Հովհաննես Թումանյան

Անիծած հարսը

Վաղ ժամանակ մի հայ շենում
Մի հարգևոր հարսն է լինում։
Նըրա բերնից՝ կեսուր–կեսառ
Չէին լըսել մի շունչ, մի բառ,

Չէին տեսել շուրթը մի օր...
Էսպես խոնարհ ու հարգևոր։
Մի օր մենակ օդում նըստած
Իր ճոխ մազերն արձակ թափած,
Ազատ, անփույթ սանրում, հյուսում,

Հետն էլ ձենով երգ էր ասում։

«Աշխարհքը բանտ,
Մեջը անբախտ
Ես մի գերի անխընդում.
Սիրուն շորեր,

Ջահիլ օրեր
Ի՜նչ եմ անում էս բանտում։

Էրնե՜կ ծըտին,
Ճյուղքի միջին
Ծըլվըլում է, թըրթըռում,

Թըռչում՝ սիրած
Ընկերն առած,
Ազա՜տ, կանաչ արտերում։

Ա՜խ, սև ըլի,
Չըքվի, փըլի

Ծընված օրը աղջկա,
Ցավ ու խընդում
Փակված սըրտում,
Ծիծաղ չըկա, ախ չըկա...»

Մին էլ հանկարծ բացվեց դուռը,

Ու ներս մըտավ ծեր կեսուրը։
Հո՛, պո՛, պո՛, պո՛, կանչեց խեղճը,
Գետին պատռի՛, մըտնեմ մեջը...
Հոպոպ դառնաս,
Անամոթ հարս։

Մի տե՛ս, մի տե՛ս,
Թե լըրբի պես
Գըլուխը բաց,
Ազատ նըստած՝
Ո՜նց է կանչում,

Չի ամաչում։
Լեզուդ լալկի,
Մազըդ թաղքի,
Գըլխիդ կըպչի
Սանրը միջի։

Ասավ–չասավ,
Մին էլ տեսավ՝
Սանրը գըլխին
Հարսն առաջին
Հոպոպ դառավ,

Երդկից թըռավ,
Ու վերացավ,
Վե՜ր, հեռացավ։
Էն էր ու էն.
Խեղճն էն օրեն

Հանդերն ընկած՝
Հոպոպ մընաց.
Միշտ էլ էն հին
Սանրը գըլխին,
Չալի՜կ-մալի՜կ,

Լեզուն լալիկ,
Անխոս ու լուռ,
Մոլո՜ր, տխուր։

Բայց երբ հանկարծ
Միտն է գալիս,

Որ գլխաբաց,
Երգ ասելիս՝
Իր կեսուրը
Բացեց դուռը,
Վեր է թըռչում

Սըրտատըրոփ
Ու դեռ ճըչում.
Հո՛–պո՛պ... Հո՛–պո՛պ...

1898
Յատուկ Երաժշտություն
Oրորոցային
Ալեքսանդր Սպենդիարյան

Oրորոցային

Զրույց, 1969 թ
Զրույց, 1969 թ
Խաղա առցանց