Դանիել Վարուժան
Բեգաս
Ընկեր Մուրատին և իր ձիուն կայծակնավազ
Բե՛գաս, հրեղեն ձիս,
Երկնամուխ լեռն արևուն մեջ կը շողա
Զերդ շափյուղա.
Իր կատարին աստղապսակ` պիտի զիս
Տանիս:
Զետեղեցի քամակիդ ավասիկ թամբըդ` ծեփված
Ադամանդով,
Եվ դըրի սանձըդ` հյուսված
Շանթով.
Եվ նյուսիդ վրա զերդ մըրրիկ
Ես նետվեցա ավասիկ:
Դե՛հ, թող մտրակըս` հավետ լույսերու մեջ թաթախուն`
Կողերուդ շուրջը սուլե օձի նըման գալարուն.
Եվ դուն
Անդունդերուն վըրայեն և վըրայեն ձյուներուն
Տար զիս
Արևո՜ւն:
Ահա դափրեց բարձունքն ի վեր բարձրավիզ.
Ռունգերն հըզոր բացվեցան
Լեռնեն իջնող պաղ քամիին հանդիման.
Եվ բաշերն իր լուսալիր
Եկան մինչև թևերուս մեջ փըրփըրիլ:
Գլուխն ընդվիզ
Ա՛յնքան հըպարտ կը բըռներ`
Որ կը հըպեր
Կըզակիս:
Ու ան վարգե՜ց, վարգե՜ց, վարգե՜ց քառատրոփ…
Լեռը թընդաց.
Կը ցայտեին սըմբակներեն ոսկեմած
Աստղեր բորբ.
Փապարներուն մեջ ամփոփ
Հըղի օձեր ձագերն իրենց վիժեցին,
Բայց իմ ձին
Լոկ կը լըսեր պինչերուն մեջ մըռընչող
Քամին:
Օ՜, երբուծն հույր` մըկանունքով բըլրավետ`
Ուր արյունն իր զըսպըված հըրաբուխի պես հավետ
Կ'եռար:
Կ'ընդհատեր միշտ սեպերուն դեմ մրըրկաբար
Ու վերքերով կը պանծար:
Օ՜, պոչը իր լուսացընցուղ, աղեղնաձև,
Որ գավակեն կը հոսեր
Զերդ արև:
Օ՜, գլուխն իր պերճասոսորդ, մեծղի բիբերն` ուր կ'այրեր
Կարծես անհունն արփախայտ.
Եվ սըմբակներն ոսկեկուռ` որոնց ներքև իբրև պայտ
Լուսնկաներ գամեցի,
Ժայռերուն վրա Իտեալի մը պողպատ
Կ'երգեին երգն առնացի`
Զոր խըմելու համար ես սիրտըս բացի
Զերդ ծովու
Խեցի:
Ու բարձրացա՜վ, բարձրացա՜վ
Վայրենարշավ.
Միշտ նորահայտ միջոցներ անակնկալ բացերու
Նայվածքն հազիվ ընդգրկած` արշավն ընդհուպ կը սպառեր
Լեռնալանջին վըրա հըսկա նոճիներ
Եվ գիհիներ խընկարկու`
Որոնց մեջեն ան կանցնի նմա՛ն կայծակին:
Ի զո՛ւր ծաղկած վարդենին բռնել կ'ուզե քղանցքես
Հարսի պես.
Անոնց մեջեն ես կը վարգեմ սըրընթաց.
Ուսերս ամբողջ, ասպանդակներս ոսկեմած
Ծաղիկներ հիր կ'ողողեն…
Ես կը վարգեմ թամբին վըրա լուսեղեն
Զերդ թառած
Շահեն:
Ահա պարեխը կու գա թումբ կանգնելու արշավիս,
Բայց իմ ձիս
Փայլակնաթափ դռույթին տակ կը քանդե զայն քար առ քար
Կը հեղու
Լեռն ի վար:
Ո՛ւր որ դոփե սմբակն` հոն կը բանա վիհ ծուխերու,
Ո՛ւր որ բաղխե լանջը գոռ` կը թոթափե փըշըրված
Կայծ:
Կը բարձրանա ամպին վրա իր կուտակած փոշիին.
Աստեղաբիբ կը լողա լուսալիքին մեջ բաշին.
Կը վըրնջե ցնծագին`
Ռունգերը բաց
Անհունի՜ն:
Վա՛րը, այնտեղ, երանավետ այգիեն
Ցանկապատին վրա ծըռած ողկույզներու բիբեր մեծ
Ի զո՛ւր, ի զո՛ւր կը կանչեն
Զիս իրենց.
Եվ ծառեն վար նուռ մը ճեղքված` բերնի պես`
Կ'աղաղակե ետևես:
Եվ կիներ, վա՛րն, հովիտներու աղբյուրեն
Իզո՛ւր ինծի կ'երկարեն
Լույս սափորներ` ուր կըթեր են հեշտությունն
Իրենց մարմնույն
Եվ համբույրի մ'անձկությունով` համրեն
Գինին իրենց ծոցերուն:
Փոխան իրենց օրորին` երիվարիս ցունցը խեռ
Սիեցի,
Փոխան իրենց գըգվանքին` հոգիիս վրա լիզումներ
Բոցի:
Շուրջըս ի զուր ջըրվեժներ կը մոլեգնին ու կ'երգեն`
Կաթի նման փըրփրադեզ,
Հետո մեղմիկ կը սահին զմրուխտ մարգին ընդմեջեն
Օձի պես.
Իրենց ջուրեն` ես ավելի կը սիրեմ
Գաղջ փըրփուրներն երիվարիս երախին`
Զոր խըլած բո՛ւռն քամին
Կը լըվա
Անոնցմով բոց աչքերս իմ, կամ արևուն երկնաճեմ
Աչքն հըսկա:
Վե՜ր, դեպի բարձո՛ւնքը, Բե՛գաս…
Կըռանակուռ լույս պայտերդ ահավասիկ կը թաղես
Պորտերուն մեջ ոպնիազ
Վիշապներուն.
Եվ դուն
Ջախջախելով հրեշներուն
Կուռ պատյանին մեղեսիկներն հըրակեզ`
Կը ծառանա՜ս, կը ծառանա՜ս մոլեգին
Կատարն ի վեր հաղթական
Լերան:
Նընջող գազան մ'ավասիկ խըխընջյունեդ արթնցած
Նետվեցավ ծոցը վիհին
Զարհուրած:
Եվ անգըղներ ժայռերու կատարներեն կը թափին
Ձորերուն խորը մըթին:
Ահա փախչող վարազահավ մ'իր մախիզ
Խըլուրդ բզըքտող կըտուցեն,
Վերեն,
Շիթ մ'արյուն կայլակեց իմ գըլխարկիս
Արծվային
Փետուրին…
Ա՛լ քեզ համար ամայի՛ են գագաթները ահարկու.
Ո՛չ ջըրվեժի մըռունչ կա, ո՛չ հըրավեր կիներու.
Մեզ չի՛ հասնիր կալին մեջ պոռոչող ձայնն երինջին.
Կարծես արդեն մեր գլուխները աստղերու կամարին
Կը դիպչին:
Վե՜ր, վե՜ր, Բե՛գաս…
Բայց, հեռուն, ի՞նչ սպիտակ տարածություն լուսափառ
Ճառագայթեց աչքերուդ մեջ ամեհի.
Ցուրտ սըլաքներով դըժպըհի
Լուսնակին պես կ'արյունին ահա բիբերըս փարփառ.
Օ՜, Բե՛գաս,
Կատարներուն ձյունն է այս.
Ձըմեռներու մեջ բյուրավոր` բյուր աստղեր
Իրենց ծոցեն սառնաշիթ
Հո՛ն են, հո՛ն են տեղացեր
Ձյունն այս վճիտ:
Բե՛գաս,
Այդ ծովուն մեջ բյուրեղե
Նետվե`
Դըլբնի լանջքով հորդե ուղիդ երկնահաս:
Լողա՜, լողա՜…
Անապատի ավազին մըրրիկներուն փոխարեն`
Փորիդ ներքև կը փըրփրին
Մըրրիկնե՛րն այդ լուսեղեն
Ձյունին:
Նա՛վը եղիր կենդանի`
Որ զիս առած կը տանի
Աստեղազարդ նավահանգիստն հեռակա
Երկնի:
Լողա՜, Բե՛գաս, լողա՜…
Մեր Երազին ճեղքե՛ ակոսը հըսկա:
Բացած փոսերը պայտերուդ լուսագին,
Հետքիդ վըրա, շուշանի պես թող ծաղկին:
Ի՛նչ փույթ թե ձյունն իր տակ ծածկած է հավետ
Նենգություններն անդունդին,
Եվ մենք կըրնանք ըլլալ հանկարծ գահավեժ.
Միշտ Աստղերո՜վ թաթախված պիտի իջնենք խորն ալքին
Զերդ ջըրվեժ:
Բե՛գաս, Բե՛գաս, կաղնիացո՜ւր վիզըդ վես.
Ահավասիկ ձյունահյուս մ'աստվածաբնակ գագաթեն
Մըրըրկելով ճամբուն վրա փրփրուն փոշի մ'համորեն
Կու գա մեզ:
Ո՛հ, ի՜նչ պայքար, Բե՛գաս.
Անոր վըրա պերճասոսուդ կը խոյաս.
