Պարույր Սևակ
Իրիկնային
I
Երբ իրիկունն է վար իջնում, մութն է խայտում ալիք-ալիք
Իմ աշխարհի վրա խաղաղ,
Լապտերները երբ վառվում են, ասես իբրև զգոնություն,
Ու լուռ թարթվում նվիրական սրտադողով,
Մինչդեռ, կարծես թե զգալով խոսքի կարիք,
Խռովահույզ մի տագնապով սկսում է սիրտս խաղալ,
Ես թողնում եմ թուղթ ու գրիչ
Ու ելնում եմ կրկին փողոց:
II
Հորդում է լույսն ամեն տնից, ամեն բացված լուսամուտից,
Անկյունամերձ ձիգ սյուների կենտ աչքերից մետաղակոպ,
Իսկ մայթերում - լուսավարա՜ր, կիսամթի՜ն -
Կանա՛յք, մարդի՛կ և աղջիկնե՛ր
Զբոսնում են ժպտուն ու գոհ:
Սիրում եմ ես իրիկնային պահն այս գերիչ,
Երբ շրջելով ամենքի հետ,
Քեզ թվում է, որ մենակ ես - ինքդ քեզ հետ...
Երբ փողոցը, մայթերն առած ամեն տարիք,
Ամեն ժպիտ, ամեն ճաշակ,
Հարազատ են դարձնում հոգուդ
Անծանոթին և օտարին...
...Փլվում է սիրտդ բեռան տակ չեղած բառի,
Որով ուզում ես ողջունել, օ՜, ինքդ էլ չգիտես ո՛ւմ...
Եվ այդ պահին,
Նմանվում է սիրտդ խորին մի անտառի,
Որի խորքում անհայտ, սակայն սիրող մի աչք,
Քո մտածումը դեռ թերի
Ու երազներդ է լրտեսում...
III
Ժամն է հնչում...
Ժամացույցի տակտերի հետ
Տրոփում է սիրտս անկանգ:
Վաղո՜ւց էի քեզ սպասում, իրիկվա հետ,
Եվ դու եկար:
Եվ դու եկար, վարսերը քո -
Իրիկնային լույսերի պես հարուստ ու շեկ,-
Գիրգ ծոծրակիդ վրա խրձած,
Այն քայլվածքով,-
Երերածուփ, բայց և հանգիստ,-
Որով նավը ծովից արձակ
Ներս է մտնում նավահանգիստ...
Սիրում եմ ես այս պահերին քեզ հետ լինել,
Խաղաղության այս պահերին,
Ինչպես որ դու ինձ հետ էիր կռվում երեկ՝
Ինձ սպասող ջերմ հայացքով քո աչքերի:
Սիրում եմ ես քեզ հետ լինել այս մայթերում իրիկնային,
Այս փողոցում,
Եվ քո առաջ սիրտս բացել, ինչպես - նայի՛ր,
Կայտառ քամին,
Մեղմ խաղալով հանդերձիդ հետ իրիկնային,
Քո ուսերն է իմ դեմ բացում:
Այս փողոցում...
Այստե՛ղ եմ ես պատանությունն իմ կորցրել,
Դարձել հասուն,
Եվ այն, ինչ որ շռայլորեն բնությունն է առատ ցրել,
Գտել եմ ես, այս փողոցում:
Գտել եմ քե՛զ...
Գտել եմ քե՛զ, ինչպես այս մայթն՝ այս փողոցին
Եվ այս սյունին՝ այս լապտերը - մեղմ կկոցված
Իր մետաղե կենտ կոպի տակ կանաչավուն,
Որի ջերմին սարսռոցից
(Քո աչքերի թարթումներին այնքա՜ն նման)
Իմ մարմինն է փշաքաղվում...
Կուզես՝ թատրո՛ն, կուզես՝ ա՛յգի,
Կուզես՝ կինո՛,-
Սրտիս տակտով քայլերս ահա քոնն են հավետ:
Կուզես շրջենք իրարու հետ՝
Լույսերի մեջ - թարթիչներիդ ստվերի տակ,
Ստվերի մեջ - քո աչքերի լույսով հստակ,
Եվ կամ, եթե կուզես, անգի՛ն,
Նստենք թեկուզ ամռան շոգից ապաքինող
Այս արծաթե ավազանի հարթ պռունկին...
IV
Նստիր մոտի՛կ,
Արդյոք երե՞կ կռիվն անցավ,
Եվ հենց այսօ՜ր քո սիրելի կերպարանքով
Հաղթանակը մեզ հանդիպեց...
Հաղթանա՜կը...
Նստիր մոտի՛կ:
Ես ուզում եմ նրան զգա՜լ,
Նրա՛ն զգալ՝ քե՛զ գրկելով այն մատներով,
Որոնցով ես քանի՜ անգամ
Շոշափել եմ քունքը մահի՝
Հանուն այս խո՛ր, պայծա՜ռ պահի
Նրան իմ կյանքը մատնելով...
Ե՛ս, որ երբեք չեմ դողացել մահվան առաջ,
Չե՛մ սարսափել երբեք մահից,
Ե՛ս, որ գիտեմ -
Կյանքն էլ ձե՛զ պես - կանանց նման -
Անհուն սերն իր խիզախներին է լոկ տալիս...
Այո՛, սիրում եմ այս պահերն իրիկնային,
Ինչպես պոետն իր նորագյուտ
Քնարական տողն է սիրում,
Երբ ուզում է քեզ նմանին
Երգով սիրող սիրտը բանալ:
Կրկի՛ն սիրո՜ւմ եմ այս պահերն իրիկնային
Որպես կարմիր բանակային
Որ մեկընդմիշտ իր արյունով շահել է քեզ -
Շահել է սեր ու հաղթանակ...
V
Դեռ չեմ ապրել հուզումներդ կրծքիս վրա,
Սպասումի իմ կարոտը իր դիրքերը դեռ չի թողել,
Կոկորդիս մեջ դեռ կռվում է խեղդիչ ծուխը սուր վառոդի
Քո սեփական բուրմունքի՛ հետ...
Թաքուն ցավից դեռ տնքում է վերքը ոտիս,
Մինչ սրտիս մեջ բողբոջում է մի ցանկություն
Ե՛վ մարդկային, և՛ բնական -
Ինձ հայր տեսնել և քո գրկում տեսնել որդի,-
Այնտեղ սակայն,
Ատլանտյանի մյուս ափում,
Դոլլարներով և արյունով ճարպակալած
Ինչ որ անհագ կենդանիներ, որ - ի՞նչ արած -
Սովորույթով դեռ կոչվում են նույնպե՛ս մարդիկ,
Ջանում են, որ չապրե՜նք մեկտեղ,
Չզգա՛նք իրար...
Մի՛ սարսափիր լուտանքներից,
Գալիք կռվի ուրվականից այդ թերթային...
Հիշի՛ր, որ դեռ իմ ոտքերին
Փոշիներ կան, բերած հեռու
Ուղիներից մարտաերթի,
Եվ հաղթողի իմ աչքերում -
Հաղթության ցոլք, լույս ու հրթիռ...
Հիշի՛ր, որ իմ սիրող սրտին
Խորթ է ամեն ահաբեկում,
Որ պատրաստ եմ ելնել կրկին
Պաշտպանելու իմ հո՛ղն ու քե՛զ...
Պաշտպանելու իմ հո՛ղն ու քե՛զ
Այն վա՜ռ սիրով, որ իմ հոգում
Երջանկությա՛ն, խաղաղ կյանքի՛
Խոր արմատներ է արձակել...
Հիշի՛ր դու այդ և թույլ տուր ինձ,
Իմ՝ զինվորի կոշտ ափերում
Քո դաշինքի ձեռքը զգալ,
Զգալ, այնքա՜ն, այնքա՜ն մոտիկ,
Որքան հեռո՜ւ է թշնամու
Ցանությունը օտարոտի...
09.V.1947թ. 09.IX.1947թ.
Երևան
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Գեորգի Գյուրջիև
Այզորների երգը
Աշնանային երեկո, 1972 թ
Խաղա առցանց