Նար-Դոս
Եղբայր
ՍՏԵՓԱՆՈՍ ՀԱՍՐԱԹՅԱՆ, պաշտոնաթող աստիճանավոր, 55 տ. ծերունի։
ԱՇԽԵՆ, նրա աղջիկը, վարժուհի, 20 տ.։
ՍՈԻՐԵՆ, նրա տղան, նորավարտ համալսարանական, 25 տ.։
ԱԶԱՏՅԱՆ։
ԲԱԶԵՆՅԱՆ, իշխան երիտասարդ։
ՍԻՆԱԿՅԱՆ,
ՉՈԹԱԼՅԱՆ, Եվ Բազենյանի ուրիշ շատ ընկերներ, հյուրեր, ծառաներ։
Միջակ կերպով զարդարված մի սենյակ Հասրաթյանների տանը։ Դիմացը և ձախ կողմը դռներ. դիմացինը տանում է դեպի նախասենյակն, իսկ ձախը՝ դեպի մյուս սենյակը. աջ կողմը երկու լուսամուտ, որոնց առաջը դրված են ծաղկամաններ զանազան հոտավետ բացված ծաղիկներով։ Ստեփանոսը նստած է բազկաթոռի մեջ և ակնոցներն աչքերին լրագիր է կարդում։ Փոքր ինչ հետո մտնում է Ազատյանը։
Պարո՛ն Ստեփանոս, մի ուրախալի
Լուր ունիմ այժմ ձեզ հաղորդելու.
Տեսնում եք, ինչպես ես հեթեթալի
Վազել եմ ձեր տուն։
Ի՞նչ կա, Ազատյան։ Ի՞նչ լուր եք բերել։
Ձեր որդին արդեն Թիֆլիս է եկել։
Սուրե՜նս... մի՞թե։ Ի՞նչ գիտեք դուք այդ։
Ընկերներիցս մեկն ասաց ինձ այդ։
Նա մի ժամ առաջ անձամբ տեսել էր
Նրան երկաթուղու կայարանումը,
Բարևելուց հետ, նա նրան խնդրել էր,
Որ իմաց անի ինձ իր գալուստը։
Բայց ո՞րտեղ է նա, որ մինչև այժմ
Տանս չեմ տեսնում։
Հա՛, նա ընդ այնմ
Ասել էր, որ նախ, քան յուր տուն գալը
Մի պարոնի հետ շտապ գործ ունի,
Որն իսկույն ևեթ վերջացնելով,
Դեպ տուն կշտապի։
Տեսնո՞ւմ եք նրան։ Համալսարանը
Ավարտել, պրծել եկել է Թիֆլիս,
Եվ փոխանակ նախ անհամբերությամբ
Շտապելու յուր տուն, ծերունի հորը
Ուրախացնելու, նա ուրիշ գործի
Ետից է վազում։ Ի՞նչ ասեմ ապա՛։
Եվ զարմանալի բան է, ճշմարիտ.
Նա ամեն անգամ, երբ Ժնեվիցը
Թիֆլիս է եկել, այդպես է արել։
Ինչևէ։ Բայց դուք, պարոն Ազատյան,
Իզուր շտապեցիք ինձ ավետելու
Որդուս գալուստը։
Մի՞թե դժգոհ եք։
Ընդհակառակը, ես շնորհակալ եմ.
Բայց դուք գիտեք, որ ոչինչ ավելի
Անտանելի չէ, որքան անհամբեր
Մեկին սպասելը։ Եվ այժմ եթե
Դուք ինձ առաջուց որդուս գալուստը
Բնավ չհայտնեիք, ես այժմ ինձ համար
Հանգիստ կլինեի։ Բայց այժմ սիրտս,
Թեպետև ուրախ, բայց սարսափելի
Անհամբերությամբ սպասում է նրան։
Ես մի կարևոր տեղ պիտի գնայի,
Բայց գնալուց առաջ լավ համարեցի
Որդուդ գալուստը ձեզ ավետելու։
Բայց և, իհարկե, նա շատ շուտ կգա,
Ինչպես ասել էր այդ ընկերոջս։
Ցտեսություն ձեզ, պարոն Ստեփանոս։
Ես ևս սաստիկ անհամբերությամբ
Ցանկանում եմ նրան շուտափույթ տեսնել։
Հետո, իհարկե, կանցնեք մեր կողմը։
Անպատճառ կանցնեմ։
(Դուրս է գնում):
Վերջապես որդիս սիրելի Սուրենս
Վերադարձել է... Ո՞ւր է Աշխենս։
Աշխե՛ն, աղջի՛կս։ Չե՞ս լսում դու ինձ։
Ի՞նչ է անում նա, ո՞ր ժամանակից
Փակվել է այնտեղ և դուրս չի գալիս։
(Գնում ձախ դուռը բացում է և այնտեղից դեպի դուրս)
Աշխե՛ն, աղջի՛կս, դու ինձ չե՞ս լսում
Այսքան կանչում եմ։
Ի՞նչ ես ասում, հայր։
Ի՞նչ էիր այնտեղ լուսամուտի մոտ
Միայնակ նստել։ Ի՞նչ մտածում։
Ե՞ս... ոչինչ, հայրիկ։ Իմ մտածմունքս
Եղբորս վրա էր։
Ինչո՞ւ այդքան տխուր էին քո
Մտածմունքներդ եղբորդ մասին։
Դու ի՞նչ գիտես, հայր.
Թե տխուր էին մտածմունքներս։
Մի՞թե չեմ տեսնում քո դեմքի վերա։
Ո՛չ, իմ հայրիկս։ Ի՞նչպես կարող է
Իմ խեղճ ուղեղս եղբորս մասին
Տխուր մտածել, քանի որ սիրտս
Անհուն բերկրանքով ամեն մի րոպե,
Ամեն մի վայրկյան նրա վերադարձի
Մոտալուտ ժամն է ավետիս տալիս
(առանձին)
Աստված իմ, որպես ծանր է խաբելը...
Եվ քո սիրտը քեզ չէ խաբում, որդիս.
Եղբայրդ արդեն վերադարձել է։
Իրա՞վ ես ասում...
Այո, աղջիկս, վերադարձել է։
Ազատյանն այժմ, մի փոքր առաջ,
Այստեղ էր, ինձ մոտ և ուրախալի
Այդ ավետիքը նա հաղորդեց ինձ։
Աստվա՛ծ իմ, աստված, ի՞նչ պիտի անեմ,
Կարո՛ղ եմ արդյոք նրան էլ խաբել...
Սակայն, աղջիկս, քեզ ի՞նչ պատահեց.
Դու գունատվեցիր և մինչև անգամ
Դողում ես թեթև. ես այդ տեսնում եմ,
Իզուր մի ծածկիր։ Կարծես մի տխուր
Լուր հաղորդեցի... Վա՜հ, ի՜նչ եմ տեսնում,
Դու լալիս է՞լ ես։
Օ՛, ոչինչ չկա, իմ ազնի՛վ հայրիկ.
Այս ուրախական արցունք է միայն
Արտահայտություն այն անհուն սիրո,
Որ ես տածում եմ դեպի իմ միակ
Անգին եղբայրս։ Չէ՞ որ քո հայտնած
Ուրախ համբավը անսպասելի
Նրա վերադարձը իմ սիրտը սաստիկ
Երջանիկ դարձրեց։ Ես կին եմ, հայրիկ։
Դու ուշ մի՛ դարձնիր արցունքիս վերա։
Անսպասելի ուրախությունը
Թեթև վշտի հետ հավասարապես
Կնոջ աչքերից արցունք է քաղում։
Ապրիս, աղջիկս։ Իսկ ինձ թվաց, թե
Քո այդ արցունքը ուրախությանց
Չէ։ Որտեղ որ է Սուրենը կգա։
Չեմ ուզում, որ նա ինձ այսպես տեսնե։
Ես գնամ շուտով շորերս հագնեմ
Եվ խոհարարին ասեմ, որ այսօր
Ի պատիվ որդուս՝ լավ ճաշ պատրաստե։
Սպասիր, հայրիկ, քո տեղը ես կերթամ։
Ոչ, դու կաց այստեղ, այս սենյակս էլ
Դու կարգի գցիր։
Իզուր եմ ճգնում, իզուր աշխատում
Այս ահեղ միտքը հալածել ինձնից.
Նա անջնջելի կերպով դրոշմված է
Ուղեղիս վերա, որպես դրոշմը
Անառակության, որպես անփոփոխ
Երկնային պատիժ մարդկային սեռի
Թույլ կամքի համար։ Նա ամենուրեք
Հալածում է ինձ, որպես արհավիրք
Մեղապարտության, որպես ծնողական՝
Սոսկալի անեծք և որպես ամոթ
Խախտված կուսության... Շուտով ես արդեն
Մայր եմ լինելու... Մա՜յր... Ի՞նչ ես ասում
Թշվառականս... Եվ այս երազ չէ՞...
Մի՞թե ինձ միայն իրականություն
Է շրջապատում... Մի՞թե այդ ահեղ
Իրականության մեջ ոչինչ չկա
Խաբուսիկ մի բան, այնպես, ինչպես որ
Միշտ պատահում է երջանկության մեջ...
Օ՜հ, գիտակցությո՛ւն, գոնե դու այդպես
Սոսկալի կերպով մի՛ գործիր իմ մեջ.
Որքան ես շատ եմ մտածում, այնքան
Առավել ևս դու տանջում ես ինձ։
Իրականությանն ինչո՞ւ ես նայում,
Թո՛ղ նա ինչպես որ կուզե ընթանա.
Բայց դու մեղմացրու քո հալածանքը։
Սակայն ի՞նչ պիտի ես պատասխանեմ
Հանցանքիս համար իմ թշվառ հորը։
Առավել ևս նորեկ եղբորս...
Այսքան ժամանակ ես ամեն ջանքով
Գաղտնի եմ պահել իմ այդ հանցանքը,
Իսկ ա՞յժմ, այժմ... Օ՜հ, աստվա՜ծ, աստված,
Մի՞թե չես կարող փոխել սահմանած
Ահեղ օրենքդ որդեծնության
Իմ թշվառ անձիս վերաբերությամբ
Օ՜հ, եթե միայն քո ամենատես
Աչքը թափանցեր սրտիս, հոգուս մեջ
Եվ տեսներ, թե ինչ սոսկալի դժոխք
Բոլոր շանթ-կիզող յուր տանջանքներով
Վառվում է այնտեղ, անշուշտ դու այս հեք
Թույլ արարածիս կբանայիր քո
Դուռը գթության։
Աշխե՛ն, քույրի՛կս,
Եղբա՛յրս։
(Գրկվում են)։
Անգի՛ն քուրիկս,
Օ՜հ, ահա դարձյալ ես գրկածում եմ
Եվ սեղմում եմ քեզ իմ կարոտ կրծքին։
Որի տակ սիրտս անհամբերաբար
Դողում, ցնցում էր այս ժամի համար։
Դարձյալ համբույրս իմ եղբայրական
Հանգչում է քո պարզ ճակատի վերա,
Որպես ժպիտը նինջ մտած մանկան
Պայծառ սիրունիկ նրա դեմքի վերա։
Եվ այս համբույրս, գրկածությունս
Քնքուշ է, քաղցր, որպես աղոթքը,
Որ բխում է մի սուրբ, անմեղ սրտից.
