Ավետիք Իսահակյան

Ասպետի սերը

Հին ժամանակ իր ամրոցում ոսկեղեն
Կըբնակվեր հուր ու հրաշք մի աղջիկ.
Ու կսպասեր, որ հեոավոր տեղերեն
Իր երազի ասպետը գար գեղեցիկ:
Եվ ձին հեծած, բանակներով հաղթազեն,
Եկավ մի օր կանաչ-կտրիճ մի իշխան...
Սանձը ձգեց, ու քար կտրեց հիացքեն,
Երբ որ տեսավ պատշգամբում աղջկան:

-Հրաշք-աղջի՛կ, թագավորիս զորքերով
Կես աշխարհը դրոշակիս տակն առա.
Քեզ սիրեցի, սիրտդ տուր ինձ, քո սիրով
Մյուս կեսն էլ տիրեմ, բերեմ քեզ ընծա:

-Այդ ի՜նչ սեր է, ասաց աղջիկն ասպետին,
Քաջ ես, գիտե՛մ, գիտե՛մ, չկա քեզ նման.
Դու կարոդ ես տիրեյ արար-աշխարհին,
Բայց այդ երբե՛ք հզոր սիրտ չէ՛ նշան:

-Ինչպե՜ս հայտնեմ սրտիս հուրը, նազելի՛ս.
Կուզե՞ս պատռեմ կուրծքս հիմա այս սըրով,
Ոտներիդ տակ նետեմ սիրտս սիրով լի,
Մեռնիմ ուրախ ու բախտավոր՝ քո սիրով:
-Այդ չէ՛ սերը, ասաց աղջիկն ասպետին,
Գիտե՛մ, քաջ ես, բայց շա՜տ վախկոտ, թույլեր կան,
Որ հուսահատ՝ քաջի նման կըմեռնին,
Բայց այդ երբեք անշեջ սիրու չէ՛ նշան:

Ու կտրիճը մնաց մոլոր ու շվար,
Աչքերն հանգած` լույս-երեսին աղջկա.
-Ի՜նչ որ կուզես, ասա՛, անեմ քեզ համար,
Արևի տակ իմ սիրուս պես սեր չկա:

-Թե կսիրես, թո՛ղ ինձ հիմա ու գնա՛,
Ու ականջ դի՛ր, մի օր դուռդ կըբախեմ:
Այսպես ասաց, ու իր ծոցեն մարմարյա
Նետեց նրան մի հատիկ վարդ հրեղեն:

Ասպետն առավ վարդը, քնքո՛ւշ համբուրեց,
Վերջին անգամ նայեց, նայեց սիրածին:
Սիրու վարդը պահեց այրվոդ ծոցի մեջ.
Ու խթանեց, ու սլացավ նժույգ-ձին:

Եվ նստել է ամրոցի մեջ մեն-մենի
Այն իշխանը երազներում երջանիկ,
Վարդը ծոցում, ու ականջը մի ձենի...
Եվ թև առան, թռան օրեր ու տարիք:

Աչքերը գոց` պատած ոսկի մշուշով,
Ուր կըժպտար սեր-աղջիկը աննման,
Քաջ ասպետը բոց կարոտով, լի հույսով
Սիրտը ձենի` լուռ սպասեց աղջկան...
Եվ թև առան, թռան օրեր ու տարիք,
Վառ կտրիճը դառավ դողդոջ մի ծերուկ,
Ու երբ մահը դուռը բախեց զարհուրիկ,
Հանեց ծոցեն վարդը խամրած ու դալուկ:
Սիրու վարդը աչքին դրեց փափագով,
Ու համբուրեց, ու համբուրեց, ու... մեռավ`
Հոգին լցված բլբուլների երգերով.
Եվ զրույցս էլ ա՛յսպես տխուր վերջացավ...

Յատուկ Երաժշտություն
Սերենադ
Ղազարոս Սարյան

Սերենադ

Լուսաբացից առաջ. 1971 թ
Լուսաբացից առաջ. 1971 թ
Խաղա առցանց