Ավետիք Իսահակյան

Բինգյոլ

Շընկշընկալով հովն է փչում
Զով Բինգյոլի լանջերից.
Գոչգոչալով ուղխն է վազում
Խոր Բինգյոլի ձորերից:

Հորուտ – Մորուտն ծաղկանց ծովում
Բուրում է բույր ու երգեր.
Շուխիկ – հուրին լըճի ծոցում
Լողանում է անընկեր:

Հրեշտակը երկրի կյանքից
Դյութված, ապշած լիուլի,
Վայր է ընկնում աստղոտ երկնից –
Ընկնում գիրկը Բինգյոլի:

Փերուզ – երկինքն հըրեշտակին
Կարեկցում է, ցավակցում. –
- ‹‹Ա˜խ, ափսո˜ս քո անմահ կյանքին,
Որ չըփայլեց դրախտում…››

Բյուրեղ լըճից ցողն է ելնում
Ծիածանի ժըպիտով.
Ծաղիկների ջինջ բողբոջում
Հանգ է առնում շողալով:

Զմրուխտ – երկիրն հրեշտակին
Ողջունում է, փաղաքշում.
- ‹‹Ա˜խ, երնե˜կ քո մատաղ կյանքին,
Որ պիտ ծաղկի Բինգյոլում››:

Վառ անուրջում ուղխն է մնչում,
Ծփում են սեզ ու արոտ,
Բլբուլների հույլքն է շնչում,
Շնչում է սեր ու կարոտ:

Անո˜ւշ – անո˜ւշ հովն է փչում
Զով Բինգյոլի լանջերից,
Ոլոր – մոլոր ուղխն է փախչում
Խոր Բինգյոլի ձորերից…

1893
Վիեննա

Յատուկ Երաժշտություն
Ալմաստ - Պարսկական երթ
Ալեքսանդր Սպենդիարյան

Ալմաստ - Պարսկական երթ