Ռափայել Պատկանյան

Հայ և հայություն

Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։

Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ գընում է Հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես։

Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին

«Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին,
Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,
Թե Զատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու։

Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,

Ով է կամ յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը։

Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ,
Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ
Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ,

Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ։

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե՛ հայ ազգի մեջ,
Բայց բըռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ.
Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես՝ հոգին բըխել է Հորից,
Կամ թե Որդին հոգվով սրբով անսերմ ծընունդ է Մորից...

Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձո՛ւր դեպ հարավ,

Բյուր–բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառավ,
Բայց մինչ այսօր այդ խընդիրքը մընացել է անվըճիռ,
Թույլ խելքո՞վըդ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ։

Սիրե՛ ազգըդ ո՛չ լոկ խոսքով, սիրե՛ ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը.

Մի՛ խընայիլ կյանքըդ անգամ, արյունըդ բեր նորան զոհ
Ո՛չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։

Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր,
Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր.
Բայց վա՜յ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին,

Հազար անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին։

Թե դու հայ ես՝ գիտես արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր,
Ո՞րտեղ, որ կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ։
Քանի՞ տարի անկախ մընաց Հայը օտար ազգերից,
Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից։

Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժմ օգնական,
Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման.
Դե կա հընար՝ դու պատրա՞ստ ես անձըդ ազգիդ զոհ անել,
Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել։

Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծընողք, եղբարք սիրական,

Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան.
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ։

Այդ ժամանակ քեզ հայ կասեմ, ես քեզ սիրով կը գրկեմ,
Թե ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թե՝ հուր, ես քեզ հուրից կըփրկեմ,

Բայց թե փորըդ տոլմաներից կամ փըլավից տըռաքի,
Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի։

Յատուկ Երաժշտություն
Հին Օրերի Երգը
Տիգրան Մանսուրյան

Հին Օրերի Երգը

Գրերի գյուտը
Գրերի գյուտը
Խաղա առցանց