Եվ որպես խիղճը հանգիստ, անարատ։
Բայց ինչո՞ւ, քույրիկ, դեմքդ ծածկում ես։
Ես խիստ հուզված եմ։
Եվ երջանիկ, որ
Եղբորդ դարձյալ տեսնում ես այժմ։
Այո։
Բայց ո՞ւր է հայրս,
Ես նրան չեմ տեսնում։
ԱՇԽԵՆ:
Նա այնտեղ, դուրսն է.
Սպասիր կանչեմ։
ՏԵՍԻԼ V
ՍՈՒՐԵՆ (միայն):
(Դեռ մի րոպե լուռ և զարմացած նայում է նրա ետևից):
Ինձ թվում է, թե նրա մեջ մի ուրիշ
Բան է կատարվում, որ ամեն կերպ նա
Ջանք էր գործ դնում ինձանից ծածկել.
Նրա համեստ դեմքը սաստիկ գունատ էր
Եվ մինչև անգամ ես զգում էի
Գրկածությանս մեջ նա դողում էր...
Հիվա՞նդ է արդյոք։ Թե՞ այդպես միայն
Ինձ երևում էր, միայն այդպես թվում,
Եվ երկարատև անջատումից ետ
Քաղցր տեսության առաջին րոպեն
Այդպես է լինո՞ւմ... Այո՛, նրա կուրծքը
Սաստիկ հուզմունքից ալեկոծվում էր,
Որպես մրրկածուփ ծովի մեջ նավը։
Ա՜խ, իմ քույրի՛կս, որպես անգին ես
Դու սրտիս համար։
ՏԵՍԻԼ VI
Սուրեն, Ստեփանոս, Աշխեն:
ՍՏԵՓԱՆՈՍ։
Զավա՜կս...
ՍՈՒՐԵՆ:
Հա՜յրիկ...
(գրկվում են)
ՍՏԵՓԱՆՈՍ:
Վերջապես սիրտս հանգստացավ։ Դու
Եկար, զավակս։ Իսկ մինչև այժմ
Սաստիկ անհամբեր սպասում էի քեզ։
ՍՈՒՐԵՆ:
Ձեզ իմ գալուստս
Իմա՞ց են տվել։
ՍՏԵՓԱՆՈՍ:
Այո, զավակս։ Ազատյանն այդ
Համբավը բերեց։ Բայց ինչո՞ւ դու նախ,
Քան քո տուն գալը, գնում ես ուրիշի
Գործի ետևից։
ՍՈՒՐԵՆ:
Ներիր ինձ։ Հայրիկ։
Ես Ժնեվից մի հանձնարարական
Նամակ ունեի այստեղ շուտափույթ
Մեկին հասցնելու, և որովհետև
Վերջինիս տունը իմ ճանապարհի
Վրա էր գտնվում, այդ իսկ պատճառով
Լավ համարեցի ձեռքիս նամակը
Նախ տիրոջը տալ և ապա՝ արդեն
Այդ հոգսից պրծած՝ ուղղակի տուն գալ։
ՍՏԵՓԱՆՈՍ:
Այդ լավ ես արել։
Դու չես կամեցել մի չնչին գործը
Երկուսը շինել: Բայց դու այս ասա,
Ո՞նց ավարտեցիր համալսարանը։
Իհարկե, հաջող։
ՍՈՒՐԵՆ։
Այո՛, հայր, հաջող։
Ես ավարտեցի համալսարանը։
Համալսարանից ես դուրս բերեցի
Այն ազատ զենքը, որով այսուհետ՝
Ես պիտի գործեմ ընդհանուր կյանքի
Եվ վաղուց ընտրած դրոշակի ներքո։
Այժմ ազատ եմ, հա՛յր։ Այսքան ժամանակ
Մանկությունիցս մինչ այս հասակս
Դուք, իմ անգի՛ն հայր, խնամել եք ինձ
Ավելի, քան ձեր ուժերն են ներել.
Ուսումի տալով, ինձ մարդ եք դարձրել։
Այգեպանն ամեն ջանք է գործ դնում,
Խնամում է յուր պտղատու այգին,
Որպեսզի հետո վայելե նորա
Տված պտուղները։ Դուք ևս, հայրիկ.
Որպես այգեպան, իրավունք ունիք
Եվ մե՛ծ իրավունք սպասելու ինձնից
Բարի պտուղներ։ Եթե ես այժմ
Փքուն խոսքերով սկսեմ ճառել,
Թե ի՛նչ պտուղներ ես այսուհետև
Պիտի ձեզ բերեմ և թե ինչպես ես
Երախտամատույց պիտի լինիմ ձեզ,
Հա՛յր, դոքա միայն խոսքեր կլինեն
Եվ միայն խոսքեր։ Դատարկ տոպրակը
Որքան էլ փչես, երբեք չի լցվիլ:
Բայց, հա՛յր, եթե դուք հավատացած եք
Ձեր որդու միայն ազնվության վրա,
Ապա կթողնեք, որ այժմ լռեմ,
Հույս տալով միայն ապագայի վրա։
Սակայն ես այժմ համարձակ մի բան
Կարող եմ անել, այն է բերնիցս
Մի բառ միայն հնչել, մի, միայն մի բառ
Շնորհակալություն որը իհարկե
Չպիտի հասկանաք, իբրև լոկ հնչյուն,
Այլ այնպես, որպես ես այդ զգում եմ
Այստեղ, սրտիս մեջ,
ՍՏԵՓԱՆՈՍ:
Ա՜խ, հավատում եմ, հավատում, որդիս:
Ի՞նչ հարկավոր են այդպիսի խոսքեր:
Դու գոհ ես ինձնից, այս էլ բավական
Է, որ ես արդեն վարձատրված լինիմ։
Գիտցիր, որ հայրը միշտ երջանիկ է,
Երբոր զավակը գոհ է նրանից,
Գոհ է և գիտե երախտամատույց
Լինել դեպի նա։
ՍՈՒՐԵՆ:
Բայց, աստծո՛ սիրուն,
Հա՛յր, ասացեք ինձ. ի՞նչ է պատահել
Իմ քրոջս հետ։ Նրա դեմքը, տեսեք,
Աշնանային թուխպ երկնքի նման
Տխուր է, մռայլ։ Արդյոք հիվա՞նդ է։
ՍՏԵՓԱՆՈՍ:
Իրավ, աղջիկս,
Ի՞նչ է պատահել։
ԱՇԽԵՆ։
Գլուխս ցավում է:
ՍՈՒՐԵՆ:
Այդ շատ հին երգ է։
Ամեն մի դեպքում ընդունված բան է
Կեղծ գլխացավը միշտ պատճառ բերել:
Իրողությունը ծածկելու համար:
ԱՇԽԵՆ:
Ես ձեզ չեմ խաբում:
ՍՈՒՐԵՆ:
Ո՛չ, դու խաբում ես,
Խաբում ես, Աշխե՛ն։ Դու բաց համարձակ
Չես ուզում ասել, որ իմ գալուստս է
Քեզ այդպես դարձրել:
ԱՇԽԵՆ:
Սուրե՛ն...
(Լալիս է և ուզում է դուրս գնալ)
ՍՈՒՐԵՆ:
(Շտապով բռնում է նրա ձեռքերից և պահում է)
Ա՜խ, ների՛ր, քույրիկ, ներիր եղբորդ
Անմտությանը։ Գիտեմ դորանով
Ես խոցեցի խոր քո զգայուն սիրտը.
Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ, իմ անգի՛ն քույրիկ,
Դու ևս պակաս չես խոցում սիրտս
Քու այդ լուռ ու մունջ մռայլ տեսքովդ:
Ա՜խ, ե՛րբ ես եղել դու այդպես, քույրի՛կ.
Այդպես անտարբեր դեպ իմ գալուստը։
Ուրիշ ժամանակ, երբ ես եկել եմ,
Դու որպես թռչնիկ, որպես մի մանուկ
Մեծ ուրախությամբ վզովս ես ընկել
Եվ անհուն սիրով սեղմել ես կուրծքիդ։
Քո հպարտությամբ բաբախող կուրծքդ.
Եվ քո զանազան անմեղ հարցերով,
Ջերմ համբույրներով ինձ րոպե անգամ
Հանգիստ չես տվել։ Իսկ ա՞յժմ, ա՞յժմ...
Ո՛չ, խոստովանիր, որ քո գլուխը
Չէ՛ ցավում երբեք։ Խոստովանիր, որ
Մի ուրիշ վիշտ է կրծում քո սիրտը,
Մի ուրիշ բան է տանջում քեզ այդպես։
Օ՜հ, եթե միայն դու գիտենայիր,
Թե իմ սրտիս մեջ ի՜նչ տեղ ես բռնում։
Եթե դու միայն, միայն գիտենայիր,
Թե ո՜րպես ես քեզ սիրում եմ, քույրիկ,
Թե եղբայրական այդ սիրո համար
Ի՜նչ անկարելի բաներ չեմ անիլ,
Ապա դու այժմ իմ այս խոսքերին
Մի այն լռությամբ չես պատասխանիլ։
ԱՇԽԵՆ։
Հավատա՛, եղբայր,
Ես ոչինչ չունիմ պատասխանելու։
ՍՈՒՐԵՆ։
Այդ պատասխանը
Չէ արդարացնում քո դրությունը։
ԱՇԽԵՆ։
Ինձ ի՞նչ կա, Սուրեն,
Ես զարմանում եմ։
ՍՈՒՐԵՆ։
Օ՜հ, այդպես միայն
Դու ձևացնում ես։ Ապա՛, եկ այստեղ.
Նայիր հայելում։ Նայի՛ր, լավ նայիր։
Այն ո՞վ է այնտեղ։ Ես չեմ ճանաչում։
Մի՞թե Աշխենը իմ քույրն է նա։
Օ՜հ, աստված վկա, ես չեմ ճանաչում։
Իսկ դո՞ւ։ Դո՞ւ ինչպես։ Դու ճանաչո՞ւմ ես։
Ո՞ւր է քրոջս զվարթագին տեսքը,
Գոռոզ հայացքը, որի նման միայն
Մեդեյան ուներ։ Ո՞ւր է գեղահրաշ
Նորա պատկերը, որն ամեն անգամ
Ինձ հիշեցնում էր վեհ Ռաֆայելի
Անմահ Մադոննան։ Հապա նորա այն
Վառվռուն աչքերը և սիրահամբույր
Շրթանց ժպիտը։ Հապա նրա դեմքի
Անհոգ ու անվիշտ մանկական
Արտահայտությունը։ Օ՜հ, և՛ ոչ մեկը
Չեմ տեսնում նրա մեջ, բացի մի նիհար,
Մելամաղձային գունատված դեմքից
Եվ մի ինչ-որ խիստ տանջանքով լցված
Մեծ-մեծ աչքերից, որոնք բացորոշ
Արտահայտում են մի թշվառ դրություն։
Օ՜հ, հա՛յրիկ, հա՛յրիկ, ինքներդ նայեք։
Ես նոր եմ տեսնում։ Ինքներդ նայեք։
ՍՏԵՓԱՆՈՍ։
Որդի՛ս, այս քանի՜ ժամանակ է, ինչ.
Քույրդ այդպես է։ Չէ՞ որ շարունակ
Ամբողջ մի ամիս պառկած էր հիվանդ։
ՍՈՒՐԵՆ։
Քույրս հիվա՞նդ էր։
ՍՏԵՓԱՆՈՍ։
Սաստիկ ջերմ ուներ։
ՍՈՒՐԵՆ։
Եվ այդ մասին դուք
Ինձ չէի՛ք գրում։
Ինչո՞ւ իզուր քեզ,
Սիրելի որդիս, հոգս պատճառեի։
Պանդխտությունդ էլ քեզ բավական էր։
Հիվանդ էր, պրծավ։ Այժմ, փառք աստծո,
Բավական լավ է. միայն ասում է,
Որ այսօր գլուխը փոքր ինչ ցավում է։
ՍՈՒՐԵՆ։
Փոքր ինչ, ասում եք։ Եվ այդ փոքր ինչը
Նրան խանգարում է գեթ փոքր ինչ ժպտա՛լ։
Ա՜խ, Սուրե՜ն...
Օ՜, քույրիկդ իմ
Ահա՛, դարձյալ ճանաչեցի քեզ
Այդ հրեշտակային, քաղցր ժպտի մեջ,
Որը որպես մի պայծառ արևիկ՝
Կենդանություն տվեց քո մռայլ դեմքին։
Օ՜հ, մի անգամ էլ, մի անգամ քույրիկ։
Հա՛, այդպես, հրեշտակ։ Մի՞թե եղբորդ
Անսահման սիրուն պիտի խնայես
Քո ժպիտները, քո ժպիտները,
Որոնց նա այնքա՛ն հաճախ սովոր էր
Տեսնել գեղանի քո դեմքի վերա,
Որոնց նա այնքա՛ն խանդով սիրում էր,
Որոնցով հրճվում, սքանչանում էր։
Ժպիտը քաղցր է, որպես մեղրը,
Անուշ է, որպես նորաբաց ծաղիկ
Եվ պայծառ, որպես գարնանային արև։
Բայց կան ժպիտներ, որոնք ավելի
Դառն են, քան օձի սոսկալի թույնը,
Որոնք շանթում են նայողի սիրտը
Ավելի, քան մի երկնային կայծակ
Եվ որոնց տեսքից արյուն է պաղում
Ժպտա՛, օհ, ժպտա՜, սիրական քույրիկ․
Անդադար ժպտա։ Քո յուրաքանչյուր
Մեղմիկ ժպիտը, որպես հոգեբուխ
Սրբազան աղոթք թեթևացնում է
Իմ եղբայրական միշտ սիրող սրտիս
Այն ծանրությունը, որ պատճառում է
Քո մռայլ տեսքը։ Ասա՛, քույրիկս
Այսուհետև դու ուրա՞խ կլինիս։
Տալի՞ս ես ինձ խոսք, որ բնավ այլևս
Ոչ մի տխուր գիծ մռայլել չի կարող
Սիրունիկ դեմքդ։ Այդ չնչին բանն եմ
Խնդրում քեզանից։ Տալի՞ս ես ինձ խոսք։
ԱՇԽԵՆ։
Տալիս եմ, եղբայր։
ՍՈՒՐԵՆ,
Բայց, օ՜, եթե դու այդ բանի համար
Պիտ բռնաբարես զգացմունքիդ վրա,
Կեղծավորելով, որպեսզի միայն
Եղբորդ հաճույքը կատարած լինիս,
Ավելի լավ է ինձ բնավ խոսք չըտաս։
ԱՇԽԵՆ։
Սիրելի՛ եղբայրս, իմ գլխացավին
Իզուր այդպիսի տալիս ես դու մեծ
Նշանակություն։ Շուտով նա կանցնի
Եվ ես դարձյալ նույն Աշխեն քույրիկդ եմ։
ՍՈՒՐԵՆ։
Եթե միայն իրավ գլխացավդ է
Ուղիղ պատճառը։
ԱՇԽԵՆ։
Հարցրու հայրիկին,
Թե չես հավատում։
ՍՈՒՐԵՆ։
Մարդկային սիրտը
Յուր խորշերի մեջ երբեմն այնպիսի
Բաներ է ծածկում, որոնք մինչ անգամ
Ամենամոտիկ մտերիմ մարդուց
Մնում են գաղտնի, որպես գաղտնիքը։
Որոնք բնավին մազաչափ անգամ
Սրտի պատերից չեն ուզում դուրս գալ,
Այնտեղ ապրում են և մեռնում այնտեղ։
Հայրը կարող է այդ չգիտենալ։
ՍՏԵՓԱՆՈՍ։
Շատ խիստ ես, Սուրեն, դեպի քրոջդ
Այդպիսի չնչին անմեղ-հանցանքը։
Աշխենը հորը այնքան սիրում է
Փոխադարձությամբ կրկնապատիկը
Հարուստ լինելով, որ մտքով անգամ
Կարող չէ անցնել՝ նրանից ծածկելու
Որևէ գաղտնիք, թեկուզ այն լիներ
Մի մտադրություն հորը սպանելու։
Գոնե ես այդպես հավատացած եմ,
Բայց թե դու այժմ որևէ մութ բան
Դրա սրտում գտնել կարողանում ես,
Այդ ես չգիտեմ։ Ինձ միայն կմնա
Զարմանալ, ապշիլ և սաստիկ տանջվել
Որ զավակիս այն բոցավառ սերը
Կեղծության միայն դիմակ է եղել։
Օ՜հ, այլևս ձեզ չեմ կարող լսել։
ՊԱՏԿԵՐ II
Մի շքեղ զարդարված սենյակ Բազենյանի տանը։ Աջ և դիմացը՝ դռներ։
ՏԵՍԻԼ I
Լա՜վ, նա տանը չէ և ոչ ոք չկա։
Ես կասկածում էի, թե ամենից ուշ
Ես եմ շտապում, այնինչ, տեսնում եմ,
Որ ամենից վաղ ես եմ շնորհ բերում։
Անպիտան ծառան էլ ո՞ւր է կորել,
Որ թղթի սեղան դեռ չէ պատրաստել։
Հե՜յ, ծառա՛, ծառա՛։ Ո՞ւր կորավ այն
Անպիտան տղան։ Է՛յ, չեմ իմանում։
Չկա, կորել է։ Իմ ծառան լինի,
Րոպե չեմ պահիլ։ Ծառա է, էլի՜։
Գոնե ես սկսեմ պատրաստել սեղան,
Մինչև բոլորն էլ կհավաքվեն, կըգան։
(Սկսում է խաղաթղթի սեղանը պատրաստել)
Ասա, է՛լ ի՞նչ եք սեղանն հավաքում,
Երբ ամենայն օր սրանով են զբաղվում։
Մի գործը ի զուր երկուս են շինում։
Տեսնեմ իմ բախտս այսօր ո՞նց կերթա։
Թե երեկվա պես դարձյալ տանուլ տվա՜։
Աստված ո՜չ անե,
Անկարելի՜ է։
Ա՜, մենակ դո՞ւ ես։
Ինչպես տեսնում ես։
Այդ ի՞նչ ես անում.
Ծառայի դերը դո՞ւ ես կատարում.
Տեսնում ես, էլի՜, էլ ի՞նչ ես հարցնում։
Ո՞ւր են մյուսները։ Բազենյանն ո՞ւր է.
Նա այս ժամանակ միշտ տանն էր լինում։
Ես շատ գիտե՞մ, որ ինձ ես հարցնում։
Բաս եկ մենք նստենք, երկուսով խաղանք.
Երկուսով խաղը ոչ մի ժամանակ
Համ չի կարող տալ։
(մտնում է III ընկերը):
Ահա, այժմ խո երեքը դարձանք,
Երեքով խաղանք:
I ԸՆԿ.
Երեքն երկուսից
Ավել է մեկով, իսկ մեկը ի՞նչ է։
III ԸՆԿ.
Է՛յ, դու ինձ ոչինչ
Նշանակություն չե՞ս տալիս, ի՞նչ է.
Ա՜, հասկանում եմ: Դու կարծում ես, թե
Հիմարի մեկն եմ, կամ երեխա եմ,
Խաղալ չգիտե՞մ, որովհետև ես
Ամենայն անգամ տանուլ եմ տալիս.
Անպատճառ այդպես կարծում կլինիս։
I ԸՆԿ.
Բարեկամ, ի՞նչ ես այդպես բարկանում։
Ո՞վ ասաց քեզ թե հիմարի մեկն ես,
Կամ երեխա և այդ պատճառով քեզ
Նշանակություն տալ չեմ կամենում։
Եթե որ դու միշտ տանուլ ես տալիս,
Ուրեմն ես պետք է, ընդհակառակը,
Ավելի տամ քեզ նշանակություն,
Որովհետև իմ քեզնից ստացած
Օգուտն ավելի մեծ և շատ կլինի։
III ԸՆԿ.
Բայց այսուհետև բնավ չըհուսաս,
Որ ինձանից դու օգուտ կըստանաս.
Էլ այսուհետև ես չեմ տանուլ տալ,
Օ՜, աստված վկա, էլ չե՛մ տանուլ տալ:
I ԸՆԿ.
Բայց որ տանուլ տաս։
Ես ասում եմ ո՛չ․
I ԸՆԿ.
Խո ասում ես ոչ․
Այժմ կըտեսնես, ոնց կըկպցնեմ
Հետևիցդ պոչ։
Դե՛հ նստեք խաղանք։
Խաղանք, լա՛վ, խաղանք։
Սպասեք, է՛յ, սպասեցեք, ինձ մի՛ մոռանաք։
Ըհը՜, այս լավ է, չորս հոգի դարձանք։
Ես, գիտես, եղբայր, չեմ սիրում կատակ,
Երբ որ տանուլ տամ, դու այն ժամանակ
Ուզում ես խփիր փորումս դանակ։
I ԸՆԿ
Նստիր, լա՜վ, սկսենք,
Հետո կըտեսնենք։
(Բոլորն էլ նստում են սեղանի շուրջը)
Ոչ, թուղթն ինձ տուր, ես պիտի բաժնեմ։
I ԸՆԿ.
Ա՛ռ. բայց մտիկ տուր, դարձյալ կտանեմ:
IV ԸՆԿ.
Փող վայր եկեք է՜։
III ԸՆԿ.
Այդ դժվար բան չէ։
I ԸՆԿ.
Ահա, այս իմ ռուբլիանոցը։
II ԸՆԿ.
Ահա, այս էլ իմ մի ռուբլիանոցը։
III ԸՆԿ.
Նո՛ւ, այս էլ իմը։
IV ԸՆԿ.
Իսկ այս էլ իմը։
Դե՛հ, բաժանում եմ, սկսենք խաղը։
ՏԵՍԻԼ II
Նրանք և Բազենյանը
ԲԱԶԵՆՅԱՆ։ (Մտնում է)
Հիանալի՜ է, սքանչելի՜ է։
Այնպես համարձակ, ազատ մտել եք
Սեփական տունս և առանց ինձ գեթ
Փոքր ինչ սպասելու, ուղղակի նստել
Սեղանի շուրջը, սկսել եք ձեր
Թղթախաղը, որ կարծես գետինը
Այլևս ինձ բնավ չէ կրում յուր վերա։
I ԸՆԿ.
Քեզ սպասելով մեր հոգիները
Ուղիղ դուրս եկան։
ԲԱԶԵՆՅԱՆ։
Եվ պե՛տք է դուրս գար
Քանի որ ես ձեզ իրավունք չեմ տվել
Առանց ինձ երբե՛ք ոչինչ սկսել:
II ԸՆԿ.
Լա՜վ, մի բարկանար, աստծո սիրուն.
Ի՞նչ կա որ։ Հենց նոր սկսեցինք մենք
Մեր թղթախաղը։
ԲԱԶԵՆՅԱՆ։
Տեղ տվե՛ք ինձ իսկույն։
Ես ներում եմ ձեզ, որովհետև այս
Առաջին անգամն է, որ դուրս եք գալիս
Իմ պատվիրանից. հակառակ դեպքում,
Գիտեք, թուղթ տուր ինձ հակառակ դեպքում
Խո գիտեք էլի՛ ձեզ ինչ կանեի։
I ԸՆԿ.
Աստված ազատի։ Բայց ո՞րտեղ էիր
Այսքան ժամանակ։
ԲԱԶԵՆՅԱՆ:
Հը՜, ի՞նչ ես հարցնում,
Որտեղ որ էի։
II ԸՆԿ.
Էլ ի՞նչ ես ծածկում,
Այդ ո՞ւմ չէ հայտնի։
I ԸՆԿ.
Հա՜, անպատճառ մի
Հողեղեն սիրուն հրեշտակի գրկում։
ԲԱԶԵՆՅԱՆ։
Դու շատ ես խոսում. քո թուղթը խաղա՛։
III ԸՆԿ.
Բրա՜վո, ես տարա։
Հը՛, որ ասացի, էլ չե՛մ տանուլ տա.
I ԸՆԿ.
Մի ուրախանա.
Մեջներս եկար, որ այժմ տարար։
III ԸՆԿ.
Օ՜, ես անպատճառ կտանեմ դարձյալ։
ԲԱԶԵՆՅԱՆ։
Դե՛հ, շատ մի խոսեք, շուտով բաժանեք։
ՏԵՍԻԼ III
Նրանք և Չոթալյան
ՉՈԹԱԼՅԱՆ։ (Մտնելով).
Կատուն ու մուկը
Մուկն ու յուղը,
Յուղն ու ժանգը,
Ժանգն ու սուրը,
Սուրն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու այգին,
Ձեզ բարիկենդան.
Մեզ բարի զատիկ։
Բարև, պարոններ. արդյոք ի՞նչպես է
Ձեր բոլորեցունց առողջությունը։
Ա՜յ դուք զբաղված եք ձեր թղթախաղով
Եվ պատասխանի ժամանակ չունեք։
Ուրեմն, փառք աստծո, բոլորեքյանդ էլ
Ողջ և առողջ եք: Շատ ուրախ եմ, շատ։
Կատուն ու մուկը,
Մուկն ու յուղը,
Յուղն ու ժանգը.
Գիտե՞ք, պարոններ, ես այս հրաշալի
Ոտանավորը երբ եմ սովորել.
Բայց նախ պիտ ասեմ, որ սարսափելի
Սիրում եմ ես այս ոտանավորը,
Այնքան սիրում եմ, որքան մեծ կատուն
Սիրում է մուկը։ Եվ ով որ սորա
Միտքը հասկանալ չէ կարողանում։
Նույնքան հիմար է, որքան այն մարդը,
Որ չէ հասկանում, թե ո՞նց և ինչո՞ւ
Ապրում է ինքը աշխարհիս վերա։
Հա՛, այս հրաշալի ոտանավորը
Ես սովորել եմ այն ժամանակ, երբ
Դեռ ութ տարեկան հասակում ես
Աշակերտ էի ծխական դպրոցում.
Իսկ այժմ ես դեռ երեսունից էլ
Ավելի կըլինեմ. ուրեմն ամբողջ
Քսան երկու տարի իմ այդ սիրելի
Ոտանավորը միտս եմ պահել։
Ես բռա՜վո, բռա՜վո։ Ա՜յ հիշողություն։
Իսկ այդ հրաշալի ոտանավորը
Ես սովորել եմ Տեր-Ղևոնդյանի
Մայրենի լեզվի դասագրքի վրա։
ԲԱԶԵՆՅԱՆ։
Ես քո բերանի վրա կողպեք կըդնեմ,
Շատախո՛ս Չոթալ։ Կարծեմ, ես տարա:
ՉՈԹԱԼՅԱՆ։
Աստված ոչ անե բերնիս կողպեք դնեք.
Ես որ չըխոսեմ, իսկույն կըմեռնեմ,
Ինչպես չուտելուց կըմեռնե կատուն:
Հապա ի՞նչ անեմ այս երկար լեզուն,
Որ աստված տվել և հետզհետե
Երկարացնում է։ Եվ ի՞նչ եք կարծում։
Շատախոսելը վատ բա՞ն է միթե։
Հա՛, ճշմարիտ է, նա ձանձրացնում է
Երբեմն լսողին, բայց և մյուս կողմից
Հարստացնում է խոսված բառերը.
Իսկ դուք գիտե՞ք, որ ամեն մի բերնից
Դուրս թռած բառից մարդ միշտ կարող է
Մի բան սովորել, ինչպես կարող է
Սովորել գրքից։ Ինչպիսի էլ որ
Լինի այդ բառը խելոք թե հիմար,
Այդ միևնույն է, նա դարձյալ մի բան
Կարող է սովորել։ Եվ չնայելով որ
Այդ սովորածը միևնույն կլինի։
Թե մի ահագին խորխորատում մի
Կաթիլ ջուր ընկնի, բայց խո նա դարձյալ
Բան կըսովորի. հենց դրա համար էլ
Առածն ասում է «մի կաթիլ ջուրն էլ
Շահ է ջրաղացին»։ Ես ու իմ աստված,
Խելոք է աստված։
(Այդ խոսակցության ժամանակ ծառան մտնում է և Բազենյանի ականջում բան է ասում)
ԲԱԶեՆՅԱՆ (տեղից վեր կենալով)
Պարոններ, խնդրեմ մյուս սենյակը գնաք,
Մեկը եկել է ինձ այցելության։
I ԸՆԿ.
Վա՜, ի՞նչ ես ասում, խաղը կիսա՞տ մնա։
III ԸՆԿ.
Ի՞նչ ժամանակ է. հազիվ տանում եմ։
ԲԱԶԵՆՑԱՆ։
Ես ձեզ ասում եմ կորե՛ք մյուս սենյակ.
Խո գիտեք, որ ես չեմ սիրում կատակ։
Դե՛հ, շո՛ւտ, շո՛ւտ արեք։
ՉՈԹԱԼՅԱՆ։
Հիմա չի՞ լինիլ, որ այցելողին
Մյուս սենյակ տանեք։
ԲԱԶԵՆՅԱՆ։
Ո՞ւր տանեմ, հիմար, չգիտե՞ս որ այն
Իմ ննջարանս է։
ՉՈԹԱԼՅԱՆ:
Եվ ավելի լավ, եթե իհարկե
Այցելուն սիրուն մի Վեներա է։
ԲԱԶԵՆՅԱՆ։
Էլ ինչ եք նայում. դուք ինձ չե՞ք լսում։
I ԸՆԿ.
Գնում ենք, գնում, էլ ի՞նչ ես գոռում։
ԲԱԶԵՆՅԱՆ։
Շո՛ւտ կործանվեցեք։
I ԸՆԿ.
Պետք է սեղանն էլ մեր հետը տանենք.
Այնտեղ խո պարապ չըպետք է նստենք։
Դե՛հ վերցրեցեք։
(Սեղանը վերցնում են և 4 խաղացողներն էլ դուրս են գնում աջ դռնից)
ՉՈԹԱԼՅԱՆ։
Կատուն ու մուկը,
Մուկն ու յուղը,
Յուղն ու ժանգը.
Ժանգն ու սուրը,
Սուրն ու գայլը։
Գայլն ու այծը,
Այծն ու այգին,
Ձեզ բարիկենդան,
Մեզ բարի զատիկ,
ԲԱԶԵՆՅԱՆ:
Հիմարն ու գիժը,
Գիժն ու էշը,
Էշն ու խոզը,
Քեզ մի լավ ապտակ,
Ինձ ներողություն։
Դու էլ դուրս կորիր։
(Դուրս է ձգում մյուս սենյակը և դառնալով ծառային)
Գնա ներս հրավիրիր։
(ծառան դուրս է գնում)
ՏԵՍԻԼ III
Բազենյան, միայն, հետո Աշխեն
ԲԱԶԵՆՅԱՆ։
Դարձյալ եկել է։ Տե՛ր իմ, երբ պիտի
Այս խեղճ աղջիկը ինձ հանգիստ թողնի։
(Գնում է դեպի մյուս սենյակի դուռը և այնտեղից դեպի ներս)
Մի ձայն չլսեմ, թե չէ լսո՞ւմ եք
Չգիտեմ, ինչ կանեմ։
ԱՇԽԵՆ։ (Շտապով մտնում է)
Օ՜հ, վերջապես ես դարձյալ քեզ մոտ եմ...
Ինչո՞ւ ինձ այսքան սպասեցնել տվիր.
Վախենում էի, թե մի գուցե ինձ
Այժմ էլ չընդունես, ո՛չ, այսինքն ես
Ուզում էի ասել մի գուցե այժմ էլ
Տանը չլինես, ինչպես շատ անգամ
Վերջին օրերս այդ պատահել է,
Երբ ես եկել եմ քեզ այցելության: