Հուսիկ Արա

Դատարկ եմ բոլոր ժամերի մեջ

Անձև ու դատարկ էի,
եկար և ասացիր` լույս լինի,
և դու եղար իմ մեջ․
տեսա, թե որքան կատարյալ եմ:
Ես, որ չգիտեի անգամ շողի մասին,
ինձ ցույց տվեցիր լույսը ու տարար քեզ հետ.
հիմա ինչպե՞ս խաղաղվեմ:

Այգեպան էի,
եկար և ասացիր`
դու կարող ես հողից երկինք արարել.
ես նայեցի քեզ
ու քո տեսքով ստեղծեցի
և հիացա՝ իմ այգին դրախտի պարտեզն էր:
Ես, որ չէի տեսել իմ հողից վերև ոչ մի երկինք,
համտեսեցի իմացության ծառից,
և ինձ ուղարկեցիր երկիր.
հիմա առանց դրախտ ինչպե՞ս ապրեմ:

Ոչ ոք ու ոչ մի տեղ էի,
եկար և ասացիր` ե՛ս եմ,
իրական եմ, ոչ թե երազ.
հոգի եմ քո հոգուն,
և մարմին՝ քո մարմնի համար:
Ես, որ ոչինչ էի,
ինձ տվեցիր էություն`
ա՛ռ և լցվիր,
ու չկաս,
և դատարկ է մարմինս բոլոր ժամերի մեջ:

Երբ ինձնից տարել ես իմ վերջին օրը,
հիմա ես ինչպե՞ս մեռնեմ․
ոչինչ չկար քեզնից առաջ
ու ոչինչն է քեզնից հետո:

Յատուկ Երաժշտություն
Առանց քեզ ինչ կոնիմ
Սայաթ Նովա

Առանց քեզ ինչ կոնիմ

Վարագույրից այն կողմ
Վարագույրից այն կողմ
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից