Հրանտ Մաթևոսյան

Իմ Ծմակուտը մեծ աշխարհի մի մասն է

Արձակագիր Հրանտ Մաթևոսյանի առաջին գիրքը՝ «Մենք ենք, մեր սարերը», լույս տեսավ 1962 թվականին: Քննադատները և ընթերցողներն անմիջապես նկատեցին, որ նա ասելիք ունի մարդկանց, որ կարողանում է պատմել: Անշտապ, տևական դադարներով հայտնվեցին գրողի հետագա գրքերը, որ թարգմանվում էին ԽՍՀՄ ժողովուրդների շատ լեզուներով, տպագրվում էին արտասահմանում: Չափազանցություն չի լինի ասել, որ Հրանտ Մաթևոսյանի վառ, ինքնատիպ արձակը ամբողջ աշխարհ է՝ կենդանի, շարժուն, առավելագույն նյութեղեն, դիտված մեր ժամանակակցի հայացքով և բնակեցված մեր ժամանակակիցներով:
Բայց ո՞վ է նա՝ Հրանտ Մաթևոսյանի հերոսը: Այս հարցից էլ սկսվեց մեր զրույցը:
– Նա այն մարդն է, ում կոչում ենք հասարակ, ով անցյալում չէր հայտնվում պատմական ժամանակագրությունների ու տարեգրությունների մեջ, ուր արձանագրում էին միայն նշանավոր մարդկանց կյանքն ու գործերը: Հասարակ մահկանացուների մասին հիշատակվում էր միայն այն ժամանակ, երբ նշվում էր ռազմադաշտում զոհվածների թիվը: Ես ուզում էի լինել մեր օրերի ժամանակագիրը և գրել նրանց ճակատագրի մասին, որ ընդհանուր վիճակագրության մեջ հաշվվում են միայն որպես մարդկային միավոր, բայց անհատականություն են: Որովհետև ես համոզված եմ, որ յուրաքանչյուրը, եթե ուշադիր զննենք նրա կյանքն ու ապրումները, գրողին հարուստ նյութ է տալիս մեր ժամանակի մասին մտածելու համար,– ասում է Հրանտ Իգնատի Մաթևոսյանը:
Մաթևոսյանի հերոսների հետ հանդիպելու համար պետք է բարձրանալ լեռնային Ծմակուտ գյուղը: Իսկ դրա համար պետք է իջնել նեղ կիրճում կամրջված կայարանում. ժայռերը տեղ էին զիջել ճիշտ այնքան, որ տեղավորվեր երկաթուղագիծը. կայարանը հենասյուների վրա կախվել էր գետի վրա:
Մարդկանց կյանքն այստեղ դժվար է, և պետք է մեծ ջանքեր գործադրել տուն ու ընտանեկան օջախ ստեղծելու համար: Մենք տեսնում ենք ինչքան դժվար է ամեն ինչ հաջողվում Աղունին ու Սիմոնին «Մայրը գնում է որդուն ամուսնացնելու» վիպակից: Ճիշտ է սրալեզու Աղունը. «Էս տանն ամեն ինչ ստեղծվել է աշխատանքով, ծնվել է՝ ինչպես երեխան է ծնվում՝ ցավով, արյունով, տանջանքով, ու ոչինչ չի տրվել հեշտ, ոչինչ հավի ձու ածելու պես չի եղել...»: Եվ այդպես կարելի է ասել Ծմակուտի ամբողջ կյանքի մասին՝ դժվար, այնուհանդերձ՝ գեղեցիկ:

– Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք գրել Ծմակուտի մասին Ձեր ասքը:
– Ծմակուտ բառը եթե ռուսերեն թարգմանենք, կնշանակի «անտառներում», խորքերում: 60–61 թվականին «Մենք ենք, մեր սարերը» Անտառամեջի հովիվների մասին վիպակի հետ միաժամանակ մի վիպակ էլ էի գրել, որի նախատիպերը իմ հարազատ Ահնիձորի բնակիչներն էին, բայց որպեսզի համագյուղացիներս իրենց չճանաչեն, գյուղն անվանեցի Ծմակուտ: Այդ վիպակը չստացվեց: Ես հասկացա, որ միայն պատրաստի նախատիպերով հարց չի լուծվում: Բայց մնաց համագյուղացիներիս Ծմակուտում «վերաբնակեցնելու» գաղափարը: Դա հնարավորություն էր տալիս ազատ վարվել նյութի հետ, Ծմակուտում միավորել այն ամենը, ինչ ես գիտեի Ահնիձորի մասին և լսել էի ու գիտեի այլ տեղերի մասին: Համագյուղացիներս, իհարկե, ճանաչում են իրենք իրենց: Բայց ամենահետաքրքիրը՝ ճանաչում են ոչ միայն այն պատմությունների մեջ, որ իրականում տեղի են ունեցել: Դա ուրախացնում է՝ նշանակում է հնարված իրավիճակները համապատասխանում են իմ հերոսների բնավորությունների տրամաբանությանը:
Հայրենակիցներս ինձ համարում են միջնորդ իրենց և մեծ աշխարհի միջև: Իսկ ես տեսնում եմ, որ իմ փոքրիկ գյուղը մեծ աշխարհի մի մասն է: Այնտեղ նույն խնդիրներն են, ինչ ամենուր: Ես համոզված եմ, որ Ծմակուտից «դուրս չգալով» կարելի է պատասխանել աշխարհի ամենացավոտ հարցերին...
Նման հարցերից մեկը պատերազմն է: Քառասունութ ծմակուտցիներ պատերազմից չվերադարձան: Գերեզմանոցում, ուր նրանց պապերն ու նախապապերն են թաղված, նրանց գերեզմանները չկան. «քառասունութ երիտասարդներ չվերադարձան մարտադաշտից, քառասունութ հնձվորներ, հովիվներ, ուսուցիչներ, հողագործներ՝ մի ամբողջ զրնգուն երգչախումբ». սա «Այն ժամանակ, ձմռանը» պատմվածքից է առաջին հետպատերազմյան ձմռան մասին, այրիների ու որբերի: «Տաշքենդ» վեպում գրողի միտքն առաջ է գնում՝ բարոյական մեծագույն կորուստների մասին, որ պատերազմի պատճառով կրել է գյուղը:
– Պատերազմը հնձեց մեր հայրերի սերունդը՝ մեծ աշխատավորների ոսկե սերունդը, իսկ մեզ զրկեց մանկությունից... Մի՞թե նորմալ է, որ տասնամյա տղան հագնում է հոր սապոգները ու իրեն մեծ է համարում, կամ երբ ատում է ծերուկներին, որովհետև նրանք ապրում են, իսկ իր հայրը՝ ոչ:
Թե ինչ է պատերազմը, հավանաբար կկարողանան հասկանալ միայն նրանք, ովքեր զգացել են այն ոչ ռազմաճակատի գծում, այլ խոր թիկունքում: Հիշում եմ՝ մի անգամ Սարոյանը (իմ սիրելի գրողներից մեկը, նրա հետ հանդիպումները ինձ համար միշտ նվեր են) ինձ հարցրեց. «Ի՞նչ էիք ուտում պատերազմի ժամանակ»: Եվ ոչ մի կերպ չկարողացավ հասկանալ, որ միայն կարտոֆիլ ենք կերել: «Կարտոֆի՞լ: Իսկ ինչի՞ հետ»: Այդ ժամանակ ես ցույց տվեցի, թե երկու ձեռքիս կարտոֆիլ եմ պահում. «Ասենք սա պանիր է, իսկ սա՝ հաց, իսկ իրականում երկուսն էլ կարտոֆիլ են»: Նա ծիծաղեց, իսկ ես այդպես էլ չիմացա՝ հասկացավ թե ոչ: Հիմա աշխարհում վերստին պատերազմի վտանգ կա: Եվ դա ստիպում է նորից ու նորից խոսել այն աղետների մասին, որ բերել է պատերազմը, մարդկությանը պաշտպանելու ճանապարհներ որոնել: Եվ այդտեղ ոչ վերջին դերը կարող է խաղալ գրողի խոսքը:
– Գրական ստեղծագործության մեջ ի՞նչն եք ամենից շատ գնահատում, ի՞նչ հարաբերություններ ունեք Ձեր հերոսների հետ:
– Ասում են՝ Էյֆելյան աշտարակի շինարարությունից հետո շինհրապարակից հավաքվեց ընդամենը տասնվեց կիլոգրամ շինաղբ ու մնացուկներ: Ահա թե ինչ է նշանակում նախագծային մտքի ու տեխնիկական հաշվարկի հրաշք:
Որոշ գեղարվեստական ստեղծագործություններ էլ «նախագծված են» այնպես, որ ոչ ավելացնել, ոչ պակասեցնել ոչինչ հնարավոր չէ՝ թեման ամբողջությամբ սպառված է, և պարզ է, որ ոչ մի ուրիշ գեղարվեստական լուծում չի կարող լինել: Դա հիացնում է: Բայց ինձ համար առավել գրավիչ են այն ստեղծագործությունները, որ փոխանցում են անվերջությունը, աշխարհի ու կյանքի հավերժությունը: Նրանք երևակայության, ավարտուն տեսքի, համապրումի տեղ են թողնում: Կարծես գնում ես անտառային կածանով ու դուրս ես գալիս մեծ ու գեղեցիկ դաշտ, ավելի առաջ ես գնում ու նոր դաշտերի ես հանդիպում՝ մեծ, փոքր, ամեն անգամ նոր: Երբ գրում եմ, նյութն ինձ իրեն է ենթարկում: Ես չեմ կարող իմ հերոսին ուժով խցկել իմ ցանկացած տեղը, և պատահում է, որ իմ հերոսն ինձնից հեռանում է մի կողմ՝ տեղը զիջելով նրանց, ովքեր ավելի մեծ բարոյական ուժ ունեն: Այնքան եմ զղջացել, որ «Բաց երկնքի տակ հին լեռներ» պատմվածքի,– դա «Տաշքենդից» առաջ է գրվել,– հովիվ Օհանը մահացել է: Վեպում նրա անունը հաճախ է հիշատակվում: Եվ պատահական չէ, որ երկու Թևաններն իրենց ավագ ընկերոջ կարիքը շատ են զգում: Բա ե՜ս ինչքան շատ եմ զգում...
– Ի՞նչ չափով է Ձեր պատմվածքներում ներկա ինքնակենսագրական սկիզբը:
– Հավանաբար այնքան՝ ինչքան այլ գրողների դեպքում: Իմ մասին կարող եմ ասել, որ անհարմար եմ զգում չափազանց շատ երևակայել, հեռանալ ծանոթ մարդկանցից ու տեղերից: Հասկանալի է, որ միայն սեփական հիշողությունը գրողի համար չափազանց նեղ շրջանակ է: Զարգացած հաղորդակցուղիների դարում մտածելու մղող տեղեկատվությունը ամեն տեղից է ստացվում: Նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռու տեղի ունեցած ինչ-որ փաստի կամ երևույթի մասին հաղորդագրությունը կարող է հարուցել ամբողջ շարք զգացումներ, ստիպելով նորովի նայել այն ամենին, որ վաղուց ի վեր քեզ հայտնի էր ու ծանոթ... Հիշողության մեջ ամրագրվածը գեղարվեստական ստեղծագործության մեջ շատ տարբեր է մեկնաբանվում: Շատ վաղուց էի լսել այն ծերունու մասին, որ կնոջ հուղարկավորության ժամանակ ասել էր, թե ինքն էլ քսան օրից կմեռնի և իրոք մահացել էր: Հպանցիկ, հընթացս, այլ՝ հակադիր բնավորությունն ընդգծելու համար այդ մասին ասվել է «Մենք ենք, մեր սարերը» վիպակում: Ինչպես լսել եմ, այդպես էլ գրել եմ: Բայց այդ ծերունին արդեն քսան տարի ապրում է իմ մեջ, և այն վեպում, որ հիմա գրում եմ, այդ պատմությունն անսպասելի զարգացում է ստանում բարոյական ու հոգեբանական առումով:
Հաճախ մի դրվագը կարող է հիշողությունների հորձանք արթնացնել: Մի անգամ հայրս, որ համեստ ու քչախոս մարդ է, ինձ խնդրեց. «Եթե քեզ համար դժվար չի, քո գրքերից մեկում պատմիր իմ վախի մասին: Քառասուն օր ցորենի դիմաց աշխատեցի ուրիշի գյուղում, ցորենը բարձեցի մեր ձիուն ու տուն էի վերադառնում: Այնքան դժվար էր: Վախենում էի, որ կկողոպտեն, ձին կտանեն ու ձեռնունայն տուն կվերադառնամ...»:
Դա հավանաբար 47-ի աշնանն էր: Ես հիշում էի՝ ինչպես նետվեցինք տուն մտած հորս պարկի վրա՝ հույս ունենալով, թե նվերներ է բերել... Ցորենի պարկի մեջ մի կանաչ, խակ ընկույզ կար միայն... Ես հիմա եմ հասկանում, որ ինչ նվերի մասին նա կարող էր մտածել, եթե մինչև հիմա հիշում է տունդարձի ճանապարհին իր վախը: Եվ այդ կանաչ ընկույզը՝ միակ բանը, որ մեխվել էր հիշողությանս մեջ, պատկերների հորձանք առաջացրեց:
Վեպում դա կլինի մեծ հատված՝ երեխաները մրջյունների պես լանջով իջնում են աղբյուր՝ ջուր կրելու... Նիհար, հոգնատանջ հայրը նստել է փայտե տաշտի մոտ, բակ է նետված նրա կեղտոտ, ոջլոտած հագուստը: Մայրը նրա լայն ուսերին է լցնում տաք ջուրը, մոխրով տրորում: Իսկ հետո հանում է երեխաներից թաքցրած, դեռ նախապատերազմյան ժամանակներից պահած բուրավետ օճառի կտորն ու օճառում է հոր ուսերը: Եվ այդ օճառը, որ նա պահել էր փոքրիկ աղջկանից (բուրմունքից գայթակղված՝ պստիկն ուզում էր օճառն անպայման ուտել), ամենապերճախոս վկայությունն է, որ նա սիրում է ամուսնուն...
Գրողը հիշում է իր մանկությունից ևս մի դրվագ. իր սեփական վախի մասին: Վաղ գարնանը, տասնամյա երեխա, ուրիշ երեխաների հետ կովին տարել է արոտ: Գարնան առաջին կանաչի որոնումներում նրանք բարձրացել են թեք կածաններով: Կովերին ցուրտ քամուց պաշտպանելու համար ծածկել են հին քուրքերով: Գիշերել են կրակի մոտ: «Ավելի մեծ երեխաները խոսում էին կանանց մասին՝ մեկ առ մեկ, տուն առ տուն նրանց քննարկելով, և ես, շունչս պահած, վախով սպասում էի, որ նրանք կհասնեն մեր տանը: Բայց, մորս անունը տալով ու էլի հարևանուհիներից մեկին հիշելով, նրանցից մեկն ասաց. «Այ, նրանք մաքուր են»... Մորս մասին վատ բան լսելու այդ տագնապն ու վախը ամբողջ կյանքում հիշում եմ»: Եվ հանկարծ, հիշողություններն ընդհատելով, ասում է.
– Ուզում եմ տասը պատմվածք գրել: Սկզբի որոնումները, անխնա բացված հանգույց, ներքին բարոյական բովանդակություն՝ արտաքին իրադարձությունների խորքում... Պատմվածքը դրա համար եմ սիրում...
– Պատկերացնո՞ւմ եք Ձեր ընթերցողներին: Ի՞նչ նամակներ են Ձեզ գրում:
– Նախ և առաջ նրանք խելացի ու նրբազգաց ընթերցողներ են, որ սիրում են գրականությունն ու անսահման հավատում են: Երբ կարդում եմ նրանց նամակները, զգում եմ, որ ամենանվիրական հույսերն են փայփայում: Եվ ամաչում եմ ու խղճի խայթ եմ զգում իմ թեթևամտության ու թերությունների համար: Պատահում է, որ տրվելով ամսագրի հորդորներին՝ հրապարակում ես անավարտ գործը ու հանկարծ նամակ ես ստանում, որից հասկանում ես՝ ընթերցողն ավելի շատ բան է հասկանում քո գրածից, քան ցանկացել ես ասել: Նրանք համահեղինակ են, և ես կարծում եմ՝ իսկական տաղանդ պետք է ունենալ այդպիսի ընթերցող լինելու համար:
Ինչին են ամենից շատ արձագանքում: Հայ ընթերցողները՝ ժողովրդական բնավորություններին, ազգի ճակատագրին, ապագայի մասին դատողություններին: Համամիութենական ընթերցողը, որ ռուս գրողների գրքերով դաստիարակվել է բարոյական հիմնահարցերով, իմ գրքերում հենց այդ կողմի վրա է ուշադրություն դարձնում:
Հրանտ Մաթևոսյանը կինոյի կրքոտ սիրահար է: Ժամանակին նա նույնիսկ սովորել է բարձրագույն սցենարական դասընթացներում՝ մտադրված լինելով լրջորեն զբաղվել կինեմատոգրաֆով: Ի դեպ, վերջերս Հայաստանում նկարահանվեց «Տերը» ֆիլմը նրա կինովիպակի հիման վրա: Ֆիլմը անտառապահի մասին է, որ պայքարում է բնության պահպանության համար, հին քաղաքակրթության պահպանության համար, որ ստեղծվել է ժողովրդի դարավոր աշխատանքով:
– Իմ ստեղծագործություններով նկարահանված չորս-հինգ ֆիլմերից առավել հաջողվածը համարում եմ Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը», թեպետ ես իմ վիպակում կինոյի համար նյութ չէի տեսնում: Ընդհանրապես ես կինոյում անհաջողակ եմ: Բայց վերջիվերջո հանգեցի այն եզրակացության, որ լավ ռեժիսորներն իրենք են գրում իրենց ֆիլմերի սցենարը, իսկ գրողները պիտի զբաղվեն գրականությամբ: Եվ ուրախանան ուրիշների հաջողությամբ, հաճույք ստանալով իբրև հանդիսատես: Լավ ֆիլմը վերապրել-զգալը տևական ժամանակի հաճույք է: Վերջին ժամանակների լավագույն ֆիլմերից եմ համարում Բալայանի «Թռիչքներ երազում և հարթմնի», Չեխովի պատմվածքի հիման վրա նկարված «Համբույրը», Տուրգենևի՝ «Բիրյուկը»... Իսկ «Տերը» բոլորն այնքան են գովաբնում, որ վախենամ թե կստիպեն հավատալ, թե լավ ֆիլմ է ստացվել...
