Սիպիլ

Աղվոր երազ

Ամպերեն վեր, աստղերեն վեր, կյանքեն վեր
Աստվածության մը պալատը կ՚երազեմ.
Կ՚ուզեմ որ զայն պատեն լայն-լայն ջինջ ծովեր,
Եվ դուռներուն ազատությունն ըլլա սեմ:

Իր գմբեթը չըլլա ոսկի, ոչ արծաթ,
Բայց զայն բռնեն ճերմակ-ճերմակ երազներ
Որոնց ծաղիկ ծիծաղներեն լուսացայտ
Ուրախության ճառագայթում մը հասներ:

Էակներն հոն կայուն ձևեր չունենան.
Իրենց մարմինն ըլլա շող, բույր ու ճաճանչ,
Որ միշտ փոխվի, ինչպես արևն իրիկվան
Ամպերու մեջ` լելակ, վարդ, շառ ու կանանչ:

Սիրտերն ըլլան մեծ փարոսներ բյուրեղե.
Ըզգացումներն ապրին ազատ անտաղտուկ.
Ամեն շրթունք երգ, սեր, քերթված հեղհեղե.
Ոչինչ պզտիկ, ոչինչ տըգեղ ու գաղտուկ:

Ու սերն ըլլա պալատին մեջ դիցուհին.
Համայնասփյուռ բեհեզով մը հիացման
Հոգիները ծավալանան, պարուրվին
Զերթ արբշռանքով զեղուն ծաղկե խնկաման:

Ճշմարիտը մերկ, սուրբ վըճիտ, անոլորտ,
Գեղեցիկը համակ այգ, բոց ու փթթում,

Աղավանիի ձյուն թևերով լայն ու լորտ
Հոն սավառնի բարությունը անապատում:

Անոնց պաշտումն, ըսքանչանքը անայլայլ
Հոգիներուն ըլլա պըսակն ու դափնին,
Եվ մեծ սիրո խարույկին մեջ բոցափայլ
Վառին, վառին, սակայն երբեք չըհալին:

1913

Յատուկ Երաժշտություն
Հայաստան սիմֆոնիկ պանել
Ղազարոս Սարյան

Հայաստան սիմֆոնիկ պանել