Սերգեյ Դովլաթով

Հոբելյանական տղան

Տալլինը փոքր քաղաք է, մտերմիկ: Փողոցում հանդիպում ես ծանոթիդ ու լսում. «Ողջո՛ւյն, ես էլ քեզ էի ման գալիս»: Ասես հիմնարկի ճաշարանում եք… Կարճ ասած, ապշեցի` իմանալով, թե Տալլինը քանի բնակիչ ունի:
Բանն այսպես եղավ: Տուրոնոկը կանչեց ու ասում է.
– Մի կառուցողական գաղափար կա: Կարող է տպավորիչ ռեպորտաժ ստացվել: Քննարկենք մանրամասները: Միայն թե` առանց կոպտելու…
– Ի՞նչ կոպտել… Անիմաստ բան է…
– Ճիշտն ասած, արդեն կոպտեցիք,- խոժոռվեց Տուրոնոկը,- շարունակ կոպտում եք, Դովլա՛թով: Կոպտում եք նույնիսկ ընդհանուր ժողովներին: Չեք կոպտում միայն, երբ երկար ժամանակով բացակայում եք… Ձեր կարծիքով` այդքան անդե՞մ եմ: Մի օր եկեք, կտեսնեք գրադարանս: Ի դեպ, նախահեղափոխական հրատարակություններ էլ կան…
– Ինչի՞ համար եք կանչել,- հարցնում եմ:
Տուրոնոկը լռեց: Կտրուկ ուղղվեց` ասես քնարական կեցվածքը փոխելով գործնականի: Խոսեց վստահ ու ընկալելի.
– Մի շաբաթից Տալլինի ազատագրման տարեդարձն է: Տոնը լայնորեն է նշվում: Այդ թվում և թերթի էջերում: Նախատեսված են տարբեր ուղղություններ` տնտեսական, մշակութային, կենցաղային… Խմբագրության բոլոր բաժինները նյութեր են պատրաստում: Դուք էլ առաջադրանք ունեք: Ի մասնավորի. վիճակագրական բյուրոյի տվյալներով` քաղաքը մոտ չորս հարյուր հազար բնակիչ ունի: Այդ թիվը որոշ առումով պայմանական է: Քանի որ փոքր-ինչ պայմանական է նաև քաղաքի շրջագիծը: Եվ ահա: Մենք խորհրդակցեցինք ու որոշեցինք: Տալլինի չորս հարյուր հազարերորդ բնակիչը պետք է ծնվի հոբելյանի նախօրեին:
– Այնքան էլ չեմ հասկանում…
– Գնացեք ծննդատուն: Սպասեք առաջին նորածնին: Գրանցեք տվյալները: Հարցուփորձ արեք երջանիկ ծնողներին: Հարցազրույց վերցրեք ծնունդն ընդունած բժշկից: Բնականաբար` լուսանկարներ արեք: Ռեպորտաժը գնում է հոբելյանական համար: Հոնորարը,- գիտեմ` ձեզ համար անկարևոր չէ,- կրկնակի:
– Դրանից էլ պիտի սկսեիք:
– Նյութապաշտությունը ձեր տհաճ գծերից է,- ասաց Տուրոնոկը:
– Պարտքե՜ր- ասում եմ,- ալիմենտնե՜ր…
– Շատ եք խմում:
– Էդ էլ պատահում:
– Կարճ ասած: Ընդհանուր իմաստն այս է: Երջանիկ մարդ է ծնվել: Նույնիսկ այսպես կարտըահայտվեի. մարդ` դատապարտված երջանկության:
Այդ տխմար արտահայտությունն այնքան դուր եկավ խմբագրին, որ երկու անգամ կրկնեց:
– Մարդ` դատապարտված երջանկության: Իմ կարծիքով` վատ չէ: Գուցե որպես վերնագի՞ր փորձենք: «Մարդ` դատապարտված երջանկության»:
– Նայենք ոնց կստացվի,- ասում եմ:
– Եվ հիշեք,- խոսակցությունն ավարտելով` վեր կացավ Տուրոնոկը,- նորածինը պետք է հրապարակելի լինի:
– Այսի՞նքն:
– Այսինքն` լիարժեք: Ոչ մի արատավոր, մռայլ բան: Ոչ մի կեսարյան հատում: Ոչ մի միայնակ մայր: Ծնողների ամբողջական լրակազմ: Առողջ, սոցիալապես լիարժեք տղա:
– Անպայման տղա՞:
– Այո՛, տղան մի տեսակ խորհրդանշական է:
– Հենրի՛խ Ֆրանցևիչ, ինչ վերաբերում է լուսանկարներին… Նկատի ունեցեք, որ նորածինները մի տեսակ էնքան էլ…
– Ընտրեք լավագույնին: Կարող եք սպասել, ժամանակ կա:
– Չորս ամիս պիտի սպասենք: Մինչև էդ դժվար մարդու նման լինի: Կան, որ հիսուն տարին էլ է քչություն անում…
– Լսե՛ք,- բարկացավ Տուրոնոկը,- դեմագոգիա մի՛ արեք: Ձեզ առաջադրանք է տրվել: Չորեքշաբթի նյութը պետք է պատրաստ լինի: Պրոֆեսիոնալ լրագրող եք: Ինչո՞ւ եք ժամանակ վատնում…
Իսկապես, մտածում եմ, ինչո՞ւ:

Իջա բար, ջին պատվիրեցի: Նայեմ` նստած է, ոչ այնքան սթափ, ֆոտոթղթակից Ժբանկովը: Ձեռքով արեցի: Մոտեցավ` օղու գավաթը ձեռքին: Կիսեց բուտերբրոդս:
– Գուցե տո՞ւն գնայիր,- ասում եմ,- գրասենյակը լիքը ղեկավարություն է…
Ժբանկովը դատարկեց գավաթն ու ասաց.
