Հովհաննես Թումանյան
Երկար գիշերներ
Տանջվում եմ անքուն գիշերն անկողնում,
Տանջվում հուսահատ, վաստակած, տըկար,
Եվ մըտքերն հոգիս հանգիստ չեն թողնում,
Եվ գիշերը մո՜ւթ, գիշերը երկար։
Ա՜խ, մի ժամանակ, և դեռ նոր էր այն,
Մայրական գիրկ էր աշխարքն ինձ համար,
Հըրճվանքը սըրտիս չէր թըվում ունայն,
Ոչ գիշերն այսպես տաղտկալի, երկար։
Էհ, անցա՜վ, գնա՜ց. և՛ ցընորք, և՛ սեր,
Ե՛վ ույժ, և՛ եռանդ կորավ՝ ինչ որ կար,
Եկան սև օրեր ու ծանըր հոգսեր
Ու դարձրին այսպես գիշերը երկար։
Տանջվում եմ անքուն այժըմ անկողնում,
Եվ հուսակըտուր, հոգնած, ուժասպառ
Նայում եմ, նայո՜ւմ, դեռ չի լուսանում.
Ա՜խ, այս գիշերներն ինչքա՜ն են երկար։
1897
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Արամ Խաչատրյան
Գայանե - Օրորոցային
Սարդարապատ եռանկարի աջ մասը
Խաղա առցանց