Ստեփան Զորյան
Ձմռան գիշեր
Լուռ, արծաթաշող գիշեր է. ձյուն է ու լուսին։ Փայլում է ձյունը տանիքների վրա, փայլում է ցանկապատերին և շողշողում ծառերի ճյուղերին։
Ամեն ինչ ողողված է լուսնի առատ լույսով։
Փոքրիկ քաղաքը քնած է խաղաղ։ Փողոցները դատարկ են. պահակներ անգամ չեն երևում։ Շները երբեմն հատ-ընդհատ հաչում են լուսնի վրա և, ուշադրության չարժանանալով, լռում զայրացած մռռոցով։ Կեսգիշերից անց է, բայց քաղաքացի Հակոբի քունը չի տանում։ Չնայած սենյակը տաք է, անկողինը փափուկ, բայց և այնպես քնել չի կարողանում։ Այս բանը պատահում է գրեթե ամեն գիշեր։ Օ՜, երկար են ձմռան գիշերները, մարդ հոգնում է քնելուց։ Եվ Հակոբը լուսամուտից նայելով լուսնի առատ լույսին, շողշողուն ձյուներին, մտածում է. ի՜նչ լավ կլինի ձմռան գիշերն էլ ամառվա պես կարճ լինի, մարդիկ իզուր ժամանակ չեն կորցնի և կաշխատեն մի բան գլուխ բերել, թե չէ անխոս պառկելուց ի՞նչ օգուտ։ Մտածում է Հակոբը, տնքում է հոդացավ ունեցողի նման և հազում այնպիսի մի հազով, որով ուշադրություն են հրավիրում կամ ուզում են իմանալ՝ հարևանը քնա՞ծ է, թե ոչ։
Սենյակում նրա հարևանը կինն է. և որքան էլ Հակոբը հազում է, շարժվում, կինը կարծես չի լսում, քնա՞ծ է, թե քնած է ձևանում դժվար է իմանալ։ Սպասում է Հակոբը մի փոքր և էլի հազում։ Նույնը։ Բայց նա խոսելու անդիմադրելի ցանկություն է զգում, նրա գլխում խռնվում են բազմաթիվ մտքեր, կասկածներ, ենթադրություններ, ուզում է հայտնել, ստուգել։ Ու կամաց, քնքշանքով հրում է կնոջը։
Արո՛ւս, ա՛յ Արուս։
Կինն անմիջապես չի պատասխանում. ճրրում է, ասես երազի մեջ, գլուխը թեքում է բարձի վրա և տնքում քնից զարթնողի տնքոցով։
Ի՞նչ է։
Քնա՞ծ ես, հարցնում է մարդը։
Ի՞նչ կա որ...
Ու կնոջ ձայնի մեջ լսվում են դժգոհության շեշտեր։
Ոչինչ, ասում է մարդը՝ երեսը կնոջը դարձնելով։ Ասում եմ՝ տեսնես էս ցրտովը զինվորներն ինչպես են մնում դիրքերում՝ լեռների մեջ, ամայի դաշտում։ Մինչև անգամ գայլեր կարող են երևալ։
Հա՛, չէ մի, պոզեր, խոսում է կինն անտարբեր։
Այո՛-այո՛, քեզ բան եմ ասում, առարկում է Հակոբը։ Միթե չգիտես, որ ռազմաբեմերում միշտ գայլեր են երևում։ Հիմի կհարցնես՝ ինչպե՞ս։ Ա՛յ ասեմ։ Հեռվից զգում են մարդկային դիակի հոտ և իջնում սարերից, անտառներից...
Մի րոպե լռում է մտախոհ և ապա շարունակում.
Էհ, պատերազմը շատ վատ բան է, շա՛տ... Մեկ-մեկ մտածում եմ եթե մի օր հանկարծ թշնամին մոտենա քաղաքին, ի՞նչ ես կարծում, դերձակ Մինասը ո՞նց պիտի փախչի, ինքը կաղ, կինը պատճառավոր, հինգ էլ երեխա. ո՛չ կառք կարող են վարձել, ո՛չ սայլ։
Ձիով կերթան, ասում է կինը, մի բան որ տան-մեջ չունեն։
Ձի՜։ Օ, սիրելիս, ձին ավելի թանկ է... Մեկ էլ, փախչելու ժամանակ ո՛վ իր ձին ուրիշի կտա։ Ոչ ոք։ Չէ՛, նրանց համար շա՛տ, շա՛տ դժվար կլինի։ Մանավանդ որ կինը պատճառավոր է, չի կարող ձի նստել։
– Թա՛նկ է, չի՛ լինի, ոտով կերթա՛ն,–ասում է կինն էլի անտարբեր։
Հեշտ է ասել՝ ոտո՛վ։ Ապա մի փորձիր էս ձյունին ու ցրտին։ Կարո՞ղ ես սկի։
Կինը բարկանում է թեթև ու ձեռը հանում վերմակի տակից։
Էլի՛...Ինչո՞ւ մեզ թողած՝ ուրիշների մասին ես մտածում։
Դե՛, մեզ ի՛նչ կա, ասում է մարդը. մենք ոտով էլ կերթանք։ Իսկ թե դերձակն ինչպե՞ս կանի չգիտեմ։
Դե լա՜վ, երեսը շուռ է տալիս կինը, թշնամին չեկավ՝ փախչելը մնաց։
Ասում եմ՝ եթե մի օր գա, պատասխանում է Հակոբն արդարանալու պես։ Չէ՞ որ մարդ պետք է մի քիչ հեռուն մտածի։
Կինը նորից թեթև նեղանում է։
Լա՛վ. թող քնենք, ասում է երեսն ավելի շրջելով։ Հակոբը լռում է։ Նայում է լուսնի շողերին, որ ընկել են հատակին, պատին և շողշողեցնում են պահարանի ապակիները։ Դուրսը քամի է։ Լուսամուտի առջևի ձյունածածկ ծառը թեթև երերվում է և խաղացկուն լույսեր ու ստվերներ փռում հատակին։ Լռություն է. քնած է տունը, քնած են հարևանները, քնած է ամբողջ քաղաքը։ Բայց Հակոբի քունը դարձյալ չի տանում։ Լռության մեջ անցնում է բավական ժամանակ. նա մեջքի վրա պառկած՝ մտածում է ու կենտահազ տալիս։ Ապա երկար նայում է ծառի երերվող ստվերներին ու նորից կամաց հրում կնոջը.
Արո՛ւս։
Կինը տնքում է հառաչանքով։
Զարթո՞ւն ես։
Կինը զարթնում է դժկամ.
Ի՞նչ է, է՜...
Ոչինչ. մի բան եմ ուզում ասել։ Տես՞ե լ ես տերտերանց բակում ինչքան սառուց կա։ Զարմանալի է, թե ինչո՛ւ չեն մաքրում։ Էնքան երեխա ունեն, պառավ մայրը, կինը միշտ ման են գալիս բակում, և մեկը չի մտածում, որ կարող են ընկնել, վնասվել։ Դե արի ու էս թանկ ժամանակ բժշկիր դրանց։ Անմիտնե՜ր։ Ես կարծում եմ՝ պետք է հասկացնել, որ մաքրեն։ Համ էլ, գիտե՞ս ինչ, սառուցը ծառերին կարող է վնասել։ Ափսոս են։ Իսկ նրանց բակում ծիրանի լա՜վ ծառեր կան...
Է՜հ, ընդհատում է կինը, ինչ կուզե ըլեն. մեր բակում քիչ սառուց չկա. մաքրող ես մեր սառուցը մաքրի։ Քարը տերտերանց գլխին էլ, նրանց ծառերի էլ։
Ախր չէ, է՜, լավ ծառեր են, դրա համար եմ ասում։ Մի՞տդ է՝ հերու ինչքան էին բռնել, քիչ էր մնում ճղակոտոր ըլեին։ Եթե է՛ս տարի էլ էդքան բռնեն, հասկացնեմ պիտի, որ ճղների տակը տայաղ տան։
Է՜, քնիր, ասում է կինը տրտունջով, էդքան ծառ սիրող ես՝ ինչո՞ւ մեր բակում մի ծառ չես տնկում...
Հակոբը լռում է. ուզում է առարկել կնոջը, որ իրենց բակում ծառ չի կարող աճել, քանի որ ջրի արխ չունեն, բայց միտքը նոր բան է ընկնում հանկարծ։
Բա իմացել ե՞ս, ասում է աշխուժով. Տոնոյի կովը ծնել է, օրապակաս հորթ է բերել։ Ինչպես պիտի պահեն՝ չգիտեմ։ Զարմանալի է։ Պոչն էլ կարճ է, ասում են։ Մի թիզ։ Եթե ամառը ճանճերը վրա տան՝ ո՞նց պիտի անի։ Հը՞։ Բոռերը կխեղդեն անպատճառ...
Կինը չի լսում այլևս, նա քնած տնքում է, ասես ծանր բեռան տակ։ Լսում է Հակոբը կնոջ քնաձայնը և նայում նորից լուսնի շողերին։ «Այո, բոռերն անպատճառ կխեղդեն, եթե պոչը չերկարի», մտածում է նա։
Ժամանակն անցնում է լռության մեջ և լռությունը, թվում է, հոսում է։ Հակոբն իր ականջներում խուլ, շատ խուլ խշշոց է լսում։ Ծառի շվաքն այժմ ընկել է դիմացի պատին, ուր լույսեր ու ստվերներ են խաղում նորից։ Երևի դուրսը դարձյալ քամի կա։ «Այ՛ո, անշուշտ, քամի կա, մտածում է Հակոբը. Իսկ քամին հիմա ծառերին վնաս է։ Տերտերանց ծառերն էլ հենց քամու առաջ են»…
Քամ՞ին։ Ի՛նչ վնասներ ասեք որ չի պատճառի քամին, մտածում է Հակոբը։ Օ, եթե այդ քամին հանկարծ հողմ դառնա՝ ինչե՜ր ասես չի անի։ Մանավանդ եթե հրդեհ լինի քաղաքի որևէ թաղում։ Ի՛նչ հրդեհ։ Լուցկու կայծը մենակ բավական է, որ քաղաքը կրակի ծով դառնա։ Դա կարող է պատահել հենց մի որևէ ծխնելույզից։ Քամին էլ հո միշտ հակառակ է ծխնելույզներին։
Աստված ոչ անի, եթե էս քամու ժամանակ վառվող բուխարիկ լինի, ասում է Հակոբն ինքն իրեն և մտածում այն անփույթ տանտերերի վրա, որ ծխնելույզները չեն մաքրում ձմեռնամտին... Չեն մաքրում և ստանում են պատիժը։ Բայց ցավն այն է, որ նրանց հետ տուժում են ուրիշներն էլ։
Ու Հակոբը մտախոհ շարժում է գլուխը բարձի վրա, ապա զգուշությամբ ձեռը դիպցնում կնոջ կողին։
Արո՛ւս...
Կինը չի լսում...
Արուս, կանչում է Հակոբն ավելի բարձր։
Արուսն այս անգամ զարթնում է մեծ դժկամությամբ և թոնթորում է ինչ-որ։
Արուս, սկսում է Հակոբը հոգատար ձայնով, ուշադրություն չդարձնելով կնոջ քրթմնջոցին։ Մի բան եմ հարցնելու, դու կիմանաս, որովհետև բալկոնում շատ ես լինում։
Կարճ կտրի, ասում է կինը։
Ասում եմ՝ գուցե տեսած լինես, շարունակում է մարդը։ Ես կարծում եմ տեսած կլինես, որովհետև բալկոնից երևում է։ Կարապետ աղեն էս տարի իր բուխարիկները մաքրել է տվե՞լ...
Կինը դժգոհ շարժումներ է անում։
Ի՜, Արուսն ուրիշ բան չունի, աչքը Կարապետ աղի բուխարիկների վրա պիտի պահի։ Գլուխը քարը Կարապետ աղի էլ, նրա բուխարիկների էլ։
Չէ՛, ախր մի լսի՛ր. գիտես ինչ կա, հասկացնում է Հակոբը կնոջը, եթե չի մաքրել, խայտառակ բան կլինի։
Ի՞նչ, հարցնում է կինը բարկացած։
Ի՞նչ, միթե չես հասկանում ինչ կպատահի, եթե մաքրած չլինեն։ Էն էլ քամու ժամանակ։ Բավական է բուխարիկներից մեկը վառվի, էլ հնարավո՞ր է հանգցնել։ Ու հետո, գիտե՞ս, ի՛նչ կլինի։ Կվառվի ոչ միայն նրա երկու հարկանի տունը, կվառվի ամբողջ կահկարասին, կվառվի աղջկա բաժինքը, ու միանգամից կքանդվի երկու տուն։ Ասում են՝ աղջիկը մի տան բաժինք ունի։ Հետո, ներքև կվառվի գինին, կոնյակը... Ու ամբողջ վերի թաղը։ Հասկանո՞ւմ ես...
Էհ, հերի՛ք է, բարկանում է կինը, այլևս չկարողանալով իրեն պահել, խալխի դարդարարը չես։
Ասում ես էլի՜, վշտանում է Հակոբը քիչ լռելուց հետո, ինչպե՞ս դարդ չանես, երբ մի անփութության պատճառով՝ քաղաքի ամենալավ տունը և մի ամբողջ թաղ կարող է ոչնչանալ։ Ինչպես դարդ չանես, երբ քավոր Բարսեղը հրե՛ն գետնախնձոր է առել, կեսը ցրտատար է դուրս եկել։ Կամ...
Կինն այլևս չի լսում։ Ճրրալով թեքվում է մյուս կողքի վրա ու քնում։ Իսկ Հակոբը կնոջ այդ վարմունքից դժգոհ՝ շարունակում է մտածել, թե որպիսի հրդեհ կառաջանա քաղաքում, եթե Կարապետ աղի ծխնելույզն իսկապես մաքրված չլինի։ Փոքր անց, սակայն, նրա մտածումները խանգարում են մկները, որ վազվռտում են առաստաղում ու տախտակներն աղմկում այնպես, որ թվում է քարեր են գլորում վերև։
Լսելով մկների աղմուկը, Հակոբը հառաչում է և մտածում, թե արդյոք ինչպե՞ս են ապրում մկներն առաստաղում։
Տեսնես ինչո՞վ են կերակրվում դրանք այդ չոր տախտակների մեջ, ասում է նա մտքում ու շարունակում մտածել։
1916