Ռուբեն Սևակ

Երնե՜կ, ջո՜ւր

Ո՞վ պիտի երգե քու անփառունակ
Կյանքիդ միամիտ տաղը, մատա՜ղ ջուր,
Որ լո՜ւյծ դայլայլի մը պես շարունակ
Կը փրփրիս, կ’երթաս դաշտերուն մեջ ուր՝
Դարե՜ր դարերով ե՛րգդ է գոհունակ:

Ո՜վ պիտի պատմե վազքերդ մշտոլոր՝
Վայրի վարդերու երազանքն ի վար.
Ո՜վ պիտի ցույց տա փրփուրներուդ խոր,
Հև ի հև կյանքիդ իղձերն հոգևար,
Վետ-վետ սեզերու շոյանքն ալ բոլոր:

Լուռ անրջանքի պահուն ցայգային,
Ո՜վ պիտի պատմե խիճերուդ լեզուն,
ՈՒ հեքիաթունակ սերն ուռենիին,
Երբ մութ գիշերով իրեն աղազուն
Ոստերը, փաղչող հոգվույդ կը հայի՛ն…

Միամի՜տ վտակ, դարերե ի դար
Դուն մամռոտ ճամբեդ կ’երթաս անմոլոր.
Ու երբ կը մեռնին շուրջդ անմխիթար՝
Գարնայնի գույն-գույն ծաղիկներդ բոլոր,
Երկու քարի մեջ կ’երգես անդադար:

Երնե՜կ քեզ, վտա՛կ, մեռնիլ չունիս դուն.
Արցունքե մարմինդ կը վարես անվերջ,
Գիշերներու մեջ միայնակ, արթուն,
Անսկիզբն, անվերջ, վտիտ փոսիդ մեջ
Կ’երգես, երնեկ, ջուր, վախճան չունիս դուն…

Ոг երբ այս տողերն մրոտող նիհար
Ձեռքեն օր մը լոկ պուտ մը հող ապրի,
Ոгրիշ քերթող մ’ալ, ինձի չափ հիմար,
Պիտի գա հարկավ երգերըդ վայրի
Հանգի, չափի տակ առնելու համար:

Մինչև հավերժորեն կյանքո’տ, զվարթո՜ւն,
Պիտի կարկաչե քու ջուրըդ հարաշարժ՝
Հեգնելով արվեստն ու կյանքը մարդուն…
Ո՜վ անմահության ըստվեր գետնաքարշ.
Վտա’կ, երնե՜կ քեզ, մեռնիլ չունիս դուն:

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Լեռներում
Լեռներում
Խաղա առցանց