Մարո Մարգարյան
Մրգաշատի կարոտը
ԺՈՂՈՎ ՄԱՍՐԵՆՈՒ ՏԱԿ
Ամենայն օր մութն իջնելիս
Լեռան վրա, մասրենու տակ,
Հավաքվում են երկու հոգի
Ժողով անում հույժ դռնփակ.
Թիկն է տալիս տղան քարին
Կեռ եղանը թփում թողած,
Քրթմնջում է աղջիկն անվերջ,
Քննադատում է սրտնեղած:
Որ պլանը չի կատարում,
Որ շատ ուշ է գալիս նիստի,
Որ շատ վատ է ղեկավարում,
Գործը սիրո ու հանգստի
Ընդունում է տղան իսկույն,
Թերություններն իրեն բոլոր,
Խոստանում է ուղղել իրեն
Եվ չուշանալ էլ ոչ մի օր։
Ու դիզվում են հարցեր, հարցեր
Դատեր` շատ խիստ ու անխնա,
Ո՞ւմ սիրուհին, ով է դարձել,
Վաղն ո՞վ պիտի քաղաք գնա։
Ո՞վ նեղ լծեց նախագահին,
Ո՞վ շատ պարտքեր ունի տալու,
Ո՞վ խոստումը պիտի պահի,
Ումի՞ց գյուղին խեր չի գալու:
Մին, աղջիկը զգույշ, կամաց,
Մի նոր հարց է առաջ քաշում,
Թե էլ քանի նոր հարսանիք
Պիտի լինի դալիր աշուն:
Տղան ասես խուսափում է,
Շատ գործնական լուրջ հարցերից,
Ամաչում է խոսել նորից:
Ու հաշվում է տղան մտքում
Լավն ու վատը
իրենց կյանքի, Հաշվում է տան պակասներն Հնարներն իր աշխատանքի։ Որոշում է իրենից շուտՔույրիկներին ճամփու դնի,
Որ մայրիկին ցավ չդառնա,
Որ զրույց հետո չլինի։
Որ տունը լավ կարգի բերի,
Ու տուն տանի նոր աղջկան,
Իսկ այս աշուն, հոկտեմբերին
Բնավ, բնավ հնար չկա։
Ու խոսում է տղան կրկին,
Հեռու մոտիկ ընկերներից,
Մեջտեղ բերում հարցերը հին,
Խոսքի ճամփան ծռում նորից:
Սրտնեղում է աղջիկն անվերջ,
Ժամանակն է իր ափսոսում,
Գործնական չէ սիրած տղան,
Թանկ օրեր են իզուր հոսում,
Որ զուր իրենք շատ են խոսում,
Ինչպես մի շարք ժողովներում,
Որ կարևոր հարցը թողած,
Ուրիշ հարց են առաջ բերում:
Ամենայն օր մութն իջնելիս Լեռան վրա, մասրենու տակ Հավաքվում են երկու հոգի, Ժողով անում հույժ դռնփակ։
ՍԻՐՈՒՆ ՍՈՆԱ
Սիրով լիքն է սիրուն Սոնան
Աշխատասեր ու բարի,
Ու մայրիկն է սիրուն` Սոնան
Երկու պարթև տղայի։
Մեկի քիթն է նման հորը,
Մեկի հոնքն ու աչքը թուխ,
Մեկը զուսպ է, ծանր ու խորը
Մեկն անհամբեր, սրտաբուխ։
Հայրը` նրանց չեկավ կռվից,
Ոչ էլ սև թուղթը տեսան,
Եվ տղերքը մոր մխիթար
Բոյ քաշեցին ու հասան.
Ով կդնի ջահելության
Սահմանները աշխարհում,
Եվ ինչ անի սիրուն Սոնան
Ձյուների մեջ դեռ գարուն.
Երեկ էր դեռ իր նշանի
Գյուլում ծաղիկն էր պոկում,
Այսօր մտքում աղջիկներից
Հարսնացուներ է ջոկում:
Սա սիրուն է, կարճ է մի քիչ,
Ունի լավ սիրտ, լավ անուն,
Բայց այս մեկը գործի ժամին
Ավելի տաք է բանում.
Սա արծիվ է իր գործի մեջ,
Բայց ընկնող է շատ կողի,
Շատ է սիրում համ էլ խոսել,
Հալ չունեմ շատ խոսողի։
Սա սիրուն է համով-կամով,
Շատ պարկեշտ ու տնարար,
Մազերը թուխ երկար ծամով,
Լեզուն քաշած ու խոնարհ։
Բայց ուսումը թողեց թերի,
Էլ ինչ խելոք կամ սիրուն,
Ո՞վ անուսում` հարս կբերի,
Էս գրասեր աշխարհում։
Բաց է անում Սոնան մեկ-մեկ,
Ծալած մատներն իր ձեռքի
Չէ, ազիզներ, չեք հասնի դուք
Ասլանի ձագ տղերքին,
Համ էլ տղերքը փոքր են շատ,
Ինչու իզուր շտապենք,
Խաղ ու պարը թողած կիսատ,
Ձեռք ու ոտքը շուտ կապենք։
Ո՞վ կդնի ջահելության
Սահմանները` աշխարհում,
Եվ ի՞նչ անի սիրուն Սոնան
Ձյուների մեջ դեռ գարուն.
Երեկ էր դեռ իր նշանի
Գյուլում ծաղիկն էր պոկում,
Այսօր մտքում աղջիկներից
Հարսնացուներ է ջոկում։
Սա սիրուն է, սակավախոս,
Սա կարճ ու հաստ մի գերան,
Սա շատ նիհար, ափսոս, ափսոս,
Սա կողով, սա բացբերան.
Բաց է անում Սոնան մեկ-մեկ,
Ծալած մատներն իր ձեռքի,
Չէ, ազիզներ, չէք հասնի դուք,
Ասլանի ձագ տղերքին:
Իսկ տղերքը վաղուց արդեն
Ջոկած իրենց հարսնացուն,
Պտտվում են շուրջը նրանց,
Սրտի դռները բացում,
Հանդիպում ենք նրանց հաճախ,
Թե միայնակ, թե խմբում,
Թե բաց դաշտի գործի մեջ տաք,
Թե տանը, թե ակումբում.
Առանց հերթի ու հաշվելու Կյանքի ղեկն են դարձնում, Ով է իրեն սիրտը թողած, Հիմա մորը հարցնում։ Շատ են սիրում տղերքն իրենց Սիրուն Սոնա մայրիկին, Բայց դե գիտեն իրենց համար, Իրենք պիտի բերեն կին: Բաց է անում Սոնան մեկ-մեկ, Ծալած մատներն իր ձեռքի Չէ, ազիզներ, չեք հասնի դուք, Ասլանի ձագ տղերքին։
ԷՆ ՉԱՐ ՏՂԵՆ ՀԱՐԵՎԱՆԻ
Էն չար տղեն հարևանի,
Որ իմ ուլին շատ էր տանջում,
Որ կպչում էր ամեն բանից,
Ու գյուղն իրեն գիժ էր կանչում։
Որ բռնում էր հոգին հանում
Բադիկներին կարմրատոտիկ,
Որ ջաղաց էր անվերջ շինում
Առվի ափին մեր տան մոտիկ։
Էն չար տղեն հարևանի,
Որ ծամերս էր անվերջ քաշում,
Որ նոր կարած շորը նանի
Մի օրում էր ամբողջ մաշում,
Էն չար տղեն հարևանի,
Որ մեծացավ ու ԿԻՄ կրեց,
Էն որ ելավ գնաց քաղաք
Ու թղթում ինձ բարև գրեց:
Էն որ բոյ էր քաշել չինար
Դարձել պարթև ու գեղանի,
Ու ԿԻՄ-ի հետ կրծքին կախել
Շող նշաններ` քանի-քանի։
Ախ, էն տղեն հարևանի,
Ախ, էն բարակ բոյը չինար,
Ինչու ելներ գնար տանից,
Ինչու էնքան հեռու գնար:
Էն որ հեռու մեր սահմանին
Կանգնել է ձիգ կանաչ շորում,
Որ թշնամուն քշի տանի
Մեր աշխարհից հեռու-հեռու,
Ախ, թե ինչու աշխարհի մեջ
Լինի սահման ու թշնամի,
Որ նրա դեմ կանգնի անվերջ
Իմ լավ տղեն հարևանի,
Էն ում կարոտն եկել է ու Դեմ է ասել հոգուս հասել, Որ ինձ վատ խոսք ասավ մի օր, Որ... որ չեմ կարող ես ձեզ ասել։ Ա՜խ, երբ պիտի էլ աշխարհում Չլինի սահման ու թշնամի, Որ ինձ տանի, տանի հեռու Էն չար տղեն հարևանի։
ՆԱՄԱԿ ՖԵՐՄԱՅԻՑ
Կանաչել են հող ու քարեր,
Հող ու քարեր շունչդ առան,
Կանաչել են ճյուղք ու ծառեր,
Ճյուղք ու ծառեր շունչդ առան։
Քեզ է կանչում պաղ սարերից
Տաք մայունը կարոտ գառան։
Կաթ է կթել տաշտերը լի,
Սեր է դրել նանը Մարան։
Հորթուկները` մեր ֆերմայի
Տես կարոտով մայում են, եկ,
Ուլիկները սովոր ճամփիդ
Մղկտալով նայում են, եկ։
Լավ են գործերը մեզանում,
Սրտի դժվար գործից բացի,
Շուտով կուրսեր են մեզ տանում,
Դառնալու եմ քաղաքացի։
Մարան նանի պատկերն առան
Մեծացրին ու տվին թերթին,
Գովասանքի համար գրով
Շողոյին են դրել հերթի։
Բա ով աչքալուսանք բերի
Ձեռքիդ սովոր դուռը բանա,
Բա ով պատվոգրի համար
Մեր օղակով ուրախանա։
Ջուխտ հորթ ունի Ծաղիկ կովը
Չարաճճի ու գեղեցիկ,
Չալիկ-մալիկ քույրիկներ են
Ճակատները նախշուն պեծիկ։
Լավացել է ջեյրանը մեր,
Տեսնես ոնց է տրտինգ տալիս,
Հետևիցս` երեխի պես
Գիշեր-ցերեկ ման է գալիս։
Հորթուկները` մեր ֆերմայի Տես կարոտով մայում են, եկ, Ուլիկները սովոր ճամփիդ Մղկտալով նայում են, եկ։ Լավ են գործերը մեզանում, Սրտի դժվար գործից բացի, Շուտով կուրսեր են մեզ տանում, Դառնալու եմ քաղաքացի։
ԿԱՐՈՏԻ ԵՐԳԵՐ
1
Էն ում սիրով, ում կարոտով
Լույսը բացված դուրս գնացիր,
Ինչու էն վաղ առավոտով
Մեր տան դեմի դուռը բացիր։
Ինչու ասիր, թե կանչեցեք,
Թե կանչեցեք իմ Զանեին,
Հանկարծ քո դեմ ճիգը անեին
Ուրիշները ինձ տանեին։
Ինչու կանցնես մեր տան մոտով
Մեր տան մոտով դաշտը կերթաս,
Էն ում կասես բարև, քուրիկ,
Բարև, քուրիկ, ջուր տուր մի թաս։
Էդ ձեր մեծը` բրիգադի,
Անդեմ մարդ է, թույլ ու տհաս,
Ինչու քեզ մի չի խրատի
Որ համփեքին մլուլ չտաս։
Բոյ պատճառով ես էլ էստեղ
Ոտքս կախեմ, կամաց գնամ,
Քո պատճառով ես էլ էստեղ
Աղջիկներից որ ետ մնամ։
Էնտեղ դաշտը մեզ է ծնում,
Արտ ու արոտ կանչում են մեզ,
Երբ պիտի լավ խրատի քեզ:
Հարսանիքը, որ շուտ անես,
Քարշ գալու տեղ ինձ տուն տանես,
Դառնաս շիտակ, լուրջ տղամարդ
Խենթությունը գլխից հանես։
Էն ում սիրով, ում կարոտով
Լույսը բացված դուրս գնացիր,
Էն լուս ու մութ առավոտով
Ո՞ւմ բախտավոր դուռը բացիր։
2
Կգա հիմա իմ սիրելին,
Ճութ-ճութ խաղող ինձ կբերի,
Կգա հիմա իմ սիրելին,
Ականջի օղ ինձ կբերի։
Կգա հիմա իմ սիրելին,
Ջեբն աբրեշում կարմիր աղլուխ,
Կգա հիմա իմ սիրելին,
Երկար բոյով աչքերը թուխ։
Կտեսնի, որ դաշտում էսօր,
Փոխանցիկը ես եմ տարել,
Աշխատել եմ մինչև կեսօր,
Երկու օրվա գործ եմ արել։
Դե, իմ մասին չի խոսի նա,
Աղջիկներին մեր կգովի,
Բայց թե մեկ է՝ ես թե նրանք,
Ոնց պըտըտի սեր կգովի։
Կգա հիմա իմ սիրելին,
Աղջիկներին կասի բարև,
Կասի, աղջեր դուք մեր գեղի
Ես ձեզ պաշտած ճյուղք ու տերև,
Կասի, մատաղ ես ձեր խմբին,
Ձեր օղակին, ձեր ավագին,
Ձեզնով զուգած մեր ակումբին
Ու ձեր տարած դրոշակին։
Կասի, շուտով ձեզ կտանեմ
Քաղաքները ման ածելու,
Մեծ հարսանիք պիտի անեմ՝
Բախտիս դարբասն եմ բացելու։
Բայց, ասում են, էդ անսիրտը
Տղերքի հետ քաղաք գնաց...
