Հուսիկ Արա
Քեզ այսպես չէինք երազել
Մի՛ լաց, տղա, որբ ու անտեր,
փողոցներում մեծացած փոքրիկ,
որ իմ երկրի դրոշի գույնով
ինձ տրված ազատությունն ես։
Քեզ նկարել էինք առավոտի գույներով
և կեսօրվա արևով շրջանակել,
պատմում էինք ոսկեգեղմ,
ծավի աչքերով ու կրակարյուն։
Էպոսի իրական տղան էիր.
թուրը աջ ու ձախ կտրում էր ձեռքիդ,
ու կրակի կտոր ձին տակիդ էր խաղում։
Ուրիշ էր պատմողր,
ու երկնքից ընկնող երեք խնձորն էր ուրիշ,
երբ հեքիաթը տեղափոխվեց իրականություն։
Սև անտառում մոլորվեց,
մութ զնդան րնկավ արքայազնը
անշեջ հուրը բերող,
իսկ մինուճար աղջիկը թագավորի
(չար վհուկի կախարդանքն էր),
դղյակում պառավեց՝ գիշերուզօր սպասելով կրակին։
Ընդգծված վերև ես՝ բուրգի պես ցցուն,
ու հարթեցված ներքև՝ հավասար խուզված,
քո հացկատակն ենք, մեզ շպրտված ազատություն։
Ձեռքս խղճիդ դրած պիտի երդվեի.
տեր լինելու համար էիր, մինչդեռ եղար ծառա։
էլ առաջվա պես ինձ չեմ ուտում, ներսս կրծում
հերսոտած, թե հեքիաթը, ախր, ինչո՞ւ պիտի այսպես
ավարտվեր.
արի, տղա, ծվարիր թեերիս տակ՝ մինչև որ մեծանաս։