Ռուբեն Սևակ

Զանգակնե՜ր, զանգակնե՜ր…

Զանգակնե՜ր, բարի՜, բարի՜ զանգակներ,
Ի՞նչ բան կասեցուց ձեր գուժկան լեզուն,
Խոսք ելլել կ'ուզե արյունը վազուն…
Կը լռե՜ք, բարի՜, բարի՜ զանգակներ։

Արդյո՞ք, ձեր միսթիք հագագն արույրե,
Ուր կեղև՜ պատեց աղոթքի փոշին,
Եվ ուր կ'երազե՜ր խունկի գոլորշին,
Հեղակարծ ցավեն՝ անզո՜ր կը լռե՞։

Ո՛չ։ Ձեր դարավոր հոգին պղնձի-
- Որ շա՜տ, շա՜տ հաճախ տեսեր է Բարին,
Հաղթված Չարեն- այժմ իր բարբառին
Ու իր Աստծույն վրա կը կասկածի…

Ա՜խ, որովհետև տեսաք ձեր բարձրեն,
Հավատավորներ հազարով, բյուրով,
Ինկած հեթանոս տապարով, բիրով-
Ձեր ոտքերուն տակ, երկյուղածորեն…

Ու ձեր գմբեթեն դիտեցիք անձայն,
Թե ինչպես խնկոտ տաճարներու մեջ՝
Որբ, կին, ծերունի, բոցերով անշեջ,
Իրենց Աստծույն գահին զոհվեցան։

Բայց… գիտեք նաև, թե մեր դարավոր
Դիակներու բուրգը ամպերեն անցավ,
Ու մեր արյունի ժահրեն նեխեցավ
Սրբություններու ծույլ գունտն երկնավոր…

Արդ՝ ո՞ւր եք, չքնաղ խոստումներ Խաչին,
Եղբայրության զուր բարբառներ, ո՞ւր եք,
Կրակ կը փսխե հողն ամենուրեք,
Գետերն արյունով, դիակո՜վ կ'ուռչին…

Ու կիյնա այն, որ կը ծնկե ահով,
Զի թուրն ավելի արդար է Խաչեն,
Զի կյանքն անոնց է միայն, որ քաջ են,
Անոնց, որ կ'ապրին ուրիշի մահով…

Որովհետև դեռ հեռու է օրն այն,
Երբ գայլն ու գառնուկ սիրով արածին…
Թե ապրիլ կ'ուզե գառը նորածին ՝
Պետք է իր ակռան սրե լռելյայն…

Լուռ եք, զանգակնե՜ր, Աստված է մեռեր։
Գույժ տվեք վաղվան, զի հասկը մեռավ.
Գույժ տվեք հայուն, զի ազգը մեռավ։
Զանգակնե՜ր, ծերո՜ւկ, բարի՜ զանգակներ…

Ինչպե՜ս կ'ուզեի ես ձեր պարանին
Կախվիլ ու ցնցել երկաթ բազուկով.
Անոնք, որ ինկան բյուրով, քովե քով,
Ձեր ղողանջին հետ՝ լալու պետք ունին…

Հոգիիս հազար խուլ զանգակներով
Գոռացեք զանգեր ու կատաղորեն
Գահավիժեցեք ձեր երկաթ թառեն,
Ուրկե միայն լալ գիտցաք դարերով…

Յատուկ Երաժշտություն
Մեր մանկության տանգոն
Տիգրան Մանսուրյան

Մեր մանկության տանգոն

Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903թ
Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903թ
Խաղա առցանց