Հուսիկ Արա
Անվերնագիր
Արքմենիկ Նիկողոսյանին
Ժամանակի լվացքից կակուղ
կհանե՞մ հիմա օրեր պարզաջրած,
որ զգամ թարմություն սպիտակեղենի։
Մենք արթնացանք հանկարծ կեսգիշերի մեջ մերկ,
երազի թարթող գույները դեռ բիբերի վրա մեր,
ու քայլեցինք՝ հայացքը հեռու մի աշխարհի անհայտ,
ոսկե խնձորը բերելու՝ մեր ափեափ սիրո ապացույց,
թագավորի մինուճար աղջկա համար,
որ մեզ պատմած հեքիաթի երկրում էր սպասում։
Ակնթարթը կանգ էր առել մի բևեռած կետի․
մենք հորինում էինք ժամեր՝ նուրբ կարերով ու ոսկեթել,
որ օրերի շնչառությունը շարունակվի։
Ծարավ եկան ու մեր սերը խմեցին մինչև վերջին կաթիլը,
քաղցած էին, մեր երազը մաս-մաս տվեցինք իբրև կերակուր
ու մեր հավատը ցմրուր քամեցինք աչքերի մեջ նրանց, որ հոգնած էին։
Երկրի ծանրությունը այնքան խիտ էր մեր ոսկորներում նստել,
որ չհասցրեցինք հոգալ ընտրությունը դրախտի միջև ու դժոխքի․
Աստծու մոռացված գառի նման մոլորվում էինք միշտ
ու բզկտված բրդով մեր հիշողությանը վերադառնում։
Մենք մեռնում էինք, որ ապրենք․
գետնաքարշ քրքիջով մեր վարքը ծաղրեցին,
մտրակեցինմարմինը ութքեցին հոգու մեջ։
Մենք խաչ ելանք ճակատագրովմեր ընտրած
ու մեր ձեռքով խփեցինքմեր գամը,
որ կատարվի գրածը արյունակից եղբայրների․
երկրինը երկրին, իսկ Հուդայինը տալով հուդաներին,
մի վերջին կյանք նրանց փրկության համար խաչի վրա նետեցինք․
-Սա է մարմինը մեր, առե՛ք ու կերե՛ք։