Արշակ Չոպանյան
Ադամի վիշտը
Լեռներու ստորոտ, մարմանդին վրա,
Շուքին տակ ծառի մը բազկատարած,
Վճիտ առվակի մը մոտ արծաթյա,
Եվա մեղմորեն էր ընկողմանած:
Բոցակեզ արևն հորիզոնեն վեր
Կելլեր հաղթական. զեփյուռն անուշակ
Կպարզեր օդին մեջ փափուկ թևեր,
Վարդը կխնկեր, ու կերգեր սոխակ:
Բայց ո'չ արևին, ո'չ ծաղիկներուն
Կնայեր Եվա. ուժով կսեղմեր
Իր թևերուն մեջ մանկիկ մը սիրուն,
Խնձոր այտերով, խաժակն, ոսկեհեր:
Կշարժեր անդուլ մանկիկն անհանդարտ,
Խաղալով մանրիկ մատերովն իր մոր
Գանգուրներուն հետ. և ան, գոհ, զվարթ
Կհամբուրեր զայն, ժպելով անոր:
Ծառի մ' ետևեն Ադամ կ'դիտեր
Այդ պատկերն աղու և շնորհալի,
ՈՒ լուռ, տրտմությամբ լեցված, կխորհեր՝
Աչքն իր մանկիկին հառած ծաղկատի:
Հանկարծ արցունքով աչքերը լեցան,
Հառաչ մը կուրծքեն թռավ թաղծալիր,
Ճակտին զարկավ ձեռն ու շեշտով մը դառն՝
"Տե'ր, - ըսավ, - ինչո՞ւ մայր մ'ինձ չտվիր"։
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Առնո Բաբաջանյան
Էքսպրոմտ
Սասունցի Դավիթ
Խաղա առցանց