Նար-Դոս

Վերջին մոհիկաններ

Իմ ընթերցողներին

Ես ստացա հետևյալ նամակը և նամակի հետ առանձին տետրակի մեջ մի գրություն, որը հրատարակության եմ տալիս ստորև։

-----

Ես ձեր «Նեղ օրերից մեկը» պատմվածքի հերոսն եմ Պատրիկյանը։ Թեև իսկական ազգանունս Պատրիկյան չէ, բայց այդ միևնույն է. թող ձեզ և ընթերցողների համար Պատրիկյան էլ մնամ. իսկական ազգանունս հայտնելով չի փոխվելու էությունը, որի դեմ առարկելիք չունեմ։

«Նեղ օրերից մեկը» լույս տեսնելուց հետո անցել է մոտ երեսուն տարի, և դեռ չգիտեմ երբևիցե հետաքրքրվե՞լ եք իմանալու, թե հետագայում ինչ եղան, ինչ վիճակ ունեցան ձեր այդ պատմվածքի գլխավոր պերսոնաժները, այսինքն ես, տանտերս, խմբագրության քարտուղարը և արքունական թատրոնների երգիչ Ջափինյանը կամ Ժապինովը, ինչպես անվանվում էր այն ժամանակ աֆիշների մեջ։ Եթե հետաքրքրվել եք և չեք իմացել, ես կարող եմ պատմել։

Կսկսեմ ինձնից։

Մի երկու լղարիկ գրքույկ հրատարակելուց հետո, որի վրա զուր տեղը ծախսել էի ուսուցչությանս ժամանակ խնայած կոպեկներս, ես մի անգամ առմիշտ թողի գրող լինելու մարմաջը, այրեցի հետագա բոլոր գրվածքներս և գալիցինյան ռեժիմից հետո, երբ վերստին բացվեցին մեր դպրոցները, նորից մտա ուսուցչական ասպարեզ։ Այն խոնավ ու մութ սենյակը, որի վարձը նեղ օրերիս հազիվ էի կարողանում վճարել, թողի և անցա նույն տան բակում ազատված երկու լուսավոր սենյակ, ամուսնացա, օրինավոր տուն ու տեղ դրի, չորս զավակներ ունեցա երեք տղա, մի աղջիկ։ Տղաներիցս ամենամեծը թունդ բոլշևիկ դուրս եկավ և զոհվեց մայիսյան ապստամբության ժամանակ։ Նրանից փոքրը նույնպես բոլշևիկ-կոմունիստ է և ներկայումս հրահանգիչ է գավառում։ Այնուհետև՝ աղջիկս ուսուցչուհի է, իսկ փոքր տղաս սովորում է բանֆակում և խոստանում է ավելի թունդ բոլշևիկ լինել, քան իր ավագ եղբայրները։ Ներկայումս ես արդեն մոտ վաթսուն տարեկան ծերունի եմ։ Թողել եմ ուսուցչությունը։ Ստանում եմ կենսաթոշակ։ Անցյալ տարվանից կնոջս հետ մշտապես տեղափոխվել եմ իմ հայրենի գյուղաքաղաքը, ուր պաշտոնավարում է աղջիկս, և ապրում եմ նրա մոտ հանգիստ ու ապահով, միանգամայն մոռանալով իմ նեղ օրերը, որոնցից մեկը նկարագրել եք դուք ձեր պատմվածքի մեջ։

Խմբագրության քարտուղա՛րը։

Սրա կյանքն արդեն մի կատարյալ էշի մարտիրոսություն էր։ Ֆանատիկոսի մոլեռանդությամբ նվիրված լինելով թերթին, տարեցտարի և օրը օրին մեն-մենակ լցնելով թերթը, ցերեկը խմբագրատանը և գիշերները տպարանում անցկացնելով, այնքան չէր ստանում, որ գոնե մի տաք կերակուր ուտեր և ձմեռը տաք հագնվեր։ Վերջը թքեց թերթի վրա էլ, ամեն բանի վրա էլ, գնաց Էջմիածին, կուսակրոն ձեռնադրվեց, վարդապետ դառավ, հետո ծայրագույն վարդապետ, գրում էր «Արարատ»-ում, քիչ մնաց եպիսկոպոս ու թեմակալ դառնար, փորը մի քիչ հաստացրեց և մեռավ անհայտ ու անպտուղ։

Երգիչ Ջափինյա՛նը։

Վերջը բանից երևաց, որ սա փքուռույց հռչակի տեր և անտաղանդ մեկն է եղել, զուրկ նույնիսկ լսողությունից։ Ինչպես որ արագ բարձրացել էր արքունական թատրոնների բեմերը իր հիրավի որ հուժկու ձայնի շնորհիվ, այնպես էլ և է՛լ ավելի արագ ցած գլորվեց այնտեղից։ Ջափինյանը չի մոռացել իր նախկին տիրացությունը և երբեմն-երբեմն իր բարեկամ այս կամ այն հանգուցյալի թաղման ժամանակ իր գոմշի ձայնով վեր է քաշում «Ի վերին Երուսաղեմ»-ը ի պատիվ հանգուցյալի հարազատների, որոնք այդ բանից զգացված՝ սկսում են է՛լ ավելի մեծ թափով, ճիչ ու ծղրտոցով (կանայք, իհարկե) վայ տալ իրենց թանկագին կորուստը։ Ցիլինդրը, կարմիր փողկապը իր խոշոր ադամանդով և բարձր կրունկներով փայլուն կոշիկները վաղուց, շատ վաղուց հրաժեշտ են տվել նրան։ Բայց, չնայելով իր մոտ վաթսունհինգամյա հասակին, դեռևս շատ ժիր է, և այժմ դուք կտեսնեք նրան շոֆերական մի կեպի սափրած գլխին, մի շատ հասարակ բլուզ հագին, կարկատած կոշիկներով այս կամ այն կոոպերատիվ խանութը վազելիս, որ մի քանի կիլո կարտոֆիլ տանի տուն քաթանե տոպրակով, որը շարունակ ման է ածում հետը համենայն դեպս։ Ապրում է, կարծեմ, երգեցողության մասնավոր դասերով։

Տանտե՛րս։

Գրությանս նպատակն իսկապես սա է։ Ես ուզում եմ առանձնապես ծանրանալ սրա վրա և ձեր ուշադրությունն էլ հատկապես սրա վրա եմ ուզում հրավիրել։ Սա նախանցյալ տարի մեռավ։ Արդեն մոտ յոթանասուն տարեկան ծերունի էր։ Սրա մահով գերեզման իջավ մեր փառազուրկ բուրժուազիայի վերջին տիպիկ ներկայացուցիչներից մեկը։ Սրա կյանքի թռուցիկ նկարագիրը հեղափոխությունից առաջ և հետո՝ թերևս մի նոր պատմվածքի կամ վեպի նյութ տա ձեզ։ Այդ սիստեմատիկ նկարագիրը դուք կգտնեք նամակիս հետ ձեզ ուղարկված տետրակիս մեջ։

Ձեր Պատրիկյան
Յատուկ Երաժշտություն
Երկինքը ամպել է
Կոմիտաս

Երկինքը ամպել է

Նավավարը
Նավավարը
Խաղա առցանց