Հուսիկ Արա

Էգ քաղաք

Ցողի սարսուռն է քեզ հարմար գալիս որպես հոմանիշ.
արթնանում ես հրեշտակ,
առավոտյան զանգերի կանչին հնազանդ`
մտնում եկեղեցի ու ձեռքդ սրտիդ դրած` պատարագ լսում,
և Աստծու տեսքը աչքերիդ մեջ դուրս գալիս փողոց,
մեղքերիդ թողություն տված քաղաք:
Կեսօրից հետո քո աղոթատեղին սրճարանն է,
ուր երկար բամբասում ես մի բաժակ սուրճի
կամ կիտրոնով օղու շուրջ,
և երկար տալ ու առնելուց չարչրկված բախտդ կորցրած`
մտնում ես այգի ու կիսախում նիրհով ճեմում`
կաթիլ-կաթիլ արտասվելով աչքերիդ մեջ պահած Աստծուն:
Անողորմ դիպուկահար ես իրիկվա առաջին ժամերին.
զոհիդ ընտրում ես մանրամասն հաշվարկով գրպանիդ
և գործդ անում խնամված՝ առանց պոչ թողնելու:
Հարցեր լուծող տղա ես` դռանը հաչող շան նման.
վնգստում ես, վրա տալիս` քանի դեռ կապդ չեն ձգել:
Կեսգիշերից հետո` էլ ի՞նչ քաղաք, ի˜նչ հարազատ տուն,
«խաղ չկան» լխկած թշերիդ` լակած իշխանություն ես հաստ վզով,
գիշերային ակումբների առյուծ` թաթիդ տակ երկրագունդը ճզմող,
մինչև խաղատնից փախ կտաս խեղճ ու ողորմելի՝ առանց քոռ լումայի:
Քո անինքնասեր քրոջ` Բաբելոնի արձագանքն ես, է՛գ քաղաք,
և մենք իրար հասկանում ենք գիշերային անբառ լեզվով.
քո միակ ու աղոտ հույսը ես եմ մնում լուսաբացին մոտ,
երբ հեկեկում ես պոետիս վտիտ թևերի մեջ`
մարմնիդ վերջին փշրանքը վստահելով հենց իմ խղճին,
թեպետ արցունքիդ դառը կաթիլի մեջ
առավոտի քո աստծուց անգամ հետք մնացած չի լինում:

Յատուկ Երաժշտություն
Աշնան արև
Տիգրան Մանսուրյան

Աշնան արև

Ջրվեժ 1943 թ
Ջրվեժ 1943 թ
Խաղա առցանց