Պարույր Սևակ
Հյուրասիրում եմ
Հյուրասիրում եմ
Ձմռան վերջերին՝ խաղողի ճութով,
Եթե չեք ճաշել՝ կաքավի ճուտով,
Որին, հավատա, ես չեմ սպանել:
Պատիվ եմ անում,
Ո՛վ քաջ սպաներ,
Ձեզ՝ արձակուրդով,
Ծեր պատմաբանիդ՝ այնպիսի նյութով,
Որ կնախանձեր և Հերոդոտը:
Թե հին տանձենին հյութի կարոտ է՝
Հյուրասիրում եմ անարատ հյութով:
Թե աշխատանքից հոգնել ես, խնդրե՛մ,
Հյուրասիրում եմ կենարար մութով:
Եթե փող չունես և առիթ չունես՝
Չգիտես ինչպես ուրախացընես
Կնոջդ սիրած,
ի՞նչ է հարկավոր,
Ինձ համար հեշտ է, խնդրե՛մ, ի՜նչ կա որ՝
Հյուրասիրում եմ քեզ... մարտի ութով:
Ով առանց այն էլ շատ է սպասել՝
Հյուրասիրում եմ վերահաս «շուտ»-ով:
Հյուրասիրում եմ արտերին պուտով,
Արտերին... վա՜յ, չէ՛... ծովի՛ն կարկուտով,
Եվ ի՜նչ կարկուտով.
Որ նա չհալվի՝ դառնա մարգարիտ,
Եվ ողջը հասնի ծովի արքային՝
Հողածին մարդուն...
Քեզ ի՞նչ տամ, ասա՛, խռոված բալիկ.
Կուզես՝ պաղ ալիք,
Կուզես՝ խաղալիք:
Չէ՛, հյուրասիրեմ ես քեզ խտուտով,
Իսկ խռով զույգին՝ ճիտով-խտիտով,
Լռակյաց ձորին՝
երգող արտուտով,
Հոգնած հնձվորին՝
արևամուտով,
Ջրով՝ ծարավին,
Սառած հյուսիսին՝ օդով հարավի,
Պառավին՝
երկար ու անվիշտ կյանքով,
Կյանքին՝ խնդությամբ և ուրախությամբ,
Ուրախությանը ոչ թե թռիչքով,
այլ տևողությամբ,
Կախյալ լուսնյակին՝ սեփական լույսով,
Կախյալ գաղութին՝ փրկվելու հույսով,
Հույսին՝ կատարմամբ...
Հյուրասիրում եմ
Անզավակ մարդուն՝ երազած որդով,
Ով չունի և տոհմ՝ քառասուն պորտով,
Փոքըր աշխարհին՝ մեծ ժողովրդով,
Ցորենի արտին՝ աննշան հարդով,
Շալ դարձած բրդով՝
գառնուկին անծին,
Առաջին վարդով՝
ժամադրվածին,
Ձախորդ ձկնորսին՝ հաջողակ կարթով,
Ձախորդ որսորդին՝
լեցուն թակարդով,
Պառավ օրիորդին՝
հոյակապ մարդով,
Թունդ խաղամոլին՝
Երկրի քարտեզով և ոչ թե քարտով.
Այն բաղաձայնին,
Որ գեթ մի անգամ երգել է ուզում՝
ուժեղ կոկորդով.
Այն պառավ տատին, որ վերջի՜ն անգամ
Կով է երազում՝
խորոտիկ հորթով.
Այն կիրթ կրիային, որ գիտի իրեն
Փշեր չեն սազում՝
ջրարջի մորթով...
Հյուրասիրում եմ մի վերջին անգամ
Գաղտնիք պահ տվող հուզված սրտերին
Ինձ նման ձրի ու թանկ լոմբարդով,
Իսկ գեղեցկուհուն՝ ինձ նման ճորտով,
Ինձ նման ճորտին՝ մի շռայլությամբ,
Որ չունի և վերջ,
Վերջին՝ սկիզբով,
Սկզբին՝ հարմար շարունակությամբ,
Որ ունի նաև... չափի զգացում:
Հյուրասիրում եմ ես ինձ էլ նույնով՝
չափի զգացմամբ...
27.V.1957թ.
Մոսկվա
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Ղազարոս Սարյան
Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար
Հին Կահալայի տուն
Խաղա առցանց