Հրանտ Մաթևոսյան
Գրական աշխարհի հրճվանքն ու հոգսերը
1978-ի վերջերին «Սովետական գրող» հրատարակչությունը լույս ընծայեց Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» վիպակների գիրքը և «Մեր վազքը» մանկական պատմվածքների ժողովածուն: Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը լայն ճանաչում է գտել ոչ միայն Հայաստանում, Սովետական Միությունում, այլև արտասահմանում: Նրա վիպակներն ու պատմվածքները լույս են տեսել անգլերեն, իսպաներեն, նորվեգերեն, գերմաներեն, ճապոներեն, լեհերեն, հունգարերեն, չեխերեն, սլովակերեն, բուլղարերեն և ՍՍՀՄ ժողովուրդների բազմաթիվ լեզուներով: Վերջերս անվանի արձակագիրը «ԳԱ»-ի խմբագրատանն էր և սիրով պատասխանեց մի քանի հարցերի:
– Ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր գիրք չեն գրում:
– Գրելուց, երևի, նրանց ետ է պահում գրաշուկայի գորշ գրականության զգալի քանակը, նրանք ըստ երևույթին հիանալի ընթերցող են, այսինքն լավը վատից ջոկում են և նույնիսկ վարպետորեն սարքված միջակությունն են զատում իսկական տաղանդի թեկուզև անփույթ բռնկումից, նրանք ուրեմն չեն ուզում գորշության վրա գորշություն ավելացնել և լավ են անում՝ որ չեն ավելացնում. դա գրականության առաջ հարգալիր լռություն է, այդ հասկացողության ու լռության համար շնորհակալություն նրանց: Մի՛ կարծեք, թե նրանց մեջ նիրհող գլուխգործոցներ կան, եթե լինեին՝ առանց նրանց կամքը հարցնելու իրենք գլուխ կբարձրացնեին:
– Բայց շատերը կան, որ չեն կարող գրել ու շարունակում են գրել: Դրանք շուտ-շուտ փոխում են թե՛ նախասիրությունը, թե՛ ժանրը, պոեզիայից անցնում են արձակի, արձակից թարգմանության, մանկագրության. չեն զլանում ակնարկ գրել, այդպիսիները գրական կյանքում ձեռք են բերում «բարի մարդու» համբավ, հաճախ դրվատանքով հոդվածներ են գրում իրենց «հանիրավի մոռացված» գրչակիցների մասին: Այնուհետև գալիս է անխուսափելին՝ ծերանում են. հոբելյան, մեծարում, հատորներ... Հետո, այս բոլորից հետո, գրականագետները «թփերի ու կաղնիների» մասին տեսություն են սարքում:
– «Թփեր ու կաղնինե՞ր» – «Լալվարի որս» և «Անո՞ւշ», հարյուր նախաշեքսպիր և մեկ Շեքսպի՞ր... չգիտեմ: Կաղնիների համար թփերը կաղնուտային միջավայր իհա՛րկե ստեղծում են, մանավանդ կաղնու թփերը, բայց մեր տեսությունները եկեք մեր տպավորություններից կառուցենք: Նույնիսկ հանճարների թույլ կամ անմշակ՝ մշակվել չհասցված գործերին մենք անդրադառնում ենք տհաճ խղճահարության ու ներողամտության ինչ-որ խառը զգացումով, լավագույն դեպքում չենք անդրադառնում, երևի չենք ցանկանում նրանց մեծ կերպարի մեծ ամբողջությունը խզված տեսնել, հրապարակ ենք բերել հատընտիր հրաշալի հասկացությունը և հատընտիրներով մեզանից պաշտպանում ենք նույնիսկ հանճարներին: «Երկրորդ կարգի գրականությունը» հանճարների ու հանճարեղ գործերի իրականացման մեջ օգնական դեր թերևս ունենում է (ես կարծում եմ՝ ոչ, չունի, և հիմա կասեմ ինչու չունի), բայց կառուցվող շենքի տախտակամածի պես վերջում ավելորդ է դառնում ու հանվում է: Ահա, ինչպես որ «թփերի–կաղնիների» օրինակում, դարձյալ թվաց, թե «օգնական» գրականությունն անհրաժեշտ է. ոչ, անհրաժեշտ չէ. դա ավելորդ ու անտեղի աշխատանք է հենց ի սկզբանե. որպեսզի անտեղի չկոչվեր՝ պիտի գոնե ընթերցվեր. ոչ ձեզանից, ոչ ինձանից, ոչ էլ որևէ մեկից չի ընթերցվում, ընթերցվելիս էլ մարդու սիրտ ու միտք է աղտոտում, բայց ահա նստել խոսում ենք նրա անհրաժեշտության մասին. այնինչ պիտի խոսեինք նրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին. պայքարի լավագույն միջոցը, կարծում եմ, համաշխարհային գրականությունը հայոց լեզու բերելն է, և այդ «թփերը», կարծում եմ, «կաղնի» թարգմանիչներ կլինեին:
– Մենք շատ բանաստեղծներ ունենք. խոսքը վերաբերում է տպագրվողներին. իսկ ինչքան մարդիկ կան, որ գրում են տպագրվելու մասին չմտածելով:
Ի՞նչն է մարդկանց մղում գրել և՝ մեծի մասամբ բանստեղծություն:
– Կավե փոքրիկ արձանիկ պատկերացրեք՝ դա հենց մարդն է. չգոյությունից մի րոպե գոյանում, գոյության լույսի առաջ մի րոպե հիանում ու հաջորդ վայրկյանին նրա կավը փուլ է գալիս. ժամա-նակի այս հրաշալի ու դաժան ակնթարթում գոյության խորհրդի առաջ այդ փխրուն, վայրկենական, վռազ արարածները բոլորն էլ բանաստեղծ են, որովհետև բոլորն էլ մահկանացու են. նրանցից ոմանք բանակներ են շարժում, շատերը գոյության խորհուրդն իրենց միջով անմռունչ անցընում ու կարծես նույնիսկ անհաղորդ են մնում, շատերն էլ ցավից ու հրճվանքից կծկված ճչում են, բայց բոլորն են բանաստեղծ, քանի որ գոյության և չգոյության այս դաժանորեն նեղ արանքում կարելի է միայն բանաստեղծ լինել: Բանը տպվել-չտպվելը չէ, կարողություն-անկարողությունը չէ,– մարդը հենց «հողանյութ շինվածքով» ու մահկանացուի ճակատագրով է բանաստեղծ: Ուզում է գեղեցկությանը հաղորդվել ու գեղեցկության հետ անմահանալ: Եվ հատկապես բանաստեղծությանն է դառնում այն պատճառով, որ սրա գեղեցկությունը ակնառու է, սա ամենից ավելի ակնհայտորեն է ցուցադրում գեղեցկությանը՝ կյանքին ձուլվելու և ոչ մի մահով այլևս չզատվելու կերպերը: Ապա՝ հանրահայտ զինարան էլ ունի – հանգ, վանկ, չափ: Միջնադարի մեր անանուն բանաստեղծները ստեղծեցին «Սասունցի Դավիթը»՝ պոետական մտքի մեր ամենաբարձր թռիչքը. ժամանակը նրանց՝ անանուն այդ հարյուրներին ու հազարներին հավաքեց կռվի ու հուսահատության նույն խոհի շուրջը, և ահա: Բայց թե ժամանակը մեզ բոլորիս՝ տպվողներիս ու չտպվողներիս, շնորհալիներիս ու հնազանդ անկարողներիս, գրողներիս ու ընթերցողներիս մեկ և նույն խոհով կհավաքի՞ նույն օջախի շուրջը՝ որպեսզի բոլորս միասին ստեղծեինք մեր ժամանակի միաբան ու հազարաձայն էպոսը (Լատինական Ամերիկան, օրինակ, ստեղծում է), թե՞ նախնիները մեր երգն արդեն երգել են... հասկանալը դժվար է:
– Քննադատությունը ո՞ւմ համար է՝ ընթերցողի՞, թե գրողի: Դուք անձամբ ի՞նչ օգտակար դասեր եք քաղել քննադատական դիտողություններից:
– Քննադատությունը նրանց համար է, ում համար որ ինքը գրականությունն է՝ բոլորիս համար է, քննադատությունը մեր վերաբերմունքն է գրականությանը, առհասարակ միմյանցից անանջատելի են: Գրականությունը ճգնում է այլ եղանակներով ու միջոցներով իր լինելության համար նպաստավոր միջավայր ստեղծել, քննադատությունը գրականության ահա այդ ջանքն է: Ասում եք «Սասունցի Դավիթն» ու «Մոկաց Միրզան» ստեղծվելիս քննադատություն չկար. կար. ասացողին օջախի մոտ կանայք, երեխաներ ու ծերունիներ էին շրջապատում, նրանց վերաբերմունքն ու ներկայությունն էլ հենց ժամանակի քննադատությունն էին, նրանց վերաբերմունքով ասացողն իրեն շտկում էր, կանանց ու երեխաների ներկայության շնորհիվ չէր հայհոյում նույնիսկ ոխերիմ թշնամուն, գյուղացի բազմափորձ հալևորների ներկայությամբ երևակայության առագաստն այնքան էլ չէր ուռեցնում, մշակների հոգնածությանը նայելով պատումը պարզեցնում ու դարձյալ պարզեցնում էր... և ժամանակի գրականությունն ու քննադատությունն այսօր ահա միաձուլված են էպոսի կոփվածքում:
Հր. Թամրազյանի ու Լ. Հախվերդյանի դիտողությունները դեռ մի կողմ, քննադատ Լ. Աննինսկին ինձ «թշնամուն սիրելու» խորհուրդ էր տվել՝ անհասկանալի, առնվազն տարօրինակ խորհուրդ: Չգիտեմ այդ խորհրդով թե ինքնահոսով, տարիներ ու տարիներ հետո հասկացա, որ թշնամուն ատել՝ նշանակում է ենթարկվել նրան, սիրել՝ նշանակում է ենթարկելու ուժ ունենալ, վիճակի տեր լինել և ոչ թե վիճակի մեջ խաղալիք... այլապես խառնվում ես հերոսներիդ ու նրանցից մեկը դարձած կորչում: Հասկանալուց հետո տեսա, որ տարիներ առաջ իմ դեմ հիանալի խորհուրդ է դրված եղել:
– Ձեր կարծիքով կարելի՞ է գրող դառնալ՝ հաշվի չնստելով այս կամ այն ժանրի առանձնահատկությունների հետ:
– Դժբախտաբար՝ ոչ և միայն ոչ: Այս էլ քանի անգամ գործ եմ սկսում գոնե ծավալը նախապես լավ չպատկերացնելով և դառնորեն պատժվում եմ. նյութ է ստացվում և ոչ թե գործ. անկարգ, անկազմակերպ, թափթփվող, ավելացրեք՝ ջերմ, հուզիչ, թանկ, նույնիսկ տաղանդավոր, բայց՝ նյութ, ինչին վիճակված չէ ապրել, քանի որ ժանրի մեջ չէ: Ժանրերը մարդկության մեծագույն հայտնագոր-ծություններն են, հայտնագործություն ասելը քիչ է – դարավոր տառապագին աշխատանքի արդյունք են, քանի ցավ, վրեժ, արյուն, սարսափ, հաղթանակ, հրճվանք ու պարտություն են եղել, հազար բերանից պատմվել ու ժամանակի մեջ քայքայվել-կորել՝ քանի որ ժանրային կառույցի մեջ չեն եղել: Կարո՞ղ են հաշվի չնստել ինքնաթիռաշինարարը նետի, ճարտարապետը՝ բուրգի, նավաշինարարը՝ մակույկի ձևերի հետ – չեն կարող:
– Գեղարվեստական խոսքի մեջ ի՞նչ դեր ունեն մանր դետալները, այսպես կոչված՝ լրացնող նյութերը:
– Մանրամասնը... Ձվի քանդակը Օհանավանքի պատին, Դավթի թլորությունը, «շլեց աչքեր, ծռեց չանեն» («Մոկաց Միրզա»), չթի կտորտանքն ու մի երկու սիրուն կոճակը մեռած Գիքորի շորերի գրպանում, սառը դաշույնի ողնուղեղային զգացողությունը (սպանված Հաջի Մուրադի գլուխը կտրում են), տիֆից մեռած Պանտելեյ Մելեխովի հոնքերի սպիտակ ոջիլները, նիկելած ծանր ատրճանակի վայրկենական շողքը Քրիստմասի գլխավերևը՝ նրա ձեռնաշղթայված զույգ ձեռքում (Ֆոլքների «Պերսի Գրիմ» պատմվածքը), Սարյանի մոնումենտալ-դեկորատիվ քսվածքում անսպասելի-անբացատրելի մի թիթեռ կամ թիթեռի նման ծաղիկ... մանրամասնը գաղափարը գեղարվեստացնում է, մանրամասնը ինքը գեղարվեստն է, առանց մանրամասնի՝ գաղափարը նույնությամբ էլ մնում է գեղարվեստական իրականություն չդարձած գաղափար: «Փարավոն» կինոնկարը նայե՞լ եք. ի՜նչ ճաշակ, էպոխայի մթնոլորտը վերստեղծելու ի՜նչ ջանք, հիմնական ուրվագծերի ի՜նչ ճշգրտություն և, այդուհանդերձ, ինչ մակերեսայնություն – քանի որ մանրամասներ չկան (չէին էլ կարող լինել) և ամբողջը մանրամասնով չի վավերացվում: Խուլիո Կորտասարը գեղարվեստական կատարելության յուրաքանչյուր փաստ համարում է Հեղինակի և Անհայտի ստույգ հանդիպման արդյունք. եթե գեղարվեստի փաստը չի կայացել՝ ուրեմն չեն հանդիպել: Դևերի աշխարհներից, հեքիաթներում կտրիճները վերադառնում էին դևերի ականջներով՝ իրենց հանդիպ-ման ու հաղթանակի նշաններով: Ինձ թվում է, հանդիպման ու հաղթանակի նման մի նշան էլ գեղարվեստական հյուսվածքի մանրամասն է:
– Կարելի՞ է լրիվ անկեղծ գրել:
– Հայտնի առակն ինչպես է՝ սուր բանեցնողը սրից էլ ընկնում է: Ահա, քո՝ գրողիդ արտածած ատելությունը ընթերցողի մեջ վաղը կդառնար ատելություն քո հանդեպ – քո ծնած ատելությունն այդպիսով կխժռեր քեզ: Գրողիդ «գնդած» շովինիզմը վաղը դիմադարձ հարվածով կխփվեր քո իսկ ազգի ճակատին: Ուրեմն, ուրիշ քեզնմանների հանդեպ կույր ատելությունը, յուրայիններիդ հանդեպ կույր սերը, քո մեջ անասնական ամեն ինչ ճզմելուց ու գրասեղանիդ առջև որպես ամբողջ աշխարհի առջև նստելուց հետո՛ միայն լրիվ անկեղծ... ամբողջ աշխարհի՝ հույների ու ամերիկացիների, երեխաների ու ծերերի, քրիստոնյաների ու մահմեդականների, կոփված ստորների ու ստորության անընդունակների, հարուստների ու աղքատների – ահա այսպե՛ս միայն լրիվ անկեղծ: Չեմ կարծում, թե սա անկեղծություն չեղավ կամ գրողը դրսևորեց իր ներքին պաշարների մի մասը միայն: Նախ՝ մերձավորների հուշերն ու հենց իրենց օրագրերը լավագույնս են վկայում, որ իսկական գրողները սանձահարված, իրենց մեջ խեղդած, ժողովուրդներից թաքցված կրքեր չեն ունեցել կամ գրեթե չեն ունեցել, այսինքն դրսևորվել են իրենց պաշարների ամբողջ կարողությամբ, և երկրորդ՝ եթե որևէ բան, այնուամենայնիվ, թղթի սահմաններից դուրս է մնում՝ դուրս է մնում ինքը կեղծիքը: Կեղծիքը խույս է տալիս, չի ուզում գիրք մտնել, զոռով մտցվելուց հետո էլ գրականություն չի դառնում: Կեղծիքը կարողանում է բանակներ շարժել, ամբողջ ժողովուրդներ մոլագարեցնել, քաղաքական կառուցվածքների կերպարանքներ ստանալ, այսինքն կերպավորվել որպես իրականություն և գրականությանը ներկայանալ կյանքի կերպարանքով, բայց գրականություն դառնալ՝ երբեք, և դա գրականության ազնվությունն է: Հեմինգուեյն ինչպես է ասել. «Լավ գրողներ ունենալու անկարող միայն մի վարչակարգ կա և այդ վարչակարգը ֆաշիզմն է: Որովհետև ֆաշիզմը հենց ինքը՝ մարդասպաններից բարբաջվող կեղծիքն է: Ստել չցանկացող արվեստագետը չի կարող ապրել ու աշխատել ֆաշիզմի պայմաններում: Ֆաշիզմը ինքը կեղծիքն է և հենց դրանով է դատապարտված գրական չբերության»:
– Ձեզ հաճախ համեմատում են Ֆոլքների հետ: Կարո՞ղ է խոսք լինել նրա ազդեցության մասին:
– Եթե ազդեցությունները գրող են ստեղծում, եթե ես արդեն գրող եմ և եթե ազդեցությունների մասին խոսելը այդքան պարտադիր է՝ պետք է խոսել առաջին հերթին մեր ժողովրդական լեզվի բանաստեղծության, հենց այդպես՝ լեզվի՛ բանաստեղծության, ապա Չարենցի, Բակունցի, Մահարու, Սահյանի ազդեցություններից: Ֆոլքների ազդեցության մասին, ինչքան էլ դա շոյիչ թվար, կտրականապես խոսք լինել չի կարող: Չի կարող, բայց իմ մասին հոդվածների մեջ ռուս քննադատները նրա անունը հիշում են, ինչո՞ւ: Ոմանք մեր գրերի իբր թե նույնատիպ դժվարության (ինձ այդ տիտանի հետ նույն «մերի» մեջ դնելու համար ներողություն եմ խնդրում), ոմանք ստեղծվող կերպարները աշխարհի քարտեզի վրա բացակա նույն բնակավայրում բնակեցնելու, նրանց գործերը միաժամանակ նույն վայրերում ծավալելու, արդեն պատրաստի կերպարը երկից երկ փոխադրելու համար: Տա Աստված, որ աշխարհի գրական քարտեզի վրա մի բնակավայր էլ ես ավելացնեմ... բայց ահա թե ինչ եմ ասում. Ծմակուտը առայժմ իմ հայրենի գյուղն է, ես այդ գյուղի ակնարկագիրն եմ, կուզեք ակնարկագիր ասեք, կուզեք՝ լուսանկարիչ, կուզեք՝ նկարիչ-նատուրալիստ: Իրական այդ գյուղը կվերաճի՞ գրական Ծմակուտի, կկարողանա՞մ վերաճեցնել՝ չգիտեմ:
– Մանուկների համար, բայց միայն նրա՞նց մասին: Չի՞ լինի մեծերի մասին մանուկների համար:
– Տոլստոյը հիանալի մանկագիր էր, Թումանյանի ամբողջ գործը կարելի է մանուկներին տալ և տալիս ենք: Մանկագրությունը տաղանդի յուրահատկություն, հատուկ տաղանդ է, ազնվության, բարոյական մեծ մաքրության, պայծառա-պարզատեսության և մարդկային չգիտեմ ինչ ու ինչ լավ հատկությունների համաձուլվածք: Մանկագրությունը հայելի է, որ ցույց է տալիս, թե մարդ առհասարակ իրավունք ունի՞ գրիչ բանեցնելու: Դժբախտաբար շատ ավելի հակառակն է պատահում՝ ինչպես որ հին գյուղում էր լինում. տան մեծի համար Թիֆլիսից գլխարկ էին բերում, մի երկու տարի դնելուց հետո ապին գլխարկը տալիս էր որդուն, որդին մի քանի տարի հետո տալիս էր տղային – ականջները ծալելով գլխարկը իջնում էր թոռան աչքերին, երեխան գլխարկի մեջ կորչում էր՝ ինչպես որ հիմա մեծերի գլխից քշված մանկագիրների գործերում է կորչում: Ոչ, ինչու «միայն մանուկների մասին» – ամբողջ աշխարհի՛ մասին, բայց քանի որ ամբողջ աշխարհը՝ հրաշալին ու հրեշավորը, չարը և բարին, ստորն ու վեհը, պարզն ու բարդը, սերն ու ատելությունը՝ ամբողջը, միևնույն է, պարզեցնելով ու մանկականացնելով ենք ներկայացնում՝ ուրեմն նախընտրելի է իրենց համար իրենց մասին:
– Ի՞նչ կուզենայիք թարգմանել:
– Կուզենայի աշխարհի բոլոր լեզուներն իմանալ ու բոլոր լեզուների թումանյաններին տեսնել իրենց լեզուների հայրենիքներում, բայց քանի որ դա անհնար է՝ կուզենայի թարգմանել այնպիսի բան, որը կարողանար ճռինչով արթնացնել Խորենացու, Նարեկացու, «Դավթի», Քուչակի, Աբովյանի, Մեծարենցի, Տերյանի, Թումանյանի, Չարենցի հայերենները, մեր ամբողջ հայերենն աշխատեր, լեզ-վական իր նոր հայրենիքում օտար այդ գործը դառնար հայերենի ու հայ մեծ մշակույթի նոր փաստ: Աշխարհում մի այդպիսի գործ չկա, բայց գործեր՝ կան. կարելի է և պետք է բոլորիս ուժերով հայերենի վերածել համաշխարհային արձակի հարյուրհատորյա հատընտիրը: Լավ աշխատելու դեպքում դա հայերենի շքերթ կդառնար, հակառակի մասին չեմ ուզում մտածել:
– Ի՞նչ ծրագրեր ունեք:
– Ծմակուտի անցյալում ու ներկայում նոր բնակիչներ տեղավորելու վրա չարչարվել, այնպիսի բնակիչներ, որ հաց են ստեղծում և կյանքի համար իրենք հաց են. Պեպոն ինչպես է ասում՝ «Դուն մարթ ի՞ս թե մարթկերանց համա կերակուր է ստեղծի քեզ աստուձ»:
Հարցազրույցը վարեց Ալբերտ ԻՍՈՅԱՆԸ
«Գրքերի աշխարհ», N 5, 15.05.1979 թ.