Հովհաննես Թումանյան
Գաղթականի երգը
Կըռունկն երկընքում ճամփա կըհանի,
Կը՜ռ, կը՜ռ, ձեն կուտա էն խավար ամպում.
Ղարիբ մոլորել՝ չիտե, ինչ անի
Անգութ աշխարհքում, անծանոթ ճամփում։
Ա՜խ, էս սև ճամփեն, էս դըժար ճամփեն
Արդյոք ո՞ւր կերթա, արդյոք շա՞տ մընաց.
Ո՞րտեղ կըհատնի էս օրը արդյոք,
Ո՞րտեղ կըհանգչեն ոտներըս հոգնած։
Է՜յ, բարով գնաս, սիրելի թըռչուն.
Գարուն կըբացվի, ետ կուգաս կըրկին,
Ձագով-ընկերով կուգաս դեպի տուն՝
Քո բունը հերվան, չինարու գըլխին...
Ա՜խ, ես բընավեր, ընկած սարե-սար,
Ու քաշ եմ գալի, ու քաշ եմ գալի,
Անքուն ջրի պես դիպչում քարե-քար,
Անշունչ քարին էլ երնեկ եմ տալի։
Ամեն քար, աստվա՜ծ, իր տեղն է անժաժ,
Հենց ես եմ մենակ տեղից գըլորվել.
Ամեն հավք, անգո՜ւթ, իր բունը ունի,
Հենց ես եմ ղարիբ ճամփում մոլորվել...
Ա՜խ, էս սև ճամփեն, էս դըժար ճամփեն
Արդյոք ո՞ւր կերթա, արդյոք շա՞տ մընաց.
Ո՞րտեղ կը հատնի էս օրը արդյոք,
Ո՞րտեղ կը հանգչեն ոտներըս հոգնած...