Վայ թե մի նոր բան պատահի
Վայ թե հանկարծ էնտեղ մնա:
Չէ, ես գիտեմ
ինձ է փորձում, Խորամանկ է իմ սիրելին, Գիտեմ, հաշիվ կա էս գործում, Ծանր ու թանկ է իմ սիրելին: Կուզի իրեն շատ կարոտեմ, Սիրտս բռնած պահի ձեռին, Որ մենակ ու մթնով գա տուն, Որ գա ինձ մոտ կեսգիշերին: Չէ, ես գիտեմ ինձ է փորձում, Խորամանկ է իմ սիրելին։ՑՈՐԵՆՀԱՏԻԿ
Կոլոտ Զանեն իր օղակում
Երգ է ասում` սիրո մասին,
Բայց այնպես է աղաղակում,
Որ սարերում Կարոն լսի:
Կչկչում է Զանեն անվերջ,
Բայց բոլորից լավ է բանում.
Զանեն իրենց օղակի հետ
Մոլախոտ է հողից հանում:
Զանե, քանի առավոտ է
Մոլախոտը հողից հանիր.
Աշխարհի մեջ մոլախոտը
Վատ է, Զանե, ամեն բանից:
Ջահել ես դեռ չես հասկանում,
Թե որքան մեծ գործ ես անում,
Որ աշխարհի մեծ թշնամին
Մոլախոտն է փարթամ աճող,
Բոլոր ազնիվ հատիկների
Ճամփան կտրող ու նվաճող։
Երբ անպտուղ մոլախոտը
Արմատով են հողից հանում,
Քեզ նման լավ հատիկները,
Զանե, շուտ են փարթամանում:
Իսկ, տես, Կարոն ձայնդ լսել,
Սարից իջել տուն է գալիս,
Իբր թե քեզ չի նկատել՝
Աղջիկներին է միրգ տալիս։
Զանե, կյանքում սիրած գործն ու
Սիրած մարդն է ամենից թանկ,
Սիրած գործով, սիրած մարդով
Կյանքն իսկապես դառնում է կյանք:
Առաջինը գործն է մարդու,
Թուխլիկ Զանե, սրտով բանիր,
Որ Կարոյին շուտ հասնես դու,
Շատ մոլախոտ հողից հանիր:
Երբ անպտուղ մոլախոտը Արմատով են հողից հանում. Քեզ նման լավ հատիկները Զանե, շուտ են փարթամանում։
ԲԱՐՍԵՂ ՊԱՊԻ ԵԼՈՒՅԹԸ
Ուրբաթախոս Բարսեղ պապին
Ո՞նց է այսքան գործ կատարում,
Երկու խոսք է հազիվ կապել
Իր կյանքի մեջ՝ մի ողջ դարում։
Բայց աղջիկներն անվերջ նրան
Նեղն են լծում ու չարչարում.
Մի երկու խոսք ասա, ապի,
Ժպտա մի քիչ ու ծիծաղիր:
Հերիք մթնես ամպի նման
Մի քիչ գարնան անձրև մաղիր:
Դե, կչկչան կաչաղակներ,
Գլուխ չունեմ ես ճաչանի.
Թողեք բարի մի գործ անենք
Թևերիս մեջ ուժ կա քանի:
Պարգևներ են տվել ապուն,
Ձայն են տվել որ խոսք ասի.
Հազիվ երկու խոսք է կապում
Եվ ի՞նչ ասի նա իր մասին:
Խերում կենաք...
Պատիվ արիք,
Խերում կենաք...
Մի երկու խոսք ասա, ապի,
Ժպտա մի քիչ ու ծիծաղիր,
Հերիք մթնես ամպի նման
Մի քիչ գարնան անձրև մաղիր:
Դե, կչկչան կաչաղակներ, Գլուխ չունեմ ես ճաչանի, Թողեք բարի մի գործ անենք Թևերիս մեջ ուժ կա քանի: Վերջացնում է խոսքը ապին Ձայների մեջ երգ ու ծափի։
ՉՏԵՍՆՎԱԾ ՈՐՍԿԱՆԸ
Հավաքվել են մեծ ու պուճուր
Բարսեղ ապուն կալմեջ արել.
Պատմիր, ապի, պատմիր` տեսնենք,
Թե ինչպես ես որսկան դառել:
Թող լինի ձեր կամքը բարի,
Պատմեմ, որդիք, պատմեմ սիրով,
Որսկան էի ես քաջարի,
Զինված զալում թոփ ու թրով։
Հավք է գալիս՝ մեղք է, կասեմ,
Նապաստակը՝ խեղճ ու կրակ,
Դե, ոնց բռնես հրացանը
Կխտարի կամ պախրի վրա:
Քարայծին էլ էն սատանա
Իմ գնդակը դեռ չի կպել,
Վագր ու առյուծ, էլ ինչ ասեմ,
Ինձ աշխարհում չի հանդիպել:
Ու մի օր էլ ասի ախպեր,
Հրացանն էս ուր եմ տանում,
Էս ահագին ծանրությունը
Իզուր տեղը` ինձ բեռ անում,
Ման եմ գալիս թեթև-թեթև.
Տուն եմ գալիս մի օր ահա,
Մութն ընկնում է անտառի մոտ,
Ոչ մի դանակ ունեմ պահած,
Ոչ մի կոտրած թրի կտոր:
Մեկ էլ դեմս երկու կրակ
Պղպղում են, շողին տալիս,
Դե, գլխի եմ ընկնում իսկույն,
Գիտեմ, դեմս գայլ է գալիս։
Եվ լավ է, որ անտառում եմ,
Թռչում եմ ես դեմի ծառին,
Ազատում իմ գլուխն անխելք,
Օրհնում ծառին ու անտառին։
Մնում եմ ես ծառի վրա,
Մինչև օրը լավ լուսանում,
Մինչև մարդկանց ձեռը հասնում,
Գազաններին քշում հեռու
Անտառների խորքն է տանում:
Բայց իմ կյանքում այդ գիշերը
Ես ոչ մի օր չեմ մոռանում։
Ճիշտ է, որ շատ խղճով ես դու,
Բայց դեմ կըլես անխիղճ մեկին,
Քո կյանքը տուր
Սուս ու փուս գլուխ թեքիր...
Ու ման եկա այնուհետև
Ես իմ երկփող հրացանով,
Դաշտով գնամ թե սարն իվեր,
Թե անտառի խոր կածանով:
Հավք է գալիս՝ մեղք է, կասեմ, Նապաստակը՝ խեղճ ու կրակ, Դե, ոնց բռնես հրացանը Կխտարի կամ պախրի վրա, Քարայծին էլ էն սատանա Իմ գնդակը դեռ չի կպել, Վագր ու առյուծ, էլ ինչ ասեմ, Ինձ աշխարհում չի հանդիպել։
ՄՐԳԱՇԱՏԻ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
Ես խայտառակ եղա թամամ,
Էլ ոնց տեսնեմ երես մարդու,
Էն անամոթն աշխարհի մեջ
Կանգնեց ասավ՝ սիրուն ես դու։
Ես խայտառակ եղա թամամ,
Էն օր թազա մեր ակումբում
Ասավ, ելիր, ասավ, պարենք,
Թե չէ ճակտիդ պաչ կշարեմ։
Ես խայտառակ եղա թամամ,
Ուզի-չուզի՝ ելա պարի,
Պարից հետո ասավ, դուրս ել,
Ասավ դուրս ել, ինձ հետ արի:
Դե, ինչ անեմ, որ չլսեմ,
Ես էլ ելա ու գնացի,
Ոչ մի պարգև, ոչ մի նվեր
Մի փունջ կանաչ քոլից բացի:
Մի օղ, մի քող, մի բիլազուկ,
Մի ջուխտ կարմիր սոլից բացի։
Ես խայտառակ եղա թամամ,
Սև բերի իմ ազգ ու ցեղին,
Էն անամոթն ինձ գիրկն առավ,
Ասավ, Զանե, ինձ կին եղիր,
Ասավ, Զանե, գնանք մեր տուն,
Տեր դարձիր իմ տուն ու տեղին։
Դե, ի՞նչ անեմ, որ չլսեմ,
Ես էլ ելա ու գնացի.
