Պարույր Սևակ

Կարոտ

Կա մի աշխարհ մեր աշխարհում՝ ինձ հարազատ, ձեզ անծանոթ:
Ուր էլ լինեմ՝ կանչում է նա հազար ձայնով ու սրտագին,
Ապրում է նա իմ հոգու մեջ իբրև անբառ, համր կարոտ,
Իբրև լեգենդ դեռ չգրված, իբրև մի երգ անսրբագիր:
Այդ աշխարհում կան սեգ լեռներ, որ վիթխարի բուրգերի պես
Բարձրանում են ու մխրճվում ամպերի մեջ հրակարմիր,
Եվ քարափներ, որոնց վրա հին օրերի կուռքերի պես
Մութ ժայռերն են արձանանում՝ ցլագլուխ - ձիամարմին:
Այնտեղ լեռան լերկ լանջերին, սալ քարերի արանքներում
Արեգակն է փշրում իրեն ծիածանվող հայելու պես.
Գարնանային մոլուցքի մեջ՝ գետն այլևս չի համբերում,
Եվ պոկելով արմատներից հին բարդենուն խաղաղ ու վես,
Գերեվարած դրոշի պես ցույց է տալիս իր ափերում:
Ամպերն այնտեղ ոլորվում են այնպես դանդա՜ղ, հանդիսավո՜ր,
Այնքա՛ն նման հորովելին, որ հնչում է երբ անլեզու,
Վերհիշում ես աշնան յուրտը՝ զուրկ հոտերից, առանց սարվոր,
Երբ ինչպես հոտն աղաքարը՝ մառախուղն է հողը լիզում...
Եվ գարուն կա այնտեղ շքեղ, որ բացվում է հանկարծակի,
Ինչպես հանկարծ նորահարսի կուրծքն է բացվում քամուց լեռան:
Խարույկներ կան գիշերներում՝ սերված ասես այն կայծակից,
Որ ճայթելով շփոթում է գառան հոտը լեռան վրա:
Կա մի բուրմունք խոտերի մեջ, շաղոտ-ցողոտ թփուտներում,
Բուրմունք, որից և՛ քաղցում ես, և՛ հագենում՝ միանգամից.
Կան աղբյուրներ, որ դնչիկով վայրի այծերն են պղտորում,
Ինչպես հոգին բանաստեղծի պղտորվում է երգի ժամին:
Եվ անտառ կա այնտեղ մթին, խառնագիսա՜կ, ծածկաբերա՜ն,
Եվ այգիներ, այդ անտառից մոլորվելո՛վ զատված կարծես,
Եվ ամենից գողտրիկ ու թանկ՝ լեռնալանջին մի հին պարտեզ,
Որ մասրենու չափար ունի, եղեգնահյուս դռնակ վրան,
Ուր մի տուն կա, տան մեջ մի մայր... և ուր մի օր ծնվել եմ ես...
Ամե՛ն, ամե՜ն ինչ կա այնտեղ: Փորձես եթե ասել «չկա»,
Ընդոստ «կա՛, կա՛» կարձագանքեն ժայռերն անգամ համր ու հլու:
Կան թանկ հուշեր, որ սիրո պես ուռճանում են լո՛ւռ, աննկա՛տ,
Եվ բացվում են միանգամից՝ ինչպես վարդը մի գիշերում,
Ինչպես հուզմունքն իմ այս պահի - սպասված ու անակնկալ:
*
Ինձ թվում է՝ մեր անտառում, վրա հասնող ձմռան շեմին,
Հարավ չվող մի բիլ թռչուն իր թռչնական պարզ նախանձով
Վերջին անգամ կտցեց հիմա աշնանահաս մի զառ խնձոր,
Եվ նա՝ հասո՛ւն, փխրո՜ւն արդեն՝ կամա՜ց կաթեց թաց խաշամին,
Փխրո՜ւն՝ ինչպես սիրտս այս ժամին:

22.XI.1946թ.
Երևան
Յատուկ Երաժշտություն
Նոր երկինք Լուսնի համար
Էլեն Յոլչյան

Նոր երկինք Լուսնի համար

Օգոստոս,  1963 թ
Օգոստոս, 1963 թ
Խաղա առցանց