Շուշանիկ Կուրղինյան
Հիվանդ օրերի թշվառ երգիչներ․․․
Հիվանդ օրերի թշվառ երգիչներ,
Որ մեծ սրտերիդ, որ ծով սրտերիդ
Սնունդ մնացին կսկիծ-մրմունջներ,
Թախիծ՝ դեմքերիդ։
Որ աստվածածին ոգեշունչ շնչի
Գոռ հեղեղները լափեցին անհագ,
Փարթամ երազի, հույզի ու տենչի
զմայլիչ փափագ։
Որ ծաղիկ-գարնան, սիրո հուրհուրանք,
Խոր զեղմունքներով երկնատու տաղանդ՝
Վշտի սև ծովում․ ցավ ու տառապանք
մնաց ձեզ ավանդ։
Որ տոչորվելով ամենքի վշտից՝
Հանուր դաշնության թույնը ծծեցիք,
Ու կտոր թղթին, գրչին կենակից
մենակ մնացիք։
Ես ձեզ եմ երգում, վաղահաս ձմռան
Շնչով դալկացած ըմբոստ հյուսվածքներ՝
Ձե՛զ, որ սև կյանքում դառել եք լալկան
վեհ լուսատուներ։
Ես ձեզ եմ երգում, եթերի լարեր,
Վշտերի շնչից բթացած բեկ-բեկ,
Ձեր ծով սրտերի ծփանք լուսաբեր
կյանքի սրտաբեկ․․․
1908 թ. 16 նոյեմբերի
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Արամ Խաչատրյան
Դիմակահանդես - Վալս
Գուշակություն մի բաժակ սուրճով
Խաղա առցանց