Գրիգ

Նկուղը

Ինչ ինձ հիշում եմ՝ հորս հետ էի, ամբողջ մանկությունս անցավ ետևից շտապելով. նա սովորություն ուներ արագ քայլելու, ասես միշտ ուշանում էր, ու ես ստիպված էի հետը ուշանալ: Ժամերով շրջում էինք քաղաքով, նա մտնում էր այս կամ այն ծանոթի մոտ՝ տեսնելու՝ արդյոք իր համար աշխատանք չի՞ ճարվի, իսկ ես սպասում էի մուտքի մոտ: Երբ ավարտվում էին մեր ամենօրյա ապարդյուն փնտրտուքները, գնում էինք նկուղ, որտեղ նրանք էին: Երկար եմ մտածել, թե ի վերջո ովքե՞ր էին նրանք, և ի՞նչն էր միավորում այդ տարբեր մարդկանց, երևի աղքատների միակ հարստությունը՝ հույսը: Հիմա երբ փորձում եմ մտաբերել ամեն հիշողություն, ամեն մանրուք, որ խնամքով թաքցված է իմ ներսում, աչքիս առաջ միայն մի գույն է գալիս՝ սևը, այդ մարդկանց արտաքինը, նկուղը և մնացած ամեն ինչը սև էր, բացի նոր ներկված գազարագույն հատակից: Նկուղը հսկայական էր, բարձր, շատ բարձր առաստաղով և ճաղապատ պատուհանով, որ առաստաղից քիչ ներքև էր, ու որին նայելով հաճախ կարելի էր անցորդների ոտքեր տեսնել: Նկուղի մասին շատ բան ասել չեմ կարող, հիշում եմ՝ Սամվելը ծիծաղելով ասում էր. «Կռիսների ձեռքից ենք խլել»...

Ամենքս ունեինք մեր տեղը. ես նստում էի ճռճռան աթոռին, որը միայն իմն էր: Քիչ հեռու՝ համակարգչի դիմաց, Սամվելն էր, հիսունն անց մի տղամարդ, ով այնքան նիհար էր, որ այտերը ասես ափսեներ լինեին՝ միշտ փոս ընկած, իսկ երբ ոտքը ոտքին էր գցում, թվում էր՝ մեկ ոտք ունի ընդամենը: Վերին աստիճանի հանգիստ մարդ էր, խոսում էր քնատ ու մատների արանքում պարտադիր սիգարետն էր ծխում: Նա տարբերվում էր նկուղի մյուս անդամներից՝ փողի պակասություն չուներ. ասում էին՝ կինը հարուստ է... Սամվելը, այսպես ասած, նկուղի «հիմնադիրն էր ու կենտրոնական դեմքը», բոլորը կապված էին նրան, բոլորի գործերին մասնակից էր, և վերջապես բոլորը պարտք էին նրան, բայց այդ հարցի շուրջը խոսակցություն գրեթե չէր լինում: Դժվար է ասել, թե ինչին էր պետք նկուղը կամ կոպեկները, որ օրվա ընթացքում վաստակում էր համակարգչով սրա-նրա համար ինչ-որ գործ անելով, կարծես թե այդ ամենի կարիքը չուներ... Սիրում էի նստել կողքին ու ժամերով նայել՝ ինչպես են մատները ճարպկորեն սահում ստեղների վրայով, ու ինչպես են էկրանին հայտնվում տառերը: Ոչինչ չէի հասկանում, բայց հետաքրքիր էր, համակարգիչն անհասանելի երազ էր ինձ համար, ուրիշ աշխարհ...

Ինձնից ձախ՝ անմիջապես պատուհանի տակ, նստում էր Երանյան Աշոտը. տարօրինակ մարդ էր, միս առհասարակ չէր ուտում, բուսակեր էր, արտաքինն էլ նման էր ֆիլմերից մեզ ծանոթ Հիսուսի արտաքինին. կապույտ աչքեր ու շեկ երանգ ունեցող գանգուր մազեր: Ասում էին, որ շատ հավատացյալ մարդ է, իսկ երբ հորս հարցրի, թե դա ինչ է նշանակում, ասաց, որ դրանք Հիսուսին մոտ կանգնած մարդիկ են: Երևի հենց այս խոսքն էլ ազդեց, որ նրան նմանեցնեմ Հիսուսին: Երանյան Աշոտը ճարտարապետ էր, ինչպես ծիծաղելով ասում էին՝ «էժան ճարտարապետ», սեղանը միշտ լիքն էր վիթխարի թղթերով, որոնց վրա անթիվ գծեր էին խաչվում ու բաժանվում: Նրա մասին գիտեմ այն, ինչ ինքն էր պատմում, իսկ ինքը գրեթե չէր խոսում, միշտ լուռ էր, երբեմն միայն հիշում էր իր պատմությունը, ասում էր, որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ ինքը և կինը երեք որբ երեխա են որդեգրել, որոնցից երկուսը հաշմանդամ են եղել, որ դժվարությամբ մեծացրել են, սակայն երբ վերջնականապես աղքատացել են, ստիպված են եղել երեխաներին մանկատուն հանձնել, ասում էր՝ կինը, չդիմանալով այդ ամենին, հեռացել է, ու ինքը, մնալով կատարելապես միայնակ, հայտնվել է այստեղ՝ նկուղում:

– Տունը ինչի՞ս է պետք,– երբ հարցնում էին, թե ինչո՞ւ հեռացավ տնից, պատասխանում էր ու կիսաձայն ավելացնում,– շատ է տանջվել հետս, թող երջանիկ լինի հիմա, տունն էլ իմ կողմից իրենց նվեր:

Այս խոսքերի իմաստը երկար ժամանակ չէի հասկանում, չէի հասկանում, թե ինչո՞ւ է վարձու տանը բնակվում, եթե սեփականն ունի: Հետո, շատ ուշ միայն հասկացա, որ կինն իրենից հեռանալով՝ կապվել է այլ տղամարդու հետ...

Դռնից քիչ հեռու նստում էր Կառոբկա Աշոտը, տարօրինակ մականունը վաստակել էր աշխատանքի բերումով՝ տուփեր էր պատրաստում ծաղիկների համար և հանձնելով ծաղկավաճառ կրպակներին՝ վաստակում հանապազօրյա հացը: Հագուկապն ու այլ մանրուքները չեն մնացել հիշողությանս մեջ, միայն դեմքն եմ հիշում և այն, որ ցածրահասակ էր: Իսկ նրա դեմքը մոռանալն անհնար է, առնվազն մեկ անգամ տեսնողները կհավաստեն՝ այնքան տպավորիչ էր, որ հետո, երբ փորձում էիր նրան հիշել, դեմքից բացի, այլ բան հնարավոր չէր լինում, ասես նա միայն այդ դեմքը լիներ:

– Երկու կոտոշ ավելացնես, լրիվ սատանա ես,– ասում էր հայրս, երբ ուզում էր հոգու հետ խաղալ։– Քո տեղը իմանան, հաստատ կհրավիրեն հոլիվուդյան ֆիլմում խաղալու:

Կառոբկա Աշոտը չէր նեղանում իր դեմքին վերաբերող կատակներից, ընդհակառակը՝ կարծես ինքն էլ այդ կարծիքին էր: Ասես կրակ լիներ՝ միշտ շարժման մեջ էր, իսկ փախչող հայացքն ու արագ խոսքը ստիպում էին հավատալ, որ իրոք ինչ-որ սատանայական բան կա մեջը: Մեկ-մեկ կանգնում էի կողքին, փորձում սովորել, թե ինչպես է թղթերից մի քանի վայրկյանում տուփ ստանում, հեշտ էր թվում... Կառոբկա Աշոտը բոլորին պարտք էր, բոլորից փող էր վերցնում այն հույսով, որ իր մտածածն այս անգամ կստացվի. նա միշտ հետաքրքիր մտքեր էր ունենում՝ կարճ ժամանակում միլիոններ վաստակելու ուղղությամբ, սակայն վերջին պահին ինչ-որ բան պարտադիր խանգարում էր:

– Էս անգամ ստացվելու է, ամեն ինչ մտածել եմ...– ամեն անգամ ասում էր և ոգևորված բացատրում իր հերթական «հանճարեղ» ծրագիրը:

Մի անգամ մտքին դրել էր ավտոմեքենաների համար նախատեսված այն հոտազերծիչներից պատրաստել, որ կարելի է տեսնել դիմապակիների հայելիներից կախված: Եվ, գիտե՞ք, ստացվեց, նա թղթերը թաթախում էր լիմոնադի էսենցիայի մեջ, ու դրանք սկսում էին բուրել, իհարկե, առանց հետևանքների չանցավ նոր հայտնագործությունը. բոլորս մոտ մեկ շաբաթ կիտրոն էինք բուրում, քանի որ փորձարկումներն անցնում էին նկուղում, իսկ ամենաշատը բնականաբար բուրում էր հայտնագործության հեղինակը և այնքան ուժեղ, որ ստիպված էր որոշ ժամանակ չօգտվել երթուղային տրանսպորտից, քանի որ մի քանի անգամ արդեն վռնդել էին: Ստիպված ոտքով էր տեղաշարժվում և աշխատում փակ տարածություններում երկար չմնալ... Նրա ընտանեկան գործերը նույնպես բավական խճճված էին. ուներ կին ու երկու դուստր, սակայն երկար ժամանակ է՝ չէր տեսել նրանց:

– Նոր էի պադյեզդից դուրս եկել, մեկ էլ կիռպիչը ուղիղ գլխիս,– ոգևորված պատմում էր,– կնիկս էր, ուզում էր ինձ սպանել, հիմա էլ է ուզում...

Ի տարբերություն Երանյանի՝ մեծ ոգևորությամբ ու հաճույքով էր նկարագրում իր ընտանիքի կործանումը, հաճախ թվում էր՝ հորինում է, այնքան գունեղ ու այնքան պատկերավոր էր պատմում: Անընդհատ կրկնում էր, թե իբր կինը ցանկացել է իրեն սպանել, քանի որ փող չի կարողանում աշխատել, որ երեխաներին իր դեմ է տրամադրել և այսպես շարունակ: Լսելով այդ պատմությունը՝ փորձում էի պատկերացնել նրա կնոջը. մտածում էի՝ այդ ինչ սատանա է այդ կինը, որ կարողացել է նրան այս օրը գցել: Սամվելի թույլտվությամբ Կառոբկա Աշոտը քնում էր նկուղում՝ մի քանի աթոռ իրար էր միացնում ու պառկում վրան...

Նկուղի հաջորդ «բնակիչը» Օպոզիցիա Տիգրանն էր՝ միջին հասակի ու միշտ սոլիդ հագնված տղամարդ, կարծում էի՝ գրող է. ձեռքին միշտ թղթերով լի փոքրիկ ճամպրուկ էր, արծաթե կազմով բլոկնոտ ուներ, որի մեջ գրառումներ էր կատարում, երբ հետաքրքիր մտքեր էր լսում:

– Լևոնական է, էլի,– պատասխանեց Սամվելը, երբ հարցրի, թե ի՞նչ է նշանակում օպոզիցիա, բայց բացատրությունը նույնքան անհասկանալի էր, որքան օպոզիցիա բառը: Չէի հասկանում ինչով է զբաղվում, բայց կարծում էի՝ շատ կարևոր մարդ է, քանի որ հազվադեպ էր այցելում նկուղ, իսկ երբ գալիս էր, միշտ ինչ-որ անախորժություն էր հետը բերում:

Մի օր, երբ հերթական անգամ գնացել էինք նկուղ, նկատեցի, որ համակարգիչը չկա, այդպիսի բան չէր եղել, ոչինչ չէի հասկանում:

– Ախր Սամոյին ինչի՞ տարան,– ասում էր Կառոբկա Աշոտը և ինքն իրեն ծիծաղում, մյուսները ծիծաղելու տրամադրություն չունեին: Պարզվում էր՝ ոստիկանները եկել, բռնի տարել են Սամվելին ու համակարգիչը՝ ասելով, թե կասկած կա, իբր հակակառավարական նյութեր է պահում համակարգչում: Սամվելի կնոջ բարեկամների միջամտությունից հետո միայն բաց թողեցին նրան, սակայն համակարգիչն այդպես էլ չվերադարձրին: Բոլորի համար պարզ էր, որ Տիգրանի մատը խառն է ոստիկանների հայտնվելու և առգրավումներ կատարելու հարցում, բայց նա իր սովորության համաձայն չկար: Օպոզիցիա Տիգրանը թունդ հարբեցող էր, այնպես էր հարբում, որ ընկնում էր աչքից հեռու մի տեղ ու քնում, հաճախ աղբանոցներից էին գտնում, բայց երբ փող չուներ, վերին աստիճանի ինտելիգենտ էր, և երբեք մտքովդ չէր անցնի, թե կարող է հարբեցող լինել: Նա խմում էր մինչև վերջին դրամը, արդեն բոլորը գիտեին՝ եթե բռնած գործը հաջողվել է, ու գրպանը դատարկ չէ, նրան մի քանի շաբաթ հնարավոր չէ գտնել: Տիգրանը գումար էր վերցնում արտասահման մեկնել ցանկացող մարդկանցից, գրանցում կուսակցության շարքերը, մի քանի կրքոտ հոդված էլ տպագրում էր թերթում, իբր այսինչ այսինչյանը իր քաղաքական հայացքների համար հալածվում է և այլն, և այլն, ու այդ մարդը կարողանում էր մեկնել երկրից: Նրա հերթական գործարքի պատճառով էր նաև անակնկալ բռնագրավումը. ինչպես հետո պարզ դարձավ, տեքստը, որ ոստիկանների այցից մի քանի օր առաջ Սամվելին խնդրել էր հավաքել, հակակառավարական արտահայտություններ է պարունակել... Այն ժամանակ չէի հասկանում՝ ինչն ինչոց է, չէի էլ ուզում հասկանալ, գիտեի միայն, որ համակարգիչը չեն վերադարձնելու, և դա բավական էր, որ տխրեի: Կարճ ժամանակ անց Սամվելը, իհարկե, նոր համակարգիչ բերեց՝ նախորդից լավը, ուրախությունս աննկարագրելի էր, շուտով ամեն ինչ առաջվանը դարձավ, միայն՝ Տիգրանն այդպես էլ չկար...

Միակը, որ իր կայուն տեղը չուներ նկուղում, հայրս էր: Նա միշտ նստում էր տարբեր տեղեր, ասես չէր կարողանում նույն աթոռին մնալ: Խոսելիս երբ ոգևորվում էր, անմիջապես նստում էր այլ աթոռի, իսկ երբ ազատ տեղ չէր լինում, կանգնում էր... Հայրս նկարիչ էր և Երևանի գրեթե բոլոր նկարիչների պես՝ աղքատ: Նա դիմանկարներ նկարելով էր վաստակում հանապազօրյա հացը: Որպես նմուշ՝ ճանաչված հայերի դիմանկարներ էր նկարում ու թողնելով ծանոթների մոտ՝ սպասում, որ կհայտնվի դիմանկար ունենալ ցանկացող մեկը, և մենք մի քանի ամիս էլ կձգենք մեր գոյությունը: Ես ու հայրիկը շարունակ շրջում էինք քաղաքով, շատ էինք քայլում, չձանձրանալու համար նա հորինել էր մի խաղ. հայտնում էր փողոցի անունը, որտեղ գտնվում էինք տվյալ պահին, իսկ հետո իմ հերթն էր գալիս հայտնելու, և այդպես խաղը տևում էր այնքան ժամանակ, մինչև մեզնից մեկը չէր կարողանում պատասխանել, կամ վրիպում էր: Հաճախ դիտավորյալ պարտվում էր, որ ուրախանամ: Հայրս գրպանում պարտադիր շուշա կոնֆետներ ուներ, շատ էր սիրում, և երբ նկատում էր, որ հոգնել եմ, տալիս էր: Մի սովորություն էլ ուներ. նկատել էի, երբ անցնում էինք սրճարանների կամ խանութների ցուցափեղկերի կողքով, հայացքը միշտ փախցնում էր, նայում էր հակառակ ուղղությամբ, ասես չէր կարողանում նայել ցուցափեղկերին, իսկ երբ հարցնում էի, թե ինչու է այդպես անում, ժպտում էր ու ոչինչ չէր պատասխանում:

Մանկությանս բոլոր հիշողությունները կապված են հայրիկի ու նկուղի հետ. միշտ ինչ-որ հետաքրքիր դեպք էր պատահում, ու սովորական օրը դառնում էր հիշարժան: Մի անգամ հայրիկը Շառլ Ազնավուրի դիմանկարն էր նկարել, բերել նկուղ.

– Ի՞նչ կասեք,– նկարը հանելով տոպրակից ու հենելով պատին՝ հպարտ հարցրեց,– նման է, չէ՞:

Նկարը գեղեցիկ էր՝ Ազնավուրը բարի ժպտում էր: Հայրս ոգևորված բացատրում էր, մատնանշում այս կամ այն հատվածը, որի վրա շատ էր աշխատել...

– Սամ, լավն է, չէ՞,– անընդհատ հարցնում էր՝ վստահ, որ եթե Սամվելը հավանի, ուրեմն բոլոր գումարի խնդիր չունեցողները կհավանեն:

Երանյանն ու Սամվելը հիացած էին, իսկ ես հպարտ էի հայրիկիս համար, ասես իմն էին գովասանքի խոսքերը, որ հնչում էին նկարի հասցեին: Բայց այդ ամենը տևեց մինչև Կառոբկա Աշոտի գալը.

– Նախագահիդ էնքան ես սիրում, որ նկարո՞ւմ ես,– տեսնելով նկարը՝ իրեն հատուկ անփութությամբ ասաց:

Բոլորս ծիծաղեցինք՝ կարծելով կատակ է, սակայն Աշոտը իրենն էր պնդում.

– Ի՞նչ ես ասում, է՜,– հասկանալով, որ չի կատակում, զայրացած ասաց հայրս,– Շառլն է, չե՞ս տեսնում:

Աշոտը մինչ այդ նկարին մոտ էր կանգնած, լսելով հորս խոսքերը՝ սկսեց քայլել մեր ուղղությամբ և հեռավորությունից ուշադիր զննելուց հետո շրջվեց ու ծիծաղելով ասաց.

– Հեռվից Շառլն է, մոտիկից՝ նախագահը:

Պարզվեց՝ իրոք այդպիսի տպավորություն կար. երբ նկարին նայում էիր մոտ կանգնած՝ նախագահն էր, իսկ երբ հեռվից՝ Շառլ Ազնավուրը: Բոլորս զարմացած էինք, անընդհատ մեկ մոտենում, մեկ հեռանում էինք, և դիմանկարը փոփոխվում էր, հայրս չուներ բացատրություն.

– Էսպիսի բան առաջ չէր եղել,– զարմացած նկատեց:– Այ քեզ փորձանք, էդքան էլ ներկ ծախսեցի:

Մոտ մեկ շաբաթ հայրս փորձում էր նախագահին ջնջել նկարից՝ կնճիռներ էր ավելացնում, մաշկի գույնն ու լույսի-ստվերի դիրք էր փոխում, անգամ խմած էր նկարում, բայց նախագահը մնում էր: Մի աչքը փակ՝ կանգնում էր նկարից քիչ հեռու ու բութ մատը պարզելով՝ ծածկում էր նկարի այս կամ այն հատվածը, ասես փորձում էր գտնել, թե որ հատվածում է թաքնված նախագահը.

– Դու պատկերացնո՞ւմ ես, ամենը վերցրել է՝ նկարս էլ է ուզում,– ասում էր կիսահարբած։– Չէ, չեմ հանձնվելու, կռվելու եմ, պիտի փրկեմ նկարս:

– Կկարողանա՞մ հանել միջից,– հարցնում էր ինձ:– Երևի ինքը կյանքում շատ է նախանձում Շառլին, հա, հաստատ, երևի իրար հետ հարցեր ունեն... Հլը իմ դիմանկարը նկարեմ, տեսնես ի՞նձ ով է նախանձում...

Որքան ժամանակ է՝ նկուղի գլխավոր թեման նկարն էր: Բոլորին հետաքրքրում էր, թե ինչ եղավ վերջը, իսկ հայրս ծիծաղելով պատասխանում էր, թե նախագահը համառորեն չի ցանկանում հեռանալ: Նա ամեն կերպ ձգտում էր բացատրել տարօրինակ երևույթը, ասում էր՝ իբր Ազնավուրի ճակատի ու հոնքերի մեջ է նմանությունը, իսկ մոտիկից նայելիս՝ Շառլի դեմքը տափակ է երևում՝ նմանվելով նախագահի դեմքին, և որ ոչ մի արտասովոր բան չկա:

– Երկերեսանի նկար է,– խոսակցություններից մեկի ժամանակ ասաց Կառոբկա Աշոտը, և նկարի անունը մնաց «Երկերեսանի»:

Ինչքան էլ հայրս փորձեց հանել նախագահին, չստացվեց: Ի վերջո, Սամվելն այնքան էր ոգևորվել, որ գնեց նկարն ու կախեց նկուղի պատին, հենց իր գլխավերևում:

Ժամանակը թռչում էր, այտերիս արդեն մազածածկույթ էր հայտնվել: Թվում էր՝ շուրջն ամենը շարժվում է, փոխվում, միայն՝ ոչ նկուղն ու մեր կյանքը: Նկուղում սովորականի պես երկու Աշոտները նստած էին իրենց սեղանների առաջ, Սամվելն իր տեղում էր՝ «Երկերեսանի նկարը» վերևում, Տիգրանը չկար, իսկ ես շրջում էի քաղաքով՝ դիմանկարի պատվեր գտնելու հույսով: Վերջին ժամանակները միայնակ էի շրջում. հորս առողջությունն այն չէր, երկար քայլելուց հոգնում էր: Երբ ավարտում էի գործս, շտապում էի նկուղ:

Այդ օրն անձրև էր եկել, արդեն սկսում էին վառվել լապտերները, հատուկենտ անցորդներ կային: Քայլում էի զգուշությամբ, որ կոշիկներս ջուր չլցվեն: Գրեթե հասել էի նկուղին, պատրաստվում էի մտնել, հանկարծ բղավոց լսվեց, իսկույն ճանաչեցի. Կառոբկա Աշոտն էր.

– Բա՛ց թողեք, թողե՛ք ինձ,– բղավում էր:

Երբ ներս մտա, Աշոտը գետնին էր, հայրս և Երանյանը փորձում էին հանգստացնել, բարձրացնել գետնից, սակայն ապարդյուն, նա դիմադրում էր՝ հարվածելով թե՛ մեկին, և թե՛ մյուսին.

– Դո՛ւրս գնա,– նկատելով ինձ՝ բղավեց հայրս:

Չէի հասկանում՝ ինչ է կատարվում, Աշոտը արտասվում էր, անհասկանալի բաներ ասում.

– Թողե՛ք, դուք չեք հասկանում, քաղաքը կառոբկա է՝ մեծ կառոբկա, իմ աչքերով եմ տեսել,– մատնանշելով պատուհանը բղավում էր,– շուտով բոլորս կհայտնվենք ներսում ու էլ երբեք, երբեք չենք կարողանա դուրս գալ...

Կանգնել էի և չգիտեի ինչ անել, տեսարանը սարսափելի էր, նա անվերջ կրկնում էր, թե տեսել է՝ քաղաքը մեծ տուփ է, որը գնալով ավելի է մեծանում՝ կլանելով ճանապարհին պատահած ամեն ինչ, և որ իր ետևից է ընկել...

Շուտով շտապօգնության աշխատակիցների հետ եկավ Սամվելը, Աշոտին տարան: Մինչև շտապօգնության մեքենային հասնելը նա համառորեն դիմադրում էր՝ կրկնելով նույնը... Այդ օրվանից իմ ներկայությամբ Աշոտի մասին չէին խոսում, իսկ նկուղում լինելուս ժամանակ ձևացնում էին՝ իբր ոչինչ չի եղել.

– Աշոտը չի խելագարվել, չէ, քաղաքը իրոք մարդասպան է,– լսեցի հորս խոսքերը, երբ գաղտնալսում էի:

Կարճ ժամանակ անց նկուղն անհասանելի դարձավ մեզ, Սամվելը չվճարեց վարձակալման գումարը՝ պատճառաբանելով, թե ավելի հարմար տեղ է գտել, սակայն իրականությունն այն էր, որ այլևս անհնար էր նկուղում գտնվելը. ամեն ինչ Աշոտին էր հիշեցնում:

Աբովյան փողոցի շենքերից մեկի ետևում մինչև օրս կուչ է եկած շինությունը, որի նկուղային հարկում մի ժամանակ հավաքվում էինք: Նկուղի տեղում ատամնաբուժարան է, և ոչինչ չի մնացել հնից, սակայն կողքով անցնելիս տարօրինակ զգացողություն եմ ունենում: Ինչ-որ անբացատրելի, ձգող ուժ ստիպում է միշտ մի պահ կանգնել, ասես այդ վայրը հայացքներ կանգնեցնել իմանա: Իրականում այդպիսի բան, իհարկե, չկա, նկուղը միայն ինձ համար գոյություն ունի, միայն ես եմ տեսնում...

Հիմա հաճախ եմ թրևում քաղաքով, սովորությունը չխախտելով՝ սկսում եմ Աբովյան փողոցից, հետո իջնում Օպերա... Փողոցները հաջորդում, խաչվում-բաժանվում են ոտքերիս տակ, անցնում եմ այն նույն տեղերով, ուր ժամանակին հորս հետ էի քայլում, ուր անցավ մանկությունս, հաճախ թվում է՝ հայրս հետս է, կողքիս... Հիմա գիտեմ՝ ինչու էր հայացքը միշտ փախցնում ցուցափեղկերից, ինչու ասաց, որ քաղաքը մարդասպան է... Ես անշտապ շրջում եմ քաղաքով՝ հայացքս փախցնելով խանութների ցուցափեղկերից ու վախենում, անչափ վախենում եմ, որ կշրջվեմ և վարդագույն շենքերի փոխարեն կտեսնեմ դեպի ինձ շտապող հսկա տուփը:

Յատուկ Երաժշտություն
Կարս
Տիգրան Համասյան

Կարս

Ճակատամարտ մայրամուտին Եգիպտացորենի աստծո հետ
Ճակատամարտ մայրամուտին Եգիպտացորենի աստծո հետ
Խաղա առցանց