Գրիգ

Ադադա

Ձայները գոռում են, ձայները լռում, ձայները տանում են սատանաների հետ պարելու, Աստծու առաջ աբսուրդի...

Չեմ կարողանում որոշել՝ աչքերս բաց են, թե չէ, մութ է, փորձում եմ շարժել վերջույթներս, թմրած են, ծակծկում են: «Որտե՞ղ եմ»... Ասես փակ տարածության մեջ լինեմ: «Գուցե սենյակո՞ւմ եմ»... շոշափում եմ հատակը, կարծես հողի վրա եմ. «Այս որտե՞ղ եմ»:

– Ծխե՞ս,– լսվում է ինչ-որ ձայն:

– Ո՞վ է,– ինքնաբերաբար հարցնում եմ:

Վախենում եմ. «Ուրեմն մենակ չեմ, տեսնես ո՞ւմ ձայնն է», շատ եմ վախենում, ոչինչ չեմ տեսնում:

– Ո՞վ ես,– կրկնում եմ:

– Ծխե՞ս,– փոքր դադարից հետո նորից լսվում է:

– Ո՞վ ես,– բղավում եմ,– ո՞վ ես, շուտ ասա, թե չէ… Ծիծաղում ես, հա՞, ո՞վ ես, քո մերը…

«Իզուր հայհոյեցի, հա իզուր, հիմարի մեկն եմ», վախենում եմ, թվում է՝ նա ամենուր է, փորձում եմ հիշել՝ ձայնը տղամարդո՞ւ էր, թե՞ կնոջ, չի ստացվում, «վերջույթներս ինչո՞ւ են թմրած...»:

– Իհարկե թմրած են, արդեն մի քանի ժամ է՝ այստեղ ես,– ասում է ձայնը:

– Մի քանի ժա՞մ, ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ,– հարցնում եմ, փորձում ինչ-որ բան իմանալ:– Ինչո՞ւ ես լռում, քեզ հետ եմ...

– Սպասիր, սպասիր, եթե ասաց, որ արդեն մի քանի ժամ է՝ այստեղ ես, ուրեմն նա քեզնից առաջ է այստեղ,– հիմա էլ նոր ձայն լսվեց:

– Դո՞ւ ով ես, ովքե՞ր եք, որտե՞ղ եմ ես,– բղավում եմ,– մի բան ասեք:

«Պետք է ստուգել՝ աչքերս բաց են, թե չէ, գուցե աչքերս կապել են սրանք»: Լավ չեմ էլ պատկերացնում՝ ում նկատի ունեմ, բայց կարծում եմ՝ վատ մարդիկ են: Շոշափում եմ դեմքս, աչքերս կապված չեն, «աչքերս բաց են, ուրեմն մութ է»: Մտովի փորձում եմ հիշել, թե որ կողմից էր գալիս քիչ առաջվա ձայնը, չեմ հիշում:

– Ծխե՞ս,– նորից լսվում է առաջին ձայնը, չեմ պատասխանում: «Գուցե իրո՞ք սենյակում եմ, բայց ինչպե՞ս եմ հայտնվել»: Գլուխս սկսում է ցավել:

– Այ բիձա, ի՞նչ ես ուզում ինձնից,– հենց այնպես բղավում եմ:

«Ինչո՞ւ ասացի բիձա, գուցե իրոք բիձա է, ձայնից այդպես է թվում»: Փորձում եմ ձայնը հիշել, չի ստացվում: «Հա էլի, իրոք որ բիձա է՝ նիհար, երկար ու ճմռթված դեմքով բիձա, բերանում էլ ատամ չկա, միայն մի ատամ է մնացել՝ դիմացի ատամը, ու այնքան է երկարել, որ երբ բերանը փակում է, կիսով չափ դուրս է մնում՝ դեղին, զզվելի ատամը...»: Մարմնովս սարսուռ է անցնում, ծերուկը ձայն չի հանում, լռություն է, միայն թույլ զնգոց է գլխումս ու անկանոն սրտխփոց քունքերիս մեջ: Վերջույթներս արդեն թմրած չեն: «Արագ հարկավոր է հասկանալ, թե որտեղ եմ, և ինչո՞ւ է այսքան մութ»:

– Ծխե՞ս,– նորից բիձայի ձայնն է:

– Էլի դո՞ւ, քեզ հետ չեմ խոսում,– պատասխանում եմ,– համ էլ գիտեմ՝ ով ես, դու բիձան ես՝ դեղին ու զզվելի ատամով:

– Բա նա՞,– արագ հարցնում է,– դե, որ ինձնից հետո խոսեց հետդ:

«Բայց ճիշտ է ասում, իրեն իմացա, երկրորդը ո՞վ է»։

– Հեյ երկրորդ, ո՞վ ես,– բղավում եմ,– չեմ հասկանում՝ ձեզ մոտ լռելը մոդա՞ է, հեչ էլ խոսես:

Մեջքս սեղմում եմ, չոր բանի եմ հենված, «երևի պատ է», շոշափում եմ. այո, պատ է: «Սենյակում եմ, այո, սենյակում, իսկ, գուցե, ինչ-որ տեղ՝ մեծ տարածության մե՞ջ, օրինակ՝ դաշտում, մի պատ է, ու հենց այդ պատին եմ հենված կամ կապված»: Կտրուկ շարժումներ եմ անում, արգելքներ չկան: «Կապված չեմ, լավ պրծա»: «Չէ, եթե դաշտում լինեմ, ուրեմն պետք է աստղերը երևան, աստղերը միշտ երևում են, իսկ այստեղ ոչ մի բան չի երևում, ամեն դեպքում սենյակ է, գուցե դաշտի մեջտեղում, բայց սենյակ է»,– քթիս տակ ասելով՝ փոքր քարեր եմ վերցնում գետնից ու նետում բոլոր ուղղություններով, նետածս քարերից ձայն չի գալիս, «ուրեմն շատ մեծ է սենյակը»: Փորձում եմ զգուշությամբ կանգնել, առանց որևէ արգելքի ստացվում է, ձեռքս վեր եմ պարզում՝ որոշելու առաստաղի բարձրությունը, բարձր է, ձեռքս չի հասնում: Ինչ-որ դուրս ցցված բան եմ շոշափում պատի վրա, կլոր է, սառը, ցանկանում եմ պտտել, կարծես ստացվում է, նորից ձայներ են լսվում, ինչ-որ մեկը անունս է տալիս, բայց չեմ կարողանում մտապահել, անմիջապես բաց եմ թողնում, նստում եմ գետնին: Ձայները հեռանում են, զգում եմ, որ առանց վախի առաջ կշարժվեի, թե այն երկուսը չլինեին, ավելի շատ վախենում եմ ծերունուց, մի տեսակ սարսափելի բան կա ձայնի մեջ ու միաժամանակ հարազատ է, ես այդ ձայնը կարծես լսել եմ նախկինում...

– Ինչո՞ւ չեք խոսում, հը՞,– բղավում եմ,– ձեզ հետ եմ:

«Երևի սպասում են, որ մոտենամ, գուցե կապված են»: Շատ խոնավ է, շորերիս տակ ցրտից այրվում է մարմինս:

– Ծխե՞ս,– նորից ծերունու ձայնը:

– Թութա՞կ ես, «ծխե՞ս, ծխե՞ս», զզվեցրիր քո ծխես-ով, ուրիշ բառ չգիտե՞ս:

Չի պատասխանում, «երևի կոպիտ խոսեցի», զգում եմ՝ ինչպես է չորանում կոկորդս, խեժի համ եմ զգում շուրթերիս, «քիչ առաջ անգամ միտք չունեի ծխելու, հիմա...»: Ինչ-որ մեկը նորից անունս է տալիս, «այս անգամ պետք է լսեմ», լարում եմ լսողությունս, լսում եմ, սակայն չեմ կարողանում մտապահել:

– Այս ի՞նչ է կատարվում,– անզորությունից բղավում եմ, քրտինքը թափվում է ճակատիցս, այրվում եմ...

– Քո մեջ ադադա կա՞,– անակնկալ հարցնում է բիձան:

– Ի... ի՞նչ:

– Ասում եմ՝ քո մեջ ադադա կա՞:

– Ատադան ի՞նչ է,– անծանոթ բառը զվարճալի է թվում:

– Ատադա չէ, ադադա,– զայրացած պատասխանում է՝ կարծես վիրավորված, որ չգիտեմ բառի նշանակությունը: Բայց փոքր դադարից հետո շարունակում է,– ներսումս մի շատ մութ անկյուն կա, այնտեղ աթոռ է դրված՝ վրան էլ միշտ մեկը նստած է, շատ փոքր ու ցածրահասակ մեկը, որի դեմքը չի երևում, միայն ոտքերն են երևում՝ շղթայված են աթոռին, դրա համար էլ չի կարողանում շարժվել. ինքն է ադադան:

– Բա ի՞նչ է անում նստած,– հետաքրքրությամբ հարցնում եմ:

– Երբեմն-երբեմն, կարծես հատուկ ընտրված ժամի, ասում է՝ ադադա, ու սկսում են վատ մտքեր լցվել գլուխս, շատ վատ մտքեր:

Այնպիսի ոգևորությամբ է ասում ադադան, որ չեմ կարողանում զսպել ծիծաղս:

– Ինչո՞ւ ես ծիծաղում, ճիշտ եմ ասում, օրինակ՝ հենց այսօր, անցնում էի շենքերից մեկի կողքով, տեսնեմ պատին դագաղի կափարիչ է հենած, հենց այդ պահին ներսումս լսվեց՝ ադադա: Անմիջապես հետևեց իմ վերաբերմունքը. «Ինչ լավ է եղել, որ մահացել է, տեղն է իրեն»: Ախր չեմ էլ ճանաչում, չգիտեմ ով է եղել:

– Ի՞նչ ես խոսում,– բղավում եմ,– այս ի՞նչ ցնդաբանություն է, ի՞նչ է ինձ հետ կատարվում, Աստված իմ:

– Միշտ այսպես է,– շարունակում է ծերուկը, ձայնը դողում է,– իմ կամքից անկախ վատ, սարսափելի մտքեր են գալիս, չէ, ես չեմ, ադադան է, ես մեղք չունեմ... չգիտեմ ինչ անել, այլևս չեմ դիմանում, բոլորի վատն եմ կամենում, անգամ... անգամ... Աստծու:

– Ձայնդ կտրի՛ր, հերիք է...– ականջներս փակելով բղավում եմ:

– Վախենում եմ՝ մի օր պոկի շղթան, շատ եմ վախենում...– ասես չլսելով ինձ՝ շարունակում է:

– Հերի՛ք է, հիմա՛ր ծերուկ, հերի՛ք է,– ինչքան ուժ ունեմ բղավում եմ, լռում է:

– Անձնական Աստված, անձնական Աս…– տևական դադարից հետո լսվում է նոր ձայն:

Չեմ հասցնում որևէ բան ասել, մեկ ուրիշն է լսվում, նոր ձայներ են, շատ են, խառնվում են իրար, ամբողջական չեմ հասցնում լսել, միայն կցկտուր նախադասություններ, բառեր եմ որսում.

– Տղամարդիկ կույր են ուղիղ մի ամբողջ կյանք…

– Նա բացեց պատուհանն ու ցատկեց, անցավ քաղաքի վրայով ու ընկավ ակվարիումի մեջ…

– Ո՞վ ասաց, թե վախերի աշխարհում...

Սենյակի բոլոր ձայները՝ մթությունից ծնված բոլոր ձայները լցվում են գլուխս, անտանելի է, ձեռքերով սեղմում եմ գլուխս, դուրս չեն գալիս, սիրտս արագ է խփում, թվում է՝ ծերուկը դեմքը մոտեցրել է դեմքիս, շատ է մոտեցրել, ուր որ է երկար ու դեղին ատամը կխրի աչքիս մեջ, իսկ ես չգիտեմ՝ աչքերս բաց են, թե չէ... թվում է, երբ ատամը խրի, աչքս դեղին կդառնա, նրա շնչառությունը արդեն զգում եմ ճակատիս, ինչքան ուժ կա թոքերումս բղավում եմ, ձայնս հազիվ է դուրս գալիս, փորձում եմ նորից բղավել, ուժեղ լույս եմ զգում... «Լուսավորվե՞ց», աչքերս ակնթարթորեն հարմարվում են լույսին, ասես քիչ առաջ մութ չէր, արագ շուրջս եմ նայում, շատ փոքր սենյակ է, ինձնից բացի, ոչ ոք չկա: Բաց մոխրագույն սենյակ է, պատուհաններ չկան, ոչինչ չկա, դատարկ է, արագ կանգնում եմ:

– Լավ պրծա, լավ է, որ մենակ եմ,– ասելով սկսում եմ քայլել ու ուսումնասիրել: Սենյակը տասնհինգ ոտնաչափ երկարություն, վեց ոտնաչափ էլ լայնություն կունենա, գլուխս սկսում է պտտվել:

«Դո՞ւռ»,– քթիս տակ ասում ու արագ մոտենում եմ, դիմացս է տնկվել մի դուռ, նայում եմ, սակայն ձևն ու գույնը չեմ կարողանում հիշել, «Զարմանալի է, ինչպե՞ս շուտ չէի նկատել»: Ինչ-որ բան եմ նշմարում, կարծես գիր լինի, գլուխս մոտեցնում եմ, սուր գործիքով անփութորեն փորագրված է՝ «Բա՛ց արա, կտեսնես սատանային և Աստծուն ու կմահանաս»:

– Հետաքրքիր է,– ծնոտս տրորելով ասում ու զգուշորեն ականջս մոտեցնում եմ. ոչ մի ձայն չի լսվում: Հեռանում եմ դռնից և սկսում պտույտներ գործել սենյակում, աստիճանաբար պտույտներն արագացնում եմ, «սատանա, Աստված, կմահանաս» բառերը հերթականությունը անընդհատ փոխելով՝ պտտվում են գլխումս, փորձում եմ բառերի հերթականությանը հակառակ պտտվել: Ոտնահետքեր եմ նկատում գետնին, ամբողջ գետինը պատված է ցեխոտ ոտնահետքերով, ասես ինձնից առաջ մի ամբողջ բանակ է անցել, «Հուսադրող է, բայց մեկ է վախենում եմ»,– ծիծաղում եմ:

– Պետք է գտնեմ, պետք է գտնեմ,– կրկնելով պտտվում եմ:

– Ի՞նչ ես փնտրում,– լսվում է մի ձայն. նոր ձայն է, կարծես գլխիս մեջ հնչեց:

– Ո՞վ ես, ո՞վ ես, ասա՛,– անակնկալի գալով՝ բղավում ու շուրջս եմ նայում:

Չգիտեմ ինչ անել, վերջույթներս ցավում են, ձայնը չի պատասխանում, լռությունը սպանում է, «իսկապես, ի՞նչ եմ փնտրում», նորից սկսում եմ պտտվել, սենյակը ինձնից արագ է պտտվում, փորձում եմ հասկանալ՝ ինչ եմ փնտրում, հայացքս կանգնում է.

– Գտա՛,– մոտենում եմ դռանը, փայլուն ու կլոր բռնակի մեջ տեսնում եմ արտացոլանքս, չեմ կարողանում մտապահել ինչպիսին եմ, ձեռքս դնում եմ, սառն է, «չէ, ոչ հիմա», գնում ու պպզում եմ անկյունում, նայում առաստաղին, «տեսնես որտեղի՞ց է լույսը թափանցում», արագ կանգնում ու ստուգում եմ բոլոր ծակուծուկերը, ոչ մի լույսի աղբյուր, բայց լույս է: Նորից կուչ եմ գալիս անկյունում, որ մի քիչ տաքանամ, մարմինս սառել է:

– Բիձա, ո՞ւր ես, ո՞ւր եք,– բղավում եմ. ձայն չկա, ցուրտ է, հիշում եմ բիձայի ասածը, ուզում եմ ծխել:

– Ինչո՞ւ հրաժարվեցի,– գլուխս ափերիս մեջ՝ արտասվում եմ: Նայում եմ դռանը, «չբացե՞մ, մեկ է սովից եմ մեռնելու, գոնե սատանային ու Աստծուն կտեսնեմ», տեղից չեմ շարժվում, «կմահանաս» բառը գլխիցս դուրս չի գալիս, բռնակը գրավիչ է, ցանկանում եմ մոտենալ... Ցրվելու համար ելնում, նորից պտտվում եմ՝ «երկուս, երեք... չէ, անտանելի է, ավելի լավ է մեռնեմ», ձեռքս տանում եմ բռնակին.

– Այս ի՞նչ է, բռնակն ո՞ւր է, նոր այստեղ էր,– անակնկալի գալով շուրջս եմ նայում, «կարող է ես եմ վերցրել», քրքրում եմ գրպաններս:– Ախր ի՞նչ եղավ,– ասում և անզորությունից սկսում եմ հայհոյել,– ե՛տ տվեք բռնակը...

Ձայնս դուրս չի գալիս, մոտենում, կրկին կարդում եմ գրությունը:

– Բացե՛ք, խնդրում եմ,– հարվածում եմ,– բացե՛ք, ինչ լինում է, թող լինի...

Բռնակի տեղում սև անցք է, ճիշտ աչքի չափով, «տեսնես ի՞նչ կա», գլուխս զգուշորեն մոտեցնում եմ, «աչք է, մոխրագույն աչք, ինձ է նայում, ինձ հետևում են...», ընկրկում եմ, դողում վախից, «տեսնես ո՞վ էր», սրտխփոցս արագանում է, հիշում եմ գրությունը, «Աստվա՞ծ էր, թե՞ սատանան, երևի սատանան էր, Աստծու աչքերը կապույտ կլինեն, այո, հաստատ սատանան էր», սկսում եմ արտասվել:

– Ինչո՞ւ շուտ չբացեցի, հիմարի մեկն եմ, հիմար...– հարվածում եմ գլխիս,– հիմա սովից պիտի մեռնեմ:

«Աստված իմ...», ձեռքերս պոկ չեն գալիս գլխիցս, կպել են:

– Բա՛ց թողեք, բա՛ց թողեք,– կտրուկ շարժումներով փորձում եմ ազատել ձեռքերս, թվում է՝ մեկը բռնել է, սեղմում է գլուխս... Նկատում եմ՝ բռնակը տեղում է, «պետք է շտապեմ, պետք է... քանի նորից չի անհետացել...», մի կերպ ազատում եմ ձեռքերս ու վազում, բռնակը սառն է, պտտում եմ, «բացվեց»...

Դուռը բացվում է, հեռու եմ կանգնում, վախենում եմ մոտենալ, սիրտս այնպես է զարկում, ասես ուր որ է պայթելու է... «Աստված, սատանա, կմահանաս» բառերը պտտվում են գլխումս...

– Հայելի՞,– ասում և ձեռքս հպում եմ:

Դռան ետևում հայելի է, մեծ հայելի, ուրիշ ոչինչ, շոշափում եմ, նայում ինձ.

– Խաբեցին... խաբեցին,– արցունքներն աչքերիս բղավում, ձեռքս բարձրացնում եմ հարվածելու հայելուն, հանկարծ արտացոլանքս ժպտում ու ասում է՝ «ադադա»։

– Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում ինձնից,– ընկրկելով բղավում եմ,– ի՞նչ է այս ամենը նշանակում, ի՞նչ եմ արել, հանգիստ թող, հանգիստ թող ինձ...

Սենյակը մթնում է, և մոտ, ականջիս շատ մոտ լսվում է.

– Ծխե՞ս...

Յատուկ Երաժշտություն
Հին Օրերի Երգը
Տիգրան Մանսուրյան

Հին Օրերի Երգը

Նկարչի արվեստանոց, 1963 թ
Նկարչի արվեստանոց, 1963 թ
Խաղա առցանց