Նաիրա Աբրահամյան
Շունը
Շունը չորս ձագ էր ունեցել: Չորսն էլ կախվել էին մոր պտուկներից ու անդադար ծծում էին: Ոչի՛նչ, երկաթից ամուր մի քանի ոսկոր կգցեն դեմը, հինումին ապուրի մնացորդ կտան, կաթի պակաս չի ունենա:
Տանտիրուհին ներս մտավ: Մի անծանոթ կնոջ հետ էր: Ա՜յ քեզ բան. շունը երբեք սեխի գլխով այդ երկարավզին չէր տեսել:
Վեր թռավ մայր շունը, ձագերին շպրտեց այս ու այն կողմ: Ոչի՛նչ, քաղցից չեն մեռնի, թող սպասեն, չէ՞ որ տերն էր ներս մտել: Մեծահոգի էր շունը: Անդադար լիզում էր տիրուհու ոտքերը, ուզում էր ասել, հասկացնել, գոռալ, որ ինքն էլ է մայր դարձել, որ չորս երեխաներ ունեցող տիրոջն այսուհետ ավելի լավ կհասկանա:
Կողպեքը ժանգոտ էր, բայց մի կերպ փակեցին:
Շունը պառկեց: Երանի ինքն էլ հաչելու նման հմուտ լացել կարողանար:
Ձագերից երկուսը սեխի գլխով երկարավզի գրպանից մոր կողմն էին նայում: Երանի մայրն իրենց էլ լացել սովորեցներ:
Լույսը կրկին բացվեց: Թթված կաթի հոտը շուրջբոլորն էր տարածվել: