Հրանտ Մաթևոսյան
Հրանտ Մաթևոսյանը կորցրել է ծաղուղու...
«Օրագրի» այս տարվա վերջին հյուրը Հայաստանի գրողների միության նախագահ, արձակագիր Հրանտ Մաթևոսյանն էր: Ստորև որոշ կրճատումներով ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում մեծ արձակագրի և լրագրողների զրույցը:
«Օրագրի» հարցերը
– Հայաստանի երրորդ հանրապետության գոյության ընթացքում մեր արվեստագետները, գրողները, նկարիչները, կոմպոզիտորները կարծես իրենց տեղը չեն գտնում: Մեկ քաղաքականության մեջ են հայտնվում... Կարճ ասած՝ տպավորություն է, թե նրանք ամեն ինչով զբաղվում են, բացի արվեստից: Հիմա մեր իրականության մեջ տեղ ունի՞, Ձեր կարծիքով, մտավորականը: Եվ որն է այդ տեղը:
– Հարցը մի քիչ մաշված է, ու այդ հարցին անդրադարձել եմ, ու երևի այս անգամ էլ պիտի կրկնեմ այդ կապակցությամբ արված լավագույն բանաձևումս: Էպոխա է փոխվում: Ոչ թե Հայաստանի երկրորդ հանրապետությունից անցում ենք կատարել դեպի երրորդ հանրապետություն, այլ մի էպոխայից անցում ենք կատարել մի ուրիշ էպոխա: Հեղափոխությունից հետո պահածոյացվել, աշխարհից հետ էինք մնացել, և ահա միանգամից դարպասները բացեցին: Աշխարհը խուժեց մեր մեջ, մենք խուժեցինք աշխարհի մեջ: Իդեոլոգիկ բնույթ ունեցող հանրապետությունը միանգամից հայտնվեց այլ վիճակում, այլ միջավայրում: Եվ այդ միջավայրում բոլորս շփոթված ենք՝ և՛ մտավորականությունը, և՛ քաղաքական այրերը: Ես ինքս կարոտել եմ մաքուր հրապարակների, ապաքաղաքականացված լեզվի, ապաքաղաքականացված վարքի, քաղաքացու սովորական կյանքի: Եթե խղճի առջև մի քիչ ազնիվ լինենք, պիտի տեսնենք, որ այսօրվա վիճակը, երբ նշանավոր գրողը, նկարիչը չկա, երեկ էլ նույնն է եղել: Անապատը ի վերջո գոյություն ուներ նաև երեկ: Հայ գրականություն կարծես թե խոշոր հաշվով կար, բայց դարձյալ չկար: Այն անհատականությունները չկային: Հիմա էլ մեր իրականությունից ցնցված ենք, շփոթված: Ու փոքրիշատե տանելի ամեն մի տեքստի համար ես ուրախ եմ, որ մարդիկ կարողանում են իրենց վերագտնել և մի բան ասել: Ես ուրախ էի և հիմա էլ ուրախ եմ, որ Ռազմիկ Դավոյանը կարողացավ «Ռեքվիեմը» շարունակել: Շատ լավ է, որ կարողացավ հաղթահարել ու «Ռեքվիեմի» երկրորդ մասը գրել: Չնայած վերջինս ոչ առաջվա էներգիան ունի, ոչ էլ պատանեկան հայացքի թարմությունը: Կան էլի մի քանի հեղինակներ: Օրինակ, Աղասի Այվազյանը: Ես հեռացա՞ հարցից:
– Ինձ հետաքրքիր է, Դուք հնարավոր համարո՞ւմ եք ոչ գաղափարական պետության գոյությունը:
– Եթե կապիտալիզմը գաղափարախոսություն է, եթե կապիտալիզմը բնական մի բան չի, ուրեմն չեն կարող ոչ իդեոլոգիական պետություններ լինել: Բայց իմ կարծիքով դա իդեոլոգիա չէ:
– Բայց ամեն դեպքում, ցանկացած իրականություն ձևակերպման կարիք է զգում: Ու այդ հիմնական ձևակերպողները գրողներն են, արվեստագետները: Բայց այսօրվա Հայաստանը չի ձևա-կերպվում արվեստում, ու չի ձևակերպվում նաև նրա ապագան:
– Առաջին օրերից էինք շփոթված: Երբ տրվեց անկախությունը, կարծես թե ոգևորված չէինք, որովհետև ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ: Իրականությունը չմտավ մեր լեզվամտածողության մեջ, մեզ համար բառամթերք չդարձավ: Իրականությունը գնաց իր հունով, իսկ իրականության ընկալումը պոեզիայով, արձակով, քաղաքական կուսակցություններով՝ բոլորովին այլ հունով ընթացավ: Իրականությունը չտրվեց մեզ: Մենք ի զորու չեղանք իրականությունը վերցնել մեր մեջ: Լրագրողները երբեմն գրողին, մտավորականին են մեղադրում իրականությունից խուսափելու համար: Բայց դա մեղք չի: Ծանր իրականությունը կամ չի տրվել, կամ դժվարությամբ է տրվել գրողին:
– Հիմա Հայաստանում գրողը, մտավորականը գիտի՞ իր անելիքը, տեսնո՞ւմ է իր անելիքը, պատկերացում ունի՞ այդ մասին:
– Իմ փորձից, իմ զգացողությունից ասեմ, որ ես իմ ընթերցողին չեմ տեսնում: Չեմ տեսնում ծառուղու վերջում նստած այդ աղջկան, որ իմ գիրքը ծնկներին դրած կարդում է, և ես իր համար հերոս եմ: Վախենամ, որ կորցրել ենք բոլորս: Բայց համարեմ, որ դա ժամանակավոր վիճակ է: Հույս ունենանք, որ ժողովուրդը նորից կտեսնի իր հեռանկարը, և արժեքները կվերադառնան իրենց տեղը:
– Այսինքն, ինչպես ժամանակը դուրս է մղել արվեստագետին, այդպես էլ նա արվեստագետին կվերադարձնի՞:
– Գուցե: Բայց այսօրվա իրականությունը մեր դժբախտությունն է, ու ես ուզում էի այդ դժբախտության մեջ մենակ չլինել: Ֆրանսիայից լրագրողների խումբ էր եկել, հարցրի, թե արդյո՞ք ձեր գրքերն էլ չեն կարդացվում: Ինքը հանգիստ ծոցատետրը հանեց, հաշվեց և ասաց, որ վերջին տարիների ընթացքում Ֆրանսիայում 1 միլիոն 200 հազար օրինակ Կամյու է վաճառվել: Փաստորեն ֆրանսիացի լրագրողը ինձ իմ դժբախտության մեջ մենակ թողեց: Բայց առհասարակ գրքի դերի նվազեցում նկատվում է, և ոչ միայն այստեղ: Ամբողջ աշխարհում է այդպես: Եվ դա գրողի մեղքը չէ: Ոմանք արձանագրում են հայ գրականության աննկատ մահը, բայց իրականում խոսքը վերաբերում է ամբողջ գրականությանը: Ես գրքի մահն եմ տեսնում: Երբեմն էլ մտածում եմ, որ մեղքը մերն է, որ մենք գիրքը պիտի կարողանանք պարտադրել հանրությանը: Ինչպես, փաստորեն, Կամյուն պարտադրեց: Բայց մեզանում շատ քչերն են դիմանում:
– Դուք ասացիք, որ գրքի ազդեցության նվազում եք արձանագրում: Այդ դեպքում ինչն է մեր կյանքում փոխարինելու գրքին:
– Ժամանակին Գևորգ Էմինը ասում էր՝ Լևոն Իշտոյանի ոտքը փոխարինում է իմ գլխին: Վիրավորված էր: Բայց պետք չէ վիրավորվել: Լևոն Իշտոյանի ոտքը հանրությանը տալիս էր այն էմոցիան, որ Էմինի գլուխը պիտի տար: Եվ այդ էմոցիան շատ բաներ կարող են ապահովել՝ հեռուստատեսությունը, կինոն, փողոցի դիզայնը, մեքենաները, աղջիկների քայլվածքը, հագուստը: Այս ամենը գալիս են բավարարելու էմոցիոնալ այն պակասը, ինչ որ ժողովուրդը իր կիսամաշ շորերի մեջ երեկ ստանում էր Նաիրի Զարյանի «Հացավանից»: Նոր իրողությունների ֆոնի վրա առաջանալու է գրողների մի այնպիսի խումբ, որ կարողանալու է այս ամենը իր համար պլատֆորմ դարձնել և բարձրանալ այդ իրականությունից: Ինչպես երեկվա գորշության ֆոնի վրա բարձրանում էին երեկվա ֆիգուրները: Վստահ եմ, որ գրողը չի մեռնի, գրականությունը չի մեռնի:
– Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց մասին Ձեր կարծիքը դեռևս անհայտ է:
– Էն հին, բարի, լավ ժամանակներում, երբ քաղաքական վիճաբանություններ չկային, և քաղաքական խոսակցություններ միայն պատահաբար էին ծավալվում, ես ասում էի, որ եթե ստեղծեի, պահպանողական կուսակցություն կստեղծեի: Ես ավելի ետ գնամ և ասեմ, որ անկախությանը իմ վերաբերմունքը վերապահ էր: Ես ծափողջույնով չեմ մտել երրորդ հանրապետություն, այլ վախով, երկյուղով, որովհետև ես տեսնում էի այն կորուստները, որ այսօր ահռելի թափով ավելի են մեծանում: Այն ժամանակ ես տեսնում էի, որ ժողովուրդը ճամպրուկները կապած է: Մարդկանց ուշքն ու միտքը դրսում էր: Հետո այն ժամանակ էլ եկամուտների հիմնական մասը արտագնա աշխատանքից էր ստացվում: Այստեղ այդքան աշխատանք չկար: Այս հողը այդքան ժողովուրդ չէր բռնում իր վրա: Բնական է, որ մարդն իր գլխի ճարը տեսնելու համար այս երկրից պետք է գնար: Ես վախով էի վերաբերվում այդ ամենին: Մի փոքր ցնցում էր պետք, որ մի կերպ առաջացած այդ փխրուն մարմինը, որ կոչվում էր Հայաստան երկիր, փուլ գար, փլվեր: Ես վախենում էի դրա համար: Իմ աչքի լույսը չէին ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ տհաս և իրենց էգոիզմով ապրող «պոլիտիկները»՝ կլինի դա Զորի Բալայանը թե Սիլվա Կապուտիկյանը: Անխիղճ վերաբերմունք կար, և հիմարություն էր այդ ամբողջը, և իմ վերաբերմունքի մեջ ես վերապահ եմ եղել:
Իմ ընկեր նկարիչ Հակոբ Հակոբյանը ասում էր, որ այստեղ կատարվելիքը ուրիշ տեղ է որոշվում: Ես վիրավորվում էի, որ նա մեր երկրին օբյեկտի և ոչ թե սուբյեկտի դեր էր վերապահում: Բայց ճիշտն ինքն էր: Ինչ վերաբերում է վերջին ժամանակներին, մի խոշոր տագնապ ունեմ. կայացող ոչինչ չի հանդուրժվում այստեղ: Թե կայացող դեմոկրատիան, թե կայացող բռնապետությունը մեզանում չեն հանդուրժվում: Դրսի ուժերը այստեղ խաղաղություն չեն հանդուրժում: Մեր միջից կարողանում են խաբելով, կաշառքով իրենց կողմը քաշել: Սա ստույգ է: Դա է ցույց տալիս Լևոն Տեր-Պետրոսյանով մարմնավորված առաջին շրջանը, որ կարողացան վարկաբեկել, ցեխը կոխել, փչացնել Վազգեն Մանուկյանի միջոցով: Հիմա Ռոբերտ Քոչարյանի շրջանն է: Կտեսնեք, որ այս էլ չեն հանդուրժելու: Որևէ մեկի միջոցով, ձեռքով էս խաղաղությունը ավիրելու են մեծ տերությունները, որպեսզի իրենց դատախազական ներկայությունն այստեղ ապահովեն: Ես կողմ եմ թեկուզ բռնապետի խաղաղության: Ես յուրաքանչյուր ցնցումից վախենում և անհանգստանում եմ:
Այլ լրատվամիջոցների հարցերը
– Ռոբերտ Քոչարյանը երեկ իր հրամանագրով «Ոսկե եղեգ» գրական մրցանակ է սահմանել, ինչ կարծիքի եք այդ մրցանակի մասին:
– Մի քիչ հեռվից պիտի սկսեմ: Տարիներ առաջ ինձ կոմերիտմիության մրցանակ էին տվել: Լուսահոգի Վարդգես Պետրոսյանը շատ էր անհանգստացել, որ մրցանակն իրեն չէին տվել: Գիշերը կազմակերպել էին, Կենտկոմի առաջին քարտուղարի սեղանին գրություն էին դրել, ուր ինձ որակել էին հարբեցող և անբարոյական: Շարունակությունը հետագայում կոմերիտմիության քարտուղար Ստեփան Պողոսյանն է պատմում: Ասում է, որ վաղ առավոտյան Քոչինյանը իրեն կանչել է և պատմել պատմությունը: Ստեփան Պողոսյանն էլ ասել է, որ պետք է մրցանակ տալ ոչ նրան և ոչ էլ նրան: Ոչ Վարդգեսին ու ոչ էլ Հրանտին: Ինչ եմ ուզում ասել... Աղբը քիչ էր, հիմա էլ էս մրցանակը մտածեցին:
Մեզանում այս մրցանակը շատ շուտ վարկաբեկվելու է: Հետո պարզ չի մեխանիզմը, որ իսկապես արժանավորը ստանա: Եթե արժանավոր չկա, թող այդ տարի էլ մրցանակ չտան: Վարկաբեկվելու է... Շքանշաններն ինչպե՞ս վարկաբեկվեցին: Արկղերով բաժանում են, ու շատ շուտով հանրապետության ողջ բնակչության կուրծքը մեդալներով է զարդարված լինելու:
Ով է որոշելու, թե գրողներից ով է արժանի: Հաղթանակած զորավար Ռոբերտ Քոչարյա՞նն է որոշելու: Ձևը դարձյալ չեն գտել: Գուցե ավելի ճիշտ էր, որ մի երկու գրողի գրպանը մի քիչ փող դնեին, որ մի երկու տարի հանգիստ լիներ ու գրեր ուղղակի: Լևոն Խեչոյանն, օրինակ: Եթե նրան են տալու, թող մրցանակի ձևով տան:
– Ի՞նչ վերաբերմունք ունեք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
– Քոչարյանից երկու լավագույն տպավորություն եմ ստացել: Մեկը ռուս հեռուստալրագրող Կարաուլովի հետ հարցազրույցի ժամանակ, և հետո, երբ Քոչարյանը Հայաստանի վարչապետ էր: Նրանից հետո ես գործ չունեմ:
– Իսկ ինչո՞ւ չեք գրում հիմա:
– Որ անկեղծ լինեմ՝ գրիչը ձեռքիցս ընկել է: Գլխավոր պատճառը այն ծառուղում նստած, իմ գիրքը ծնկներին դրած կարդացող աղջկա բացակայությունն է: Նրան կորցրել եմ: Գուցե նա կա, բայց ես նրան կորցրել եմ: Պարույր Սևակի հատորյակը 60 հազար տպաքանակով մի օրում սպառվում էր: Իսկ հիմա Սևակի 6 հատորը 6 հազար դրամով դրած է, ու չեն առնում: Սա մեծ հարված է: 2000 օրինակով Չարենց տպագրեցին, 500 օրինակ կամ վաճառվել է, կամ չի վաճառվել:
Ուրիշ պատճառ էլ կա. տեղ չունեմ նստելու, մեկուսանալու, կուրանալու մեր իրականությունից: Չեմ կարողանում ականջներս մաքրել 88-ի այդ աղմուկից: Չեմ կարողանում վերանալ այդ իրականությունից: Չգիտեմ ով է ինձ օգնելու, որ ես վերադառնամ իմ սքանչելի գործին: Ես կուզենայի վերադառնալ դրան:
«Օրագիր», 26.12.1998 թ.