Շուշանիկ Կուրղինյան

Ալ․ Ռուբենին

Ռուսական առաջին հեղափոխության շրջանում, հայ մարքսիստների փոքրիկ ընտանիքի երևան գալը, իր փայլուն գործունեությամբ, հայ իրականություն կոչված մղձավանջի մեջ, մի փոթորկալի և հույժ ուշագրավ երևույթ էր, որ իր անուրանալի հաղթանակի փառքով էջեր է գրավելու մեր նորագույն պատմության մեջ։

Նա էր, որ կարող ուժով և բացարձակ ըմբոստությամբ մրրկեց կյանքի, գրականության հնամյա թմբիրը, պատռեց դավաճանների դիմակը և սանձահարեց տնաբույս դեմագոգների լկտի հոխորտանքները, որոնք մինչև այդ այնպես տիրաբար ու միահեծ խաղում էին «ամբոխային տրամաբանության» հետ՝ պայքարի ասպարեզներն ապահովելով արատավոր ինքնակոչների ու բախտախնդիրների համար միայն․․․

Ո՞վ կհանդգնի ուրանալ, որ մարքսիստների հրատարակած «Կյանքը», «Ձայնը» իրենց օգտաշատ հրատարակություններով, Բաքվի պարբերականները, նոր դպրոց, հանգրվան ստեղծեցին մի շարք, անղեկ ու անթի դեգերող ինտելիգենտների համար, որոնք հոգու բուռն թափով ատելով հանդերձ անանուն կուսակցության ստորաքարշ քաղաքականությունը, տիրող բռնակալ հասարակարգի ճնշման տակ, զուրկ սկզբունքային հենարանից, անջատ ու ցրիվ կարոտ էին փրկարար ելք խոստացող ձայնի։

Այդ ելքի ուղին հարթողների շարքում պատվավոր տեղ ունի բռնած հանգուցյալ ընկ․ Ալ․ Ռուբենին։

Ալ․ Ռուբենու―Ծատուրի հետ, ինչպես անվանում էին նրան ընկերները, ես ծանոթացա Ն․ Նախիջևանում, 1909 թվականի աշնանը, ընկ․ Ալ․ Մյասնիկյանի միջոցով։

Պառկած էի, երբ լսեցի Մյասնիկյանի ձայնը․

― Ալեքսնադր Ծատուրյանը ուզում է տեսնել ձեզ,― հայտնեց նա շեմքից և իմ դեմքին ինչ-որ նշմարելով, ավելացրեց իսկույն,― իհարկե, բանաստեղծը չէ․ հասարակ մահկանացու―он же Ռուբենի։

― Գրու՞մ եք,― հարցրեց Ռուբենին, նստելով ինձ մոտ։

― Գրում եմ,― պատասխանեցի ես զարմացած։

Սովորական ողջույնի, համակրանքի շաբլոնը, որ ծանոթության առաջին պահին վատնվում է բանաստեղծի ներկայությանը, որպես պարտադիր տուր գեղարվեստը սիրողների կողմից՝ չկար․․․

― Գրեցե՛ք, աշխատեցեք կատարելագործել ձեր տաղանդը, որեսզի գեղեցիկ կտորների կողքին լույս չընկնեն թերություններ։

Ես սաստիկ հետաքրքրված թեքվեցի դեպի նա։ Ռուբենին նկատեց այդ, տարօրինակ ժպտաց։ Թվաց ինձ, որ լուռ խաղալով քթի հետ, մտածեց, գուցե առաջին անգամ, մեղմ լինել մեկի հետ, որ և՛ բանաստեղծ է, և՛ կին, և՛ հիվանդ․․․

Ու նրա մեկը մեկին հաջորդող հարցերը, «ընկերական խորհուրդները», որոնք ես անփորձորեն գնահատեցի ուշ, ինձ համոզեցին, որ Ռուբենին, իր համար մտքի ծանր մուրճի տակ, հանդուրժել կարող է միայն կայծեր արձակող շիկացած երկաթը․․․

― Մի լավ թափ տուր դրան այն տխրահռչակ նամակի առթիվ,― միջամտեց Մյասնիկյանը։

Ռուբենին նորից խաղաց քթի հետ, այս անգամ իսկապես ժպտաց ու խորազնին, ծանր հայացքը հառելով դեմքիս, ասաց․

― Անցյալը թողնենք, սխալը միշտ կարելի է ուղղել։

Մի տեսակ զայրույթ պաշարեց ինձ․ սկսե՞լ Ադամ-Եվայից և հիրավի «թափ տալ» այս թեորետիկ, պրոզայիկ մարքսիստի առաջ մի շարք, իրեն անծանոթ հին նորություններ, որպես բնորոշ արդյունքներ միջավայրի, կրթության սիստեմի ու տրադիցիայի, սակայն Ռուբենին նոր նկատեց, որ հիվանդ պառկած եմ ու հարցրեց իմ առողջության մասին․․․

Պարտեզում պատրաստ էր սառը գարեջուրը։ Ռուբենին աջակցեց իմ թախանձանքին՝ ընկերանալ իրանց։ Այնուհետև սկսվեց անվերջ զրույց․ մարքսիզմ, մատերիալիզմ, մոնիզմ, դուալիզմ, Կանտ, Հեգել, Լենին, Տրոցկի, «Литературный распад», արժեքների վերագնահատում, մի փոքրիկ ժողովածուի նյութ, Ռուբենու գլխավոր աշխատակցությամբ․․․

Ակներև էր, որ Ալ․ Մյասնիկյանը սիրում էր, օ՜, շա՜տ էր սիրում Ռուբենուն, և սրտանց ցանկանում, որ ես էլ իմ հերթին ձեռնպահ չմնամ։ Բայց առաջին տպավորությունը միշտ զորեղ է լինում, երևի հետո ուժ չթողնելու համար․․․

― Ուրեմն, այսպես,― ասաց նա գնալիս, զարմանալի ճշտորեն շարունակելով իր մի քանի ժամով ընդհատված խրատների շարունակությունը․― ամուր կանգնեցեք ձեր ընտրած հողի վրա, որ սայթաքում չպատահի, նամանավանդ երբ հոդացավ էլ ունեք։ Ապագայում ես կանգ կառնեմ ձեր տաղանդի վրա։ Հարկավոր է նոր էջեր բանալ մեր քննադատական ասպարեզում ևս․ իսկ նախքան այդ հետևեցեք այն կյանքին, որի երգելու հավակնություններ եք ցույց տալիս․․․

Մի երկու օրից հետո նա եկավ հրաժեշտ տալու․ գնում էր Մոսկվա։ Տվեց ինձ իր հավանած գրքերի ցանկը, որ անպայման կարդամ, զգուշացրեց երևան չգալ «միմոսների թերթերում» և խնդրեց, որ թղթի կտորի վրա մատնանշեմ իմ ժողովածուից այն բանաստեղծությունները, որոնք ես «սիրում եմ ու գոհ եմ»։

Որքա՜ն մեծ եղավ իմ զարմանքը, ավելին՝ վիրավորանքը, երբ նրա մեկնելուց հետո այդ թղթի կտորը ես տեսա սեղանիս վրա, մոռացել էր․

Հետևյալ օրն ուրախ ներս մտավ Մյասնիկյանը․

― Ինպե՞ս է, հավանեցի՞ք Ռուբենուն։

― Ո՛չ։

― Ի՞նչ․․․ Մի՞թե նա ձեզ վրա վատ տպավորություն թողեց։

― Եվ ինչպե՞ս։

― Փաստեր, փաստեր։

Սկսվեց վեճ։ Իմ բերած փաստերն, իհարկե, քննադատության չդիմացող արտաքին երևույթներ էին․ մռայլ Ռուբենին ինձ վրա թողել էր բառի լայն իմաստով ինտելիգենտ, բազմակողմանի պատրաստված ու բացարձակ խելոք մարդու տպավորություն, իր տիպար խառնվաքով, սակայն ինձ զբաղեցնում էր այն չտեսնված սերն ու համակրանքը, որ Մյասնիկյանը տածում էր դեպի նա և մի րոպե անգամ չէր կարողանում հանդուրժել, որ մեկը կարող է չհիանալ Ռուբենիով։

― Ձեր ասածները կնոջ հատուկ տրամաբանություն է, դուք կհավանեիք Ռուբենուն, եթե նա ներս մտնելուն պես ձեր ձեռքը համբուրեր, գովեր, որ չտեսնված հանճար եք, որ ձեր գրվածքներով զառանցում է գիշերները և այդ մոռացված թղթի կտորի փոխարեն մի բան խնդրեր ձեզանից, որպես հիշելիք․․․

Իմ գրվածքում՝ Ծերունի ձկնորսով, ես պատկերացրել եմ Ռուբենուն իր կուռ կամքով, թունալի սարկազմով ու մռայլությամբ։ Մտադիր էի ուղարկել իրեն Մոսկվա՝ կարդալու և կարծիքն իմանալու, որի առթիվ նա հայտնել էր, որ կկարդա ուրախությամբ։ Ես կասկածեցի այդ ուրախության տևողականության վրա․ կա՛մ կը մոռանար կարդալու, կա՛մ տետրը կը կորցներ, կա՛մ ինձ համար, որպես հեղինակի, ոչ հաճելի անակնկալ․․․

Մտածողին դժվար է կերակրել արվեստով․․․

Ճակատագրական մի զուգադիպություն․ վերոհիշկալ ձկնորսը կուլ է գնում մրրկահույզ ծովի ալիքներին, Ալ․ Ռուբենին՝ կյանքի․․․

Ալեքսնադր Ռուբենին չկա այլևս, իսկ իր ամբողջ վեհությամբ կանգուն է նրա սիրած գործը։

Ռուբենու հավերժության կոթողն է դա․․․

1922 թ․ 14 փետրվարի

Երևան

Յատուկ Երաժշտություն
Չինար ես
Կոմիտաս

Չինար ես

Ռուբիկի դիմանկարը
Ռուբիկի դիմանկարը
Խաղա առցանց