Հրանտ Մաթևոսյան

Ստեփան Զորյան

Ծննդյան 80-ամյակի առթիվ

Թվում էր, թե նա արձակ գրականության որոշ կարողություններով օժտված մեկն է, վախենում է խառը ժամանակներից ու ժամանակները խառնելուց, նստում է կյանքից ոչ շատ հեռու և ոչ էլ շատ մոտիկ մի տեղ, ակնոցի ետևից թաքուն՝ որպեսզի իր նայելը հանկարծ չնկատեն՝ նայում է կյանքին, գտնում է ոչ շատ ցավոտ և ոչ էլ շատ անցավ որոշ դեպքեր, որոնց վրա կարելի կլիներ որոշ պատմություններ հյուսել և, առանց սիրո ու ատելության, շարադրում է իր պատմությունները հայոց Պապ թագավորի, Մաճկալենց Դավթի, պատերազմի, քաղաքաշինության ու Ծովան կովի մասին։ Թվում էր նույնիսկ, թե նա ինքը ոչ թե կյանքից է կամ գոնե նայում է կյանքին, այլ դիտող է, դիտում է կյանքը։ Դիտում ու սարքում է իր պատմությունները, որոնք զուտ փակ պատմություններ են, այլ ոչ թե կյանքի դեմ ու կյանքի համար բանակռիվ։
Այնինչ՝ նա գրականության և կյանքի տեսական վեճերի և կենսական բախումների խաչմերուկներում էր անընդհատ, և նրա երկերը ոչ թե ժամանակագրի անկողմնակալ վկայություններ են, այլ ծեփված են նրա անխառն ատելությունից և մեղմ սիրուց։ Իսկ որ այդ երկերը թվում են կողքից դիտողի անկողմնակալ վկայություն, դա խոսում է միայն մեկ բանի մասին՝ որ Ստեփան Զորյանը էպիքական արձակի հզոր վարպետ էր։ Եթե հայ արձակը արձակի, որպես այդպիսինի, համաշխարհային մակարդակի հետ շփման եզրեր հայտնաբերում է, ապա՝ գրեթե միայն Զորյանի ստեղծագործությամբ։ Մինչև Զորյանը, չնչին բացառություններով, ածականների, որակումների, բանաստեղծականացումների գաղջ խանձարուրի մեջ խեղդվում ու կապերը քանդել չէր կարողանում գործողություն-կերպար հասկացությունը, որ այսօր արդեն, Զորյանից հետո և նրա ստեղծած մակարդակի առկայությամբ, խճճվել է մի քիչ ավելի բարդ որոգայթի մեջ՝ ոճավորման։ Այդ ոճավորումը թվում է գեղեցիկ և թվում է, թե դա մեր արձակ բառարվեստի զագացման նոր աստիճան է, բայց իրականում դա հուշկապարիկի երգ է և դրանով գայթակղվելը էպիքական արձակի ստույգ մահ է։
Ամեն ոք և ամենքը կարող են Զորյանի արձակից խլել նրա բաժին փառքը, բայց միայն մի երկու օրով, թագը դարձյալ վերադարձվում է իր օրինական տիրոջը՝ Ստեփան Զորյանին - «Ծովանի», «Պատերազմի», «Հանեսի», «Ձմռան գիշերի», «Պապ թագավորի», «Ղաչաղանի», «Ինժեների մոր», «Ցանկապատի», «Երկաթուղու», «Մի կյանքի պատմության», «Հուշերի գրքի», «Խնձորի այգու» հեղինակին։ Փառքին նույնպես սնունդ հարկավոր է, և փառքի թռչունը հայրենի գրականության այդ անխոնջ հերկվորի ետևից ակոս առ ակոս դեռ երկար է պտտվելու։