Է, գնալուց հետո էլ ի՞նչ,
Տուն էր սարքի ու մնացի...
Ես խայտառակ եղա թամամ,
Հինգ օր է դաշտ չեմ դուրս եկել,
Աղջիկները իմ օղակի
Շվարել են, գլուխ թեքել։
Դարդ մի արեք, իմ աղջիկներ, Ես էդ ցավին դեղ կճարեմ, Էնպես ուժ տամ իմ թևերին, Հինգ օղակի գործ կատարեմ։ Մենակ ուրիշ հարցեր չտաք, Քամուն չտաք իզուր բառեր, Թե կարող եք մի-մի արծիվ Առեք դուք էլ ու տուն գառեք։
ԶՐՈՒՅՑ
Էնպես ուսում կտամ որդուս՝
Իշխի դեղ ու դարմանի,
Մտնի ամեն խրճիթ ու տուն,
Ամեն ցավի ճար անի:
Էնպես ուսում կտամ որդուս՝
Հանդը վարի մի օրում,
Մի թիզ խոպան հող չթողնի
Ոչ անտառում, ոչ ձորում։
Էնպես ուսում կտամ որդուս՝
Բերդեր շինի ու քաղաք,
Էնպես ուսում կտամ որդուս՝
Աստղերի հետ կխաղա։
Ու նստած են մայրիկները
Դեզի թանձր շվաքում,
Հասկ ու հատիկ ափերի մեջ,
Նախշուն երազը հոգում։
Իսկ ապագա բժիշկը մեծ,
Գիտնականն ու օդաչուն
Վազվզում են կալերի մեջ
Ու դեզից դեզ են թռչում:
Թռչում` կայծ ու կրակ դառած,
Ծափ են տալիս, ծիծաղում,
Մի-մի փայտի կտոր ճարած
Ձիարշավի են խաղում։
Գյուղի բարձր կանաչ ափին
Դպրոցի շենք են շինում,
Վարպետները մուրճը խփում
Ու քար-քարի են դնում:
Ու քարերից հատիկ-հատիկ
Ելնում է պատն ու ժպտում,
Կանաչ լեռան ստորոտից
Կանգնում է մի ճերմակ տուն:
Ու նստած են մայրիկները
Դեզի թանձր շվաքում,
Հասկ ու հատիկ ափերի մեջ,
Նախշուն երազը հոգում:
Էնպես ուսում կտամ որդուս՝
Բերդեր շինի ու քաղաք...
Էնպես ուսում կտամ որդուս՝
Աստղերի հետ կխաղա...
Տասը որդի ունի Զանին,
Տասը որդի ունի Զանին,
Տասն աժդահա անձնվեր,
Բայց թոռների հաշիվն արդեն
Շատ վաղուց է կորցրել։
Մեկը խաղաղ, մեկն աղմկոտ,
Մեկը բարակ, մեկը գեր,
Մեկը սևուկ, ածխի կտոր,
Մեկը՝ խաժակն, ոսկեհեր:
Մեկը խոհուն, խաղաղ ա խիստ
Կարդացող ու գրքասեր,
Մեկն անհամբեր ու անհանգիստ,
Ուշքն ու միտքը խաղում դեռ։
Տասը որդի ունի Զանին,
Տասն աժդահա, անձնվեր,
Թոռնիկներին խառնել է նա,
Բայց աշխոյժ է անում դեռ։
Հերիք արդեն, Զանի մայրիկ,
Հերիք, շատ ես աշխատել։
Է, ինչ կուզես ասել, որդի,
Կուզես ասել, շատ եմ ծեր։
Մարդու ձեռքը, որ գործ անի,
Ինչպե՞ս պարապ նստի մարդ,
Մարդու սիրտը ոնց կտանի
Պարապ նստի աչքը բաց։
Մի տասը թոռ մսուր կտամ,
Մի տասը՝ մանկապարտեզ,
Մի տասի էլ, որ շատ խնդրես,
Գործիդ համար կտամ քեզ։
Մի տասը թոռ ուսում կտամ,
Մի տասի կպսակեմ,
Ձեր չսիրած աստծու հետ
Հաշիվներս նոր փակեմ։
Տասը որդի ունի Զանին,
Տասն աժդահա անձնվեր,
Բայց թոռների հաշիվն արդեն
Շատ վաղուց է կորցրել։
«Փշատենի» ժողովածուից
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Առնո Բաբաջանյան
Գիշերային տեսարան
Արարատյան դաշտ
Խաղա առցանց