Առջի ոտքերդ լուսադըրոշմ պայտերով
Աշխույժով
Արդեն ահա փըխրուն ծոցին մեջ անոր
Կը մըխըրճին ահավոր…
Ո՜վ Ձիս-Աստված,
Այն հյուսն արդեն պորտիդ ներքև է լայնշի
Եղած
Փոշի:
Լողա՛, Բե՛գաս, լողա՛…
Զգեցեր են պատմուճանն կույս տարրին փողփողուն,
Բուքը կ'հալի լանջքիդ տակ, ռունգերուդ մեջ բաբախուն:
Դե՛հ, խոյանք մ'ալ, ոստում մ'ալ,
Զի բարձունքները շողալ
Կը սկըսին,
Հորիզոնները ծավալ
Կը բացվին:
Դե՛հ, խոյանք մ'ալ, ոստում մ'ալ.
Նըպատակի կատարին ադամանդները անհալ
Շողացին.
Եվ իմ ձին
Փայլակելով Գաղափարն աչքերուն մեջ ռոշնական`
Կոթողվեցավ-պինչերը բա՜ց արևուն–
Լերան
Գըլխո՛ւն:
Օ՜, Բե՛գաս,
Կողերուդ մեջ գալարվող լիաթոք հևքըդ ահա
Ռունգերեդ դուրս` ողողեց հորիզոններն հեռակա:
Օ՜, Բե՛գաս,
Ահա Կապույտը վըճիտ` շողակնաշող ալիքով`
Զերդ ծով.
Ահա Արևն հըրամազ
Լոկ ի՜մ վրաս…
Տիրապետման մեջ լույսին կանգուն` թագն ենք աշխարհին,
Երկինքը թագը մերին.
Եվ մեր ներքև Երկիրն է` բուռ մը ցեխի հանգունակ,
Ամպերն են մեր ոտքի տակ`
Որ ծույլ ծույլ կը սողան կայծակներով բեռնաբարձ.
Կը տեսնե՞ս վարը, հանկա՛րծ
Թուխ ամպրոպի մը խորին փայլակ մը աչքն ամեհի
Կը բանա,
Հետո դարձյալ` խուլ որոտ մ'արձակելով` կը թաղվի
Երկրիս ցեխին մեջ հըսկա:
Կը տարածվի քու խրխինջդ անհունին մեջ ալեկոծ,
Եվ աստղերուն ժայռակույտերն ոսկեզօծ
Շունչեդ ահա կ'արծարծվին
Իբրև բոց:
Բեգաս, ահա՛ վար կ'իջնեմ թամբիդ վրայեն վերստին:
Բաշերուդ հետ կը հանձնեմ անտառներն իմ մազերուն
Հովերո՛ւն.
Եվ կը թողում որ Մրրիկն իր պատմուճանը ծըփուն
Հագցընե հաղթ մարմինիս,
Եվ լոգցընե Արեգակն իր շողերով ոսկեզօծ
Աստվածացած միսըս բոց
Եվ հոգիս:
Տե՛ս, աշխարհիս զառամած քամակին վրա կոթողուն`
Իր հերկերուն մեջ թափուր`
Սիրտս, ուր հանճարըս կ'ապրի, կը սերմանեմ լիաբուռ.
Ի՛նչ որ Արևն ինձ կու տա` զայն կու տա միտքս Մարդուն.
Տե՛ս, աստղերու ժըպիտներ և հուր վարդեր անթառամ
Կը տեղամ
Որդիներուն մեջ կավի.
Կը տարածեմ Երկրիս վրա արշալույսի ծիրանին.
Մինչդեռ դյուրավ կըրնայի
Տարածել շուքն հասակիս` Երկրագունդին վրա փանաք
Ու խավարե՜լ զայն համակ:
Բեգա՜ս, Բեգա՜ս, այժըմ երբ ե՛ս կը պարզեմ
Առագաստները Մըտքիս լույսին վըրա ծովացած
Եվ քընարիս լարերով` քու բաշերովըդ հյուսված`
Կ'երգեմ
Արեգդեմ
Ազատությունը Մարդուն, և գերությունն Աստուծո,
Բեգա՛սդ իմ հաճո,
Դուն իմ քովիկըս կանգուն
Բաշերդ ու պոչդ հանձնելով ցըրտասարսուռ քամիին`
Վիզըդ ծըռե սիրասուն,
Ծըռե՛, և քու առջի ոտքովըդ նըրբին
Փորե՛ ընդթափ կույս ձյունը կույս բարձունքին.
Փորե՛, Բե՜գաս, փորե՛, մինչև որ գըտնես
Լուսածաղիկ Էտըլվայսները անտես
Եվ ճարակիս – նոթի Մըտքիս հետ միասին –
Էտըլվայսներն Երազին:
Հոս, ձյուներուն ու լույսին
Մեջ թաթախված` խաղաղորեն կը ծաղկին
Էտըլվայսներն Երազին: