ, հուզվեց Մարիամը և, ձեռքը խլելով ընկերուհուց, նեղացած առաջ քայլեց։

Լսի՛ր, Մարիամ, ասաց Շուշանը հասնելով և բռնելով ընկերուհու թևը. ուրեմն չե՞ս հավատում, որ ճիշտ եմ ասում։ Մորս գերեզմանը վկա, սուտ չեմ ասում... Հիմա հավատո՞ւմ ես։

Օրիորդ Մարիամն այլևս չէր կարող չհավատալ, որովհետև գիտեր, որ ընկերուհին սուտ տեղը չի երդվի մոր գերեզմանով։ Ուրեմն մի բան կա, մտածեց նա և, հետաքրքրությունը թաքցնելով, ասաց.

Չեմ հավատում։

Ազնիվ խոսք։ Ես իմ ականջով լսեցի։

Ի՞նչ։

Այն, որ էն պարոնի մոտ կանգնած կինն ասաց. «Գնա՝ ու առաջարկիր, ամոթ բա՛ն չի»։ Մի քիչ հետո էլ, քեզ նայելով՝ շարունակեց. «Լավ, բարի օրիորդ է երևում։ Վաղը կամ մյուս օրը գնա»։ Իսկ էն պարոնն ասում էր. «Թեև օրիորդը ինձ ծանոթ է, բայց վախենում եմ մերժի»։ «Չի մերժի, ասաց կինը. թեկուզ մերժի էլ, հո քեզ չի ուտի»։ Էսքանը լսեցի, իսկ էսքանը քիչ բան է՜...

Հետո էլ ի՞նչ ասին, հետաքրքրվեց Մարիամը։

Հետո էլի խոսեցին, որ լավ չլսեցի, բայց լավ նկատում էի, թե ինչպես նայում էին քեզ և, կարծես, ուզում էին մոտենալ բան ասելու, մարդիկ խանգարեցին...

Օրիորդ Մարիամը, որ սկզբում չէր ուզում լսել ընկերուհուն, այժմ, նրա երդումից հետո, նրա յուրաքանչյուր խոսքին առանձին նշանակություն էր տալիս և ամեն մի խոսքի մեջ աշխատում էր խոր իմաստ գտնել։ Եվ նա, որ արդեն երեսունմեկ տարեկան էր և դադարել էր ամուսնության մասին մտածելուց, մանավանդ որ արդեն համոզված էր, թե ինքն այլևս ոչ թարմություն ունի, ո՛չ գեղեցկություն, ընկերուհու հայտնությունից հետո զգաց, թե ինչ-որ մի հաճելի բան շարժվեց կրծքի տակ. կարծես մի ջերմ ձեռք շոշափեց նրա սիրտը, և նա մտածեց ամուսնության մասին. գուցե դեռ ամեն ինչ կորած չէ...

Ընկերուհուց բաժանվելով՝ շտապեց տուն, իսկ երբ մտավ իր սենյակը, նա առանց լամպը վառելու, խավարի մեջ նստեց անկողնի վրա և տարվեց մտածումներով։

Հարևան բնակարաններից ձայն չէր լսվում։ Բոլորը քնած էին. կողքի սենյակում հանգստանում էր նրա կարի մեքենան և մեծ ու երկար սեղանը, որի վրա աշխատում էին նրա աշակերտուհիները։

Անկողնի վրա նստած՝ օրիորդ Մարիամը հիշեց այն հաշվապահ պարոնին, երբ նա իրենց բակումն էր ապրում, հիշեց նրա դիմագծերը, շարժումները, աշխատեց մտաբերել նրա այն հարգալից ժպիտները, երբ ամեն անգամ հանդիպելիս երևում էր նրա թուխ դեմքին։ Հիշեց և այն դեպքը, երբ մի անգամ նա բակի դուռը բաց արավ իր առջև։ Հիշեց և այն դեպքը, երբ իր ձեռնոցն ընկել էր և նա, իր ետևից գալու ժամանակ նկատելով վերցրել էր և տվել իրեն...

Հիշելով այս ամենը, Մարիամը մտածեց.

