Հուսիկ Արա

Հանուն քեզ էր

Սարսուռով եմ արտաբերում քեզ,
ինչպես Աստծու անունը.
ծիրանագույն բառ ես, ազատություն,
այրում ես շուրթերս:

Մեր աչքերի երազները վառեցինք՝ զույգ ջահեր,
քո սպասման երկար գիշերին.
մեր մարմինը մեր ոգու չափ էր
ու մատաղ էր ամեն անգամ քո ծեսին,
մինչևիսկ կենաց ջուրը՝ մեր մեջքի մեջ քլքլթացող:
Եվ ի՜նչ տղաներ` հպարտ ու պայծառ,
որ հայացքով արևն էին շրջանակել,
քեզ հասնելու մեր ինքնության մարտում կյանքը տվեցին:

Հենց առաջին օրն էր` մեզ հետ էիր հանրահավաքում,
երբ փոթորկվում էր միասնական մեր ոգին.
կրակի սյունը բարձրանում երկինք
և լույսի տոն էր տիեզերքում,
իսկ լեռներից վեր հորիզոնն էր լայնանում
ճախրանքից Ազատության հրապարակի:

Օդը, ջուրը, կրակն ու հողն էլ,
մինչև իսկ մեր շնչելու իրավունքն էր քեզ համար,
և ամեն բան` շահած երազ, սիրած աղջիկ, թե կորցրած սեր,
քո անունն ուներ ու հանուն քեզ էր:
Իմ բառի թռիչքն էլ հյուսվեց
փետուրներին քո հավաքական ճախրանքի.
բանաստեղծի ճակատագրով ինձ էր տրված`
լինել վկան իմ ընդվզող երկրի անկախության,
և օրհներգեր ներբողել քեզ, ազատություն:

Յատուկ Երաժշտություն
Սուրբ Հաստատում, Սուրբ Հերքում, Սուրբ Հաշտություն
Գեորգի Գյուրջիև

Սուրբ Հաստատում, Սուրբ Հերքում, Սուրբ Հաշտություն

Մայրամուտ Յալթայի վրա
Մայրամուտ Յալթայի վրա
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից