Գուրգեն Մահարի
Հայկական բրիգադ
Խառն էին ու բազմազգ կալանավորական աշխատանքային բրիգադները։ Նրանք կազմված էին ըստ մեծ մասի կալանավորների առողջական, հետևաբար աշխատունակության ցուցանիշների հիման վրա։ Այսպես՝ գոյություն ունեին ուժեղների բրիգադներ, ապա միջակների, թույլերի։ Թույլերին հաջորդում են աշխատանքի անընդունակները, այսպես կոչված «պելագրիկները». վերջինները մարդ լինելուց ավելի շարժուն և անշարժ ուրվականներ էին, ինչպես Զամանովն էր նրանց անվանում՝ «նստուկազուրկներ». մարդիկ, որոնք չունեին ոչ մի հիվանդություն, բայց հյուծված էին, հալվում էին օր֊օրի և հանգչում էին նստարանի վրա կամ արտաքնոցում, մեռնում էին հաճախ բաղնիքի մուտքին չհասած, կամ պարզապես փակում էին աչքերը ննջելու համար երևի և այլևս չէին զարթնում։
Խառն էին ու բազմազգ կալանավորական աշխատանքային բրիգադները, ճամբարային կառավարչությունն այս դրվածքում ինչ֊որ թերություններ էր տեսնում, որոնք արգելակում էին «պլանների» գերակատարմանը. Աշոտ դային այն միտքը հայտնեց, որ լավ կլիներ, եթե կազմակերպվեն ազգային բրիգադներ, այսպես՝ ուզբեկական, բելոռուսական, ուկրաինական, վրացական, հրեական... պետք էր ենթադրել, որ գործերը կգնային ավելի լավ։ Աշոտ դայուն տվյալ դեպքում «պլաններից» ավելի հետաքրքրում էր մի ուրիշ բան, նա ուզում էր, որ հայերն ունենային իրենց անկյունը, հավաքվեին իրար գլխի, միասին աշխատեին, քնեին, զարթնեին, լային ու ծիծաղեին։ «Ազգահավաքման» այս միտումն Աշոտ դային դրեց արտադրական, այսինքն մի տեսակ քաղաքական անիվների վրա և կամենդանտի հետ մի անգամ զրուցելիս ասաց.
Սա գործ չէ, սա գործ լինելուց ավելի բաբելոնյան աշտարակաշինություն է, կալանավորների մի մասը ռուսերենից բոբիկ է, իսկ խառն բրիգադների այս սիստեմը չի տալիս պետք եղած արդյունքը, պետք է ստեղծել ազգային բրիգադներ և տալ նրանց իրավունք ընտրելու իրենց բրիգադիրներին և ճաշ բաժանողներին, և այն ժամանակ, օ՜, այն ժամանակ...
Կամենդանտ Ժիգիլյավսկին, որը զուրկ չէր գործնական մարդու հոտառությունից, ներկայացավ պետին, ի նշան հարգանքի մի փոքր կռացավ և աչքը հառնելով ուղիղ պետի աչքերին, հաղորդեց Աշոտ դայու նկատառումները և լռեց։ Եթե պետը հավանություն տա հիշյալ նախագծին, ապա այդ կլինի իր սեփական առաջարկությունը, իսկ եթե պետը դա համարի անընդունելի, կամ ո՞վ գիտե, վտանգավոր, ապա նա կասի մոտավորապես հետևյալը.
Ես այդպես էլ ասացի նրան, քաղաքացի պետ, ես գիտեի, որ նրա առաջարկաթյունը հիմնականում սխալ է։
Ո՞ւմ առաջարկությունն է դա, կհարցնի պետը, իսկ Ժիգիլյավսկին տեղնուտեղը կպատասխանի.
Այդ հայի... բռուտ Աշոտի...
Իսկ հիմա պետը լռեց, մտածեց և ասաց.
Պետք է խոսել ճամբարի պետի, ընկեր Բիչկոյի հետ...
Երկու օր հետո ճամբարի պետը կանչեց կամենդանտ Ժիգիլյավսկուն և կարգադրիչ Սիդորովին։ Նա հայտնեց, որ իր առաջարկությամբ և ճամբարների պետի համաձայնությամբ որոշված է վերակազմավորել գործող բրիգադներն ըստ ազգային պատկանելիության։
Գործի անցեք, ավելացրեց պետը, բրիգադիրներին թող իրենք ընտրեն իրենց միջից, ինչպես նաև բալանդյորներին... գուցե ավելի լավ աշխատեն...
Ազգային պատկանելիություն՝ ազգային պատկանելիություն, հասկանալի է, բայց երբ կամենդանտը և կարգադրիչը նստեցին ճռճռան գրասեղանի մոտ և սկսեցին խավաքարտերի վրա ցուցակավորել բրիգադներն ըստ ազգային պատկանելիության, կանգնեցին լուրջ դժվարության առաջ, իսկ կալանավորների առողջակա՞ն, ֆիզիկակա՞ն ցուցանիշները։ Սակայն երբ ցուցակները պատրաստ էին, նրանք վերահասու եղան և այն իրողությանը, որ փաստորեն գոյություն ունեն երկու կարգի կալանավորներ մեռյալներ ու դեռ կենդանիներ և որ այս երկու կարգի մեջ մտնում են բոլոր ազգություններն անխտիր...
Աշխատավորական բրիգադները դեռ չէին վերադարձել աշխատանքից. բրիգադների վերակառուցման լուրը խոհանոց հասավ կարգադրիչ Սիդորովի միջոցով։ Լուրը մտավ բաղնիք, հետո հասավ վարսավիրներին և մնացած «ճամբարային պարազիտներին», ինչպես անվանում էին նրանց աշխատավորները։ Լուրը ցնցող տպավորություն թողեց առանձնապես շեֆ֊խոհարար կամ խոհարարապետ Մեսրոպ Ուզունյանի վրա։ Մեսրոպը, կամ, ինչպես քրեականները նրան անվանում էին դյաղյա Միշան, իսկ քաղաքացիները՝ Միխայիլ Արուտյունովիչը, այստեղ բերված էր սևծովյան արևելյան ափի հայաշատ քաղաքներից մեկից՝ Ադլերից։ Ազատության մեջ խոհարարության հետ նա այնքան կապ ուներ, որքան ես՝ չինական դիվանագիտության հետ, բայց շնորհիվ այն հանգամանքի, որ նա տնից ստանում էր դափնատերևների, պղպեղի, ընտիր ծխախոտի և ուրիշ համեմունքների ծանրոցներ, խոհանոցի դուռը բացվեց նրա առաջ՝ կրունկների վրա... Մեսրոպն իր համեմունքներով ախորժելի ճաշեր էր պատրաստում ճամբարային նաչալստվոյի համար և դրա ուժով արդեն երրորդ տարին էր, ինչ իր ձեռքում ամուր բռնել էր խոհարարապետի սխրալի շերեփը...
Ցնցող տպավորություն թողեց նրա վրա բրիգադների ազգայնացման յուրը, որովհետև նա մինչև հիմա իր դեմ չէր տեսնում ոչ մի ազգություն, մարդկային ոչ մի առանձնացնող, տարբերանիշ կրող զանգված։ Բրիգադներին նա բաժանում էր ճաշը փակ աչքերով, ստուգելով միայն թիվը և ուրիշ ոչինչ։ Իսկ հիմա, համեցե՛ք, բարի եղիր կերակրել որոշակի ազգություններին՝ ռուսներին, ադրբեջանցիներին, ուկրաինացիներին, վրացիներին, հայերին... դե, ե՛կ, այնպես արա, որ ճամբարի բազմաթիվ մեծ ու փոքր ազգությունները գոհ լինեն քեզնից, չզբաղվեն բանսարկությամբ, չդժգոհեն...
Մինչ այս, մինչ այն՝ օրը երեկոյացավ, բացվեցին ճամբարի դարպասները և կալանավորական հոգնած բրիգադները «տուն» վերադարձան։ Ամբողջ օրվա ընթացքում և վերադարձի անչափ երկար թվացող ճանապարհին նրանք երազում էին այն պահը, երբ տուն կհասնեն և կփռվեն իրենց մի մարդաբաժին կենսական, տախտակե տարածության վրա, կստանան օրաբաժին հացը, հռչակավոր բալանդան և կքնեն, և կքնեն այնպես, որ եթե կես գիշերին ինքն անձամբ, ազատության ոգին ներս մտնի ճամբարի փակ դարպասներից, փողեր փչել տա, թմբուկներ պայթեցնի և թնդանոթների գոռոցով հայտարարի՝ «վե՛ր կացեք, գնացե՛ք ձեր տները, ո՜վ մարդիկ, դուք ազատ եք...»՝ միևնույն է, նրանք չեն զարթնի և կշարունակեն քնել քաղցր քնով, մի քնով, որի ուժն ու պատիվը իմանալու համար հարկավոր է միայն և միայն վատ սնվող և դժվար աշխատող կալանավոր լինել...
Ահա թե ինչու բրիգադների վերակառուցման լուրը ճամբարի և աշխատանքից տուն վերադարձած կալանավորների գլխին պայթեց որպես կայծակ՝ անամպ երկնքից։ Խռովահույզ մրջնանոցի նման ալեկոծվեց ճամբարը, արագ և համառոտ՝ մարդիկ ոտքի վրա մի կերպ ոչնչացրին ընթրիքները, ապա ըստ հրահանգի վերցրին իրենց ունեցվածքը և դուրս եկան ընդարձակ բակը։
Մեծ ճանապարհի վրա երևաց կամենդանտ Ժիգիլյավսկին.
Ապա՝ նստե՛լ, գոռաց նա։
Բոլոր կալանավորները մի մարդու նման նստեցին, ոմանք իրենց իրերի վրա, ուրիշները՝ թեթև պպզեցին, ձևանալով, թե նստած են։
Կանգնե՛լ... նստե՛լ... կանգնե՛լ... իսկ հիմա՝ ուշադրություն, ռուսնե՜ր, իրերով №3 բարաք, մա՛րշ, ուզբեկներ, տաջիկներ, միջին ասիական մնացած պիղծ հոգիներ, №2 բարաք, մա՛րշ... խախոլնե՛ր, №4 բարաք... վրացիներ, հայեր, ադրբեջանցիներ՝ №5 բարաք... լատիշներ, լիտիշներ, կուռաթնե՛ր՝ №6 բարաք... ջհուդներ...
Գրկած իրենց կեղտակուր ունեցվածքը, կերակրի թիթեղն ու փայտե ամանները, ավելի ունևորները՝ իրենց տախտակե արկղները՝ կալանավորները ցրվեցին զանազան ուղղությամբ՝ նշանակված բարաքները։
Ճամբարի բակը դատարկվեց։ Կամենդանտ Ժիգիլյավսկին իր պարտականությունը հաջող կատարած մարդու թեթևությամբ խոհանոց մտավ մի քիչ ծանրանալու, իսկ կարգադրիչ Սիդորովն անցավ բարաքից բարաք և հրահանգեց, որ ազգային բրիգադներն իրենք ընտրեն իրենց ղեկավարությունը, բրիգադիր և բալանդյոր, և այն մասին որ...
Ճամբարի պետը կարող է հաստատել կամ չհաստատել ձեր ընտրությունը։
№5 բարաքի ճակատամասի երկհարկանի տախտամածի երկու հարկերը վիճակով ընկան հայերին, աջ ու ձախ՝ վրացիներին և ադրբեջանցիներին։ Բարաքում տիրում էր աղմուկ և հրմշտուկ, փոշի, որին խառնվեց տեղավորվածների մախորկայի կծու հոտը։ Դռների մեջ երևաց խոհարարապետ Մեսրոպ Ուզունյանը կամ դյադյա Միշան, կամ, վերջապես Մեսրոպ Արուտյունովիչը. դռների մեջ հաճոյակատար Մամոն նրա ձեռքից խլեց նրա իրերի խնամքով կապված կապոցը, երկաթե կանթով «չաքմաջան» և արտորաց դեպի «հայկական օջախը»։ Խոհարարապետի մուտքը երեք ազգություններն ընդունեցին ողջույնի և ուրախության բացականչություններով.
Բարի եկար, Մեսրոպ։
Միշա դայի, խո՛շ գյալար։
Վաշա՛, Միշա, գենացվալե՜...
Բրուտանոցի եռյակը տեղ բռնեց կողք֊կողքի։ Աշոտ դային իրեն հատուկ աշխուժով զբաղված էր այստեղ֊այնտեղ մեխեր խփելով, ինչ֊որ բաներ կախելով։ Սանասարը Լյալյայի լուսանկարը խնամքով ամրացրեց պատին, իսկ ես... ես նայեցի Մեսրոպի խավարամած դեմքին։ Նա տեղավորվեց իմ ձախ կողմը։
Մեսրոպ, դու է՞լ եկար, իսկական Հայաստան եղանք, ձայն տվեց Աշոտ դային։
Չգիտեմ, ասաց Մեսրոպը մռայլ ու մտացրիվ, ըսման Հայաստան չուզեցի...
Ինչո՞ւ, այ տղա, զարմացավ Աշոտ դային։
Ինձի վատ եղավ։
Ինչո՞ւ։
Բան մ՚եր՝ ըսի ըշտե, նա տեղավորեց իրերը, վար իջավ տախտամածից և առանց մեկի հետ խոսելու վերադարձավ խոհանոց։
Քսանչորս հայեր էինք, որոնցից մի քանիսը Երևանից և Հայաստանի գյուղերից, երկուսը Թիֆլիսից, պրոֆեսոր Զանփոլադյանը՝ Բաքվի համալսարանի քիմիական ամբիոնի վարիչ, Սմբատ Սարդսյանլ՝ կուսաշխատող, մի քանի գրասենյակային աշխատողներ՝ դաշնակցական մեղադրանքով և Լևոն Ժամկոչյանը՝ շեկ բեղերով և կապույտ աչքերով՝ մասնագիտությամբ նախագահ. ի՞նչ նախագահ, Լևոն, ինչի նախագահ... թվում էր.
Տեղկոմի նախագահ, արտադրական հանձնաժողովի նախագահ, վարչության նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ...
Մի խոսքով՝ նախագա՛հ։
Բրիգադիրների և կերակուր բաժանողների, այսինքն բալանդյորների ընտրությունը բարեհաջող անցավ վրացիների և ադրբեջանցիների մոտ, վրացիներն ընտրեցին Վասո Ցուլուկիձեին, որն այն աշխարհում եղել էր կառուցող ինժեներ, իսկ ադրբեջանցիները՝ Բաքվի ջրմուղի պատասխանատու աշխատող Ջաֆարով Մամեդին։ Ընտրեցին նաև ճաշ բաժանողներ, հիվանդագին, կարմրաթուշ Գուգուշվիլուն և Բաքվի առաջնակարգ ռեստորաններից մեկի դիրեկտոր Շիրալիևին։ Պետք էր ենթադրել, որ մյուս բարաքներում նույնպես ավարտված էին ընտրությունները, մինչդեռ հայկական բրիգադում տիրում էր կառավարական անել ճգնաժամ։
Քսանչորս հոգիանոց հայկական բրիգադը բաժանվեց երեք կուսակցությունների, որոնք էին կոմունիստներ՝ հինգ, «դաշնակցականներ»՝ ութ, իսկ չեզոքներ՝ տասներեք հոգի։ Դաշնակցականների և չեզոքների մի մասի բլոկը միահամուռ կերպով առաջադրեց պրոֆեսոր Ջանփոլադյանի թեկնածությունը, սակայն նա մի ծխախոտ վառեց, ծուխը փչեց սեփական հայկական բեղերի վրա և իր փափուկ ձայնով հրաժարվեց.
Եթե ինձ հարգում եք, թույլ տվեք ինձ աշխատել որպես շարքային... շնորհակալ եմ վստահության համար...
Կոմունիստ Աբել Տարախչյանն այն կարծիքը հայտնեց, որ կոմունիստը չի կարող աշխատել անկուսակցական կամ (մանավանդ) դաշնակցականի ղեկավարությամբ և պահանջեց, որ բրիգադիր ընտրվի անպայման կուսակցականներից մեկը, հակառակ դեպքում՝ գործը կդրվի քաղաքական սխալ հիմքերի վրա. նա առաջարկեց կուսաշխատող Սմբատ Սարգսյանի թեկնածությունը։ Նախկին ուսուցիչ Պողոս Սայատյանը՝ դաշնակցական մեղադրանքով՝ ասաց հետևյալը.
Միայն զարմանալ կարելի է. Աբել Տարախչյանը երևի մոռանում է, թե որտեղ է գտնվում։ Ի՞նչ կուսակցական ղեկավարության մասին է խոսքը։ Մենք այստեղ կալանավորներ ենք, հավասար իրավունքներով, այսինքն հավասար իրավազրկությամբ։ Ես առաջարկում եմ Ֆարհատի թեկնածությունը։
Ֆարհատը դա փառահեղ միրուքով, հին կալանավոր Սարգիս Կանայանն էր։ Պետք էր ենթադրել, որ Ֆարհատը նրա կեղծանունն էր։
Թիֆլիսեցի Վասիլ Կարախանովը, որն ամբողջ վիճաբանության ընթացքում շվարած նայում էր խոսողներին, միջամտեց.
Տո՛, Իրակլու թագավորությո՞ւնն եք բաժին֊բաժին անում... Անհարմար չե՞ք զգում... մեկին ընտրեք, վերջանա գնա։
Անհանգիստ էր և Աշոտ դային, թեև նա ոչ մի բանով չէր մատնում իր անհանգստությունը։ Այդ երևի միայն ես էի նկատում։ Մենք, բրուտանոցում աշխատողներս և Աշոտ դային, միայն կողմնակի դիտորդների հանգամանքով ներկա էինք այս ընտրական սուր պայքարին, որովհետև մենք պատկանում էինք «գործարար բակի» համապատասխան արհեստավորական բրիգադին. մենք, հետևաբար և Աշոտ դային, այստեղ չունեինք ո՛չ ընտրելու, ո՛չ էլ ընտրվելու իրավունք, ո՛չ էլ կարող էինք միջամտել բրիգադի ներքին գործերին։ Պետք էր ենթադրել, որ Աշոտ գային հատկապես կարող էր ազդել խնդրի բարեհաջող լուծման վրա, եթե... եթե «ձայնազուրկ» չլիներ։
Ես չեմ մոռացել և գիտեմ, թե որտեղ եմ գտնվում, գռգռված և շիկացած՝ իր ձայնը լսելի էր դարձնում Աբել Տարախչյանը, բայց որտեղ էլ լինեմ, միևնույն է, չեմ մոռանա, որ ես կոմունիստ եմ... Մենք գտնվում ենք խորհրդային ճամբարում և ոչ թե ֆաշիստական։ Խորհրդային ճամբարում ղեկավար դեր կարոդ են խաղալ միայն կոմունիստները...
Քանի՞ տարի ունեք, ընկեր կոմունիստներ, հարցնում է հեգնանքով Պողոս Սայատյանը, տասնհինգակա՞ն. իսկ մենք, ձեր կարծած ֆաշիստներս, տասական տարի միայն... Ինչո՞ւ ես պիտի աշխատեմ ժողովրդի թշնամիների հրամանատարության տակ... Վե՛րջ կոմեդիային, Ֆարհատը բրիգադիր է...
Բարձրացավ աղմուկ։
Փետրվարյան ավանտյո՞ւրա եք ուզում սարքել...
Այստե՞ղ էլ բռնություն...
Թող կուստոմսերը ցույց տան...
Ժողովրդի թշնամինե՛ր...
Ֆաշիստնե՛ր...
Աշոտ դային մի մախորկա փաթաթեց։
Խոհանոցից վերադարձավ Մեսրոպը։ Նա բարձրացավ իր տեղը. այսինքն տեղավորվեց իմ կողքը և ցածր ձայնով հարցրեց.
Ի՞նչ եղավ, ինչո՞ւ կբոռբոռան։
Ես բացատրեցի։
Ամոթ, այիբ է, քրթմնջաց Մեսրոպը, բրիգադիր, բալանդաջի... էդուր համար է՞լ իրար գզեն...
Նա լռեց և ավելացրեց.
Ես կուխնուց դուրս կուգամ... Թող ամեն ազգ, ամեն բրիգադ իր կուխնին, իր պովր ունենա... Ես բոլոր ազգերին չեմ կրնա կերակրի...
Աշոտ դային չհամբերեց։ Նա՝
Տղաներ, ասաց, հայ ժողովո՞ւրդ ենք մենք, թե վայ ժողովուրդ... տնից, տեղից, հողից, ընտանիքից զրկված, եկել ենք, ընկել սիբիրներն ու փոխանակ մեկ սիրտ, մեկ հոգի լինելու, իրար միսն ենք ուտում։ Նայենք մեր հարևաններին և ամաչենք։ Բա մենք նրանց չափ է՞լ չկանք...
Քաղաքական ո՛չ մի զիջում, տեղից գոռաց Սմբատ Սարգսյանը։
Տո՛, դու ո՞վ ես, որ զիջես կամ չզիջես...
Հակահեղափոխական ճահիճը շարժվում է, ընկերներ, զգույշ, քթով չշնչել...
Ներս մտան կամենդանտ Ժիգիլյավսկին և կարգադրիչ Սիդորովը. նրանք գրեցին վրացական ու ադրբեջանական բրիգադիրների անունն ու ազգանունները և մոտեցան հայկական բրիգադին.
Ո՞ւմ ընտրեցիք, հարցրեց Սիդորովը։
Լռություն։
Ո՞վ է ձեր բրիգադիրը, ի՞նչ եք ոչխարների նման նայում, ձայնը բարձրացրեց Ժիգիլյավսկին։
Բրիգադիր չկա, լսվեց մի անհամարձակ ձայն։
Չի էլ լինի, լրացրեց Սմբատ Սարգսյանը։
Քաղաքական տարաձայնություններ...
Ի՞նչ քաղաքական տարաձայնություն, գոռաց Ժիգիլյավսկին ամբողջ կոկորդով, անուղղելի արմյաշկաներ... դուք դեռ շարունակում եք քաղաքականությա՞մբ զբաղվել... ես ձեզ տուգանային ճամբարներում կփտեցնեմ... ես ձեզ... գնդակահարե՛լ...
Նա դուրս եկավ Սիդորովի հետ և կես ժամ հետո բարաք վերադարձավ ճամբարի պետի կարգադրությամբ.
Հայկական բրիգադը ցրե՛լ... լսեցեք թե ով՝ որ բրիգադին է կցված... վերցրեք ձեր իրերը և կորեք... Սարգիս Կանայան, Սմբատ Սարկիսյան, Արտյուշա Դժանպոլատյան՝ ռուսական բրիգադ...
Երկու ամիս հետո նոր նշանակված ճամբարի պետ Ուստինովը ծանոթացավ աշխատանքային բրիգադների և նրանց աշխատանքի դրվածքի հետ. գլուխը բարձրացրեց ցուցակներից և ասաց.
Հայկական բրիգադը չեմ տեսնում։
Նախկին պետը լուծարքի ենթարկեց, քաղաքացի պետ, ցրեց մյուս բրիգադների վրա...
Այո՜, խորանում է ակնոցավոր, քաղաքացիական շորերով և գրեթե բարեդեմ, նոր նշանակված պետը, բայց աշխատանքային բրիգադներում ոչ մի «յան» չեմ տեսնում... ահա՛ մեկը՝ Դժանպոլատյան...
Ճիշտ է, հաստատում է Ժիգիլյավսկին, նրանցից ոմանք ընկան տնտեսական բրիգադներ, աշխատում են որպես սանիտար, խանութի վարիչ, օրապահ, խոհանոցի աշխատող, իսկ մյուս մասն անցավ «գործարար բակ»՝ կոշկակար, հյուսն, դերձակ...
Դա՜ա՜ա՜, հաստատեց խորաթափանց պետը, զարմանալի համերաշխ ժողովուրդ է հայ ժողովուրդը...
Այո, հաստատեց կամենդանտը, շատ ճիշտ է ձեր դիտողությունը, քաղաքացի պետ. համերաշխ մարդիկ են հայերը և իրար բռնող...
... Իջնում էր գիշերը։ Ազգային բրիգադները քուն մտան։
1964