Գրիգ

Ագռավներ

- Ի՞նչ եղար, - դուռը կիսաբաց անելով՝ հարցնում է:

– Գալիս եմ, պապի՛,– պատասխանում ու կացինը վերցնելով՝ դուրս եմ գալիս:

Իջնում ենք անհարթ ճանապարհով, պապս առջևից է գնում. շուրջբոլորը ծաղկած ծիրանենիներ են:

– Էս տարի լավ բերք է լինելու,– ծառերին նայելով՝ ոգևորված ասում է,– ես վաղը չեմ լինի, դու պիտի գաս, նայես, ջրես ծառերը...

Ձայն չեմ հանում, նա շարունակ խոսում է. իջնում ենք:

– Սա՛ է,– մատնանշելով բարդին՝ ասում է, մոտենում ենք ծառին։– Միայն զգույշ, վնաս չտա՛ս քեզ...

Պապս գնում է, նայում եմ բարդուն. հաստ չէ, բայց բարձր է. «Երկու ժամում կվերջացնեմ» մտածում և սկսում եմ կացնահարել:

Մեկ ժամ անցել է. «Մի քիչ հանգստանամ», նստում եմ քարին, վառում ծխախոտը: Նայում եմ երկինք՝ ագռավները պտտվում, աղմկում են, «Ինչ սկսել եմ, պտտվում են», նկատում, սակայն նշանակություն չտալով՝ վերջացնում եմ ծխելը ու շարունակում կտրել: Մի քանի հարվածից հետո ուշադրությունս գրավում է ագռավը, որ իջնում, կանգնում է քիչ հեռվում: Ոչ այնքան մեծ ագռավ է. մի աչքը չկա, բարակ ոտքերը շարժելով մոտենում է. կռանում եմ, այնքան է մոտեցել, որ ձեռքս երկարեմ՝ կբռնեմ: Աշխատում եմ հնարավորինս անշարժ մնալ՝ չվախեցնելու համար, նայում եմ դատարկ ակնախոռոչին: «Երևի ձագ է», մտածում եմ, ագռավը մի քանի քայլ էլ է անում, հետո կանգնում, նայում աչքերիս և հանկարծակի նետվելով դեպի ծխախոտատուփը, որ գետնին էի թողել, վերցնում է ու թռչում: «Փաստորեն ճիշտ է»,– հիշելով, որ պապս միշտ ասում է, թե ագռավները գող են և արդեն որերորդ օճառն են գողացել իրենից, ժպիտը դեմքիս հետևում եմ ագռավի թռիչքին: Բարձրանում, ճարպիկ շարժումով անհետանում է բարդու ճյուղերի մեջ, հետո շատ չանցած՝ նորից հայտնվում օդում: Հայացքիցս չի վրիպում ծխախոտատուփի բացակայությունը, «Տարավ բույնը»,– նկատելով, որ ծառի միջնամասում բույն է հյուսված՝ ասում եմ քթիս տակ ու ոգևորությամբ շարունակում կացնահարել. ասես պատժում եմ փոքրիկ գողին...

Ծառը ճարճատյունով տապալվում է: Անհամբեր մոտենում եմ՝ գտնելու բույնը, հետաքրքիր է՝ տուփն այնտե՞ղ է... «Գուցե հարձակվեն»,– անցնում է մտքովս, նայում եմ երկնքին. ոչ մի ագռավ չկա, սկսում եմ ուսումնասիրել բույնը: Հայելու կտորներից և այլ մանր-մունր անպիտան իրերից բացի, ոչինչ չկա. հանկարծ շղթա հիշեցնող ինչ-որ բան է երևում: Զգուշությամբ քաշում եմ, իրոք շղթա է, արծաթագույն շղթա՝ վրան էլ ոսկեգույն կոպեկի նման կլոր...

– Բախտ եմ ասել, է՜,– թաշկինակով տրորում եմ գտածոն,– տեսնես ոսկի՞ է:

Կլոր զարդի վրա փորագրված է «Արամ». նայում եմ, փորձում մտապատկերումս ստեղծել նրա կերպարը, պատկերացնել՝ ինչպիսին եղած կլինի դեմքը վզնոցի բացակայությունը հայտնաբերելիս... «Գող են, էլի, գող»,– ժպիտը դեմքիս մտածում ու նայում եմ երկինք. նորից ոչինչ... Վզնոցը գցելով գրպանս՝ վերցնում եմ կացինն ու հեռանում: Պապիս ոչինչ չեմ ասում, մտնելով տնակ՝ արագ փոխում եմ հագուստս և շտապում կայարան: Գնացքում՝ ամբողջ ճանապարհին, մտածում եմ վզնոցի մասին, փորձում կռահել՝ ինչ կարժենա...

– Մա՛մ,– մտնելով տուն՝ բղավում եմ, անցնում սենյակից սենյակ, «երևի խանութ է գնացել»: Պառկելով բազմոցին՝ սկսում եմ խաղալ վզնոցի հետ: Գցում եմ վիզս, շուռումուռ տալիս, անընդհատ նայում գրությանը... Շուտով հոգնում եմ, կոպերս ավելի ու ավելի են ծանրանում...

– Լռությո՛ւն...– լսվում է ձայնը:

Ճաղերի ետևում եմ, քիչ հեռու երեք ագռավ են՝ կողք կողքի նստած:

– Լռություն պահպանե՛ք,– մուրճը մի քանի անգամ հարվածելով սեղանին՝ նորից բղավում է մեջտեղի ագռավը:– Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք,– նայելով իմ կողմը՝ հարցնում է:

Նայում եմ շուրջս՝ մեծ դահլիճ է, ամենուր ագռավներ...

– Ամբաստանյա՛լ, ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք,– կրկնում է:

Ձայն չեմ հանում, շարունակ կողքերս եմ նայում:

– Դատարանը հեռանում է վճիռ կայացնելու,– լռությունիցս զայրացած՝ բղավում է մեջտեղի ագռավը, ու երեքով հեռանում են:

Դահլիճում աղմուկ է բարձրանում, բոլոր ագռավները իրար հրելով մոտենում են ճաղերին, հետին շարքինները ցատկոտում են գոնե մեկ հայացք գցելու համար...

– Գրազ կգամ՝ երկու րոպե հազիվ ձգի,– ճաղերի մոտ կանգնած ագռավներից մեկը ասում է կողքինին:

– Նախորդին էլ էիր նույնը ասում,– արհամարհական պատասխանում է կողքինը...

Հանկարծ լսվում է մուրճի մի քանի հարված, և բոլորն ակնթարթորեն հեռանալով ճաղերից՝ գրավում են նախկին տեղերը: Երեք ագռավները նորից սեղանի ետևում են:

– Կառ, կառ...– ինչ-որ թղթի նայելով՝ սկսում է մեջտեղինը:

Ոչինչ չեմ հասկանում, շուրջս եմ նայում, ասես փնտրում եմ մեկին, ով կմեկնի՝ ինչ է կարդում...

– Դատապարտել մահապատժի՛,– ավարտելով երկար ճառը՝ ասում է. բոլոր ագռավները իմ կողմ են նայում:

– Ի՞նչ,– շփոթված հարցնում եմ. թվում է՝ սխալ լսեցի, սակայն մահապատիժ բառը դեռ հնչում է ականջներումս,– չեմ հասկանում, ի՞նչ եք ուզում ինձնից:

– Վճիռը բեկման ենթակա չէ՛,– անկիրք պատասխանում է:– Ի կատար ածել:

Չեմ հասցնում ձայն հանել, ագռավներն աղմուկով նետվում են դեպի ինձ, հաջորդ պահին արդեն կանգնած եմ դահլիճի կենտրոնում՝ աթոռի վրա, ձեռքերս կապված են: Ագռավները շրջանի մեջ են առել, սպասում են... Հանկարծ նրանցից մեկը, թռչելով դեպի առաստաղ, ուղիղ գլխիս վերևում ամրացնում է ծայրը օղ արած պարանը:

– Ինչի՞ համար,– հասկանալով, որ պատրաստվում են ինձ կախաղան հանել՝ սարսափած բղավում եմ,– ի՞նչ եմ արել:

– Վերջին ցանկությո՛ւնդ,– թիկունքից լսում եմ, ու մեկն օղը անցկացնում է վիզս:

– Ախր ի՞նչ եմ արել...,– բղավում եմ անզորությունից.

– Վերջին ցանկությո՛ւնդ,– կրկնում է ձայնը:

Փորձում եմ տեսնել՝ ով է թիկունքումս, չի ստացվում...

– Ծխել եմ ուզում,– համոզված լինելով, որ ագռավները չեն ծխում, ասում եմ՝ փորձելով անախորժ վիճակի մեջ գցել նրանց:

«Ստացվեց»,– մտածում եմ՝ նկատելով, որ շփոթված իրար են նայում, և ոչ ոք տեղից չի շարժվում:

– Փոքրիկ գո՛ղ, դո՞ւ ես,– անակնկալ տեսնելով միաչքանի ագռավին, որը ճեղքելով շրջանը դեպի ինձ է շտապում, ուրախ բղավում եմ, ասես վաղեմի ծանոթի եմ հանդիպել, ասես փրկված եմ...

– Գողը ե՞ս եմ, թե՞ դու,– թռչելով ուսիս՝ արհամարհական ասում է ու բերանիս մոտեցնելով բաց ծխախոտատուփը՝ ավելացնում,– վզնոցը չգողանայիր՝ այս օրը չէիր ընկնի, դե հիմա մեռիր:

– Չէ...– նկատելով ծխախոտատուփը,– իմ ծխախոտատուփը,– բղավում եմ, փորձում ազատվել:

Մեկը հարվածում է աթոռին. անտանելի ցավ եմ զգում պարանոցի շրջանում, մարմինս ճոճվում է օդում, ագռավները մոտեցել, ագահ հայացքով նայում են, ասես վախենում են աչք թարթել, որ չկորցնեն և ոչ մի ակնթարթ:

– Ասում էի, չէ՞, երկու րոպե հազիվ ձգի, հիմա ուշքը կգնա,– լսում եմ:

Արցունքը լցվել է աչքերս, լավ չեմ տեսնում, շունչս կտրվում է, սկսում է մթնել... հեռվից մեկը անունս է տալիս, ձայնը ավելի ու ավելի է մոտենում. ծանոթ ձայն է...

– Մա՜մ,– խոր շունչ քաշելով բղավում ու աչքերս բացում եմ:

Տանն եմ՝ բազմոցին, ագահաբար օդ եմ կլանում, մայրս վախեցած ինձ է նայում, արտասվում է...

– Ի՞նչ է եղել,– հարցնում եմ,– մա՛մ, ի՞նչ է եղել:

– Փաթաթվել էր... փաթաթվել էր վզիդ, խեղդում էր,– ցույց տալով գետնին ընկած վզնոցը՝ հեծկլտում է,– հազիվ պոկեցի...

Շտապում եմ միջանցք, գլուխս պտտվում է, ինձ թույլ եմ զգում, նայում եմ հայելուն՝ վզիս շղթայի հետքն է տպված, տեղ-տեղ արյուն է... Մայրս շարունակ ինձ է նայում և արտասվում. աչքերում անսահման վախ կա...

Գետնից բարձրացնելով վզնոցը՝ սարսափով նկատում եմ, որ «Արամ» գրության փոխարեն անվանս առաջին տառերն են: Վազում եմ դեպի պատուհանը, մի կողմ հրելով վարագույրը՝ նետում հնարավորինս հեռու, և հենց այդ պահին աչքիս առաջ մի ագռավ օդում բռնում է վզնոցն ու հաջորդ վայրկյանին անհետանում տեսադաշտից:

Յատուկ Երաժշտություն
Լարային քառյակ – Քամի
Էլեն Յոլչյան

Լարային քառյակ – Քամի