Ավետիք Իսահակյան
Նուկիմ քաղաքի խելոքները
Ժամանակին մի քաղաք է եղել Նուկիմ անունով: Անունը կա , բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ:
Այդ քաղաքը շատ ցուրտ է եղել` երկու ձմեռ, մի ամառ:
Մի օր ժողովուրդը հարա - հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.
- Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառնամանիք, ախպեր, սառա’նք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ. գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի` մենք էս քաղաքում մնացողը չենք:
- Ժողովրդի կամքը սուրբ է, - ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում են թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում եմ մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և` «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:
Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանի մեկը կարմիր բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:
- Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր, - հարցնում են նրանք:
- Տաքդեղ, - պատասխանում է խանութպանը:
Առաջին անգամ են տեսնում տաքդեղը, առաջին անգամ են լսում տաքդեղ անունը:
- Ուտելու բա՞ն է, - է հրցնում են նրան:
- Ուտելու բան է, բա ո’նց, - պատասխանում է խանութպանը:
- Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:
Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մռմռում է, աչքերը արցունքոտվում են , նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էդպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մռմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով շարունակում են ճանապարհը:
Մի ուրիշ ավանով անցնելիս, տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված…չեն իմանում ինչ:
- Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:
- Խաղող:
Առաջին անգամ են տեսնում խաղողը, առաջին անգամ են լսում խաղողի անունը:
- Ուտելու բա՞ն է, - հարցնում են նրան:
- էն էլ ո՞նց, - պատասխանում է խանութպանը:
- Դե մի կշեռք տուր:
Վճարում են, առնում ուտում, համը բերաններն է մնում: Շրթները լիզելով, խանութպանին օրհնելով, շարունակում են ճանապարհը:
Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր - կտոր ճերմակ բաներ:
- Էդ ինչ ես ծախում:
- Շաքար:
Շաքա~ր…Ո’չ տեսլ էին, ո’չ լսել:
- Ուտելու բա՞ն է, - հարցնում են նրանք:
- Էն էլ ո՞նց:
- Դե մի կշեռք տուր:
Վճարում են, առնում, կռթ - կռթ ուտում, համը բերաններն է մնում:
Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում, նիզակը տնկում են գետնի մեջ, իրենք էլ պառկում են նրա շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
Հակառակի պես, գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախած: Վար է բերում ձողը, բաց անում քսակը` մեջը դեղին ոսկի: Ոսկին լցնում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ լցնում է խիճ ու ավազ, ձողը նորից կանգնեցնում:
Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ուղին: Հարցնելով, հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումաը իրար մեծ արդար բաժանեն:
- Ավագ պատգամավորն ասում է.
- Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու էլ կերար, մեկէլին գցեցիր - մեկ արծաթ. էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. Էն բանը, որ քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:
Հաշիվը տեսնելուց հետո գնում են թագավոր պալատի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, պալատականներն էլ իմաց են տալիս թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:
Պատգամավորները գլուխ են տալիս թագավորին և բարև բռնած կանգնում են առաջը:
Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում է.
- Թագավորն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով, էդ մեկ քսակ ոսկին էլ քեզ նվեր ենք բերել ժողովրդի կողմից: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է, երկու ձմեռ մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:
Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:
Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ է ու ավազ է:
Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է նրանց առաջ մի սինի սև սալոր դնեն, խառը սև բոլոճների հետ:
Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորը ասում է.
- Տղե’րք, առաջ ոտավորը ուտեք` չփախչեն, անոտը մեր ծառան է:
Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և, դառնալով նրանց, ասում է.
- Գնացեք ձեր տները, մինչև տեղ հասնեք` մեկ էլ ամառը եկած կլինի:
- Թախտիդ հաստատ մնաս, - ասում են պատգամավորները և ուրախ - զվարթ դառնում են իրենց քաղաքը: