Րաֆֆի

Նինո

Դուք տվեք մեզ լավ մայրեր,
Մենք կտանք ձեզ լավ որդիք,
Օտարացած կնկանից
Կըծնվին օտար մանկտիք:

Ա

Տիկնայք այժմյան փափկասուն,
Այդպես էին ձեր մայրեր,
Եվ նոցա անմահ անուն
Ապրում է այդքան դարեր:

Մի՞թե նոցա օրինակ
Չէ գրավում ձեր հոգիք,
Դուք էլ նույնպես սիրեիք,
Կրոն, լեզու, հայրենիք:

Դուք էլ նույնպես զոհեիք
Մեր աշխարհին, մեր ազգին
Ձեր կյանքի ճոխությունք,
Ձեր զարդերը թանկագին:

Զի ձեր ապագա սերունդ
Մի օր ասեր քաջաբար.
«Մենք մայրերի ենք ծնունդ,
Որք սիրեցին հայ-աշխարհ»:

Զո՛ւր է քո խրատ, խե՛ղճ պոետ
Մեր հարգի արմենուհին
Չէ՜ համաձայն քեզի հետ,
Զուր քրքրես վեպեր հին:

Ի՞նչ քարոզես. լեզո՞ւ, կրո ն
Լուռ կա՜ց, քամի ես փչում,
Դոցանից սիրուն Նինոն
Վաղօրոք էր միշտ փախչում:

Նш ո՜չ միայն յուր զարդեր
Զոհ չէ բերում հայ ազգին,
Որ չունե նորա աչքում
Մի գրոշի արժեք, գին:

Այլ օտարի է նա զոհ,
Նվիրված անձամբ բնավ.
Եվ աստըծուց է դժգոհ,
Ինչո՞ւ ինքը հայ ծնավ...

Զի հայ անունը նորան
Միշտ նախատինք է բերում,
Եվ այդ ստոր ծագումին
Նա դժվար է համբերում:

Բ

Բախտավոր է մեր Նինոն
Ջեհիլ, շնորհքով ու սիրուն,
Որքան ուզես չափ չունի
Թիվն ամուսնի փողերուն:

Տունը` կատարյալ ապարանք,
Գեղեցիկ, երեք հարկով,
Նորա շքեղ զարդարանք՝
Հրա՛շք է՝ յուր սարք ու կարգով:

Ծառաներն՝ իմերել,
Սիրուն, արծաթ քամարով.
Տիկինն ինքն էր զարդարել
Մեկին ոսկի շղթայով:

Աղախիններ՝ օսեթին,
Ճոխ, փառավոր են հագնված,
Բջերի հետ քըչփըչում
Դռան հետքումը թաքնված:

Նա զբոսանք է գնում
Միշտ սեփական յուր կառքով,
Թռչում են սեգ նժույգներ,
Հիացած է յուր փառքով:

Նստած է հաստ կառավար
Յուր մորուքով փառավոր,
Նորա կողքին՝ մի սիրուն
Իմերել սպասավոր:

Ալ մահուդից է կարած
Չերքեզկան նորա հագին,
Եզերքն են զարդարած
Կլապտոնով թանկագին:

Շողշողում է լուսի դեմ
Արծաթապատ խենջարը,
Նազուկ մեջքը սեղմել է
Ոսկեջրած քամարը:

Հովի հետը խաղում են
Գանգուրներր փափախին,
Նորան տեսնող աղջկերանը
Սրտիկները կըբաբախին...

Գ

Իսկ ամուսին ամբողջ օր
Քարշ է գալիս բազարում,
Շահի բիստի որսալեն
Նա երբեք չէ՜ բեզարում:

Ծանոթ և թե անծանոթ,
Ամենի մոտ թեքվում է,
Բոլորին գլուխ է տալիս,
Քաղցր լեզվով խոսում է:

Քարոզում է ճշմարտություն,
Անկեղծություն է խրատում,
Խաբելն և կողոպտել
Նա ատում է և ատում:

Բարպաշտ է պարոնը,
Վախում է նա սրբերից
Եվ առանց խաչ հանելու
Չէ՜ անցնում ժամի դռնից:

Երբ նորա սուր մանգաղին
Հաջող հունձք էր պատահած,
Մոռանում է սուրբերը,
Ճշմարտություն և աստված:

Նա քերթում է յուր զոհը,
Թեև աղքատ, աննշան,
Իսկ ամբոխը պատվում է
Նորա զույգ շքանշան:

Եվ այդպիսով հաստացավ
Նորա փորը, քսակը,
Քառասուն տարումը ստացավ
Նինոյի թարմ պսակը:

Իսկ Նինոն նորա համար
Էր մի փայլուն կարասի,
Որ լոկ պարծանքի համար
Մարդ յուր տնում կըդարսի:

Նա անձնական յուր սերը
Այլ զվարճության էր տված.
(Այդ գաղտնիք է, թո՜ղ մնա,
Որ գիտե միայն աստված):

Բայց կատարյալ մի Սոդոմ
Էր նորա ողջ մաղազան,
. . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Երեկոյան խանութից
Ուղղակի տուն չէր գալիս,
Նա գնում էր կլուբում
Հոգսերը թափ էր տալիս:

Իմանում էր նորանոր
Նա համբավներ զանազան,
Ո՞ւմ ծախվում էր աճրթով
Էժան գնով մաղազան:

Ի՞նչ են տալիս կապալով,
Եվ կամ ո՞վ է մուշտարին,
Ո՞վ աշխատեց, ո՞վ վատնեց
Փոդրաթի մեջ այն տարին:

Եվ մի կապեկով հերթը,
Մինչ կես-գիշեր այնտեղում,
Հոգսը ցրվելու համար
Թուղթ կամ նարդի էր խաղում:

Դ

Յուր տանումը նույն գիշեր
Նինոն տալիս էր վեչեր,
Պառավք խաղում են լոտո,
Պար են գալիս ջեհիլներ:

Հագած թավիշ և բեհեզ,
Եվ ժապավեն գույնզգույն,
Որպես նախշուն թիթեռնիկ,
Թռվռում է մեր Նինոն:

Քաղցրիկ-մաղցրիկ խոսում է,
Նա ժպտում է, ծիծաղում,
Մանկահասակ հյուրերից
Սիրո վարդեր է քաղում...

Մերթ դաշնամուրի վերա
Նորա մատներ վազում են,
Ծափահարների գովասանքն
Անուշ ձայնին սազում են:

Մերթ վալսի խռովության մեջ
Պարում է որպես մրրիկ,
Աննման է հասակը,
Շարժվածքը՝ խիստ գեղեցիկ:

Երբ նստել է նա հոգնած,
Որպես մի կուռք կամ արձան,
Երկրպագու տղերքից
Բոլորած է յուր շրջան:

Ծառաները ձեռքներին
Արծաթի մատուցարան,
Ներս են բերում, դուրս տանում
Քաղցրավենիք զանազան:

Դահլիճի մեջ տիրում է
Անուշ զրույց, կորուխում,
Եռ են գալիս կրքերը,
Սեր և հրճվանք է բխում:

Հյուրերի մեջ կար մինն,
Որ բոլորից առավել
Մեր Նինոյի խելքն ու միտք,
Նորա սիրտն էր գրավել:

Դա էր վայելչահասակ
Մի նորահարս չինովնիկ,
Շարժվածքով համարձակ,
Լեզուն` քաղցր, գեղեցիկ:

Ե

Վաղ-առավոտ ամուսինն
Զարթնում է ուղիղ յոթին,
Թե է խմում կծովի,
Գնում դեպ’ գործը խանութին:

Բայց Նինոն յուր սենյակում
Քաղցր քնով է պառկած,
Որովհետև գիշերը
Չափից դուրս էր նա հոգնած:

Նա զարթնում է միշտ տասին
(Տիկինը ճիշտ էր այդ մասին)
Աղախին և ծառաներ
Պատրաստ են յուր սպասին:

Յուր երեխոց կրթությամբ
Դա դարձյալ հոգս է տանում,
Եվ ճիշտ մանկավարժության (??)
Մեթոդին է հետևում:

Երբեք չըխոսել հայերեն
Պատվիրեց Կարպուշկային,
(Նա արգելած է որդուն
Կարապետ անուն տային):

Հորը կոչել՝ պապաշա,
Մորը կոչել՝ մամաշա,
Իսկ փոքրիկ աղջկան՝
Ո՜չ Մարիամ, այլ Մաշա:

Առավոտյան «Հայր մեր»
Միշտ օտար լեզվով կարդալ,
Տոն օրերին մորը հետ
Հայ եկեղեցին չե՜րթալ:

Եվ դետսկի սադումը
Փայտե ձիով արշավել,
Օտարուհի մադամեն
Տուդի-սուդի սովորել;

Տնտեսական գործերին
Նա դարձյալ հոգս է տանում,
Նոր մոդնի տարազների
Ժուռնալներ է ստանում:

Ֆրանսուհի դերձակը
Խիստ շուտ-շուտ է հայտնվում,
Տիկնոջ կրթված ճաշակը
Նա գովում է և հարգում:

Թեև նա յուր կյանքում
Խոհանոց ոտք չէ կոխում,
Բայց ուտելյաց տեսակը
Բազմացնում է և փոխում:

Նա ապրում է խիստ շքով
Եվ շատ գոհ է յուր բախտից,
Մի ցավ նորան տանջում է,
Ցավն ամուսնի դարդերից...

«Այն բազարի կատվին»
Խրված, կորած փողոցում,
Որո ամբողջ մարմնից
Միթկալի հոտ էր փչում:

Ուղիղն ասած, մեծ ցավ է
Պանսիոնումը ուսյալ,
Նովոմոդնի բարիշնին
Կուպեց մի մարդ ունենալ...

Զ

Ժամը զարկեց տասնևմեկ.
Մեր տիկինը քնքշիկ,
Խմեց թեյը պատվական,
Վայելեց նախաճաշիկ:

Այնուհետև քանի ժամ,
Սիրուն Նինոն պճնասեր,
Հայելուց չէ հեռանում,
Սանրում է յուր մազեր:

Օծանվում է յուղերով,
Քսքսվում է դեղերով,
Զարդարում է յուր անձը
Արվեստական դեղերով:

Դեմքը կոկած շպարով,
Ձգած նրբիկ երեսկալ,
Սկսում է բուլվարով,
Նազ նազելով թրև գալ:

Փքված դմակը ցից արած,
Ետքից քարշ տալով քղանց,
Ավելում է սալատակ,
Փոշին թա՛նձր է չափազանց:

Ագահ աչքով անդադար
Խիստ նայում է աջ ու ձախ,
Գուցե նորան ռաստ գար
Եվ թևքիցը ընկներ կախ:

Նա գտավ յուր իդեալ
Մի նորահաս պատանի,
(Մարդկայնությունը թողյալ)
Ամեն գործում պիտանի...

Բայց ո՞վ ունի իրավունք
Ճաշակը բռնաբարել,
Սիրահարված մի գլխին
Զուր խրատներ համբարել:

Նորա հետ քանի պտույտ
Շուռ է տալիս բուլվարով:
Անցավ կեսօր: Բայց ի՜նչ փույթ,
Նա զբաղված է յուր ընկերով:

Սիրուն, քաղցրիկ խոսքերով
Տաքացած է մեր տիկին,
Ուխտ ուխտեցին երկուքով,
Երդմամբ կրկին և կրկին:

Գաղտնի դաշինքը կռեցին:
Գո՜հ և ուրախ է Նինոն:
«Ֆայտո ՜ն, սյուդա, ֆայտո ՜ն»,
Նոքա հանկարծ գոռացին:

Կառք է նստում փառավոր
Մեր տիկինն ուխտավոր,
Նորա հերոսն յուր կողքին
Տեղ է բռնել բախտավոր:

Հեռու, դեպի Մուշտայիդ
Չափեն երկար ճանապարհ,
Բայց ինչո՞ւ իջան կառքից,
Այդ սատանան է խաբար:

Է

Տուն է դառնում նա հոգնած,
ճաշից անց է երեք ժամ.
Վաղուց անուշ համեմած
Սպասում է ճոխ սեղան:

Ախորժակը խիստ գուլ է
Մեր տիկնոջը քնքշիկ,
Ու մարմինը խիստ թուլ է,
Չէ վայելում յուր ճաշիկ:

Նորա սիրտն ու ախորժակ
Յուր իդեալն է տարել,
Զուր բարկանում պովարին
Ճաշը վատ է պատրաստել:

Երկար այնպես խռոված,
Նա տանջում է, մեռանո՛ւմ,
Աֆիցերի պատկերը
Աչքիցը չէ հեռանում:

Աշխատում է գե՜թ քնով
Հոգսը թափել իրանից,
Բայց Մորփեոս խեթ աչքով
Խույս է տալիս նորանից:

Մինչ տիկինը, զմայլված
Վրդովմանց մեջ հոգեկան,
Մոռացել էր յուր անձը,
Տուն, ընտանիք, շրջական:

Խորովածը ներքին հարկում
Ախորժ հոտով բուրում էր,
Բաժակները չրկչըկում,
Օսեթուհին պարում էր:

Երգ են երգում ծափ տալով,
Ծառաներն իմերել,
Պար են գալիս, հուփ տալով
Աղախնյաց մեջքն անարգել:

Փոքրիկ Կարպուշկան, Մաշան,
Թողին խաղը պարտիզում,
Ծառաների թամաշան
Նոքա տեսնել են ուզում:

Ծափ է տալիս Կարպուշկան,
Մաշան խիստ ծիծաղում է,
Օսեթուհին լեզգինկան
Հիանալի՛ խաղում է:

Այդ բաքոսյան հանդեսեն
Նինոյի զավակները
Սովորում են խիստ շատ բան
Այն անմեղ գառնուկները...

Ը

Սույն միջոցին Աղալոն
Թեյ էր դարսում մի ղութում,
(Դա Նինոյի այրիկն էր)
Գործում էր յուր խանութում:

Տխրամած էր այն ժամուն
Նորա դեմքը վայրենի,
Բարկությունից կատաղած
Էր որպես մի բորենի:

Մոռացել էր, կարծես թե,
Այնտեղ դրած յուր սեղան,
Որ ամեն օր տանիցը
Բերում էր պստիկ տղան:

Ըշտապ, ըշտապ, անհանգիստ,
Նա ապրանք էր համբարում,
Հրամայում էր թաքցնել
Յուրյանց ներքի ամբարում:

Բայց ի՞նչ գաղտնիք կար այնտեղ,
Չէ նպատակին մեր խնդիր,
Միայն օտարի անունով
Էր ամբարին վերնագիր:

Նույն րոպեին ներս մտավ
Նորա հին բարեկամը,
Նորա միակ մտերիմ՝
Սնանկացած Ցականը:

Քեփդ վո՞ւնց է, Աղալո,
Ծեր Ցականը հարցրեց.
Բանիրըս վատ է գնում…
Աղալոն պատասխանեց:

Ի՞նչ ես խոսում, գժվե՞լ ես,
Հառաջ տարավ, Ցականը.
Էգուց, էլօր, ո՞վ գիտե,
Կըփեչատեն իմ դուքանը...:

Թ

Մինչ զանգակը մեղմ ձայնով
Սրբարանի գագաթեն
Ավետում էր երեկոն,
Նինոն պառկած էր արդեն:

Սթափվում է նա իսկույն,
Նորա գունատ, թարմ թշեր
Ստանում են վարդի գույն:
Ինչպե՞ս վարել այս գիշեր:

Մի տեղ տալիս են վեչեր,
Մյուս տեղ՝ բալ է տնական,
Սանսուսիում կոնցերտ կա:
Մյուս տեղ տոն է մանկական:

Որտե՞ղ գնա մեր Նինոն,
Չըգիտե ինչ վճռել,
Եվ նույն ժամուն յուր տանում
Մի պարոնի է խոսք տվել:

Դժբախտաբար այն գիշեր
(Մեծ է արդեն այդ կորուստ)
Թատրոնում կա բենեֆիս,
Ներկայացնում են «Ֆաուստ»:

Նա, անհանգիստ տանջվելով,
Խիստ դժվար էր համբերում,
Հանկարծ իմերել ծառան
Մի տոմսակ է ներս բերում:

Բաց է անում տոմսակը,
Գրիչը նորան ծանոթ է,
«Կրուժոկում, իմ հրեշտակ,
Սպասում եմ այս րոպե»:

Լակոնական այն երկտող
Նորա սրտում ձգեց դող,
Որպես վառե քաջ զինվոր
Պատերազմի հնչող փող:

Զարդարվում է նա շքեղ,
Որպես մի նոր Սիրենա,
Նորա դեմքի շինծու գեղ,
Ով որ տեսնե՝ սիրե նա:

Կառք է նստում նա շուտով
Դիմել դեպ’ յուր նպատակ,
Սլանում են նժույգներ;
Որոտում է սալատակ:

Գնա՜, կորչե՜, գլուխ քարին.
Նաև յուր խենթ իդեալ,
Հայի կյանքում նոր ախտ է
Լկտի տիկին, վեչեր, բալ...

Բայց դոցանից են հեռու,
Որպես երկինքն երկրից,
Տիկնայք հինգերորդ դարու
Եվ Եղիշեն ոգելից...

Ժ

Անցավ քանի մի ամիս:
Հրապարակական աճրդով
Ծախվում էր Աղալոյի
Կայքն, աշխատած քրտինքով...

Մեռած, վշտահար դեմքով՝
Կանգնած էր քաղաքացին,
Որո երեխայք շուտով
Կարոտ են պատառ հացին:

Իսկ ամբոխի դատմունքն
Էր գույնզգույն, զանազան,
Ամեն մինը նոցանից
Խոսում էր այդպիսի բան.

«Յուր մեղքերի պատճառավ
Նորան պատժեց աստված.
Նորա գրոշը հազար
Մարդի արնով է ներկված»:

Մյուսը՜ Հարամ փողի վերջն
Ահա՜, այդպես է լինում,
Քանզի քամու բերածն՝
Էլի քամին է տանում:

Խեղճի տունն այլն ասաց.
Քանդեց իրա կնիկը.
Ի՞նչ միր բանն է, ախպեր ջան,
Նովոմոդնիյ աղջիկը...:

1872 Թիֆլիս

Յատուկ Երաժշտություն
Նոր երկինք Լուսնի համար
Էլեն Յոլչյան

Նոր երկինք Լուսնի համար

Արա Գեղեցիկ և Շամիրամ
Արա Գեղեցիկ և Շամիրամ
Խաղա առցանց