Րաֆֆի

Ղույլուբանի

(Առասպել)

Կար, չկար մի քաղաք՝ մեծ և փառավոր,
Այն կողմն աշխարհին, մեզնից հեռավոր,
Մեծ ծով էր պատել նորա բոլորքը,
Սուրի տեղ բահը կըրում էր զորքը:

Այնտեղի կյանքը ազատ էր, հարմար,
Իսկ բնակիչներին՝ ոչ թիվ, ոչ համար,
Գործում են նոքա գոհ աստծո փառքից,
Ոչ ոք վաստակը չէ խլում ձեռքից:

Ապրուստը առատ, բընավ հոգ չըկա,
Միշտ եղն ու մեղր ուտում են նոքա,
Այնտեղ աղքատն էլ սրտում դարդ չունի
Նա ջրի փոխարեն խըմում է գինի:

Այնտեղ ձմեռն էլ ծաղկում է նըշենին,
Չունի մուշտակի պետքը ծերունին,
Իսկ նոցա աշունն, որպես մեր գարուն,
Կանաչ են ծառեր, գեղեցիկ, սիրուն:

Տարին երկու գամ ծընվում է գառը,
Միշտ կաթն էր տալիս տիրոջն ոչխարը,
Ծնունդն էլ, գիտե՞ք, բոլորը ջուխտակ,
Չըկա ոչ մի սև, ամենը սպիտակ:

Ուր խանին երբեք չեն տալիս բեգար72:
Սուլսաթ73, ջարիմա74, այդպես բան չըկա:
Եվ նոցա սիրուն կին ու աղջիկը
Տընից չէ քաշում գազան պարսիկը...

Մարդին պետք չէր գընալ անտառը,
Վառելու համար կտրելու ծառը,
Փայտը գալիս էր ձըրի նրանց համար,
Վառե ՜ ու վառե ՜, չունի չափ, համար:

Այդ ո՞վ էր բերում: Միշտ Ղույլուբանին,
Տարին մի անգամ, բայց ամբողջ տարին
Վառելու համար էր նա բավական,
Այլև շինվածքին էր միշտ պետքական:

Ղույլուբանին էր մի «դէվ»75 զորավոր,
Մարմնով անճոռնի, դեմքով հրեշավոր,
Մի հատիկ աչք միայն ուներ ճակատին
Եվ շուխտ եղջյուրներ կրում էր գագաթին:

Ճանճ էր նորա մոտ Ադամա որդին,
Թեև նա ուներ կերպարանք մարդին.
Գերանի պես հաստ էր նորա բազուկ,
Հսկան նորա մոտ՝ կարճ, որպես թըզուկ:

Ամեն անգամին, երբ քայլ էր փոխում,
Բարձր լեռները խըճի պես կոխում,
Նորա ահագին ամեն մի ոտքը
Ամբողջ դաշտի վրա թողնում էր հետքը:

Նա շունչ էր քաշում՝ լինում էր մրրիկ,
Շարժվում են ծառեր՝ մեծ և փոքրիկ,
Նա ձայն էր հանում՝ գոռում էր սարը,
Եվ որոտալով թընդում անտառը:

Այն երկրում մի ծով կար պարզկապուտակ,
Ոչ սահման ուներ և ո՜չ էլ հատակ,
Չափել նորա խորքն՝ անհնարին էր, զուր,
Նորա մոտ մեր լիճն էր մի գավաթ ջուր:

Մտնում էր դէվն այն ծովի միջում՝
Որպես արագիլ ճահճի մեջ շըրջում,
Եվ ջուրը հազիվ-հազիվ հասնում էր,
Նորա ծընկները միայն ծածկում էր:

Մեծ-մեծ ձըկներն որսում էր դէվը,
Եվ բարձրանում էր մինչև արևը,
Այնտեղ երկնքում ձեռքով բռնում էր,
Արևի բոցով լավ խորովում էր:

Այդ նորա համար էր նախաճաշիկ,
Ընթրիքն ավելի ճոխ էր, անուշիկ,
Հարյուր կամ հիսուն գառն ու ոչխարը,
Հազիվ լեցնում են ահագին փորը:

Այդ դէվն էր, որ միշտ փայտը բերում էր,
Կարծո՞ւմ եք կացնով նա կըտրում էր,
Ո՜չ: Խլում էր ծառերը մին-մին արմատից,
Որպես քաղհանը76 խոտերը արտից:

Նորհաս ծառերից հյուսում էր չըվան,
Ինչպես կանեփից՝ մենք թոկ կամ պարան,
Կապում էր ահագին՝ յուր մեծ շալակը,
Թեթև բեռան պես՝ կրում էր քամակը:

Բայց ինչպե՞ս շալակ... սև սարի նման,
Ամբողջ կես անտառ յուր մեջքի վերան՝
Դիզված է այնպես՝ բարձր և ահագին,
Կարծես փոքրիկ ճանճ նստած է քամակին:

Բերում էր քաղաքը և նորա մոտին
Քըցում էր շալակը: Թընդում է գետին.
Հանկարծ երկրաշարժ: Մըթնում է օդը,
Եվ ահեղ ձայնով գոռում է որոտը:

Տերևի նման դողում է աշտարակ,
Թափվում են վախից մարդիկը հրապարակ,
Կործանվում են տըներ, գմբեթ և սեղան,
Եվ հղի կնիկը վիժում է յուր տղան...

Որպես աստուծո ահեղ պատուհաս,
Տալիս էր քաղքին՝ դէվն այդպես վնաս,
Իսկ նորա օգուտը դորա համեմատ,
Ճշմարիտն ասած, էր ավելի շատ:

Վերջին աղքատի օջախի մեջը
Ծըխում էր ծուխը մինչ տարվան վերջը,
Նա դորա համար բան չէր վճարում,
Փայտն առատ էր, վառում էր, վառում...

Հավաքվեց քաղքի բոլոր ժողովուրդ,
Խելոք ծերունիք կազմեցին խորհուրդ,
Ինչպե՞ս հեռացնել այդպիսի վտանգ,
Որ փայտը նրանց չընստեր շատ թանկ:

Մտածեցին նոքա շատ մտածմունքներ,
Հին մարդիկներից արին հարցմունքներ,
Եվ վերջ ի վերջո գըտան մի հընար՝
Քաղաքն անվնաս պահելու համար:

Ուղարկեցին նոքա քանի մի ալևոր
Սիպտակ մորուքով, ծեր և պատվավոր,
Գնացին նոքա դէվի մոտ դեսպան.
Քաղաքի կողմից հայտնել այդպես բան՝

«Ողջույն լինի քեզ, ո՜վ դէվ զորավոր,
Քաջ հսկաների տեր և թագավոր,
Ողջունում է քեզ մեր ողջ քաղաքը,
Թո՜ղ պայծառ լինի քո հարգն ու փառքը;

Այսքան տարի է մեր քաղքի համար
Դու փայտ ես տալիս առատ, անսպառ,
Եվ դորա մասին մեր ողջ բազմություն
Հայտնում է քեզ յուր շնորհակալություն:

Որպեսզի անմոռաց լինի այդ հիշատակ,
Քաղաքն այդ շապիկն ուղարկեց սպիտակ,
Որ հագնես նորան, տըկլոր չը շրջես,
Քո մերկությունը նորանով ծածկես:

Մի ամբողջ տարի քաղքի ջուլհակը
Սպառեց բոլոր՝ բուրդն ու բամբակը,
Մի ամբողջ տարի մեր ողջ կնանիք
Հազիվ կարացին կտրել այդ շապիկ:

Շա ՜տ թանկ է նստել մեզ այդ շապիկը,
Շա ՜տ մեծ է նորա գինն ու արժեքը,
Բայց կըտանք քեզի դորան մենք աժան,
Որպես քո պատվին վայել է, արժան:

Դորա կես փողը քեզ ընծա լինի,
Կեսին մեզ կը տաս մուրհակ ըստ օրինի,
Տարի ժամանակ, թեթև տոկոսով,
Մինչև լրացնես պարտքդ աստուծով»:

Դէվը շատ սիրով ընդունեց այդ պայման,
Ուրախությանը չըկար չափ, սահման.
Որքան նա մեծ էր մարմնի կազմվածքով,
Այնքան հիմար էր մտքով ու խելքով:

Եկավ ժամանակ: Լրացավ տարի:
Դէվը փող չունի պարտքը վճարի,
Եվ պարտատիրոջ ահից, երկյուղից
Զըրկվեցան նորա աչքերը քընից:

Թեև դէվ էր նա, եղավ երկչոտ սաստիկ,
Ինչե ՛ր չեն անում խորամանկ մարդիկ…
Հըզոր առյուծին շինում են կատու:
Եվ հսկաներին՝ յուրյանց հարկատու…

Դէվն այնուհետև, երբ բերում էր փայտ,
Բերում էր գաղտնի, գիշերով, անհայտ,
Որ քաղաքացիք նորան չը տանջեն,
Դատավորի մոտ պարտքը պահանջեն:

Նա յուր շալակը խիստ զգույշ կերպով
Դընում էր գետին, փախչում էր շտապով,
Ծառի տերևն էլ տեղից չէր շարժվում,
Մի խշշոց անգամ նրանից չէր լսվում:

Իսկ քաղաքացուն այդ էր հարկավ:
Բայց մարդն է ագահ և վտանգավոր…
Նրանք պարտքը թողին այնքան ծանրացավ
Մինչ դէվն իսպառ նրանց գերի դարձավ:

Եվ այնուհետև եղավ վւախստական,
Թափառում է միշտ այդ խեղճ պարտական...
Թափառում է նա աշխարից աշխար,
Երկյուղը նորան քըշում է անդադար:

Այն մեծ մարմինը հալվեց... մաշվեցավ
Լոկ ուրվականի մի ձև ստացավ.
Նա ման է գալիս միշտ մութն գիշերով,
Կոտրած սրտով և վախվըխալով:

Երբ ադամորդու երես է տեսնում,
Իսկույն օդի մեջ չքանում է, կորչում,
Մի՜ վախիր նրանից, սիրելի Սառա,
Նա բարի մարդուն երբեք չէ վնասում...:

Եվ այժմս էլ մեզ հետ մեր քաղաքացիք
Վարվում են այդպես, սիրելի քույրիկ,
Մեզ վրա ծախում են յուրյանց լաթերը
Եվ բազմացնում են՝ տոկոս-պարտքերը…

Յատուկ Երաժշտություն
Ռապսոդիա
Էդուարդ Բաղդասարյան

Ռապսոդիա

Հարսանիք Հրազդանում
Հարսանիք Հրազդանում
Խաղա առցանց