«Ուրեմն նա վաղուց է սիրում ինձ»։

Ու, գլուխն առնելով ափերի մեջ, մատները խրեց մազերը և նորից տարվեց հիշողություններով։

Այս անգամ մտաբերեց իր մանկությունը, երբ սովորում էր ծխական դպրոցում, երիտասարդոսթյունը, երբ աշակերտուհի էր դերձակուհու մոտ, մտաբերեց իր լվացարար մորը, այն չոր, կնճռոտ դեմքով պառավին, որ ամեն ինչից դժգոհ էր և միշտ անիծում ու ծեծում էր իրեն։

Մտաբերեց Մարիամն այս ամենը և նրա կրծքի տակ, այժմ ավելի մեծ չափով, շարժվեց ամեն ինչ, ինչպես սառույցը գարնանը, և նա արտասվեց, ու արտասվելով դարձյալ հիշեց հաշվապահին։

Եվ բավական ժամանակ այսպես լուռ, խավարի մեջ նստելուց հետո, նա վերջապես դանդաղորեն հանվելով մտավ անկողին և երկար ժամանակ չկարողացավ քնել։ Կրկին անգամ լաց եղավ բարձը գրկած ու կրկին անգամ հիշեց հաշվապահին։

Ահա թե ինչո՛ւ իրեն հանդիպելիս միշտ ժպտում էր նա, մտածում էր օրիորդ Մարիամը։ Ուրեմն նրա մտքում բան կար, հապա ինչո՞ւ այդ բանը շուտ չէր հայտնում։ Երբ հաշվապահն ապրում էր իրենց բակում, միշտ մի տեսակ էր նայում իրեն, և նա այժմ է հա՛սկանում, թե ինչո՛ւ էր այդպես նայում...


Մյուս օրը Մարիամը զարթնեց մի այնպիսի տրամադրությամբ, որ երբեք չէր ունեցել, և փոխանակ ամենօրյա աշխատանքի շորերը հագնելու, հագավ տոնական երկնագույն զգեստները, մազերը հարդարեց հայելու առաջ և երկար ժամանակ դեմքը դիտելով, գտավ, որ ինքն այնքան էլ տգեղ չէ, ինչպես կարծում էր մինչ այժմ, ինչպես, գուցե, կարծում էին և ուրիշները...

Եվ, մազերն ուղղելուց հետո, ուրախ դեմքով դուրս եկավ պատշգամ։ Այրի տանտիրուհին նկատելով կենվորուհու ուրախ տրամադրությունն ու զարդարանքը, հարցրեց.

Տե՞ղ ես գնում, օրիորդ։

Ո՛չ, պատասխանեց Մարիամը ժպտալով։

Հապա ինչո՞ւ ես էդպես հագնվել։ Կարծեցի հարսանիք ես գնում։

Հետո կասեմ, ասաց օրիորդը խորհրդավոր և, մտնելով աշակերտուհիների մոտ, սիրալիր ժպտաց ամենքին, շոյեց մի քանիսի գլուխը, ապա նստելով նրանց քով՝ սեղանի մոտ, սկսեց կատակներ ու հանաքներ անել հետները։

Այդ անելով, միաժամանակ րոպե առ րոպե սպասում էր, որ ահա հաշվապահը կգա։ Նա չի կասկածում, համոզված է, որ կգա... Բայց ժամեր անցան, և հաշվապահը չերևաց։ Իսկ ճաշին, երբ աշակերտուհիները ցրվեցին իրենց տները, երբ օրիորդ Մարիամն սկսել էր կասկածել, հանկարծ երևաց հաշվապահը՝ փայտը ձեռքին, բեղերը սրած։ Նա հագնված էր մաքուր ու կոկ, ինչպես նորափեսա։

Օրիորդ Մարիամը, որ այդ ժամանակ պատշգամումն էր, հաշվապահին տեսնելով իսկույն ներս մտավ, սրտի թրթռումով կանգնեց հայելու աոաջ և գողացող ձեռներով սկսեց շորերն ու մազերը կարգի բերել։ Նա ներս մտավ, որ ցույց տա, թե զբաղված էր և չէր սպասում հաշվապահին։

Չանցավ մի րոպե՝ այրի տանտիրուհին հայտնեց այցելուի մասին։

Օրիորդը հաշվապահին ընդունեց իր համեստ ընդունարանում և, սաստիկ հուզումից կարմրելով, առաջարկեց նստել։

Խնդրեմ, ասաց նա սենյակի մի հատիկ բազկաթոռը ցույց տալով։

Հաշվապահը նստեց։ Իսկ օրիորդը տեղավորվեց գահավորակի վրա։ Նրա սիրտը փոքրիկ մուրճի պես խփում էր կրծքին, որի զարկից նրա երակները դողում էին ցնցվելով։

Էհ, ինչպե՞ս եք, օրիորդ, սկսեց հաշվապահը առ վայրկյան լռությունից հետո, երկու ձեռքով մազերն ուղղելով։ Գիտեք, երբ մտա այս բակը, իսկույն հիշեցի այստեղ անցրած կյանքս և բոլոր կենվորներին։ Հիշո՞ւմ եք, օրիորդ, երբ ապրում էի դիմացի սենյակում...

Այո՛, ինչպես չէ, ասաց օրիորդ Մարիամը կարմրելով և զգալով, որ ահա սկսվում է անսպասելին։

Բացի ձեզանից, օրիորդ, շարունակեց հաշվապահը,– առաջվա կենվորներից այստեղ կա՞ն, թե՞ տեղափոխվել են։

Մի քանիսն այստեղ են...

Արդյո՞ք այստեղ է այն ռուսը, որ ամեն օր ծեծում էր կնոջը և գիշերները երգ ասելով լաց լինում։

Ո՛չ, նա մեռավ։

Խե՜ղճ։ Իսկ այստե՞ղ է այն հայը, որ միշտ Ավետարանից և Քրիստոսից էր խոսում։ «Ավետարանում գրված չի, ասում էր. Հիսուսը չի ասել»...

Ո՛չ, նա այստեղ չէ, պատասխանեց օրիորդը։ Բայց իմացա՞ք, որ մեր տանտերը ինքնասպանություն գործեց։

Ո՛չ, ինչի՞ համար, հետաքրքրվեց հաշվապահով։

Օրիորդը վարանեց իսկույն պատասխանել։

Չգիտեմ. ասում են կնոջ պատճառով։

–Աա՜, արտասանեց հաշվապահը մտածկոտ և լռեց, ասես ինչ-որ մի բան հիշելու համար։ Նրա լռությունից օգտըվելով՝ օրիորդ Մարիամը, «ներողություն» ասելով, դուրս գնաց թեյ պատվիրելու, և կրկին ներս գալով նստեց առաջվա տեղը։ Նրա սիրտն այժմ ավելի ուժեղ էր բաբախում, կարծես նոր լարված մի խանգարված ժամացույց կար կրծքի տակ, որ գործում էր արագ-արագ ու անհամաչափ։

Էհ, ուրիշ ինչ եք անում, օրիորդ, շարունակեց հաշվապահը ծիծաղկոտ աչքերով նայելով նրան։

Ոչինչ, ասաց օրիորդը ժպտերես, բայց փոքր-ինչ ամաչելով։

Իսկ ես ահա թե ինչ եմ մտածել, օրիորդ... Կարո՞ղ եք երևակայել ինչ։

Ոչ... հազիվ արտասանեց օրիորդն ամոթխած, բայց լավ զգաց, թե բանն ինչումն է։

Ես, գիտեք, օրիորդ, սկսեց հաշվապահը։ Դեհ, ասենք այդ ամենի հետ էլ պատահում է, մեր օրերում նույնիսկ ծերերն էլ ետ չեն մնում այդ բանից, այնպես որ դա ամոթ բան չպետք է համարվի և... կարիք չկա մութ խոսքերի դիմելու...

Այս խոսքերի վրա հաշվապահը մատները շարժեց մտացրիվ, իսկ օրիորդ Մարիամը ամոթխածությունից գլուխն իջեցրեց, նա շնչասպառ սպասում էր հաշվապահի խոսքերին։

Բայց հենց այդ ժամանակ փոքրիկ աղախինը մատուցարանով երկու բաժակ թեյ բերեց պաքսիմաթով ափսեի հետև իսկույն դուրս գնաց։ Նրանք սկսեցին թեյել։ Մի քանի րոպե լռելուց հետո, նախկին կենվորներին հիշելով, վերջացրին թեյը, որից հետո հաշվապահը շարունակեց առաջվան եղանակով։

Գիտեք, օրիորդ, ինչի՛ եմ եկել ձեզ մոտ... Չգիտեմ, ձեզ հայտնի է, թե ոչ, բայց կարծում եմ, հայտնի պիտի լինի, որ ես չունեմ ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ մտերիմ ծանոթ բարեկամ, որոնց դիմեի իմ խնդիրքով, իմ սրտի ուզածն ասելու…

Օրիորդ Մարիամը աչքի տակով նայեց հաշվապահին և նրա սիրտը լցվեց տագնապով ու հուզումով։

Եվ որովհետև ոչ ոք չունեմ, օրիորդ, շարունակեց հաշվապահը, ես ինքս եմ... Այսինքն, դա իհարկե, ամոթ բան չէ. բայց և այնպես...

Հաշվապահը նորից շարժեց մատները, կարծես չվստահելով միտքը հայտնել։ Իսկ օրիորդ Մարիամը կարմրեց պուտի պես։ Մի հաճելի քաղցր արբեցում պաշարել էր նրան, և նա, շունչը պահած, սպասում էր հաշվապահի վերջին խոսքին։

Դուք ինքներդ գիտեք, օրիորդ, որ ամուսնությունը շատ վաղուց ընդունված մի բան է. ասենք կան մարդիկ, որ սկի չեն ամուսնանում, բայց նրանք ինչի՞ են նման, ամեն մեկը մի չոր փայտի։ Ուրիշ բան է, իհարկե, ամուսնացող մարդը։ Ընտանիքը մի առանձին քաղցրության ունի։ Եթե մենակ ապրվեր, աստված Եվային չէր ստեղծի... Ինչպես տեսնում եք, օրիորդ, աստված ինքն է սահմանել ամուսնությունը, այնպես որ այդ բանը ամոթ չի համարվում։

Օրիորդ Մարիամը չէր վստահանում որևէ խոսք ասել, նրան հաճելի էր լսել այդ ամենը, և լսելով մի տեսակ սփոփանք էր զգում։

Ամուսնությունը, օրիորդ, որ կա, մի սուրբ բան է, շարունակեց հաշվապահը նայելով օրիորդի կարմրած դեմքին։ Ամուսնությունը եթե չլինի՝ մարդիկ էլ չեն լինի։ Ես շատ եմ մտածել, որ եթե մարդիկ չամուսնանային, աշխարհը ինչի՞ նման կլիներ, երեխեք որտեղի՞ց կլինեին... Այնպես որ, օրիորդ, շատ մտածելուց հետո, որոշել եմ ամուսնանալ...

Օրիորդ Մարիամի սրտի զարկերն ավելացան և նրա ողջ մարմնով մի հաճելի սարսուռ անցավ։ Նա, ամոթից կարմրելով, աչքերը հառեց հատակին և սպասեց հաշվապահի առաջարկության խոսքին։

Հաշվապահը լռեց մի փոքր, ըստ երևույթին տատանվում էր ինչպես արտահայտի միտքը կամ ինչպես սկսի։

Եվ այժմ, օրիորդ, ասաց նա վերջապես, եկել եմ ձեզ մոտ, եկել եմ վստահությամբ և հույս ունեմ, որ...

Այս անգամ օրիորդ Մարիամը գլուխն ավելի իջեցրեց, նստած տեղը կուչ եկավ և, սրտի բաբախումը զսպելու համար, ձեռը դրեց կրծքին։

... Հույս ունեմ, որ խնդիրս չեք մերժի։ Ես, օրիորդ, եկել եմ խնդրելու, որ դուք... բարի լինեք իմ կողմից... առաջարկություն անել ձեր ընկերուհի Հայկանուշ Իգիթյանին և նրա ծնողներին...

Օրիորդ Մարիամին թվաց, թե երկրաշարժ եղավ, որի հետևանքով սենյակը իր կարասիներով սկսեց շարժվել։ Ինչո՞ւ այսպես մթնեց։

Այս ասում եմ ձեզ, օրիորդ, նրա համար, առաջ տարավ իր խոսքը հաշվապահը, որովհետև դուք մոտ ծանոթ եք թե՛ օրիորդ Հայկանուշին և թե նրա ծնողներին... Ես, օրիորդ...

Հաշվապահը դարձյալ ինչ-որ ուզում էր ասել, բայց, նայելով օրիորդին և նկատելով նրա այլայլումը, լռեց իսկույն։

Այս դեպքից հետո օրիորդ Մարիամը մի շաբաթ հիվանդացավ, իսկ հաշվապահն սկսեց ուրիշ միջնորդ որոնել։

1914

Յատուկ Երաժշտություն
Հայաստան սիմֆոնիկ պանել
Ղազարոս Սարյան

Հայաստան սիմֆոնիկ պանել