Լեռ Կամսար
Երջանիկ գուժկաններ
Մեր ազգի բանիմաց մարդիկ գուժկաններ են դարձեր հասարակ ժողովրդին համար։
-Օգնությո՜ւն, օգնությո՜ւն, ազգը ձեռքե գնաց, թյուրքերը Սարիղամիշն են, քյուրդերը Կարաքիլիսե, պարսիկները Շահթախթ,- կպոռա մեկը այդ գուժկաններեն ու տուն կմտնե։
-Ի՞նչ թյուրք, ո՞ր պարսիկ, ո՞ւր է Կարաքիլիսե. քալե երթանք, ցույց տուր սպանենք զանոնք, - ձայն կուտա ամեն կողմեն հասարակ ժողովուրդը և զենքն առած գուժկանին դուռը կվազե։
Գուժկանը պատուհանը կելնե։
-Թյուրքերը օսմանցիներն են, պարսիկները՝ շիաներն, Կարաքիլիսեն կգտնվի Խնուսեն արևելք, Դիադինեն արևմուտք, Ալաշկերտեն հարավ, Դութաղեն հյուսիս. աջ թևով կհառաջանաք, կծռիք ձախ` ահա այդտեղ է... Ծո, դեռ կեցե՞ր եք, հասե՛ք, հասե՛ք...
-Երթանք... բայց դուն չպիտի՞ գաս։
-Ծո, ինչպե՞ս չէ, ինչպե՞ս չէ, չերթալ կըլլա՞։ Դուք առաջացեք, ես հա՛, մտա թեյս խմեցի հասա, շատ տաք է. ժամ մըն է կփչեմ` չի սառեր։
Ժողովուրդը կերթա, կանցնի երկու ամիս ու դեռ ատ մարդուն թեյը... չի սառեր։
Երկրորդ գուժկանը ճակատեն կդառնա ձիով, գրպանը լեցուն, չաղ ռոճիկին մնացորդները մորուքին վրայեն սրբելով։
-Ծո՛, դուն դեռ հո՞ս ես, - կճչա ամբողջ ուժովը` կնոջ թևը մտած փողոցեն անցնող Մարկոսին վրա։
-Հապա ո՞ւր ըլլայի,- վախեն կնոջ թևը թողած կհարցնե Մարկոսը։
-Ո՞ւր, ճակա՛տը, ճակա՛տը, թշվառական, չե՞ս գիտեր։ Այս րոպեիս ես հոնտեղեն կուգամ, Մանազկերտն այրվեցավ, Խնուսը գաղթեց, ժողովուրդը սովալլուկ... և դուն դեռ կեցե՞ր ես,- կըսե մտրակը շարժելով։
-Մի պոռար, երթամ պիտի... արդեն ճակատն երթալու համար եմ տունեն ելեր,- կըսե Մարկոսն ամչցած ու վախեցած։
-Դե քալե՛, ալ ուշացեր ես։
-Իսկ դուն չպի՞տի գաս...
-Ծո, ինչպե՞ս չէ, ինչպե՞ս չէ. ես ազգային գործով եմ եկեր, գործս վերջացնեմ ու հասնեմ...
Մարկոսը ճակատը կերթա ու ինքը վերցնելով Մարկոսին կինը, զոր վաղուց կսիրեր, թևանցուկ տուն կդառնա... գործերը վերջացնելու։