– Գրականության մեջ ո՞ւմ եք համարում Ձեզ ուսուցիչ: Ժամանակակիցներից ո՞վ է Ձեզ ավելի մոտ:
– Առաջին լուրջ գիրքը, որ կարդացել եմ, հավանաբար Շոլոխովի «Խաղաղ Դոնն» էր, հետո սիրահարվեցի Չարենցին ու Բակունցին: Նրանք այդպես էլ մնացին ինձ հետ: Չարենցն իբրև բանաստեղծական վարպետության ու մտքի օրինակ: Բակունցը հիացնում է ժողովրդի կյանքի իմացությամբ: Ամենաառաջին կարդացածս տողերից ինձ հետ է Հովհաննես Թումանյանը՝ ինչպես գետակը հոսում ու աննկատելի ոռոգում է հողը: Այդ հիմքից են աճել սերը, հիացմունքը հայերեն բառի, հայոց լեզվի նկատմամբ: Կարծում եմ՝ հենց Թումանյանն է ինձ նախապատրաստել իսկական գրականության ընկալմանը: Այն ամենը, ինչին նա դիպել է, դարձել է փաստ, հայ մշակույթի ոգեղենության մաս, այդ թվում Պուշկինից կատարած թարգմանությունները: Նա իբրև անհատականություն էլ բարոյականության բարձրագույն օրինակ է: Ինչ ասես արժի խաղաղարարի նրա առաքելությունը, երբ սպիտակ դրոշով անցավ ամբողջ Հյուսիսային Հայաստանով դեպի ադրբեջանական գյուղեր, որ կանխի արյունալի ընդհարումները... Մեր Ահնիձորը Դսեղին մոտ է, և իմ հայրենակիցները նրան հիշում են: Մի ժամանակ ուզում էի Թումանյանի մասին գիրք գրել: Մտադրությունս չստացվեց: Բայց իմ շատ գործերում ծմակուտցիները հիշում են նրա կյանքի տարբեր դրվագները, նրա բանաստեղծությունների տողերը: Թումանյանի մասին մեծ հատված կլինի այն վիպակում, որ հիմա գրում եմ: Ուզում եմ, որ այդ առանձին հատվածներից ձևավորվի հրաշալի բանաստեղծի, հայրենասերի, քաղաքացու կերպարը:
Ժամանակակիցներից սիրում եմ Յուրի Կազակովին, Վասիլի Շուկշինին, Վասիլի Բելովին, Անդրեյ Բիտովին, սիրում եմ ամերիկացիներին՝ Հեմինգուեյին, Ֆոլքներին, Սարոյանին... Գրական նախասիրությունները տարիների հետ փոխվում են: Եթե առաջ գրականության մեջ գրավում էր աշխարհի գեղեցկությունը փոխանցելու հեղինակի կարողությունը, հիմա գրավում է միտքը, մտքի արտահայտման ճշգրտությունը, դիպուկությունը: Չեմ դադարում Տոլստոյ վերընթերցել՝ «Հաջի Մուրադը», «Խոլստոմերը», «Իվան Իլյիչի մահը»:
Ես հիշում էի գրականության մասին մեր խոսակցությունը երևանյան վաղուցվա հանդիպման ժամանակ: Խոսելով սիրելի գրողներ Պուշկինի, Գոգոլի, Չեխովի, Դոստոևսկու մասին, Մաթևոսյանը ընդգծում էր նրանց վերաբերմունքը մարդու նկատմամբ՝ միայն կարեկցանքն է օգնում գրողին մինչև վերջ հասկանալ իր հերոսին, ներթափանցել նրա հոգեբանության մեջ: Եվ համադրելով այն ամենը, ինչ լսեցի հիմա, ես հասկացա՝ ըստ էության, հենց դա էլ նրա համար մնացել է գլխավորը:

Զրույցը վարեց Մ. ԻՍԿՈԼԴՍԿԱՅԱՆ
«Սովետսկայա կուլտուրա»
("Советская культура", Москва), 18.10.1984

Յատուկ Երաժշտություն
Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար
Ղազարոս Սարյան

Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար