Մկրտիչ Արմեն
Երեք մարդ մենախցում
Կալանավորն այդ պատմությունն արեց երրորդ դեմքով, բայց, անշուշտ, դրա գործող անձերից մեկն էլ ինքն էր։
Նա ասաց․
Բանտում նրան վիճակվեց նստել ոչ թե ընդհանուր սենյակում, այլ մենախցում։ Որպես առանձնապես վտանգավոր թշնամու։ Այդպես էին ասում նրան առաջադրված մեղադրանքները։
Համարյա ամեն գիշեր քննիչը կանչում էր նրան, «մշակում» եւ վերադարձնում բանտախուց։ Կալանավորը դեռ դիմադրում էր։ Իսկ քննիչը չէր շտապում։
Ցերեկով նրան չէին կանչում քննության։ Ուստի եւ, երբ ցերեկով լսվում էր նրա դռան կողպեքը բաց անելու ձայնը, նա չէր սարսռում, այլ սպասողական նայում էր դեպի այդ կողմ։
Հայտնի էր, որ առավոտյան լինելու էր նախաճաշը, օրվա երկրորդ կեսում՝ ճաշը, իսկ երեկոյան՝ եփ ջուրը։ Դրանք ամենակարեւոր դեպքերն էին նրա օրվա ընթացքում, բայց ոչ ամենահետաքրքիրները։ Ամենահետաքրքիրներն այն էին, որ երբեմն, արտահերթ կերպով, բաց էին անում նրա դուռը։ Ճիշտն ասած, դրանք էլ արտահերթ չէին, բայց այնքան ուշ֊ուշ էին կատարվում, որ թվում էին արտահերթ։ Երկու շաբաթը մի անգամ նրան տանում էին ածիլելու եւ լողացնելու։ Ամիսը մեկ անգամ գալիս էին եւ հարցնում, թե ի՞նչ է ուզում նա գնել իր դրամով։ Իհարկե, թույլատրվող ուտելիքի սահմաններում։ Նա խնդրում էր բերել ամեն ինչ։ Եվ բերում էին ամեն ինչ, այսինքն՝ մի կիլո սոխ եւ կես կիլո սխտոր։ Կարծես առանց դրանց էլ պակաս դառն ու կծու չէր նրա կյանքը։ Այո, նաեւ կես կիլո շաքար։ Թեեւ տոննաներով շաքարն անգամ չէր կարողանա քաղցրացնել նրա դառնությունների թեկուզեւ մի պահը։
Երեկոները նա եփ ջուր էր խմում մի կտոր շաքարի հետ եւ արթուն պառկում՝ սպասելով, որ տանեն իրեն, ծեծեն ու վերադարձնեն, որպեսզի քնի։ Այն գիշերները, երբ չէին կանչում, նա մինչեւ լույս պառկած էր մնում ոչ արթուն, ոչ քնած։ Ցնցվում էր ամեն մի պատահական փոքրիկ հնչյունից՝ ենթադրելով, թե եկել են բաց անելու իր դուռը։ Իսկ այն գիշերները, երբ նրան «կոնվեյերի» էին կանգնեցնում մինչեւ լույս, այսինքն՝ ոտքի վրա պահում անքուն կանգնած, նա նույնպես, ոչ արթուն էր լինում, ոչ քնած։
Գիրք չէին տալիս կարդալու․ չի՛ կարելի։ Թուղթ չէին տալիս գրելու․ չի՛ կարելի։ Խաղերով թույլ չէին տալիս բաղվելու․ նույնպես չի՛ կարելի։ Սա կուրորտ չէ, այլ բանտ։ Այ, երբ դադարես համառելուց եւ անկեղծորեն խոստովանես քո կեղծությունը, պատմես, թե ինչպես եւ ում էիր վաճառում քո հայրենիքը, այն ժամանակ ամեն ինչ կունենաս լիուլի․ ե՛ւ պովիդլո ու մարմելադ՝ բանտի կրպակից, ե՛ւ անկողին՝ որ այլեւս չքնես մերկ ցեմենտի վրա, ե՛ւ հրացանի գնդակ՝ ծոծրակիդ մեջ… Իհարկե, այդ վերջինի մասին չէին ասում, բայց դա նույնքան հավաստի էր, որքան որ կես կիլո սխտորը…
Նա շատ ուրախացավ, երբ առաջին անգամ գնալով քննիչի մոտ, տեսավ, որ նա ծանոթ մարդ է իրեն։ Միասին սովորել էին համալսարանում։ Ինքը՝ լեզվագրական ֆակուլտետում, իսկ նա՝ իրավաբանական։ Ապրել էին միեւնույն հանրակացարանում, մինչեւ անգամ միեւնույն սենյակում։ Միասին էին նախաճաշել, ճաշել ու ընթրել, միասին էին ծանոթացել աղջիկների հետ, միասին էին հաճախել կինո, բաղանիք, էքսկուրսիաների… Օգնել էին իրար՝ նեղ վիճակում, իրար հետ կիսել տնից ստացված ծանրոցները…
Ճիշտ է, ավարտելուց հետո կյանքը նրանց տարել էր տարբեր կողմեր, բայց, երբեմն֊երբեմն, տարեկան երկու֊երեք անգամ, հանդիպում էին պատահաբար, գնում միասին ճաշելու կամ գարեջուր խմելու եւ սեղանի շուրջը վերհիշելու իրենց ուսանողական տարիները կամ պատմելու իրենց ներկայի մասին։
Թեեւ նրանք, ըստ հին մտերմության, շարունակում էին դու֊ով խոսել միմյանց հետ, բայց այդտեղ, քննիչի կաբինետում, կալանավորը հարմար գտավ դուք֊ով դիմել իր վաղեմի ընկերոջը եւ մինչեւ անգամ նրա անվան առջեւում դնել «ընկեր» բառը․
Բացատրեցեք, աղաչում եմ ձե, այս ի՞նչ է կատարվում մեր շուրջը, ընկեր… սկսեց նա մտերիմ տոնով։ Բայց «ընկեր»֊ը վերջին բառը եղավ նրա բերանում։ Հաջրոդը բառ չէր, այլ ատամ, որը, բռունցքի ուժեղ հարվածով ջարդված, ընկավ լեզվի տակ…
Կալանավորը մի պահ ոչինչ չհասկացավ։ Ապա գլխի ընկավ․ նրա վաղեմի ընկերը խիստ բարկացավ նրա վրա՝ դու֊ի փոխարեն այդպիսի պաշտոնական դիմումի համար, եւ ուզեց մի թեթեւ խրատել նրան՝ երբեմնի ընկերական կատակ֊ծեծերի ոգով, բայց, պատահաբար, մի քիչ ավելի ուժեղ խփեց, քան ուզում էր։
Կալանավորը նայեց նրան, ժպտաց եւ ուզեց ներողություն խնդրել այդ, իրոք որ, անտեղի պաշտոնական տոնի եւ «ընկեր» բառի համար։ Բայց քննիչն ինքը, կանխելով նրան, հաստատեց նրա միտքն այդ բառի անտեղիության մասին․
Չէ՜ մի, ընկե՜ր… Խորհրդային մարդը չի կարող ընկեր լինել դաշնակցականի հետ…
Կալանավորի աչքերը քիչ մնաց դուրս թռչեին բներից։ Նա հայացքը չռեց քննիչի վրա։ Ատամը, ուրմեն, ջարդվել էր ոչ պատահաբար։ Դա արդեն պարզ էր։ Բայց դրա փոխարեն թագել էր մի ուրիշ, զարհուրելի հարց։ Մի՞թե, իսկապես, իր ուզսանուղության ընկերը, ապագա իրավաբանը, եղել է դաշնակցական եւ ինքն այդքան տարիներ չի նկատել դա… Եվ ահա այժմ, օգտվելով կալանավորի անզորությունից, գիտենալով, որ նա չի կարող ոչ ոքի հայտնել այդ մասին, ցինիկորեն խոստովանում է իր դաշնակցական լինելը… Սողոսկել է արդարադատության օրգանները, ձերբակալում է անմեղ մարդկանց եւ…
Ժամանակ չկորցնենք, ընդհատեց քննիչը նրա մտքերը, պատմիր, դաշնակ, քո հակահեղափոխական գործունեության մասին։ Մանրամասն…
Ի՞նչ…
Կալանավորի գլխում ամեն ինչ խառնվեց իրար։Ուրեմն ոչ թե իրավաբանն ինքն էր դաշնակը, այլ նրան էր համարում այդպիսին… Ո՛չ, այդ արդեն՝ կատակ է անում ընկերը։ Նայեց երեսին։ Ո՛չ, կատակ չի անում։ Բայց չես խաբի քո մռայլ ձեւացրած տեսքով։ Իհարկե, կատակ է անում։ Թե՞, այնուամենայնիվ, կատակ չի անում…
Խոսի՛ր, գոռաց քննիչը եւ սապոգով ուժեղ խփեց նրա փորին։
Կալանավորն ուշագնաց ընկավ վար։
Քիչ հետո, երբ նրան կոպիտ կերպով ուշքի բերեցին, նա նույնիսկտ ժպտաց՝ երկմտանքի ավարտումից հանգստացած։ Պարզվեց։ Կատակ չէր անում։
Հաջորդ հանդիպումների ժամանակ, երբ նրա վաղեմի ընկերը «մշակում» էր նրան, նա անընդհատ նայում էր քննիչի աչքերին եւ ուզում էր պատասխան գտնել իր գլխում ծագած վերջին, բայց ամենակարեւոր հարցին․ համոզված ճանատի՞կ էր նա, թե՞ մարդկային դեմքը կորցրած սրիկա…
Կալանավորը հաճախ չէր պատասխանում նրա հարցերին՝ ոչ թե համառության պատճառով, այլ որովհետեւ չէր էլ լսում դրանք եւ շարունակ զբաղված էր այդ անպատասխան հարցով։ Եթե քննիչը նվիրված ազնիվ քաղաքացի է, ապա ի՞նչպես համատեղել ծեծը մեր բարոյական նորմերին։ Թշնամուն անգամ մենք չենք ծեծում։ Գնդակահարում ենք՝ եթե արդանի է դրան, բայց չենք ծեծեում։ Խոստովանությունը մենք ոչ թե կորզում ենք նրանից ծեծի ազդեցության տակ, այլ վերցնում՝ փաստերի ծանրության ներքո…
Իսկ եթե նա սրիկա՞ է… Այդ դեպքում նա ոչ թե սովորական սրիկա է, այլ առանց վադանանքի մարդ, սոցիալիզմի եւ կոմունիզմի հանդեպ իր հավատքը կորցրած մորթապաշտ, որը հավատում է միայն մի բանի․ մարդը գայլ է մարդուն, հոշոտիր, որ քեզ չհոշոտեն…
2
Մի օր, ցերեըով, անսպասելի ժամին, մենախցի դուռը բացեցին եւ ներս թողեցին մի երկրորդ կալանավորի։ Չշփոթելու համար նրանց իրար հետ, մենք այսուհետեւ մեկին կանվանենք Առաջին, իսկ մյուսին՝ Երկրորդ։
Երկրորդը, տեսնելով Առաջինի մազակալած, նիհար դեմքը, սարսափով ետ մղվեց՝ կարծելով, թե ընկել է բանդիտ֊մարդասպանի մոտ։ Բայց նահանջի ճանապարհն արդեն փակ էր երկաթե դռնով ու փթանոց կշռաքարի նմանվող կողպեքով։
Դրսի՞ց, հարցրեց Առաջինը։
Այո…
Նա առաջ եկավ, երկչոտ բարեւեց։
Ի՞նչ կա դրսում։
Արեւ է…
Կյանքում, կյանքում ի՞նչ կա։
Լավ է… կմկմաց Երկրորդը։ Լավ է, կրկնեց ավելի հաստատուն։
Ալիքը դեռ շարունակվո՞ւմ է։
Ի՞նչ ալիք։ Ախ, ալիքը… Ի՞նչ իմանամ։ Ես ինձ համար աշխատում էի․ տուն֊գործարան, գործարան֊տուն…
Չնայած դրան դուք էլ ընկաք ալիքի մեջ… տխուր քմծիծաղեց Առաջինն իր մազակալված շրթունքներով։ Եվս մի անմեղի…
Ինչո՞ւ անմեղի, վրդովվեց Երկրորդը։ Մի՞թե մեզ մոտ անմեղներին… Եթե բերել են՝ ուրեմն մի բան գիտեն…
Հանցա՞նք եք գործել, լարվեց Առաջինը։
Երբեք։
Ուրեմն անմե՞ղ եք։
Երբեք։
Առաջինը հասկացավ։ Երկրորդը վախենում էր։ Բայց մի՞թե չէր վախենում նաեւ Առաջինը։ Լռեց։ Առանց այն էլ՝ շատ էր դուրս տվել անծանոթ մարդու մոտ…
Լուռ նստեցին երկու ժամի չափ։ Դուռը նորից բացվեց եւ պահակը կանչեց Առաջինին։
Կես ժամ հետո Առաջինը վերադարձավ ածիլված, լողացած։ Երկրորդը չճանաչեց նրան։ Նայելով նիհարկոտ, համակրելի եւ վստահություն ներշնչող դեմքին, ասաց տխուր եւ սիրալիր․
Համեցեք, բախտակից… Դրսի՞ց։
Ոչ, տարի եւ կես է, որ նստած եմ։
Մի՞թե այդքան երկար է տեւում քննությունը… սառեց Երկրորդը։
Ձեզանից է կախված։ Եթե ուզեք՝ կվերջացնեք առաջին ամսում։ Եվ դա կլինի ձեր կյանքի վերջին ամիսը։
Երկրորդը գունատվեց, կարկամեց եւ ապա դիմեց նրան․
Բացատրեցեք խնդրեմ, այս ի՞նչ է կատարվում մեր շուրջը, ընկեր…
Ապա, շտապելով ինքը գտնել որեւէ պատասխան՝ նախքան Առաջինը կխոսեր, նա ասաց ինքնիրեն․
Քանի դեռ դրսումն էի, գիտեի, որ բռնում են ժողովրդի թշնամիներին։ Բայց հենց որ ինձ բռնեցին, հասկացա, որ ոչ միայն նրանց։ Դուք էլ, ընկեր, բոլորովին նման չեք թշնամու։ Այ, ուրիշ բան՝ քիչ առաջ այստեղ գտնվող մի մարդ։ Լավ էր, որ նրան տարան…
Առաջինը մինչեւ իսկ ծիիծեղեց․
Եվ նորից բերեցին։ Դա ես եմ։
Երկրորդն ապշած նայեց նրան։
Եթե մազերի քանակով որոշվի հանցանքը, կատակեց Առաջինը, այդ դեպքում բոլոր կանայք ֆաշիստներ են…
Նստեցնելով նորեկին իր կողքին, ցեմենտի վրա, Առաջինը պատրաստվեց անկեղծ խոսակցություն սկսել նրա հետ՝ աշխարհի գործերի մասին, բայց… ինչպիսի՜ բարեբախտություն, որ նույն վայրկյանին նա հասկացավ ամեն ինչ…
Երկրորդը բանտարկյան չէր, այլ լրտես, որին բանտարկյալի տեսքի տակ բերել էին նրա մոտ՝ խոստովանություն կորզելու համար…
Իրավացի եք, ընկեր, ասաց նա՝ որքան հնարավոր էր անկեղծ տոնով։ Հասկանալի չէ, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Բայց հասկանալի չէ նրա համար, որ մենք տհաս մարդիկ ենք եւ չենք կարողանում ընբռնել պետության բարձր նկատառումները։ Եվ մեր ի՞նչ գործն է՝ մտածել այդ մասին։ Դրա համար մենք ունենք առաջնորդ, նա գիտե ամեն ինչ, նա մտածում է բոլորիցս էլ լավ եւ բոլորիս փոխարեն։ Իսկ մեր ֆունկցիան է՝ լինել բանտարկյալներ։ Նստենք եւ սպասենք։ Կարիք չկա զոռ տալու մեր գլխին…
Երկրորդը համաձայնվեց մեծ հոժարությամբ։ Եվ ավելի արագ, քան կարելի էր սպասել։ Ո՞ւր կորավ նրա հարցասիրությունը…
Այդ մասին գիտեր միայն Երկրորդը։ Նա հասկացավ։ Իրեն բերեցին այս մենախուցը, որտեղ նախապես բերել էին այս լրտեսին՝ բանտարկյալի տեսքի տակ։ Եվ որպեսզի նմանությունը շատ լիներ՝ չէին ածիլել երկար ժամանակ։ Բայց իսկույն, զգալով, որ նրա տեսքը վստահություն չներշնչեց նորեկին, լրտեսը նշան արեց։ Պահակը, որն աննկատելիորեն նայում էր դռան անցքից, դուռը բաց արեց, եւ նրան տարան ածիլելու։ Բայց ածիլեցի՞ն արդյոք, թե՞ սա ուրիշ մարդ է՝ նույնպես լրտես…
Առաջինն ու Երկրորդը նայեցին իրար։ Քիչ հետո, սթափվելով ու զգալով, որ նայել են կասկածելիորեն երկար, ժպտացին եւ բարեկամաբար սկսեցին անկեղթ խոսակցություն այն մասին, թե որքան գեղեցիկ եւ հարուստ է կյանքը մեզ մոտ, որքան ճիշտ է կատարվում ամեն ինչ եւ որքան իմաստուն է մեր հայրն ու ուսուցիչը, բոլոր ժամանակների եւ ժողովուրդների ամենամեծ առաջնորդը…
Նրանք խոսքեր չէին գտնում՝ իրար գերազանցելու, իրենց երջանկությունն արտահայտելու համար…
3
Երկու շաբաթ շարունակ նրանք փառաբանում էին կյանքն ու արդարադատությունը, օգնում էին իրար՝ ծեծից ջարդված մարմինները ցեմենտի վրա իջեցնելու։ Միաժամանակ ստուգում էին աչքի տակով, թե իսկակա՞ն են արդյոք մարմնի կապուտկածները, թե՞ թանաքով ներկված։ Սոխ էին հրամցնում իրար՝ հացի փոքրիկ կտորների հետ ուտելու, եւ չէին կշտանում զարմանալուց, թե որքան է առաջ գնացել մեզ մոտ գյուղատնտեսությունը, ինչպիսի հիանալի սոխ ու սխտոր է աճում մեր համայնական դաշտերում…
Երկու շաբաթ հետո, դարձյալ ցերեկով, դարձյալ մի արտահերթ ժամի, դուռը բացվեց եւ ներս թողեցին Երրորդին։
Նայելով Երրորդի ակնհայտորեն կասկածելի դեմքին, Առաջինն ու Երկրորդը մեղավորաբար եւ ներողություն հայցողի պես նայեցին իրար։ Նրանք հասկացան, որ սխալված են եղել մինչեւ հիմա՝ կասկածելով իրար վրա։ Նրանք երկուսն էլ անմեղ մարդիկ էին եւ իզուր էին լռել կամ կեղծել երկու շաբաթ շարունակ՝ փոխանակ իրենց սրտերը բաց անելու միմյանց։ Լրտեսը, որպիսին նրանք համարում էին իրար, այդ Երրորդն էր, որին վերջապես, անհրաժեշտ էին գտել ուղարկել այդ երկու համառ եւ ոչինչ հանձն չառնով մարդկանց մոտ…
Իսկ Երրորդը, գյուղացի երիտասարդ, կանգնել էր արդեն փակ դռան մոտ եւ, հայացքը շուռ տալով մենախցի երկու բնակիչներից մեկից դեպի մյուսը, աշխատում էր սկզբից եւեթ որոշել, թե դրանցից ո՛ր մեկն էր իսկական բանտարկյալը եւ ո՛ր մեկը՝ լրտեսը… Նա նորեկ չէր, փորձ ուներ արդեն…
Համեցիր, հրավիրեց Առաջինը։ Դրսի՞ց։
Ոչ, ասաց Երրորդը։ Վեց ամիս է, որ նստած էի ընդհանուծ սենյակում, բայց, չգիտեմ ինչու, փոխադրեցին այստեղ։
«Սրիկա… մտածեց Երկրորդը։ Չգիտե, թե ինչու են փոխադրել»։
Երիտասարդը դուրս եկավ խոսքառատ մարդ։ Նստեց եւ իսկույն սկսեց պատմել իր գլխին եկածը․ ե՛ւ այն, թե ինչ էր անում գյուղում, ե՛ւ այն, թե ինչպես զրպարտեցին նրան եւ ձերբակալեցին, ե՛ւ այն, թե ովքեր են նստած այն ընդհանուր սենյակում, որտեղ ինքն էր…
«Շատ է խոսում, որ մեզ էլ խոսեցնել տա», գարշանքով մտածեց Առաջինը։
Նույնը մտածեց նաեւ Երկրորդը, բայց հանկարծ կանգ առավ իր մտքի կեսի վրա։ Իսկ ո՞վ ասաց, թե նա լրտես է։ Գյուղացի, անմեղ երիտասարդ է, բռնել են եւ բերել՝ ինչպես մյուսներին։ Իսկ ո՞վ կարող է վստահեցնել, թե լրտեսն Առաջինը չէ, այդ համալսարանավարտ օձը, որն իր մարդկային դեմքը կորցրած, եկել է խորտակելու իր պես բանվորի կամ սրա պես գյուղացու կյանքը…
Գիշերը, երբ Երկրորդին տարան քննության, կասկածն ընկավ նաեւ Առաջինի սիրտը։ Քննությա՞ն տարան նրան արդյոք, թե՞ տեղեկություններ ստանալու նոր բանտարկյալի մասին։ Եվ ի՞նչպես էր իր խիղճը տանում՝ ցերեկը կասկածել այսպիսի հիանալի, պարզասիրտ տղայի վրա… Ահա պառկել ու լաց է լինում իր երեխայի, մոր, կրտսեր եղբոր, իր կնոջ, ամեն ինչի համար…
Վե՛րջ տուր, բարեկամաբար հանդիմանեց նա։ Լացով չես օգնի ոչ քեզ, ոչ ձերոնց։ Եվ… մի լինի շատ միամիտ։ Ինչ որ մտածում ես՝ լեզվիդ ծայրին է։ Իսկ ի՞նչ գիտես, թե մեր կողքի ընկերը…
Երրորդը, վախեցած աչքերով, վեր կացավ նստեց։ Նա ուզեց ջերմ շնորհակալություն հայտնել նրան՝ նախազգուշացման համար, բայց խոսքերը կանգ առան մնացին նրա բերանում։ Գարշելի արարած… Որպեսզի կասկածը հեռացնի իրենից, զրպարտում է անմեղ մարդուն…
Առաջինը որսաց երիտասարդի չարկամ հայացքը եւ սառը քրտինքը պատեց նրան։ «Սատկելու եմ արժանի եւ ոչ թե ապրելու, զայրացավ նա իր վրա։ Ձերբակալվելուց հետո էլ մնացի նույն ապուշ միամիտը։ Նստել եւ բարի խորհուրդներ եմ տալիս ծպտված լրտեսին եւ մեղադրում եմ ազնիվ մարդուն, որին այս րոպեիս գուցե քննիչը հասցնում է մահվան դուռն ու ետ բերում»…
Նրանք շուռ տվեցին մեջքերն իրարից եւ պառկեցին ցեմենտե հատակի վրա։ Ինչպիսի՜ հաճույքով կհոշոտեին նրանք իրար՝ եթե չվախենային դաժան հատուցումից…
Քնե՞լ էին նրանք արդեն, թե միայն ընդարմացել, երբ լսեցին խուլ ոտնաձայներ։ Չոր զնգոցով հնչեց բացվող կողպեքի ձայնը, երկաթային ճռնչոցով ետ գնաց մենախցի դուռը եւ ներս ընկավ ջարդված ու արյունլվա եղած կալանավորը…
Այդ արդեն չեղավ… Կարելի է ձեւացնել, կեղծել, բայց ոչ այսպես չափազանցված ձեւով…
Առաջինն ու Երրորդը հասկացողաբար նայեցին իրար եւ քիչ մնաց աչքով անեին։
Բայց հարկավոր չէր ցույց տալ Երկրորդին, թե նրանք գլխի ընկան, որ նա էր լրտեսը։ Ուտի եւ, ամենայն խնամքով պառկեցրին նրան եւ ջուր տվեցին խմելու։ Քիչ հետո քննիչի մոտ կանչեցին Առաջինին։ Նրա գնալուց հետո, դռան փակվելու ձայնի վրա, Երկրորդն սթափվեց եւ, տագնապած նայելով շուրջը, հարց տվեց Երրորդին․
Ես… հո… ավելորդ բաներ… չասացի՞… ուշագնաց վիճակում… նրա ներկայությամբ… Կարող է մատնել… սրիկան…
Ապա, ավելի սթափվելով եւ այժմ մտածելով, որ գուցե հենց լցտեսի հետ է խոսում ինքը, նա մտածեց․ «ավելի լավ… թող կարծի… թե ես մյուսի վրա եմ կասկածում… եւ ոչ թե իր»…
4
Չորս ամիս տեւեց երեքի համատեղ կյանքը մենախցում։ Եվ չորս ամիս շարունակ նրանցից ոչ մեկը չեկավ վերջնական եզրակացության, թե ո՛րն էր իր դիմաց իսկական բանտարկյալը եւ ո՛րն էր լրտեսը։ Կյանքը մենախցում նրանց համար դարձավ նույնքան անտանելի, որքան որ դրսում։
Յուրաքանչյուրը հարյուրավոր անգամներ փոխում էր իր կասկածի մի կամ մյուս վարիանտը եւ նկատում էր, որ մյուսները եւս, կասկածում են մերթ իր վրա, մերթ իրար։
Եվ ոչ մեկի մտքից չանցավ այն վարիանտը, թե գուցե ոչ մեկն էլ նրանցից լրտես չէր։ Դա նույնքան անհեթեթ էր, որքան եթե մտածես, թե ինքդ ես լրտես…