– Հասկանո՞ւմ ես, մաքուր խայտառակ էղա: Նկարածս տեսե՞լ ես Ֆեդյայի ակնարկում:
– Ես թերթ չեմ կարդում:
– Ֆեդյան «Էստոնիայի երիտասարդությունում» ակնարկ էր տպել: Ավելի ճիշտ` ճեպանկար. «Երեքն ընդդեմ մրրիկի»: Ջրասուզակների մասին: Թե ոնց են, իմացար, ջրասույզ եղած թանկարժեք բեռը որոնում: Մրրիկն էլ մոտենում է: Ու` իմ արած լուսանկարը: Էրկու հոգի նստած են գերանին: Ու ջրից ցցվել է փողրակը: Այսինքն` իրանց ընկերը ջրի տակ բնբնում է: Մի խոսքով, նկարեցի պրծա, վեցնոցը կպցրի ու մոռացա: Մի անգամ գնում եմ նավահանգիստ, տեսնեմ` մարդիկ ծիծաղից մեռնում են: Էս ի՞նչ բան է` մտածում եմ: Ու պարզվում է էսպիսի պատմություն: Էնտեղ օժանդակ արտադրամասի մի պետ ունեն` Միրոնենկոն: Մի անգամ դուրս է գալիս ճաշարանից` երրորդ կառանատեղի մոտ ծխելու: Ծխում-պրծնում, շպրտում է քնթուկը: Խխում է, ներողություն արտահայտությանս: Ու լրիվ դուրս թքում ատամները: Պարզ է` դնովի: Դրանք էլ ոսկուց են: Ութ հարյուր, մի բան էլ ավել կարժենան: Վազում է սուզակների մոտ. «Տղե՛րք, օգնե՛ք»: Սրանք միանգամից գլխի են ընկնում. «Գործը պրծանք` կգտնենք»:- «Պարտքի տակ չեմ մնա»:- «Քեզանից` մարդա մի շիշ»: -«Պայմանավորվեցի՛նք…»…
Սուզակները գործը պրծան, սկսեցին փնտրել: Ու էստեղ հայտնվում է Ֆեդկան, հանձնարարությունը կատարել` հետ է գալիս: Նայում է, թե` էս ի՞նչ բանի եք: Նյութ է կռճում, իմացա՛ր: Տղերքն էլ ոնց որ թե անհարմար են զգում. հե՛չ, ասում են, թանկարժեք բեռ է սկել: Ֆեդյան էլ, բանից անտեղյակ. «Անունդ ի՞նչ է, անունդ ի՞նչ է…»: Տղերքը տեղը տեղին պատասխանում են: «Ինչո՞վ եք զբաղվում հազվագյուտ ազատ ժամերին»… Երաժշտությամբ ենք զբաղվում՝ ասում են, գեղանկարչությամբ, խմբակային, բո՛զը, երգեցողությամբ… «Բա ինչի՞ եք էս ուշ ժամին աշխատում»… Մրրիկ է սկսվում, ասում են, վռազում ենք…
…Ֆեդյան զանգեց ինձ` խմբագրություն: Եկա, նկարեցի, առանց խորանալու… Ցավն էն է, որ ներքին էլ ավազան է, արհեստակա՜ն: Ի՜նչ մրրիկ, ի՜նչ բան…
– Տո՜ւն գնայիր,- ասում եմ:
– Սպասի, էդ էլ չի ամենակարևորը: Պատմեցին, թե էդ պատմությունն ինչով է վերջացել: Սուզակները, պատկերացրու, ատամները գտնում են: Միրոնենկոն երջանիկ է, էլ տեղ չկա: Նրանց քաշ է տալիս խմելու: Օղի է պատվիրում: Խմում են: Միրոնենկոն սկսում է ատամները ցուցադրել: Շնորհակալ եմ, ասում է, տղերքը փրկեցին, գտան: Արծիվներ են, ասում է, առաջավորնե՜ր, ստախանովականնե՜ր… Էս սեղանի մոտ են ատամները շուռումուռ տալիս, էն սեղանի մոտ են նայում… Բարապանն է մոտենում… Նվագախմբի տրոմբոնիստը… Մատուցողուհիներն են գլուխներն օրորում… Իսկ Միրոնենկոն արդեն հինգերորդ շիշն է քամում սուզակների հետ… Մեկ էլ գլխի է ընկնում, որ ատամները չկան, թռցրել են: Գոռում է. «Հե՜տ տվեք, սողուննե՛ր»: Բայց էլ ի՞նչ: Էստեղ սուզակներն էլ չեն օգնի…
– Լա՛վ,- ասում եմ,- գնալուս ժամանակն է…
Ծննդատուն գնալ չէի ուզում: Հիվանդանոցի մթնոլորտը ծանր եմ տանում: Հենց մենակ ֆիկուսնե՜րն ինչ ասես արժեն: Չխոսելով արդեն հախճասալե հատակների ու սպիտակ վարագույրների մասին…
Մտա բաժին` Մարինայի մոտ: Լսում եմ.
– Հա՜, դո՞ւ ես: Կներես, գործը խեղդում է:
– Բան է՞ պատահել:
– Ի՞նչ պիտի պատահի: Գործեր են…
– Էդ ինչ գործեր են ո՞ր…
– Հոբելյան-մոբելյան: Մենք, ախր, շարքային մահկանացուներ ենք, վեպեր չե՜նք գրում…
– Ինչի՞ ես չարանում:
– Իսկ ինչո՞վ ուրախանամ: Դու մի գլուխ անհետանում ես: Նախ` խելահեղ սեր, հետո` մի շաբաթով քաշ ես գալիս…
– Ո՞վ է քաշ գալիս: Գործուղման էի, Սաարեմայում: Հյուրանոցում լվերը կերան…
– Լվեր չեն եղել,- աչքերը կասկածոտ կկոցեց Մարինան,- կնանիք են եղել: Զզվելի, կեղտոտ պոռնիկներ: Ի՜նչ են մի գլուխ խցկվում: Ախր անփող ես միշտ, միշտ խումհարի մեջ… Զարմանում եմ` ո՞նց մինչև հիմա չես վարակվել…
– Լվից ի՞նչ պիտի վարակվեմ:
– Գոնե չխաբեիր: Ո՞վ էր էդ շեկ վտվտիկ լողլողը: Առավոտը ձեզ ավտոբուսից տեսա…
– Շեկ վտվտիկ լողլող չի: Մետաֆիզիկ-բանաստեղծ Վլադիմիր Կրոլն է: Սանրվածքն է էդպիսին…
Հանկարծ հասկացա` ուր որ է լաց կլինի: Իսկ Մարինան մոլեգին էր լալիս, դառը, հեծկլտոցով, առանց իրեն խնայելու: Ինչպես դերասանուհին` ներկայացումից հետո…
– Հանգստացի, խնդրում եմ: Ամեն ինչ լավ կլինի: Բոլորը գիտեն` ինչքան եմ կապված քեզ…
Մարինան հանեց պստլիկ վարդագույն թաշկինակը, սրբեց աչքերը: Ավելի հանգիստ խոսեց.
– Կարո՞ղ ես լուրջ լինել:
– Իհարկե:
– Վստահ չեմ: Անպատասխանատու ես, ինչպես արտույտը: Ոչ տուն, ո՛չ ունեցվածք, ո՛չ նպատակ… Ամուր կապվածություններ չունես: Ես ընդամենը պատահական կետ եմ տարածության մեջ: Ախր արդեն համարյա քառասուն տարեկան եմ: Ու պիտի՞ ինչ-որ կերպ դասավորեմ կյանքս:
– Ես էլ եմ,- ասում եմ,- համարյա քառասուն: Ավելի ճիշտ` երեսունն անց: Ու չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում` դասավորել սեփական կյանքը… Անպայման ուզում ես ամուսնանա՞լ: Բայց ի՞նչ կփոխվի: Ի՞նչ է տալու էդ ապուշ կնիքը: Էդ ձիու խարանը… Քանի լավ է` էստեղ եմ: Ձանձրացա` կգնամ: Ու միշտ էդպես է լինելու…
– Ամուսնանալ չեմ պատրաստվում: Համ էլ քեզանից ի՜նչ փեսացու: Ուղղակի ուզում եմ երեխա ունենամ: Հետո ուշ կլինի…
– Ունեցի՛: Մենակ թե հիշիր նրան ինչ է սպասում:
– Միշտ գույները խտացնում ես: Միլիոնավոր մարդիկ ազնվորեն ապրում ու աշխատում են: Համ էլ` մենակ ո՞նց ունենամ:
– Ինչի՞ մենակ: Ես… կօժանդակեմ: Ինչ վերաբերում է նյութականին` ինձանից երեք անգամ ավել ես ստանում: Այսինքն` գործնականում կախում չունես…
– Ուրիշ բան էի ասում…
Հեռախոսը զնգաց: Մարինան վերցրեց խոսափողը:
– Այո՞՛: Շատ էլ լավ է: Նա հենց ինձ մոտ է…
Թափ տվի ձեռքս: Մարինան ըմբռնումով գլխով արեց.
– Ասում եմ` հենց նոր էստեղ էր… Ճիշտն ասած` չգիտեմ: Երևի մի տեղ խմում է:
Տես, է՜, լրբին:
– Քեզ Ցեխանովսկին է փնտրում: Ուզում է պարտքը տա:
– Դրա՞ն ինչ եղավ:
– Փող է ստացել գրքի համար:
– «Քարավանը ելնում է երկի՞նք»:
– Ինչի՞` քարավան: Գիրքը կոչվում է «Շարունակելի»:
– Մի հաշիվ է: Լա՛վ,- ասում եմ,- գնացի:
– Ո՞ւր: Եթե գաղտնիք չի:
– Պատկերացրու` ծննդատուն…
Նայեցի թերթախեղդ սեղաններին: Առա ծխախոտի ծխի ու սոսնձի հոտը: Այնպիսի ձանձրույթ ու դառնություն զգացի, որ նույնիսկ հիվանդանոցի մթնոլորտն արդեն վախենալու չէր:
Դռան հետևը հասկացա, որ մի վայրկյան առաջ Մարինան ճչացել էր.
«Կորի գնա, ուրեմն, խղճո՛ւկ հարբեցող»:
Նստեցի ավտոբուս, որ հասնեմ Կառլ Մարքսի փողոց: Ավտոբուսում անսպասելի ննջեցի: Մի րոպե անց արթնացա գլխացավով: Հիվանդանոցի նախասրահով անցնելիս ինձ տեսա հայելու մեջ ու դեմքս շրջեցի…
Սպիտակ խալաթով մի կին էր ընդառաջ գալիս:
– Կողմնակիների մուտքն արգելված է:
– Իսկ այնկողմնայինների՞ն,- հարցնում եմ,- կարելի՞ է:
Բուժքույրը տարակուսանքով քարացավ: Ես ցույց տվի խմբագրության վկայականը: Բարձրացա երկրորդ հարկ: Սանդղավանդակում անճոռնի խալաթներով ինչ-որ կանայք էին ծխում:
– Ո՞նց գտնեմ գլխավոր բժշկին:
– Վերև, վերելակի դիմաց:
Վերելակի դիմաց` նշանակում է համեստ մարդ է: Վերելակի դիմաց աղմկոտ է, դռները շխկում են…
Մտնում եմ: Վաթսունամյա մի էստոնացի մարզանք է անում բաց օդանցքի առաջ:
Էստոնացիներին միանգամից ու անսխալ եմ ճանաչում: Կերպարի մեջ` ոչինչ ճչան ու լայնաթափ: Անփոփոխ փողկապ ու տաբատի կոկիկ ծալք: Չընդգծված կզակ ու հանգիստ հայացք: Ասեք` ո՞ր ռուսը մեն-մենակ մարզանք կանի…
Ցույց եմ տալիս վկայականս: Պատասխանում է.
– Դոկտոր Միխկել Տեպպե: Նստե՛ք: Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:
Ներկայացրի գործի էությունը: Բժիշկը չզարմացավ: Ընդհանրապես, մամուլն ինչ էլ մոգոնի, շարքային ընթերցողին զարմացնելը դժվար է: Ամեն ինչի սովորել են…
– Կարծում եմ` բարդ բան չէ,- ասաց Տեպպեն,- հսկա կլինիկա է:
– Ձեզ բոլո՞ր նորածինների մասին են տեղեկացնում:
– Ոչ: Բայց կարող եմ հանձնարարել:
Նա վերցրեց խոսափողը: Ինչ-որ բան ասաց էստոներեն: Հետո դարձավ ինձ.
– Հետաքրքրվում եք ծնունդն ինչպե՞ս է ընթանում:
– Աստված չանի: Ընդամենը տվյալները գրեմ, տեսնեմ երեխային ու խոսեմ հոր հետ:
Բժիշկը նորից զանգեց: Ինձ ասում է.
– Մեկը հենց հիմա ծննդաբերում է: Մի քանի րոպեից կզանգեմ: Հուսամ` ամեն ինչ հաջող կանցնի: Առողջ մայր է… Լիքը-լիքը, շիկահեր,- շեղվեց բժիշկը:
– Իսկ դուք,- ասում եմ,- ամուսնացա՞ծ եք:
– Իհարկե:
– Երեխաներ է՞լ ունեք:
– Տղա:
– Չե՞ք մտածել` ինչ է սպասում նրան:
– Ի՞նչ կա մտածելու: Շատ լավ գիտեմ` ինչ է սպասում: Նրան սպասում է խիստ ռեժիմի ճամբարը: Խոսել եմ փաստաբանի հետ: Արդեն ստորագրություն են վերցրել չբացակայելու մասին…
Տեպպեն հստակ ու հանգիստ էր պատմում: Ասես խոսքը շարքային դրական բանի մասին լիներ: Ես մտերմաբար ու գաղտնապահորեն շշնջացի.
– Սոլդատովի գործո՞վ:
– Ի՞նչ,- չհասկացավ բժիշկը:
– Ձեր որդին էստոնական վերածննդի գործի՞չ է:
– Իմ որդին,- հատ-հատ ասաց Տեպպեն,- ֆարցովշչիկ է ու հարբեցող: Եվ նրա համար համեմատաբար հանգիստ եմ միայն, երբ բանտում են պահում…
Լռեցինք: Բժիշկն ասում է.
– Ժամանակին կղզիներում բուժակ էի: Հետո կռվել եմ էստոնական կորպուսում: Հասել եմ բարձր դիրքի: Չգիտեմ` ոնց եղավ: Ես ու մայրը դրական մարդիկ ենք, տղաս` բացասական:
– Վատ չէր լինի` նրան էլ լսեինք:
– Նրան լսելն անհնար է: Ասում եմ. «Յո՛ւրա, ինչո՞ւ ես ինձ արհամարհում: Ես ամեն ինչի հասել եմ համառ աշխատանքով: Դժվար կյանք եմ ունեցել: Հիմա բարձր դիրք եմ զբաղեցնում: Քո կարծիքով` ինչու ինձ` համեստ բուժակիս, գլխավոր բժիշկ նշանակեցին…»: Իսկ նա պատասխանում է. «Որովհետև քո բոլոր խելացի գործընկերներին գնդակահարել էին…»: Կարծես թե ես եմ գնդակահարել…
Հեռախոսը զնգաց:
– Ես եմ,- աաց Տեպպեն:- Շա՜տ լավ:
Հետո անցավ էստոներենի: Խոսքը սանտիմետրերի ու կիլոգրամների մասին էր:
– Ահա,- ասաց նա,- իններորդ պալատինն է ծննդաբերել: Չորս ու երկու հարյուր և հիսունութ սանտիմետր: Ուզո՞ւմ եք տեսնել:
– Պարտադիր չէ: Բոլոր երեխաներն իրար նման են…
– Մոր ազգանունն Օկաս է: Հիլյա Օկաս; Հազար ինը հարյուր քառասունվեց թվի ծնված: Նորմավորող է «Պունանէ ռէէտում»: Հայրը` Մագաբչա…
– Ի՞նչ Մագաբչա:
– Ազգանուն է: Եթովպիայից է: Ծովագնացության դպրոցում է սովորում:
– Սև՞ է:
– Կասեի` շոկոլադագույն:
– Լսեք,- ասում եմ,- բայց հետաքրքիր է: Ինտերնացիոնալիզմ է ուրվագծվում: Ժողովուրդների բարեկամության պես մի բան… Գրանցվա՞ծ են:
– Իհարկե: Ամեն օր կնոջը նամակ է ուղարկում ու ստորագրում է «Քո` սոյայի շոկոլադիկ»:
– Կարո՞ղ եմ զանգել:
– Շնորհ արեք:
Զանգում եմ խմբագրություն: Հեռախոսին մոտենում է Տուրոնոկը:
– Լսում եմ… Տուրոնոկն է:
– Հենրի՛խ Ֆրանցևիչ, հենց նոր տղա ծնվեց:
– Ի՞նչ: Ո՞վ է խոսում:
– Դովլաթովն է: Ծննդատնից: Հանձնարարություն էիք տվել…
– Հա՜, հիշում եմ: Հիշում եմ:
– Ահա, ուրեմն, տղա է ծնվել: Խոշոր, առողջ… Հիսունութ սանտիմետր: Քաշը` չորս ու երկուհարյուր… Հայրը եթովպացի է:
Ճնշող լռություն տիրեց:
– Չհասկացա,- աաց Տուրոնոկը:
– Եթովպացի է,- ասում եմ,- ծնունդով Եթովպիայից… Սովորում է էստեղ… Մարքսիստ է,- չգիտես ինչու ավելացրի ես:
– Հարբա՞ծ եք,- կտրեց Տուրոնոկը:
– Ի՜նչ հարբած: Ախր գործի մեջ եմ:
– Գործի մե՜ջ… Դա ձեզ ե՞րբ է խանգարել: Դեկտեմբերին ո՞վ սիրտ թափեց շրջանային կուսակտիվի ժողովին…
– Հենրի՛խ Ֆրանցևիչ, հեռախոսը երկար զբաղեցնել չեմ կարող… Հենց նոր տղա է ծնվել… Հայրը բարեկամական եթովպացի է:
– Ուզում եք ասել` սև՞ է:
– Շոկոլադագույն:
– Այսինքն` նե՞գր:
– Բնականաբար:
– Էդտեղ ի՞նչն է բնական:
– Ձեր կարծիքով եթովպացին մարդ չի՞:
– Դովլա՛թով,- տառապագին ձայնով ասաց Տուրոնոկը:- Դովլա՛թով, ես ձեզ կազատեմ… Այդպես էլ կգրեմ` ամենայն լավագույնը վարկաբեկելու համար… Հանգիստ թողեք ձեր քաքոտ եթովպացուն: Սպասեք նորմալ, լսո՞ւմ եք, նորմալ մարդկային երեխայի…
– Լա՛վ,-ասում եմ,- ընդամենը հարցրի…
Ընկալուչի մեջ ընդհատ հնչյուններ լսվեցին: Տեպպեն ցավակցաբար ինձ էր նայում:
– Հարմար չի,- ասում եմ:
– Հենց սկզբից կասկածներ ունեի, բայց բան չասեցի: Որոշեցի չմիջամտել:
– Ինչ որ է…
– Սուրճ կխմե՞ք
Նա պահարանից հանեց դարչնագույն տուփը: Հեռախոսը նորից զնգաց: Տեպպեն նորից էստոներեն խոսեց: Ըստ երևույթին խոսքն ինձ չվերաբերող գործի մասին էր: Սպասեցի խոսակցության ավարտին ու անսպասելի հարցրի.
– Կարելի՞ է քնել ձեր շիրմայի հետևը:
– Իհարկե,- չզարմացավ Տեպպեն:- Թիկնոցս կուզե՞ք:
– Առանց դրա էլ կլինի:
Հանեցի կոշիկներս ու պառկեցի: Պետք էր կենտրոնանալ: Թե չէ իրականության ուրվագծերն անդառնալիորեն աղոտանում էին: Հանկարծ ինձ տեսա հեռվից` մոլորված ու անհեթեթ: Ո՞վ եմ: Ինչո՞ւ եմ այստեղ: Ի՞նչ եմ պառկել շիրմայի հետևը, Աստված գիտի` ինչի սպասելով: Ա՜խ, ինչ ապուշ դասավորվեց կյանքը…
Երբ արթնացա, Տեպպեն կանգնել էր գլխավերևս:
– Կներեք` անհանգստացրի… Հենց նոր ձեր ծանոթուհին ծննդաբերեց:
«Մարինա՞ն»` համարյա սարսափով մտածեցի ես: (Բոլորը գիտեն, որ միայն համարյա կարելի է սարսափել): Հետո, խելագար միտքը վանելով, հարցրի.
– Ի՞նչ ծանոթուհի:
– Երիտասարդական թերթի լրագրողուհին` Ռումյանցևան:
– Հա՜, Լենան, Բորյա Շտեյնի կինը: Իսկապես, մայիսից չէր երևում…
– Հինգ րոպե առաջ ծննդաբերեց:
– Հետաքրքիր է: Խմբագիրը երջանիկ կլինի: Երեխայի հայրը հայտնի պոետ է, մայրը` լրագրող: Երկուսն էլ` կուսակցական: Շտեյնը բալլադ կգրի այդ առիթով…
– Շատ ուրախ եմ ձեզ համար:
Զանգեցի Շտեյնին:
– Քեզ,- ասում եմ,- կարելի է շնորհավորել…
– Շուտ է: Պատասխանը չորեքշաբթի կլինի:
– Ի՞նչ պատասխան:
– Գնում ե՞մ Շվեյցարիա, թե` չեմ գնում: Ասում են` կապերկրներ ուղևորության փորձ չունես: Որ չեն թողնում` որտեղի՞ց լինի… Դու կապերկրներում եղե՞լ ես:
– Չէ: Ինձ սոցերկրներ էլ չեն թողում: Նույնիսկ Բուլղարիայում չեմ եղել:
– Իսկ ես նույնիսկ Հարավսլավիայում եմ եղել: Հարավսլավիան համարյա կապերկիր է…
– Հիվանդանոցից եմ զանգում: Տղա ես ունեցել:
– Քո՜ւ մերը,- գոռաց Շտեյնը:- Քո՜ւ մերը…
Տեպպեն չանչերով գրոտած մի թերթիկ տվեց:
– Հասակը,- ասում եմ,- հիսունվեց, քաշը` երեք ու ինը հարյուր: Լենան լավ է:
– Քո՜ւ մերը,- չէր հանդարտվում Շտեյնը,- գալիս եմ: Հիմա տաքսի կբռնեմ…
Արդեն պետք էր կանչել լուսանկարչին:
– Զանգե՛ք, զանգե՛ք,- ասաց Տեպպեն:
Զանգեցի Ժբանկովին: Հեռախոսը վերցրեց Լերան:
– Միխայիլ Վլադիմիրովիչն անառողջ է,- ասաց նա:
– Հարբած է, հա՞,- հարցնում եմ;
– Խոզի պես: Դու ե՞ս խմացրել:
– Ոչ մի դեպքում: Եվ ընդհանրապես, ես գործի եմ:
– Լավ, կներե՛ս:
Զանգում եմ Մալկիէլին:
– Արի՛,- ասում եմ,- երեխա ես նկարելու հոբելյանական թողարկման համար: Շտեյնը տղա է ունեցել: Հոնորարն, ի դեպ, կրկնակի է…
– Գրելու ե՞ս էդ երեխայի մասին:
– Ի՞նչ կա որ:
– Էն կա, որ Շտեյնը հրեա է: Իսկ հրեաներին պետք է համաձայնեցնել: Աներևակայելի միամիտ ես, Սե՛րժ:
– Կապլանի մասին գրեցի ու` առանց համաձայնեցնելու:
– Հիմա Գլիկմանի մասին էլ կասես: Կապլանը փաստորեն հրեա չի: Կապլանը մարզկոմի բյուրոյի անդամ է: Նրա մասին երկու հարյուր անգամ գրել են: Կապլանին Շտեյնի հետ չխառնես:
– Չեմ էլ խառնում: Շտեյնը շա՜տ ավելի համակրելի է:
– Ավելի վատ նրա համար:
– Պարզ է: Շնորհակալ եմ, որ զգուշացրիր:
Տեպպեին ասում եմ.
– Պարզվում է` Շտեյնն էլ հարմար չի:
– Կասկածներ ունեի:
– Հարց է ծագում` իսկ ո՞վ ինձ արթնացրեց:
– Ես արթնացրի: Բայց կասկածները կային:
– Ի՞նչ անենք:
– Շուտով մեկն էլ կծննդաբերի: Գուցե և արդեն… Հիմա կզանգեմ:
– Իսկ ես դուրս գամ մի քիչ քայլեմ…
Տրտում հիվանդանոցային այգում կատուներ էին շրջում: Սուր ճռնչում էին տերևաթափ սև բարդիները: Մի նիհար, կորամեջք տղա դղրդոցով գլորում էր բաքով ձեռնասայլակը: Լվանալուց խունացած երկնագույն խալաթով` պառավ կնոջ էր նման:
Շրջադարձից հայտնվեց Շտեյնը:
– Դե՛, շնորհավորում եմ:
– Շնորհակալ եմ, ծերո՛ւկ, շնորհակա՜լ եմ: Հենց նոր Լենկային ուտելիք ուղարկեցի: Մի տեսակ անսովոր վիճակ է: Պիտի խմվի էս առիթով:
Կխմվի քեզ հետ,- մտածում եմ,- բա չէ՜… Թթվի վրաներս…:
Չէի ուզում վշտացնել: Չասացի, որ երեխան խոտանվել է: Բայց Շտեյնն արդեն գիտեր:
– Հոբելյանական նյո՞ւթ ես պատրաստում:
– Փորձում եմ:
– Ուզում ես ինձ ու Լենկային փառաբանե՞ս:
– Գիտե՞ս,- ասում եմ,- էստեղ բանվորա-գյուղացիական ընտանիք է պետք, իսկ դուք ազնվականներ եք:
– Ափսո՜ս: Ես էլ տաքսու մեջ արդեն բանաստեղծություն էի գրել: Էսպես է վերջանում.

Ֆաբրիկաներում, հանքախորշերում,
Մոլորակներում անհասանելի
Չորս հարյուր հազար հերոսներ կան արդ,
Ու նրանց շարքում` առաջնեկը իմ…

Ասում եմ.
– Ի՞նչ առաջնեկ: Արդեն հասուն աղջիկ ունես:
– Աղջիկս առաջին ամուսնությունից է:
– Հա՜,- ասում եմ,- ուրեմն ամեն ինչ կարգին է:
Շտեյնը միտք արեց ու հանկարծ ասաց.
– Ուրեմն հակասեմիտականություն, համենայնդեպս, գոյություն ունի:
– Կարծես թե:
– Ինչպե՞ս կարող էր հայտնվել մեզ մոտ: Մեր երկրում, որտեղ, թվում է…
Ես ընդհատեցի.
– Երկրում, որտեղ հիմնական մեռելը դեռ թաղված չի… Երկրում, որի անունն իսկ սուտ է…
– Քո կարծիքով` ամեն ինչ սուտ է:
– Ամե՛ն ինչ: Իմ ժուռնալիստիկան ու քո քոսոտ ոտանավորներն էլ սուտ են: Ե՞րբ ես տիեզերքում էստոնացի տեսել…
– Ախր փոխաբերությո՜ւն է…
– Փոխաբերությո՜ւն… Սուտը տասնյակ էդպիսի ընդհատակյա մականուններ ունի:
– Կարելի է կարծել` միակ ազնիվը դու ես: Իսկ ո՞վ մի ամբողջ վիպակ գրեց ԲԱՄ-ի մասին: Ո՞վ էր փառաբանում չեկիստ Տիմոֆեևին: Ո՞վ էր ռեպորտաժ վարում փետրվարյան պլենումից…
– Կթողեմ էս գործը: Կտեսնես` կթողեմ…
– Էդ ժամանակ էլ ուրիշներին երեսով տուր:
– Մի՛ ջղայնացի:
– Գրո՜ղը տանի, տրամադրությունս ընկավ… Բարո՛վ մնաս:

Տեպպեն ինձ դիմավորեց շեմին:
– Կուզինան է ծննդաբերել, վեցերորդ սենյակից: Ահա տվյալները: Էստոնուհի է, ավտոսայլակի վարորդ: Ամուսինը խառատ է, նավաշինական գործարանից, ռուս, ՍՄԿԿ անդամ: Երեխան` նորմայի սահմաններում:
– Փառք Աստծու, կարծես բռնում է: Համենայնդեպս զանգեմ:
Տուրոնոկն ասաց.
– Հրաշալի է: Պայմանավորվեք, որ երեխայի անունը Լեմբիտ դնեն:
– Հենրի՛խ Ֆրանցևիչ,- մրմնջացի ես,- ո՞վ իր երեխայի անունը Լեմբիտ կդնի: Ախր շատ հնաոճ է: Բանահյուսական…
– Թող դնեն: Իրենց համար ի՞նչ տարբերություն: Լեմբիտը լավ, առնական ու խորհրդանշական է հնչում… Հոբելյանական համարում կնայվի:
– Դուք ձեր երեխային Ելպիդիֆոր կանվանեի՞ք: Կամ Բովա:
– Դեմագոգիա մի արեք: Ձեզ հանձնարարություն է տրվել: Չորեքշաբթի նյութը պիտի պատրաստ լինի: Եթե երեխային Լեմբիտ անվանելուց հրաժարվեն` փող խոստացեք:
– Ինչքա՞ն:
– Քսանհինգ ռուբլի: Լուսանկարիչ ես կուղարկեմ: Նորածնի ազգանունն ի՞նչ է: Ովքե՞ են ծնողները: Հուսամ` սովորոական սովետական մարդի՞կ են
– Ազգանունը Կուզին է: Մայրը էստոնուհի է, հայրիկը` ռուս…
– Լեմբիտ Կուզին: Հրաշալի է հնչում: Գործե՛ք:
Տեպպեին հարցրի.
– Հորն ինչպե՞ս գտնեմ:
– Է՜ն է: Պատուհանի տակ: Նստել է սիզամարգին:
Իջա ներքև:
– Ողջո՛ւյն,- ասում եմ,- դուք Կուզի՞նն եք:
– Կուզինը Կուզինն եմ,- ասաց,- բայց մե՞ջն ինչ:
Ըստ երևույթին ընկեր Կուզինի տրամադրությունը փիլիսոփայական էր:
– Թույլ տվեք,- ասում եմ,- շնորհավորել: Ձեր երեխան քաղաքի չորս հարյուր հազարերորդ բնակիչն է: Ես խմբագրությունից եմ: Ուզում եմ գրել ձեր ընտանիքի մասին:
– Ինչ կա գրելո՞ւ որ…
– Դե, ձեր կյանքի մասին…
– Ինչ կա որ, վատ չենք ապրում… Աշխատում ենք ոնց որ կարգն է… Մեր մտահորիզոնն ենք ընդլայնում… Հեղինակություն ենք վայելում, բո՜զը…
– Գուցե մտնենք մի տեղ, հանգիստ պայմաններում զրուցենք:
– Ասելդ էն է` մի-մի հատ գցե՞նք,- աշխուժացավ Կուզինը…
Բարձրահասակ, գրանիտե ծնոտով ու մանկական թարթիչներով մարդ էր: Արագ վեր կացավ սիզամարգից, թափ տվեց ծնկները:
Մտանք «Կոսմոս», նստեցինք պատուհանի տակ: Սրահը դեռ լիքը չէր:
– Փողը` ութ ռուբլի,- աաց Կուզինը,- գումարած մի շիշ թույն…
Նա պայուսակից մի շիշ Կուբայի ռոմ հանեց: Քողարկեց վարագույրով:
– Ձևի համար երեք հարյուր գրամ վերցնե՞նք:
– Ու գարեջուր,- ասում եմ,- եթե սառն է…
Երեք հարյուր գրամ օղի պատվիրեցինք, երկու աղցան ու մեկական կոտլետ:
– Ապխտամիս կցանկանայի՞ք,- հարցրեց մատուցողը:
– Արդեն լեզվիդ ես տալիս,- արձագանքեց Կուզինը:
Սրահն ամայի էր: Բեմի բարձունքին տեղավորվել էին չորս երաժիշտ: Ռոյալը, կիթառը, կոնտրաբասն ու հարվածայինները: Կաղնեփայտե նոտակալները զարդարված էին թիթեղյա քնարներով:
Կիթառահարը թաշկինակով գողտուկ սրբեց կոշիկները: Հետո մոտեցավ խոսափողին ու հայտարարեց.
