Հրանտ Մաթևոսյան

Ճիշտ, կոպիտ, ճշմարիտ, շիտակ պիտի լինես...

– Փորձելու ենք քաղաքականությունից չխոսել, սակայն առաջին իսկ հարցը քիչ թե շատ առնչվում է քաղաքական կյանքին:
Մինչև շարժումը Դուք հզոր կայսրության մեր երկրի միակ գրական ընդդիմությունն էիք, ժողովրդի ընթերցող մասի, առավել ևս գրականություն հասկացող ու գնահատող մասի ուղեցույցը, որից խոսք էին սպասում, և ուզում եմ շեշտել, որքանով թույլ էին տալիս գեղարվեստական ու գրական խոսքի կանոնները՝ սուր խոսքի...
Ժամանակներն արագ փոխվում էին, և ինչ-որ տեղ ըմբոստության կոչողը դարձավ անգլուխ ընտանիքի գոյության համար վախեցող, դողդողացող հայր:
– Ամեն ինչ ենթադրելի էր, ամեն ինչ պատկերացնում էի, բացի կայսրության փլուզումից: Երկու բառով չի կարելի ասել ու անցնել: Կայսրություն ասածը ուներ հասկացությունների իր զինանոցը, որով մենք աշխատում էինք` ընթացքի մեջ ճշգրտումներ, սրբագրումներ անելով: Գրչի, արվեստի մարդիկ կարողանում էին մի բան անել, մի բան ստեղծել: Մեր տունը կարգի բերելու էինք ընդամենը միտում և չէինք հասկանում այն առճակատված, ուղղակի թշնամական կոպտությունը մտավորականության և այլախոհության դեմ, մյուս կողմից՝ այլախոհության առճակատված վերաբերմունքը առ կառավարությունը, ահա, որ մեզանում կար:
Ըստ երևույթին հայ մարդու, շեշտում եմ՝ հայ մարդու, եղեռն տեսած ժողովրդի ըմբռնման մեր սահմաններից այդ առճակատումը գիտակցորեն և ենթագիտակցորեն դուրս էինք թողնում, քանի որ գիտեինք՝ ամեն մի խառնակություն մեր ժողովրդից վիթխարի կորուստներ է տանելու: Այլ խոսքով՝ թուրքի գործոնը մեր հոգեբանության մեջ ծանր նստած էր, և ահա ապավինել էինք, կարելի է ասել, ի սրտե էինք ապավինել, ինտերնացիոնալի կայսրությանը և այդ կայսրության բովանդակությունը փորձում էինք թարմացնել:
Կայսրությունը փլուզվեց, և իրականության դեմ-հանդիման կանգնած մնացինք մենակ: Մարտիկները կարող էին անվախ լինել կամ անվախ ձևանալ, իսկ իմ գործի ու տարիքի մարդկանց Աստված երկյուղն էր թողել նույն այն մարտիկների, այս ամբողջ ժողովրդի համար: Քո հարցի մեջ իսկապես ճիշտ է գնահատված իմ վիճակը, որ ինձ համար ամենևին էլ վիրավորական չէ, և ամփոփ է բանաձևված, ես հավելելու բան կարծես չունեմ: Բոլոր դեպքերում՝ այսօրվա դեռ միայն եզրերն էին բացվում մեր առջև, երեկվա օրով ես այսօրվա օրը չտեսա և հանդգնություն չունեցա «առաջ» կամ «ետ» հրահանգել:
Չգիտեմ՝ պատմությունը ինչքանով կմեղադրի այդ զոհողության պատրաստ լինելու պահը բաց թողնելուս համար: Չգիտեմ: Ինչ որ է, այդ է եղել: 1915-ի համար ես մերոնցից ոչ ոքի չեմ կարողանում մեղադրել:
– Ես չեմ ուզում օգտագործել պատեհապաշտություն բառը, բայց այն կսմիթները, որ այնուամենայնիվ կան Ձեր գրեթե բոլոր գործերում, չե՞ն հնացել արդյոք:
– Էլի շատ ճիշտ մակդիր ես օգտագործում՝ կսմիթներ: Ես ուրիշ անգամներ կարծես ավելի դաժան վերաբերմունք եմ ունեցել իմ և իմ սերնդի հայ և համասովետական գրականությանը: Դա թերի գրականություն էր: Թվում էր՝ գեղեցիկ է, յոլա է տանում, բայց ահա արևմուտքի գրականությունը՝ այսօրվա հույժ իրապաշտական, գերիրապաշտական գրականությունը եկավ այս կիսատ խոսքի, եզովպոսյան լեզվի, թերասացությունների գրականությունը խորտակելու, գրասեղանից գրքերը դեն նետելու և ինքը հաստատվելու դրա տեղը: Շատ-շատ եմ ափսոսում, որովհետև դա վերաբերում է ոչ միայն գրականությանը, այլև պատմությանը, արվեստին, ամեն ինչին: Այդքան թուղթ է փչացվել, այդքան ծախսեր են արվել, այդքան ժամանակ է վատնվել, այդքան դերասան-դերասանուհիներ են պառավել կեղծիքի, կեղծ իրականության գեղարվեստականացման վրա:
Ընդգծված է, և դրա բանաձևն էլ դարձյալ արևմուտքինն է՝ «Ֆաշիզմը դատապարտված է գրական անպտղության, որովհետև ֆաշիզմը կեղծիք է»:
Հաղթանակած ֆաշիզմը մեր իրականությունն էր: Այդ իրականության վրա ստեղծված գրականությունը նույնքան կեղծիք էր, որքան որ իր ենթահողն էր: Ահա և այդպիսի իրականությունը պիտի կյանքից հեռանա իր գրականությամբ, իր մշակույթով հանդերձ: Ինչքան էլ ավաղ ասենք, իսկապես արդեն շատ բան քեզ, քո սերնդին, քո երեխաներին չի հրապուրելու: Պատմությունը քշեց տարավ: Ինչքան էլ ավաղ ասենք, բայց այդպես է, և հնարավոր է, որ այդ հեղեղից քշվողներից մեկն էլ ես եմ:
– Զարմանալի մի զգացողությամբ կապում էինք «Սարոյան եղբայրներ» ֆիլմը և Հրանտ Մաթևոսյան գրողին, մինչև որ պատահականորեն իմացանք, որ, այն ժամանակվա «Հայֆիլմի» տնօրենի խոսքերով ասած, Ձեր մատը խառն է այդ գործին: Իհարկե... «Երանի քեզ Հայկ, պապ չես սպանել, տերտեր չես սպանել, խիղճդ էլ մաքո՜ւր, մաքո՜ւր»:
– Մի ստեղծագործական միավորում և մի հեղինակ այնքան ամուլ լինեն, որ չնչին այդ դեպքերը որպես կենսագրության փաստեր կարևորվեն... Բայց եթե հիշեցրիր՝ կրկնեմ: Ստեղծագործելու որոշ պայմաններ կային: Իմպերիայի բովանդակությունը սրբագրելու, տանելի կայսրություն դարձնելու ջանքեր կային, տվյալ դեպքում դաշնակցություն–հակադաշնակցություն մենամարտում մենք շահել ենք, այո՞: Այդպես եմ ասում՝ ի նկատի առնելով այն իրական գլուխգործոցները, որոնք համաշխարհային մրցակցության մեջ էլ դիմանում էին, և առավել էին, որովհետև իրենց մեջ պարունակում էին արևելյան ծնողական ամոթխածությունն ու պատասխանատվությունը ամբողջ իրականության համար և միշտ չունեին արևմուտքի այն գռեհկությունը, բաց հարաբերությունների այն պաշտամունքը, ինչը մեզանում այսօր սիրտ խառնել է տալիս:
Անդրեյ Տարկովսկի բարձրացավ, այնուհանդերձ, Սերգեյ Փարաջանով կայացավ: Հիմա չեմ խոսում այն մասին, որ մարդու ստեղծագործական տասը տարին լափեցին, բեկեցին սքանչելի թռիչքը: Սարսափելի էր բանտից նոր դուրս եկած Փարաջանովին տեսնելը: Ինչ գեղեցիկ տղամարդ, ինչ գեղեցիկ գոյություն էինք բանտ ղրկել և ինչ ետ ստացանք՝ արվեստի կործանված գլուխգործոց:
Փարաջանով երևույթ առաջացավ: Եվ նաև ուրիշ, երկրորդ պլանի հեղինակներ, որ շատ թե քիչ տանելի գործ անում էին: Եվ կարծես թե անարդարորեն մեզանից գողացածը վերագտնելու հնարավորություն էր առաջանում:
Ես երբեք էլ չէի կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր այդքան տարի լրջորեն հայհոյում էին դաշնակցականներին, ինչպես նաև լուրջ չէի համարում մեր դրսեցիներից նրանց, ովքեր այս երկրին ու ժողովրդին նույն հայհոյանքին էին կապել: Կուսակցական այդ խևությունը ինձ ամենևին դուր չէր գալիս, և ես կարծում էի, որ կարելի էր նրանց հաշտեցնել: Ստեղծել այն միջավայրը, այն մթնոլորտը, որտեղ յուրաքանչյուրն իր արժանի գնահատականը կստանար: Սուրբ նահատակներից ոմանք բնականոն պայմաններում սուտ նահատակներ կդառնային, ճշմարիտ արժեքները մրցակցության մեջ կհաստատեին իրենց: Նժդեհի պես տղան իսկապես իր տեղը կգտներ մեր կյանքում, կմնար և՛ գրական գործը, և՛ իր գործը: Եվ շատ ու շատ ուրիշ անուններ կհաստատեին իրենց: Հնարավոր էր, այդ պայմանները ստեղծվում էին:
– Չէի՞ն խախտվելու կայսրության հիմքերը: Մտածողությունն էր փոխվելու, չէ՞:
– Վախենալու միայն մի գործոն կար, և Կենտրոնում դա ավելի լավ էին տեսնում: Երկու խոշոր նացիոնալիզմներն էին՝ պանթուրանիզմը և ռուսական շովինիզմը, բայց դրանք բացարձակված լոզունգներ էին, իսկ կյանքն իրենն էր անում, սրբագրում էր գաղափարախոսությունները, և առաջանում էր մի իրողություն, որտեղ այս կոտոշավոր հրեշները կորցնում ու իրականության մեջ զբաղեցնում էին իրենց փոքրիկ տեղերը: Բայց որ տիրական դառնային ամբողջ երկրի վրա և առաջնորդող պատկերներ դառնային... Հազիվ թե: Թվում էր, ժողովուրդները ուղղակի կյանքի, Դոստոևսկու խոսքով՝ երեխայի արցունքի առջև, ծերերի, հաշմանդամների, իրենց առօրյա պատկերների առջև կունենան այն սթափությունը, որ գաղափարամոլության չեն տրվի և փոխադարձ հանդուրժման պայմանների կգան: Այլ ոչ թե որպես նոր աստվածներ նոր կյանքի ակունքներում կկանգնեն, և ահա՝ որպես թե նոր կարգերը նոր զոհեր են պահանջում:
Քանի որ այդ ժամանակներին անդրադարձանք, միայն մի պահ, մի քանի խոսք... Ես ուրիշ հարցազրույցներում էլ ասել եմ՝ Խրուշչովը ինքը ընդառաջում էր ժողովրդի լինելության ցանկությանը՝ կռապաշտությունը իրենից վանելու, իրական կյանքը դրոշ դարձնելու ժողովրդի բաղձանքին: Այս երկրի վրա չոր քամի բերեց, բորբոսը չորացրեց, գաղափարախոսության ուղղափառությունը բեկեց: Որոշակի քայլերը հասցրին այնտեղ, որտեղ պարզվեց, որ այս երկիրը այնքան էլ չի մոռացել ստեղծագործելու իր ունակությունը: Էլի եմ ասել՝ այդ օրերի ծնունդ եմ նաև ես:
Խրուշչովը ինքը իր խեղկատակությամբ վկայեց, որ վերև նստած կուռքերը այնքան էլ կուռքեր չեն, մարդկային են՝ խեղկատակ, հարբեցող, սենտիմենտալ, կամային, կամազուրկ... և նրանք չեն քո գլխի տերը, դու ես քո գլխի տերը:
Ազգային մշակույթներ ստեղծվեցին: Վրաց կինոն եմ ուզում հիշեցնել, մեր կինոյում սիրուն շողարձակումներ եղան, ուկրաինական կինոստուդիան: Մեր աչքի առջև առաջացավ գրական այնպիսի մի խոշոր անհատականություն, ինչպիսին ասենք Չինգիզ Այթմատովն է: Ռուս գրականության մեջ նույնպես անուններ կան՝ բանաստեղծներ, արձակագիրներ:
Բայց երկիրը այնքան էր հյուծվել ու տգեղացել, որ կործանման և կործանվողների համար կարելի էր այլևս չցավել: Մի գեղեցկուհի կամաց-կամաց մաշվեց, պառավեց ու արենայից պիտի հեռանար:
Տեսնում ես, բանավոր խոսքս բոլորովին բանի պետք չի:
– Քիչ առաջ օրինակ բերեցի «Սարոյան եղբայրներ» ֆիլմը: Ընդհանրապես Ձեր ստեղծագործություններից կարող եմ վերցնել մի նախադասություն ու ասել, որ սա անպայման Հրանտ Մաթևոսյանն է: Միայն նա է այդպես գրում: Սա առավելությո՞ւն եք համարում, թե՞ թերություն:
– Չէ, մի ծառայություն ես իսկապես ունեմ: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ առաջին անգամ էկրանից դահլիճ հայոց լեզու հորդեց՝ «Մենք ենք, մեր սարերը»: Եվ օրինակը վարակիչ էր: Բոլորը հեշտ ճանապարհով, դրա ետևից գնացին, և մեղքը իմը չէ, որ սկսեցին ընդօրինակել:
– Ասենք մի սկսնակ, երիտասարդ արձակագիր Ձեր խոսքի ազդեցության տակ է, խոսքի կառուցման Ձեր կերպն է ընդօրինակում: Դա իր անհատականության պակասն է, բայց...
Կարո՞ղ ենք վերցնել ասենք Լև Տոլստոյից մի պատահական նախադասություն և համոզվել, որ դա միայն նրանն է: Միայն նա է այդպես գրում:
– Չէ, այդպիսի հարց չկա: Ես ուղղակի երախտապարտ եմ իմ գրողական լեզվի ուսուցիչներին, ովքեր ինձ բան են սովորեցրել՝ Չարենցի կռանված, կռանահարված խոսքը, Թումանյանի ժողովրդական բացարձակումները, Իսահակյանի լեզվի շքեղությունը: Եթե ասեմ, թե Չարենցը ինչքան է վերցրել Տերյանից, Տերյանը որքան է թումանյանական գրել: Մեկս մեկիս սովորեցնելով՝ ճամփա ենք գնում: Բայց տհաճ է, երբ տեսնում ես, որ սովորածից զատ ուրիշ բան չկա, սեփական որևէ բան չկա: Երկրորդված է: Թե չէ բոլորս էլ հայերենի զավակներն ենք, մեր մայրերի որդիները:
– Քանի որ խոսք եղավ կինոյի մասին, ուզում եմ ասեք, թե որն եք համարում Ձեր ստեղծագործություններից լավագույն էկրանավորումը: Եվ առհասարակ, հայ կինոն Ձեր կարծիքով ի՞նչ արժեքներ է ստեղծել և ինչո՞ւ չէր կարող ավելին անել:
– Ես շատ գուրգուրացել էի և ուղղակի կինոգլուխգործոց էի սպասում Բակունցի «Միրհավի» թեմաներով գրած իմ «Այս կանաչ, կարմիր աշխարհը» սցենարից: Բակունցի այդ գործը վաղուց նկատել էի: Ռաֆայել Արամյանը մի անգամ...
Գուցե կարիք չկա՞ այսքան մանրամասն: Նա սքանչելի մարդ էր, ոչ այնքան առաջնակարգ գրող, բայց մի թրթռուն գոյություն էր, լավ փորձարար: Երևանի մտավորականության խորհրդանիշն էր, և նրա կորստով ուղղակի Երևանի բովանդակությունը կարծես կորավ: Նա ճապոնական մի ֆիլմ էր նայել՝ «Լերկ կղզին», եկավ «Գրական թերթի» խմբագրությունում պատմեց: Մի դաժան կղզի, տղամարդ, կին, երեխա. դա նրանց մոլորակն է, պետք է պարտեզ դարձնեն: Մեկ՝ այդ «Լերկ կղզին»: Մյուսը. մի սքանչելի անձնավորություն կար՝ Իոն Դրուցե, որի հետ հետո ծանոթացանք, բայց նրա «Աշնան վերջին ամիսը» ինձ պատմել էր մի մոլդովացի: Ահա: Եվ մյուսն էլ Սերգեյ Փարաջանյանի «Մոռացված նախնիների ստվերները», որ նայեցի Մոսկվայում: Սրանք, մեկ էլ Բակունցի «Միրհավը», չգիտեմ իրարու ինչպես ագուցվեցին իմ մեջ, և զգացի, որ կինոյում մի լավ բան է առաջանում: Ինձանից վերացած՝ գրեցի այդ 45 էջանոց գործը, առանց Բակունցի գիրքը բացելու: Գրեցի և երկար երանի էի տալիս այն մարդուն, որ այդ գլուխգործոցի հեղինակն էր լինելու: Ո՞վ էր լինելու դաժան այդ գիտակը, գիտակը հայոց հողի, հայ մշակ մարդու, որ ծապաններ է կապել, որ խաղող է արարել մեր դաժան հողի մեջ, դժվար խնձոր է աճեցրել, դժվար հաց է արել: Հայ մարդու հավատարմությունը, բարոյականությունը, հավատարմությունը մեր շփերթ ու շփացող, անառակացող այս աշխարհում: Ծավալվող ու բացարձակվող անբարո այս աշխարհում հարկավոր էր ուղղակի «կոնտր» ֆիլմ անել:
Ինչպես որ, ասենք, Քրիստոսին կռեցին ու կոփեցին բարոյական մարդիկ է՜ն գողության, շնության, դավաճանության բացարձակումների մեջ, որպես դրանց հակակշիռ:
Հարկավոր էր, ահա, հայ մարդուց ստեղծել այդպիսի մի հակակշիռ – ոչ թե աշխարհի արտացոլումը, այլ ուղղակի հենց աշխարհի դեմ: Ես շատ էի գուրգուրում ահա այդ ֆիլմը, և ցավալիորեն ամենավատը հենց դա եղավ: Շատ դժբախտ ֆիլմ եղավ և պատճառ դարձավ, որ դրանից հետո շատ էլ խոր վերաբերմունք դեպի կինոն առհասարակ չունենամ:
Մի երկու անգամ էլ կինոյին անդրադարձա: (Ասենք, «Օգոստոսն» էլ է նկարահանվել, բայց սցենարը ես չեմ գրել): Երկու անգամն էլ սցենար գրեցի, երկու անգամն էլ՝ նկարողի դրդմամբ: Բայց ի պատիվ ինձ ասեմ, որ ոչ մի անգամ իմ գիրքը չեմ բացել ու մկրատով չեմ աշխատել: «Աշնան արևն» էլ, մյուսն էլ գրել եմ նորովի: Ինձ համար պարզապես ձանձրալի էր արտագրելը: Բայց այն կինոն, ինչին ես արժանի էի իմ գրական շնորհով (և հայ հանդիսատեսս) և պահանջում էի իմոնցից, որովհետև ազգային մշակույթի մեջ ազգային առաքելություն էի տեսնում, ցավալիորեն չկայացավ:
Նրանց պռատ գործերը, իմ այսպես կոչված գործընկերների այդ գործերը ուղղակի ազգային դավաճանություն էին թվում ինձ, և ծանր տհաճությամբ էի տանում նրանց ձախորդությունները: Շատ դժվար խոսակցության նյութ է և, եթե արդեն ուշ չէ և, դարձյալ, եթե մեզ է վերաբերում, ասեմ. մենք մեր գործընկերների նկատմամբ շիտակ ու խիստ չեղանք, խոտանը հանդուրժեցինք, և ամբողջ երեսուն տարի խոտան էր, որ արտադրվեց ու արտադրվեց, երբ, նորից ու նորից կրկնում եմ, պայմաններ կային տանելի գործեր ստեղծելու:
Միխալկովն արեց, Կոնչալովսկին արեց, Տարկովսկին արեց, արեցին, չէ՞, «Վրացֆիլմը» դառնում էր Սովետմիության կինոկենտրոնը, ամեն մի գործը այնտեղ երևույթ էր դառնում:
Իսկ իմոնք դարակում քիչ բան դրեցին, և այսօր սփյուռքում, երբ ասենք իմ եղբայրներին, քույրերին, նրանց երեխաներին ուզում եմ մի կինոբան առաջարկել, տեսնում եմ, որ բան չկա առաջարկելու:
Ժան-Լյուկ Գոդարը իր ֆիլմերից մեկը նեղ, սիրողական ժապավենի վրա է նկարել. այսինքն եթե գրող ես՝ կարող ես ստեղծել, միայն թե այստեղ գրիչդ խցիկն է: Արժե, որ կինոխցիկը ձեռքները առնեն արժանավոր գրողացուները և գրողի իրենց գործը անեն կինոխցիկով: Մերոնք և՛ գրող չէին, և՛ ցավալիորեն վատ արհեստավոր էին, ինչ որ չես ասի, ասենք, ռուս ռեժիսորների մասին, օրինակ՝ Գերասիմովի:
Ինչքան լավ գիտեր և ինչ հարգանք ուներ ռուս գրականության նկատմամբ: Ուղղակի ռուս գրականության հանրագիտարանի պես մի բան էր: Լուսավորչական աշխատանք էր անում՝ մեծ վարպետությամբ ռուս գրականություն էր բեմադրում: Այդպիսի գիտակ վարպետներ մենք այստեղ ունեի՞նք՝ չունեինք: Ցավալիորեն չունեինք: Արհեստի չիմացություն և ուղղակի անհարգալիր վերաբերմունք հայ գրականությանը: «Անուշը» քանի՜ անգամ է չարչրկվել մեզանում:
Մալյանի «Եռանկյունին» սիրում եմ, լավ ֆիլմ է: Բագրատ Հովհաննիսյանի մասին: Անհանգիստ, մեծ ճաշակի տեր մարդ էր, փնտրող, մտքի ստանդարտներով չբավարարվող, համաշխարհային գրականության հիանալի գիտակ, բայց ցավալիորեն կինոարհեստը վատ գիտեր: Իրեն չէին բավարարում ուրիշների արած միջակությունները, գազազեցնում էին, այդքանով ինքը ազնիվ էր, բայց իր մեջ էլ մի բան պակաս էր, որպեսզի ստեղծեր այն բարձրը, կենդանին, անհանգստացնողը, որ իր մտքում, իր սրտում կար:
Կարծում եմ վրիպեց նաև «Տերի» վրա, և մեղքը սցենարինը չէ: Իմ կարծիքով պատշաճ մակարդակի սցենար է: Այլ դեպքերում կասեի՝ դե լավ, ես մեղավոր եմ, բայց հայ գրականություն հո կա: Հայ գրականությունը դեմներդ դրած էր, լավ արհեստավոր լինեիք՝ լավ բեմադրեիք: Թումանյանի հետ հանդիպել եք՝ ձախողվել եք, Բակունցի հետ՝ ձախողվել եք: Չէ, «Տերի» համար ես մեղք չունեմ:
– Այո, ֆիլմը շատ անհամարժեք է սցենար-վիպակին:
– Հատկապես իր համար էր գրված, գոնե: Ինքը գիտեր, որ ես իմ գործը մի կողմ թողի ու իր համար կինոսցենար գրեցի: Ի՛ր համար գրեցի: Իմ գործը ձախողելով իր համար գրեցի: Ուրիշ դրդապատճառներ կային: Կարիքի մեջ էր: Ես սենտիմենտալ մարդ եմ, և նման բաները ինձ վրա ազդում են: Շատ դժվար ու շատ պատասխանատու բան էր սկսել, ուզում էր «Երկիր Նաիրի» բեմադրի՝ չթողեցին: Երկար ժամանակ չէր աշխատում, արդեն ոչ մի միջոց չուներ: Եթե ընկերոջս այդտեղ էլ պիտի չօգնեի, ուրեմն... Ես գիտեի, իրենից մեծ բան չէի սպասում, «Աշնան արևի» փորձը ասել էր, որ ինձ համար չի կարողանում, թող գնա իր փորձը ուրիշի վրա փորձի: Բայց ես ուղղակի հանուն ընկերության ասացի՝ լավ, մի ամիս կնստեմ, այդ գործը կանեմ: Մի ամիսը բավական երկար քաշեց, ընկերոջ իմ գործը ես արեցի: Իմ խիղճը այդտեղ իմ առաջ հանգիստ է: Վատ վիպակ չէ, տանելի կինոսցենար է:
– Քննադատությունը դրամատիկական թատրոնի «Աշնան արևը» համարեց մեծ արժեք, Դուք ի՞նչ կասեք հիմա, ժամանակի հեռվից:
– Ըստ երևույթին իմ գործերի նկատմամբ ամենախիստ վերաբերմունքը միշտ ես եմ ունենում: Այդտեղ նույնպես: Չնայած ինձ շատ բան դուր չէր գալիս, բայց համարիր համեստորեն լռեցի, որ հանկարծ այնպես չլինի, որ Վիոլետ Գևորգյանին ու Արտաշես Հովհաննիսյանին մրցանակ չտան, որովհետև այդ գործը, գոնե մի քանի ամիս, արժանի էր:
Հետո հակվեցին վատ ճաշակի, ծիծաղ կորզելու գնացին, թամաշա դարձրին: Վիրավորական էր: Կարծում էին իրենք իրենց հերոսներից բարձր մարդիկ են, կարող են նրանց ծիծաղատեղի դարձնել: Հիմա կարող են արդարանալ՝ հինգ հարյուր, հազար կամ անգամ երկու հազար անգամ խաղացել ենք: Իրենց գործն է: Թատրոնի իմ իդեալն ուրիշ է, չգիտեմ, Չեխովի թատրոնն է թատրոնի իմ իդեալը:
Մի անգամ, երբ առիթ ներկայացավ, որ պիես գրեմ...
Մահարու թաղումից գալիս էինք՝ Վարդան Աճեմյանը Վահագն Դավթյանին ու ինձ առաջարկեց պիես գրել, իր մտքի մեջ Վահագնին վերապահելով, թերևս, հսկողությունը իմ վրա, ինձ՝ գրելը: Վահագն Դավթյանը իրենը գրեց, ես էլ իմ փորձը արեցի, իմ պիեսը գրեցի՝ «Չեզոք գոտին», որի բեմադրումը տեսնում էի չեխովյան թատրոնի ոճի մեջ: Նուրբ, դանդաղ, զուսպ և ոչ թե թամաշա:
Կառլեն Վարժապետյանը բեմադրեց այդ գործը: Դու արվեստի մարդ ես և քեզ համար նորություն չի, որ արվեստի գործը նույնպես կենդանի մարմին է. և որևէ բանի բացակայությունը կամ որևէ բանի ավելորդությունը ավիրում է այդ մարմինը: Ձախողված այդ ներկայացման մեջ ընդունում եմ, որ Սոսը լավ էր, և Կարեն Ջանիբեկյանն էլ լավ էր: Գրելիս գրեթե այդպես էլ մտածում էի, որ այդ դերերը կխաղան նրանք, բայց Թորոս Թորամանյանի մարմնական տվյալները ակամա հուշում էին, որ Խորեն Աբրահամյանն է ճարտարապետ խաղալու, իսկ Սոս Սարգսյանը՝ քահանա, որի կերպարը ես շատ եմ սիրում: Ընդունում եմ, որ այդ երկու դերը կայացել էր, բայց այնքա՜ն վրիպակներ կային: Մասսայական տեսարանները բոլորովին բարձիթողի, բոլորովին անպետք էին:
Հանդուգն տղա էր և տաղանդավոր մարդ էր Կառլեն Վարժապետյանը՝ նրա «Երկիր Նաիրին» հիշելով եմ ասում, բայց մի բան՝ ժամանակի սղությունը թե միջոցների պակասը, խանգարել էր, որ մի լավ խմբագրեր այդ վրիպումները: Երբեմն ես դա բացօթյա ներկայացում եմ տեսնում: Ասենք, մի վանքում, նկարվեր սև ու սպիտակ ժապավենի վրա:
Դանդա՜ղ, դանդա՜ղ: Մի ուրիշ բան առաջանար:
«Չեզոք գոտին» ես այդպես էի ուզում՝ զուսպ, հակաթամաշային: Եվ գրելիս մտքիս մեջ մի բան կար՝ գինին, որ կարաս են լցրել և հետը այլևս էլ գործ չունեն, ինքը իր մեջ պիտի կամաց, դանդաղ առաջանա:
Սկզբում, երբ գրիչը վերցրել էի, մտածում էի՝ երկու-երեք էջի մեջ, այսինքն 5–10 րոպեում բոլորը կգան, և ամեն ինչ կծավալվի իրենց մեջ, բայց ցավալիորեն չկարողացա իմ նպատակին հետևել, դրսից խումբը շատ ուշ եկավ, և այլն, չգիտեմ պատճառն ինչ էր, բայց ուզածս չստացվեց:
– Այնուամենայնիվ «Չեզոք գոտին» ավելի մեծ գրական արժեք ունի, քան բեմական: Ավելի քիչ է արժեքը որպես թատրոնի ապրանք: Մի անգամ, 84 թե 85 թվականն էր, որ ասացիք, թե դրամա չեք գրում, որովհետև չեք կարողանում «թույնի ու թաշկինակի» պատմություն ստեղծել:
– Իսկապես, չեմ կարողանում: Ճիշտ ես ասում: Իմ ենթադրությամբ, շատ տեսական բան եմ ասում, արձակի խոսքը և դրամատուրգիայի խոսքը բոլորովին տարբեր բաներ են:
Մի շատ կարևոր բան չեն հասկանում: Ասենք, եթե էքսպրեսիվ տեքստ է արած՝ զսպել: Չի կարելի էքսպրեսիվ տեքստը էքսպրեսիվ խաղալ, բացարձակել դրսևորման բոլոր կարողությունները: Թող գործի մի ուրիշ օրենք, որն է ստատիկայի դինամիկան: Գլորվելիք քարը ավելի սարսափելի չէ՞, քան գլորվող քարը: Մահվան սարսափը ավելի մեծ է, քան ինքը մահը: Հանդիսատեսին մի բան պիտի թողնես, կարծես թե: Թող ինքը բացարձակի: Հանդիսականին համազգացման ես հրավիրում: Չէ՞: Մյուս դեպքում, երբ իրենից համահեղինակության այդ նախաձեռնությունը խլում ես, ուրեմն այնքան շքեղ պիտի բեմադրես, որ իրեն դարձնես զուտ, ուղղակի վայելող հանդիսական, զուտ թամաշչի: Եթե ավելի լուրջ մի բան ես ուզում, ուրեմն մի բան, կարծես թե, պիտի զսպվի: «Չեզոք գոտին» ես այդպես էի ուզում:
– Ասացիք, որ ամենախիստ վերաբերմունքը Ձեր գործերի նկատմամբ միշտ Դուք եք ունենում: Դա բնական է: Ձեր ստեղծածը խոսքային արժեք է, որ բեմում այլ իմաստ ու արժեք է դառնում: Ես չգիտեմ, կա՞ լավ գրող, որ իր գործի բեմադրությունից գոհ մնացած լինի:
– Կա: Սարոյանը լիովին բավարարված էր իր «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումից, ես էլ էի բավարարված: Հրաշալի բեմադրություն էր:
– Ես գրողի արձակ գործի մասին եմ ասում:
– Կարծում եմ գրողներս, ես մասնավորապես, ինձ բավարարված եմ համարում, կամ ինձ լռեցնում եմ այն դեպքում, որ տեսնում եմ, որ թեկուզ իմը չի, բայց մի բան է՛, առաջացե՛լ է, որպես կենդանի մարմին՝ կա՛:
– «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը օրինակ: Հիշում եմ, որ ասում էիք, թե Մալյանը ձեզանից պոկեց այն, ինչ իրեն էր հարկավոր:
– Այո, այո: Այդ պատճառով, երբ սցենարների գիրք էի կազմում, «Մենք ենք, մեր սարերը» չընդգրկեցի: Մարմին էր, առաջացավ, բավարարված էի: Մեռյալ ծնունդներն այնքան շատ էին, որ կենդանի մարմնի համար արդեն կարելի էր ուրախանալ:
– Ո՞րն եք համարում հայ թատրոնում Ձեր տեսած լավագույն ներկայացումը:
– Դա շատ վաղ ժամանակների է վերաբերում: Վարդան Աճեմյանի «Ժայռը»: Գուրգեն Ջանիբեկյանի Գրիգոր աղան: Ուղղակի միակտոր ժայռեղեն ներկայացում էր: Դասականության բացարձակ օրինակ: Անվրեպ, ուղղակի ճշգրիտ ներկայացում էր:
– Ի՞նչ իմաստով ճշգրիտ, հարազատությա՞մբ հեղինակին:
– Կերպարներից ոչ մեկը վրիպած չէր: Որպես երեկոյի ամբողջություն, որպես ներկայացման ամբողջություն ոչ մի բան ավելորդ չկար: Կերպարները աշխատում էին՝ ինչպես լավ մեքենայի բոլոր մասերը: Ոչ մեկը մյուսի կայացմանը չէր խանգարում, բոլորը բոլորին կռում ու հղկում էին: Ամբողջը՝ մի զորեղ ձեռքի տակ: Լարումը անընդհատ կար:
Մյուսը այլ տոնի, ակվարելային, թեթև, թափանցիկ, ռոմանտիկ ներկայացում էր՝ «Իմ սիրտը լեռներում է», երկնքից ասես Մոցարտ էր մաղում:
Ի՜նչ մեծ մարդ էր Աճեմյանը, ինչ մեծ գոյություն, ինչ արտիստ, գեղեցիկ մարդ:
– Հետաքրքիր է Ձեր կարծիքը Վիոլետ Գևորգյանի և Անահիտ Ղուկասյանի տարբեր Աղունների մասին:
– Որպեսզի հարադրած Աղունների մասին խոսեմ, պիտի երկուսն էլ կայացած լինեին: Բայց եթե Վիոլետ Գևորգյանի Աղունը, մանավանդ մինչև ներկայացման հնանալը, ես կայացած էի համարում, նույնը չեմ կարող ասել Բագրատ Հովհաննիսյանի ֆիլմի մասին: Իմ կարծիքով՝ չէր կայացել: Միայն մի փոքրիկ կտոր կար, երբ երեխային կուրծք է տալիս: Տան միայն պատերն են, սքանչելի լույս է արած, ու Տիգրան Մանսուրյանի հրաշալի մելոդիան է մաղում անձրևի հետ: Միայն այդ հատվածը հոյակապ էր: Մնացյալը պռատ ու խաթար էր...
Չգիտեմ, չի կայացել: Ցավում եմ, գուցե հիմա ինքը կարդա և վիրավորվի, բայց ես ի՞նչ անեմ:
– Տարիներ առաջ Սունդուկյանի անվան թատրոնում «պատրաստվում էր բեմադրության» Հրանտ Մաթևոսյանի «Տերը»:
– «Տերի» բեմականացման նախաձեռնությունը ինչպես և, ի դեպ, «Աշնան արևինը», Վալերի Թումասյանինն էր: Այո, Թումասյանի ֆանտազիաներից էր, ինչին ես ընդառաջում էի ոչ այնքան վերապահ ոգևորությամբ:
Թող հաջողություն լիներ, ես էլ կգնայի, կնայեի, փառքը իրենց հետ կվայելեի:
Մյուս կողմից էլ մի ուրիշ կասկած կար: Այն ժամանակվա ռուս քննադատության մեջ, որ ավելի անկեղծ ու ճակատային էր կարողանում լինել, ասվել էր, թե վիպակը արդեն ուշացած գործ է, «գնացքը արդեն մեկնել է»:
Վախենամ, թե իրոք այդպես էր: Վախի ու վերապահության այդ զգացողությունը գալիս էր «Հացավանի» բեմադրությունից. թվում է, թե իսկական հաջողություն է, բայց օտարոտի, տարօրինակ մի բան կար, որ վանում էր: Այդ գործը դեռ մեր պատանեկության տարիներից էլ դիալոգի մեջ չի եղել մեզ հետ, իր գրվելու ժամանակ էր արդեն հնացած, ինչպես և իր ժամանակ էր մեռյալ ու վանող:
– Հաջողության միակ գրավականը Սոս Սարգսյանի խաղն էր: Չէր գնացել ավանդական մեկնաբանման, որով հեղինակը կարծես թե վարկաբեկել է իր կերպարին:
– Այո, ճիշտ է: Սոսը ճիշտ էր խաղում: Շատ տարիներ առաջ Լևոն Հախվերդյանն ասում էր, թե կգա ժամանակը, և կասենք, թե Բալաբեկը ճիշտ էր անում, որ չէր աշխատում, խուսափում էր կոլխոզում աշխատելուց, հերոսը կըմբոստանա հեղինակի դեմ: Նման մի մտավախություն էլ ունեի «Տերի» առիթով:
– Ձեր 50-ամյակի և Պետական մրցանակի կապակցությամբ Գրողների տանը կայացած հավաքի ժամանակ, որպես նկատելի օժտվածության, տվեցիք Վանո Սիրադեղյանի անունը: Ի՞նչ եղան և հիմա ինչպիսի՞ն են Վանո Սիրադեղյան արձակագրից Ձեր սպասելիքները:
– 1988-ը բեկեց շատ շատերիս ճակատագիրը: Նրանն էլ: Վանո Սիրադեղյանին ես համարում եմ լավ գրող, բայց նա լծվեց այլ գործի: Ոչ ոք չէր հանդգնում, բոլորը խոսում էին, բայց ոչ ոք չէր հանդգնում ստանձնել այդ միշտ վարկաբեկված ու վարկաբեկվող նախարարության դժվար գործը: Վանոն հանդուգն տղա էր, գնաց այդ ռիսկին: Կամ ինքը մաֆիային կխժռի, կամ մաֆիան՝ իրեն: Վախենամ, որ երկրորդը լինի:
– Ես ավելի շատ կուզենայի, որ ասեիք, թե ինչն էիք հավանել նրա գործերում:
– Նա շիտակ, կենդանի, անսեթևեթ գրականություն էր անում: Հարցիդ պատասխանելու համար պիտի կարողանայի մի բառով ասել, թե այն ինչն է, որ մեր տեքստերը կենդանացնում է, և ինչն է, որ սպանում է մեր էջերը: Ես այդ բառը չունեմ: Վանոյի տեքստերը աչքիդ առաջ խաղում ու թրթռում էին: Սակայն... Թողնենք... Վանոն այլևս գրականություն չի գա, ինչպես և մեզնից շատ շատերը:
– Հրանտ Մաթևոսյանն իր չարագուշակ մտածումներն ուներ իր 54 տարեկանն անցկացնելու հետ կապված: Դա կապ ունե՞ր Թումանյանի՝ 54 տարեկանում վախճանվելու հետ: Փառք Աստծո՝ 54-ն անցավ:
– Աստծուն հազար փառք, բայց... 54-ը չանցավ: Չեղավ շրջանցել, 54-ը 1988-ի իր վատթար պատկերով կանգնեց ու մահու անողոք հունձն սկսեց – խելագարեցրեց, ընկճեց ու տապալեց բոլորին ու ամեն ինչ... մոնղոլի պես, ինչպես մեր միջնադարում մոնղոլը խցեց բոլոր ակունքները, որ իմ բերդը սնում էին, որոնցով ես կանգուն էի: Իմ 54-ում խզումը իմ նախորդ կյանքի հետ եղավ, և ես հիմա մի այլ մթնոլորտում եմ, երևի թե նաև այլ մարդ եմ: Եվ ինձ համար շատ դժվար է լինելու անդրադառնալ այն գործերիս, որ ես սկսել եմ մինչև քառասունը և քառասունից հետո:
Ես չգիտեմ՝ ինչպես եմ կապվելու այն մարդու գործի հետ, որ ես էի առաջ: Շատ դժվար է:
Ձեռագրեր է, որ կուտակվել են, կիսատ գործեր է, որ կան ու ապրում են, բայց, դիտված երևույթ է, այս տարիքում չի կարելի պատանի տարիքի գործերին միջամտել: Ես դա նկատեցի, երբ միջամտեցի աղջկաս՝ պարմանուհի աղջկաս թրթռուն թարգմանություններին: Սարոյանից թարգմանություններին փորձում էի ձեռք տալ. գրում էի ճիշտ, պինդ, հոյակապորեն ճշգրիտ բառեր ու... տեքստը սպանում էի: Ինչ-որ նրա արածն էր՝ ուրիշ էր, միջամտություն էր պահանջում, բայց ձեռք էի տալիս, և տեքստը մեռնում էր: Նույնը վախենամ կրկնվի իմ սեփական գործերի հետ: Այդ վտանգը կա:
Բայց ես ուզում եմ դառնալ քո նախորդ հարցերից մեկին: «Չեմ ուզում օգտագործել պատեհապաշտություն բառը, բայց այն կսմիթները, որոնք այնուամենայնիվ կան Ձեր բոլոր գործերում, չե՞ն հնացել արդյոք: Դուք որպես գրող ինչպե՞ս եք հարմարվում նոր պայմաններին»:
Հնացել են: Քաղաքավարության և հարցի նրբացման համար շնորհակալ եմ, բայց իսկապես հնացել են: Հիմա կսմիթներով դժվար է գրել: Այն ժամանակ սրբագրումների էինք միտում, իսկ հիմա հասկացությունների մի ամբողջ շարք կա, որ ճիշտ, իր թվաբանական ճիշտ գնահատականը պիտի ստանա: Գլխաբաց շքերթի ելած մեր անբարո իրականությունը պետք է գրողի քո այրական իր պատասխանը ստանա: Գրոտեսկայնորեն դաժան իրականությունը քեզանից տղամարդ մարդու պատասխան է պահանջում – որ ես, ահա, ձեզ ճանաչում եմ: Որ ես կսմիթով, այլասացությամբ յոլա չեմ գնա: Ճի՛շտ, կոպի՛տ, ճշգրի՛տ, շիտակ պիտի լինես՝ այնքա՛ն, ինչքան իր ժամանակին Չարենցը եղավ:
– Էքերմանի «Զրույցներ Գյոթեի հետ» գրքում Գյոթեն, անդրադառնալով Բայրոնի պոեզիային, ասում է, որ եթե նրան հնարավորություն տրվեր ճառեր ասելու, նրա պոեզիայի կեսը չէր գրվի: Բայրոնի պոեզիայի այդ մասը Գյոթեն անվանում է «պառլամենտում չարտասանված ճառեր»: Ես այն արտարվեստային շերտի մասին եմ ասում, որ իրականությանը ճիշտ գնահատական տալու ժամանակ անխուսափելի է դառնում:
– Ոչ, արվեստին խանգարում է միշտ մի բան՝ արվեստագետի վեհերոտությունը: Իր թերըմբռնման, թերուսության պատճառով, մտքի խավարի պատճառով, որ քաջության պակաս է բերում, պռատ գործ է առաջանում: Շիիթական աղանդը ասում է. «Եթե քո ճանապարհին դժոխքի հանդիպեցիր՝ ետ դարձիր, մեղավորը մտքիդ խավարն է, վերադարձիր ուսուցչիդ մոտ»: Դժոխային խավարի ես հանդիպել՝ ուրեմն անպատրաստ ես եղել: Լուսավորվածություն ասելով ի նկատի ունեմ այն իմացությունն ու քաջությունը, որ հրեշտակին հրեշտակ, սատանային սատանա ասեիր, գողին գող և մնացած բոլոր բաներն իր ճիշտ անուններով կոչեիր:
Հետո այդ կերպարներով կարողանում ես բացարձակել քո ցանկությունը: Այդ դեպքում քեզ իսկապես սպասվում է բարի ավարտ, այլ ոչ թե խավար դժոխք: Այդ դեպքում ծնվում է այն ողբերգությունը, որից լուսավորված ես ելնում:
Ուրիշ դեպքում պռատ արվեստը ընթերցողին անհուսության է մատնում, մղում փակուղի: Սա այն մշակույթն է, որտեղ անլիարժեք կերպարները խարխափում են խավարի մեջ, հեղինակին էլ են խարխափեցնում, ընթերցողին էլ: Թշնամին ուրեմն յուրացված չէ:
Գոգոլը ինչքան է մանրացրել նրանց՝ սոբակևիչներին, բոլոր մյուսներին, որ ծիծաղելի են, որ նույնիսկ սիրելի են, բայց զարհուրելի են, չէ՞, նրանք ուտում են Ռուսաստանը: Բայց Գոգոլը նրանց յուրացրել է ու բացահայտել չարիքների կոմեդիան: Դա յուրացում է, չէ՞:
«Խմբապետ Շավարշը»: Այսօրվա մեր իրականությունը «Խմբապետ Շավարշ» է կրկնում: Բայց ծիծաղով, պայծառացած ես դուրս գալիս այդ դաժան ողբերգությունից: Դու ծնունդի ես ներկա լինում: Զոհողության մտքի վերածնունդի: Չէ՞, ճիշտ է: Բացահայտում եղավ, հարցը թեական, առկախ չմնաց: Բացահայտում, ծնունդ: Դա գեղարվեստի, մեծ արվեստի ծնունդն է:
«Անուշը» մեծ արվեստի ծնունդ է, «Համլետը» մեծ արվեստի ծնունդ է, չէ՞: Ճիշտ է: Ծնունդի ես ներկա եղել, այ թե ինչու ես գործից ժպտալով ելնում: Թե չէ՝ պայծառ բաների մասին վատ գործեր կան, չէ՞: Նողկալի է, չէ՞: Գործն էլ է մեղք: Գործն էլ է մարմին, գործն էլ պիտի շնչի: Մեռյալ ծնունդ եղավ՝ սպանում է ընթերցողին էլ, հանդիսականին էլ:
– Դարձյալ տարիներ առաջ տարածվեց, թե Ռոման Բալայանը նկարելու է «Գոմեշը»:
– Պայմանագիր էր կնքել, բայց չարեց, ոչ այնքան վատ սցենար էր գրել, բայց չարեց, և ես ուրախ եմ, որ չարեց: Իրենը չէր: Գործը նրա մեջ պառավել էր: Հիմա արդեն թարմ վերաբերմունքով որևէ մեկը կարող է գալ ու անել, բայց Ռոմանից արդեն դուրս էր, ինձանից էլ արդեն դուրս է: Ինձանից արդեն շատ է հեռացած:
– Մեր այս վիճակի մեջ ես լավ բան էլ եմ տեսնում: Նրանք, ովքեր իրենց տեղում չէին, թողնում են գրականությունը, արվեստը: Հիմա արվեստով զբաղվում են նրանք, ովքեր պիտի զբաղվեին, կոչված են զբաղվելու, ուրիշ բանով չեն կարող զբաղվել:
– Բայց դրանք անհրաժեշտ մարդիկ էին: Նրանք մթնոլորտ պիտի ստեղծեին, ու անհատը կարողանար գործել: Դերասանը ամեն օր պիտի խաղա, գրողը ամեն օր պիտի գրի՝ նրանց միջավայրում: Դու Սերգեյ Փարաջանովին տեսնեիր. մի րոպե մենակ չէր լինում, շուրջն անընդհատ ժողովուրդ էր, անընդհատ մարդիկ էին, որ երբեք էլ անհատականություն չէին լինելու: Նրանք իրենց տվել էին Փարաջանովի լինելության գործին: Մայր մեղու, մեղվամայր էր հիշեցնում, որ անընդհատ շքախմբի մեջ է...

Հարցազրույցը վարեց Հովհաննես ԵՐԱՆՅԱՆԸ
«Արար», NN 2–3, 1993 թ.

Յատուկ Երաժշտություն
Oրորոցային
Ալեքսանդր Սպենդիարյան

Oրորոցային

Ծովային տեսարան
Ծովային տեսարան
Խաղա առցանց