Շուշանիկ Կուրղինյան

Ապրել եմ ուզում

Ապրել եմ ուզում, բայց ո՛չ մեղկ կյանքով,
Անհայտության մեջ, անշահ, բթամիտ,
Կամ արդ ու զարդին գերի ողջ մտքով՝
Որպես թույլ էակ, քնքուշ ու վտիտ. ―
Այլ ձեզ հավասար, ձեզ պես բախտավոր
Ով դուք այր մարդիկ, ուժեղ եւ համառ,
Փորձանքի դիմաց՝ առողջ, մտավոր
Կատարելությամբ եւ մարմնով կայտառ։

Սիրել եմ ուզում՝ անկե՜ղծ, անդիմակ ―
Ձեզ պես ինքնիշխան. որ երբ սիրեցի՝
Երգեմ աշխարհին իմ սիրո նվագ
Եվ սիրտս բանամ, սիրտս կանացի՝
Ամբոխի առաջ․․․ նրա խիստ դատին
Արհամարհանքի դիմեմ վահանով
Եվ սո՜ւր նետերը ուղղված իմ սրտին
Փշրե՛մ, ջախջախե՛մ աննվաճ թափով։

Գործել եմ ուզում ձեզ հետ հավասար,
Որպես ամբոխի հարազատ անդամ.
Եվ անկախության իդեալի համար
Թող գիշեր ցերեկ, միշտ, ամեն անգամ
Կրեմ հալածանք, երկրե-երկիր
Թափառեմ, տոկամ․․․ եւ թող տանջանքի
Բեռը ինձ ճնշե թեեւ տարագիր
Միայն՝ ձեռք բերեմ իմաստը կյանքի։

Ուտել եմ ուզում՝ հանգիստ ձեզ նման՝
Այն արդար հացից ― որին ճարելու
Սուրբ աշխատանքին տվի իմ լուման.
Գոյության կռվում խոնարհ եւ հլու
Ամոթ չզգալով օրհնած վաստակից
Թող թափեմ աղի քրտինք-արտասուք
Ապրուստիս՝ բանվոր իմ ժիր ձեռքերից
Հոսե ալ արյուն, հոգնե իմ թիկունք։

Կռվել եմ ուզում, նախ՝ ձե՛զ ախոյան
Ձեր դիմաց կանգնած հի՜ն-հի՜ն վրեժով.
Որ անմտորեն, առանց գթության
Ինձ ճորտ դարձրիք սիրով եւ ուժով․․․
Ձեզ հետ իմ սեռի հաշիվը մաքրած ―
Կռվել եմ ուզում եւ բիրտ կյանքի դեմ ―
Ձեզ պես համարձակ, ձեր ձեռքը բռնած
Լինել-չլինելուն կանգնած դեմ առ դեմ․․․

Հունիս 9, 1907
Յատուկ Երաժշտություն
Մարկոս և Մարկոս
Տիգրան Համասյան

Մարկոս և Մարկոս