– Առողջարանային Ազալեմմայից վերադարձած մեր ընկերների պատվերով…
Նա բազմանշանակ դադար տվեց:
– Կատարվում է «Անձրևը կաթում է դնչիս» քնարական երգը…
Աներևակայելի, բարձրախոսներում բազմապատկված դղրդոց լսվեց: Երաժիշտները խմբովի ինչ-որ բան էին գոռում:
– Գիտե՞ս ինչ է Ազալեմման,- աշխուժացավ նորածանոթս,- լսի՛: Ազալեմման Էստոնիայի ամենամեծ ճամբարային ավանն է: Ուղղիչ-աշխատանքային ճամբար, կալանառաքում, ներքին բանտ… Լա՛վ, գնացի՛նք…
Նա բարձրացրեց բաժակը: Ես էլ:
– Կենա՛ցդ: Որդո՛ւդ կենացը:
– Հանդիպման համար: Ու որ վերջինը չլինի…
Երկու զույգ ինքնամփոփ պարում էին սեղանների արանքում: Սևուսպիտակ հագուստներով մատուցողներն ասես պինգվիններ լինեին:
– Ջխտե՞նք:
Նորից խմեցինք:
Կուզինը արագ մի բան ծամեց ու սկսեց.
– Որ ասեմ ոնց եղավ` մաքուր թատրոն: Նավամեխանիկականում էի աշխատում, մենակ էի: Ծանոթացա էդ կնկա հետ, ինքն էլ էր մենակ: Չեմ ասի, թե այլանդակ էր, մի տեսակ ուրիշ էր` իրա մտքերի հետ: Սկսեց գնալ-գալ, ոնց ասած` լվանալ, արդուկել… Զատիկին միացանք… Չէ, Աստվածածնի տոնին… Թե չէ, գործից հետո վակուում էր…
– Ի՞նչ էր,- չհասկացա ես:
– Վակուում,- բացատրեց Կուզինը,- դատարկություն… Մարդ ինչքա՞ն կարա լակի… Մի տարվա չափ ապրեցինք… Ու թե ոնց էրեխով մնաց` չեմ հասկանում… Կպառկեր ոնց որ ձողաձուկը: «Հո չե՞ս քնել»` հարցնում եմ: -«Չէ,- ասում է,- ամեն ինչ լսում եմ»: -«Մեջդ հեչ կրակ չկա»,- ասում եմ: Իսկ նա. «Ոնց որ թե խոհանոցում լույսը վառ է մնացել…»: -«Ինչի՞ց իմացար…»: -«Տես, հաշվիչը ոնց է աշխատում…»: -«Լավ կլիներ,- ասում եմ,- նրանից սովորեիր…»: Էդպես էլ մի տարի ապրեցինք…
Կուզինը վարագույրի հետևից հանեց ռոմի շիշը, թեքեց` հրավիրելով: Նորից խմեցինք:
Կիթառահարը ձգեց-շտկեց պիջակն ու գոռաց.
– Տոլիկ Բ.-ի պատվերով, որ նստած է դռան մոտ, կատարվում է…
Դադար: Հետո` ավելի ոգեշունչ շեշտադրումով.
– Կատարվում է «Էս ի՞նչ թույն տվիր…» քնարական երգը:
– Իսկ դու ամուսնացա՞ծ ես,- հետաքրքրվեց Կուզինը:
– Եղել եմ:
– Բա հիմա՞:
– Հիմա` ոնց որ թե չէ:
– Երեխաներ ունե՞ս:
– Ունեմ:
– Շա՞տ:
– Շատ… Աղջիկս:
– Գուցե դեռ ամեն ինչ տե՞ղն ընկնի:
– Դժվա՜ր…
– Էրեխեքն են մեղք: Էրեխեքն, ախր, մեղք չունեն… Անձամբ ես նրանց կյանքի ծաղիկներ եմ կոչում… Մի-մի հատ է՞լ:
– Լցրու:
– Գարեջրով:
– Բնականաբար…
Գիտեի` էլի երեք բաժակ, ու` վերջ բոլոր գործերին: Այդ առումով, ինչպես Շաբլինսկին էր ասում, ճիշտը առավոտից խմելն է: Խմեցիր` ամբողջ օրն ազատ ես… Ոչ մի խնդիր… Բացարձա՛կ…
– Լսի՛,- ասում եմ,- տղայիդ անունը Լեմբիտ դիր:
– Ինչի՞ Լեմբիտ,- զարմացավ Կուզինը:- Վոլոդյա ենք ուզում, է: Ի՞նչ է էդ Լեմբիտը:
– Լեմբիտը անուն է:
– Ինչի՞, Վոլոդյան անուն չի՞:
– Լեմբիտը բանահյուսությունից է:
– Ի՞նչ է էդ բանահյուսությունը:
– Ժողովրդական ստեղծագործություն:
– Ի՞նչ կապ ունի ժողովրդական ստեղծագործությունը: Անձամբ ես իմ որդուն ուզում եմ Վոլոդյա կոչեմ… Ժառանգին անուն տալն էլ կարևոր է: Իմ անունն, օրինակ, Գրիշա են դրել, ու ի՞նչ դուրս էկավ: Մեծացա` ի՞նչ դառա: Հարբեցող… Թող հենց էդպես էլ դնեին` Հարբեցող… Մի հատ է՞լ:
Խմեցինք, արդեն առանց ծամելու:
– Անունը Վոլոդյա դնես,- բարբառում էր Կուզինը,- ուզվորի մեկը դառնա: Կամ հարիֆ… Շատ բան, իհարկե, դաստիարակությունից է կախված…
– Լսի՛,- ասում եմ,- անունը ժամանակավոր Լեմբիտ դիր: Մեր խմբագիրը դրա համար փող է խոստացել: Մի ամսից, որ գրանցելիս լինեք, անունը կփոխես…
– Ինչքա՞ն,- հետաքրքրվեց Կուզինը:
– Քսանհինգ ռուբլի:
– Էրկու շիշ ու ծամելու: Եթե էստեղ…
– Առնվազն: Դու նստի, զանգեմ՝ գամ…
Իջա ավտոմատի մոտ: Զանգեցի հիմնարկ: Խմբագիրը տեղում էր:
– Հենրի՛խ Ֆրանցևիչ, ամեն ինչ օ’քեյ է: Հայրիկը կարծես պատրաստ է երեխային Լեմբիտ անվանել:
– Ձեր ձայնը մի տեսակ է,- ասաց Տուրոնոկը:
– Հեռախոսից է… Հենրի՛խ Ֆրանցևիչ, շտապ ուղարկեք Հուբերտին, փողն էլ հետը:
– Ի՞նչ փող: Ինչե՜ր եք հորինում:
– Ախր դուք առաջարկեցիք: Որպես խթան: Որ երեխայի անունը Լեմբիտ դնեն… Հայրը համաձայն է քսանհինգ ռուբլով: Հակառակ դեպքում, ասում է, Աբրահամ եմ դնելու…
– Դովլա՛թով, դուք հարբած եք,- ասաց Տուրոնոկը:
– Ոչ մի դեպքում:
– Լա՛վ, կպարզենք: Նյութը չորեքշաբթի պիտի պատրաստ լինի: Հուբերտը հինգ րոպեից դուրս է գալիս: Սպասեք Ռատուշայի հրապարակում: Բանալին կհանձնի ձեզ…
– Բանալի՞:
– Հա՛, խորհրդանշական բանալին: Երջանկության բանալին: Փոխանցեք հորը… Համապատասխան պայմաններում… Բանալին երեք ու ութսուն արժի: Քսանհինգ ռուբլուց կհանեմ:
– Ազնիվ չի,- ասացի ես:
Խմբագիրը դրեց խոսափողը:
Բարձրացա վերև: Կուզինը, գլուխը սփռոցին, ննջում էր: Այտի տակից շեղակի ցցվել էր հացի ափսեն:
Ձեռքս դրեցի ուսին:
– Է՜յ,- ասում եմ,- վեր կաց: Մեզ Հուբերտն է սպասում:
– Ի՞նչ,- իրար անցավ նա:- Հուբե՞րտ: Բա ասում էիր` Լեմբիտ:
– Լեմբիտն ինքը չի: Լեմբիտը քո տղան է: Ժամանակավոր… Իսկ Հուբերտը…
– Հա՜, տղա եմ ունեցել…
– Անունը Լեմբիտ է: Իսկ Հուբերտը…
– Սկզբում Լեմբիտ, հետո` Վոլոդյա:
– Իսկ Հուբերտը մեզ փող է բերում:
– Փող ունենք,- ասաց Կուզինը,- ութ ռուբլի:
– Հաշիվը պիտի փակենք: Ո՞ւր է մատուցողը:
– Է՜յ: Ապխտամի՛ս, ո՞ւր ես,- գոռաց Կուզինը:
Հայտնվեց մատուցողը. շրթունքները տրտում սեղմված էին:
– Մի ջարդված ափսե:
– Ըհը,- ասաց Կուզինը,- ես եմ մռութով շխկացել սեղանին: Ինքն էլ ջարդվեց: Այսինքն` ափսեն: Ներո՛ղ…
Նա անհարմար զգալով` ծոցագրպանից հանեց փշուրները:
– Զուգարանում էլ փուստ եք տվել,- ավելացրեց մատուցողը,- պետք է ավելի ուշադիր անել…
– Գնացիր ստեղից,- անսպասելի բարկացավ Կուզինը:- Թե չէ քաչալդ կլաքեմ…
– Պարտականությունները կատարելիս խորհուրդ չէի տա: Էդպես կարելի է և բանտ ընկնել:
Փողը տվի մատուցողին:
– Կներեք,- ասում եմ,- ընկերս տղա է ունեցել: Տեսնում եք, սիրտը լցված է:
– Լակել եք` ձեզ քաղաքավարի պահեք,- նահանջեց մատուցողը:

Վճարեցինք ու դուրս եկանք: Ուղիղ անձրևի տակ: Հուբերտի մեքենան կանգնած էր Ռատուշայի մոտ: Նա ազդանշան տվեց ու բացեց դռնակը: Խցկվեցինք ներս:
– Ահա փողը,- ասաց Հուբերտը,- խմբագիրը վախենում է, որ խմելով կընկնես…
Մթության մեջ նրանից վերցրի թղթադրամներն ու մանրը: Հուբերտը մի ծանր տուփ տվեց:
– Է՞ս ինչ է:
– «Պսկովյան հուշանվեր»:
Բացեցի տուփը: Մեջը ոչ մեծ բալալայկայի չափի, նիկելած բանալի էր:
– Հա՜,- ասում եմ,- երջանկության բանալին:
Բացեցի դուռն ու բանալին շպրտեցի աղբարկղը: Հետո Հուբերտին ասացի .
– Արի խմենք:
– Ախր մեքենայով եմ:
– Մեքենան թող ու գնացինք:
– Դեռ խմբագրին պիտի տուն տանեմ:
– Թող ոտով գնա, ճարպոտ խոզը…
– Հասկանո՞ւմ ես, բնակարան են խոստացել: Էդ որ չլիներ…
– Ինձ մոտ կապրես,- ասաց Կուզինը,- իսկ կնկաս գյուղ կուղարկեմ: Պսկովշչինա, Ուսոխի: Էնտեղ ամառվանից մարգարինի երես չեն տեսել…
– Գնացի, տղե՛րք, ուշանում եմ,- ասաց Հուբերտը…
Մենք նորից ելանք անձրևի տակ: «Աստորիա» ռեստորանի լուսամուտները շողշողում-կանչում էին: Լապտերը խավարից խլում էր դռան դիմացի գույնզգույն ջրափոսը…
Արժե՞ մանրամասն պատմել, թե ինչ եղավ հետո: Ինչպես ուղեկիցս ելավ բեմահարթակ ու գոռաց. «Ծախեցի՜ն Ռուսաստանը…»: Հետո էնպես խփեց բարապանին, որ գլխարկը թռավ պահախցիկ… Ու թե հետո մեզ ոնց տարավ միլիցիան… Ու ոնց բաց թողեցին իմ վկայականի շնորհիվ… Ու ոնց կորցրի նշումներով նոթատետրս… Իսկ հետո` նաև Կուզինին…

Արթնացա Մարինայի մոտ, կեսգիշերին: Սենյակը լցվել էր դժգույն մթնշաղով: Անտանելի բարձր թխկթխկում էր զարթուցիչը: Անուշադրի սպիրտի ու թաց հագուստի հոտ էր գալիս:
Շոշափեցի քունքիս ուռչող քերծվածքը:
Մարինան, տխուր ու մի քիչ սմքած, նստել էր կողքիս: Մեղմ շոյում էր գլուխս: Շոյում ու կրկնում էր.
– Խե՜ղճ տղա… Խե՜ղճ տղա… Խե՜ղճ տղա…
Ո՞ւմ է ասում, մտածում եմ, ո՞ւմ…

Յատուկ Երաժշտություն
Քրիստոսի Հարությունը
Գեորգի Գյուրջիև

Քրիստոսի Հարությունը

Վարագույրից այն կողմ
Վարագույրից այն կողմ
Խաղա առցանց