Նա գրականություն էր բերել իր հողագործ հայրենակիցների ոչ թե զբաղմունքը (ամեն ոք իր տեղում), այլ հողագործի նրանց խիղճը և լրջմիտ վերաբերմունքը իրենց գործին։ Սպիտակ թղթի դեմ ամեն անգամ նա նստել է հավատավոր այնպիսի լրջությամբ, ինչ ծանրումեծ լրջությամբ հերկ են անում գյուղացի մարդիկ - չխաբել, որպեսզի չխաբվել, տալ ամբողջ կարեցածը և ստանալ ամբողջ եղածը, թեկուզ՝ չխաբել խաբելուն չվարժվելու համար։ Եվ բառերը նրան երբեք չդավաճանեցին, ամեն բառ եկավ նստեց ճիշտ իր տեղը և այդպիսով դադարեց բառ լինելուց, դարձավ մարդ, առարկա, շարժում՝ ճշմարիտ գրականություն, ինչը որ բեկել ու թեքել չկարեցան ժամանակների իբր թե արդիական հոսանքներն ու նրբին ենթահոսանքները։ Հոսանքը, ենթահոսանքը, ժամանակը, արդիական գրողի քո եսն է, հավատարմությունը գրողական քո եսին՝ հավատարմություն է ժամանակի ոգուն։ Զորյանը միշտ հավատարիմ էր իրեն և միշտ էլ հույժ արդիական էր, նույնիսկ այն ժամանակ, երբ նրան համարում էին «ուղեկից»։
Նրա Մարտին ապերը հենց ինքը հեղինակն է, նրա Մաճկալենց Դավիթը ինքը հեղինակն է, Վարազդատ թագավորը բնիկ ղարաքիլիսեցի ազնիվ ու հիմարավուն մեկն է, նրա իշխանները բարկանում ու զարմանում են ճիշտ նրա պապերի նման, նրա Փավստոսը ղարաքիլիսեցի բանսարկու է, ճիշտ այնպես, ինչպես մեր էպոսի մեջ սասունցի հովիվ-հողագործներ են Սասնա իշխաններ Սանասար-Բաղդասարը, Մհերը, Դավիթը։
Զորյանը մեր գրականությունը բնակեցրեց իր նմանների մի մեծ բանակով - քչախոս, աշխատասեր, ազնիվ, մտահոգ, մշակ մարդկանցով. դրանք իր սերերն էին, և աստծու ստեղծած աշխարհն ապականող մարդկանց մի մեծ բազմությամբ. դրանք իր ատելությունն էին։
Զորյանը բավական երկար ապրեց, բայց և չտեսավ իր գործերից ոչ մեկի մահը։ Նրանք, չնչին կորուստներով, ուղեկցեցին իրենց ստեղծողին նրա գեղեցիկ կյանքի ամբողջ ընթացքում, իսկ երբ նրա հոգնած մարմինը խոնարհվեց հողին, նրանք շարունակեցին իրենց թևաբախումը դեպի գալիք սերունդներ։ Հիսուն-վաթսուն տարին արձակի համար լավ փորձաշրջան է։ Մեր այս դարի վաթսունական թվականներին նա հավատում էր գրականությանը և «Հուշերի» գրքով ստեղծեց իր նախորդների՝ մեր մշակույթի մեծ ու փոքր երախտավորների դիմանկարները։ Ստեղծեց զորյանական իր խոր հարգանքով ու մեղմ սիրով։ Նախորդների մասին այդպես խոսել կարող էր միայն մեր ապագա իրականությանն ու նրա գրականության ուժին հավատացող մարդը։
Երեք տարի առաջ Զորյանը մահացավ, և մենք հանկարծ նկատեցինք, որ չկան, մահացել են Իսահակյանը, Դեմիրճյանը, Շիրվանզադեն, Թումանյանը, Տերյանը... Նրանք ապրում էին Զորյանի մեջ։

Յատուկ Երաժշտություն
Նոկտյուրն
Էդուարդ Բաղդասարյան

Նոկտյուրն

Ամառային օր
Ամառային օր
Խաղա առցանց