Հուսիկ Արա

Նոր Հայաստան

Սրտաչափ թուղթ էր
ու մի մատ թանաք,

որ այս աշխարհում վստահվեց ինձ.
ես ուզեցի արև գրել,
ավետել լույսի մասին
ու սերը պատմել,
բայց ո՞ւմ կամքով, չիմացա,
քո ընտրությունն էր թուղթն ու թանաքը,
Նոր Հայաստան:

Արծիվ նկարեցի լեռան սարսուռ օդում,
գծեցի առյուծ խշխշացող արևների հողին
ու մեր Սարը տեսա ջրհեղեղի ջրերի վրա:

Կարմիր, կապույտ, ծիրանագույն շողաց,
որ անկախության լույսն է առավոտի մեջ.
փոքր ու մեծ տանիքներիդ երկնագույնում,
և ամեն բացվող դռանդ վրա տարածեցի:

Թվերից երեքն ընտրեցի խորհրդանիշ՝
որպես երրորդ հանրապետություն,
երեք հայրենիք՝ դեռ չամբողջացած,
երրորդ հազարամյակ, որ քո ժամանակն է երկրի վրա:

Մեր երազի Հայաստանը իրական տեսնելու համար
ազատություն եմ վանկարկել քո պայքարի հրապարակում,
քվեարկել՝ Այո, անկախությանդ թերթիկին,
իսկ կռվում կորցրել եմ ընկերներ թանկ ու լուսավոր:

Հիմա տաք լույս եմ գծում բարակ օդում,
նկարում եմ սեր թափանցիկ ջրերի վրա
և արև՜ եմ գրում քո սրտաչափ հողին:

Յատուկ Երաժշտություն
Յասաման
Տիգրան Համասյան

Յասաման

Գազելներ
Գազելներ
Խաղա առցանց