Շուշանիկ Կուրղինյան

Նամակ Արշակին 2

31 հուլիսի, <1915>
Եվպատորիա
Սիրելի Արշակ․

Վերջացրի ցեխի վաննաներս ու խիստ գոհ տուն դարձա․․․

Հաղորդածդ նորությունները մեկը մյուսից ախորժելի էին․․․ Բայց և այնպես բախտավոր մարդ ես․ ի՜նչ է նշանակում կրծքի տակ կրել հավիտենական սիրով բաբախող մի սիրտ, դա մի բացառիկ երջանկության ակն է, որի պատճառով հաճախ ծարավ է մնում իմ տապից պապակած սիրտը․․․

Ստացա «Բանվորի» 15-րդ համարը, ես էլ կարծում էի, թե իմ կոչ նամակիս հետո «Բանվորի» ֆոնդի սնդուկը տրաքվելու էր նպաստներից։ Տեսնո՞ւմ ես, ինչ է նշանակում անարժեք խոսքը․ դա ինձ խրատ կլինի, հետագայում, հեղինակավոր կոչերով հրապարակ չիջնել, գոնե դու, երդվյալ սոց․ դեմոկրատ, կեղեքվողների դատի պաշտպան, մի քանի ռուբլիով պակասեցնեիր փոխառության գումարիդ քանակը և հարգեիր իմ այնքան սրտացավ դիմումը՝ նպաստել «Բանվորին»․․․

Էհ, բոլորդ էլ մարդ չեք․․․ Ձեզ համար ի՜նչ է գաղափարը, գրականությունը, ճշմարիտը և գեղեցիկը․․․

Այս ձմռան համար գնվելիք պաշարը հարկավոր է եռապատկել․ ձմեռը դժվար է լինելու ապրելը, եթե պատերազմը չվերջանա։

Ինձ մնում է ավելի դյուրին վաննաներ։ Չեմ ուշանա, ձանձրալի է մենակ ապրելը, պարապել չեմ կարողանում․․․

Ամսի 3-ին տերհորը տան վարձ եմ տալու կես ամսվա 50 ռ<ուբլի>․ Ինձ մոտ ունեմ միայն ապրելու փող։ Իմ բաց նամակում գրածս անհաշիվ է․ 100 ռ<ուբլի> չի բավականացնի․ ուղարկիր 150 ռ<ուբլի> անպատճառ և մի ուշացնիր, որ կարողանամ նախօրեք տոմսակ վերցնել։

Երևի ծախսածս քեզ շատ է թվում․ ինչ արած, վատ ապրել չեմ կարող, ամեն ինչ թանկ է ու սակավ։ Անցյալ օրը մի ավելի աժան տեղ գնացի կերակուր ուտելու, ճաշը 2 ռ․ 40 կ․, Արշամը չկերավ և դուրս եկավ սաստիկ բողոքելով իմ վարմունքի դեմ։ Ուր որ երաժշտություն կա, այնտեղ է դիմում ուտելու, և լսած եղանակների հետ ձեզ հիշում, աչքերիս արտասուքի խոշոր կաթիլներ թափելով։ Լավ տանջվեց իմ վաննաների պատճառով, ես չէի սպասում։

Յատուկ Երաժշտություն
Մի՛ վախեցիր - Հայտարմա
Ալեքսանդր Սպենդիարյան

Մի՛ վախեցիր - Հայտարմա

Ֆրեզնո, Ուրբաթ, 10 Նոյեմբեր 1972 #9
Ֆրեզնո, Ուրբաթ, 10 Նոյեմբեր 1972 #9
Խաղա առցանց