Մարո Մարգարյան

Երևանի շուկան

Շաղում է, շողում
Երևանի շուկան,
Կորած խաղողում
Երևանի շուկան:
Այրվում են Շաֆրան
Դեղձի դեզերը,
Սևուկ սալորը
Համեստ ու լուռ է.
Փշատն արևից
Այտերը կիզել է,
Շոգից՝ սրտնեղել,
Ճաքել է նուռը:
Բոլոր գույներով
Արևն այստեղ է,
Քամված են բոլոր
Հյութերը հողի,
Բայց բոլորին էլ
Խելքից հանողը
Ծանր ողկույզն է
Խարջի խաղողի
Պայթում են արդեն
Լի կրպակները,
Բաց դռներից,
Հազիվ մեքենան
Նետել է դեզն իր,
Սայլեր են գալիս
Կքած բեռից:
Ուրիշ ելք չկա,
Լցնում են տանիք,
Փռվում են մրգի
Գորգերն արագ,
Ճոճվում են դռնից
Ու պատուհանից
Կախաններն անթիվ,
Հրդեհ դառած.
Սփռոց է բացել
Տակառի վրա,
Ընկեր է կանչում
Քեռի Գևոն,
Բռնել է փարչը
Արծաթաջրած,
Գոված թամադա
Պապի ձևով.
--Սոցմրցումն, ախպեր,
Սոցմրցում լինի,
Խոստում ենք տվել,
Պատվով տանենք,
Բայց ով կխմի
Այսքան շատ գինի,
Թե մենք ինքներս
Օգնակ չանենք,
Գովում են շիկնած
Հողն ու խաղողը,
Կրպակից կրպակ
Թաս են զարկում

Նեղ օրին հասնենք,
Կիսենք լեն օրը,
Հեչ բան է կյանքը
Մենակ մարդու,
Փնչում է հոգնած
Լի բեռնատարը,
Մրգի մի դեզ է
Ճոճվում ուսին
Կանգնել է վարը,
Վազի տերև է
Կախվել․․․
Մրգերից քամած,
Հայրենի տունն ու
Հողը բերրի

Այստեղ համեցեք,
Համեցեք այստեղ,
Մաքուր հայկական
Ընտիր բարիք
Միրգ չէ հասարակ,
Այլ մուրազի դեղ,
Ինչ երազ ունեք,
Կկատարի:
Կողքին նստած է
Կողովների մեջ
Ճակատին ոսկի
Խաթուն մայրիկը,
Ծանր հյուսերը
Փաթաթել է վեր,
Շարբաթ է ծորում
Քողի ծայրից
Դեմից գալիս է
Աղմկոտ մի խումբ,
Ուսանողներ են
Առույգ, թեթև,
Ծիծաղը թափվում է
Երգը թնդում,
Հոսում են զվարթ
Ձայնի գետեր.
Լսում ես, անուշ
Մրգի մայրիկ մեր,
Արձակուրդ առանք,
Գյուղ ենք գնում,
Իսկ այս հսկային,
Որ մանուկ է դեռ,
Կարմիր բանակ ենք
Ճամփու դնում,
Պայթում ենք ախր
Պաղած երեսից,
Խիստ է ձևանում
Փիլիսոփա,
Մի կուժ խենթացնող
Գինի բերեք ինձ
Բռնել է այսօր
Քեֆի նոպա,
Քննություն տվել ենք,
Թոշակն առել,
Մի կուժ խենթացնող
Գինի տվեք,
Երեկվանից ենք
Գիտուն դառել
Հաստատենք գինով
Ու նոր չվենք:
Ու հեռանում է
Աղմկոտ մի խումբ,
Ուսանողներ են
Առույգ թեթև,
Ծիծաղը թափվում է
Երգը թնդում,
Հոսում են զվարթ
Ձայնի գետեր.
Ճոճվում են դանդաղ
Զամբյուղներ կանանց
Եվ գլխանոցներ
Մայրենի ոճով,
Խմբերը խիտ են,
Ճամփաներն անանց,
Ծփում է այրվող
Գույների մի ծով:
Մեր Երևանի
Ինչեր ասես, որ
Չի գտնի մարդ.
Հին կարասներից
Հանած գինի,
Նոր կոկոն բացող
Շուշան ու վարդ.
Մրգի մասին, դե,
Խոսքն ավելորդ է
Մրգերից անուշ
Բողկ ու բազուկ,
Քաղցրից խտացել,
Իջել է տոթը,
Լավաշներ թոնրի,
Գաթա, նազուկ,
Օրեր,
թերթեր,
աֆիշ,
Վերջին լուրեր
Եվ բարձրախոսներ,
Որոտախոս,
Մայր հողից հանած
Տաք-տաք ջրեր,
Ցայտաղբյուրներ պաղ
Արծաթահոս...
Չկա այստեղ կեղծի
Փոքրիկ հյուլե անգամ,
Բնությունն է այստեղ
Մաքուր, ընտիր,
Չկա մարդու հոգուն
Անհանդուրժող, անկամ
Գնի տատանումներ
Բախտախնդիր,
Մրգի հրթիռ է:
Բերքի հանդես,
Ներքին մի ռիթմ կա
Այս ժխորում,
Այստեղ մի ձեռք է
Անտես,
Կշռում` ամեն ինչ,
Չափավորում:
Յատուկ Երաժշտություն
Յասաման
Տիգրան Համասյան

Յասաման

Ծայրամասային շուկա, 1974
Ծայրամասային շուկա, 1974
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից