Աննա Սարգսյան
Տագնապ
Մի կաթիլ արցունք տվեք ինձ՝
ցավս անլաց է մնացել,
աչքիս աղբյուրը ցամաքել,
նույնիսկ նա է օտարացել:
Էլ համահունչ չէ կամարը շուրթի՝
ավերակ դարձած տաճարին հոգու,
թե բնությունն է այս տվածը, ուստի`
խռովքը նույնպես օտար չէ Աստծուն:
Անկու՞մ է, բեկու՞մ, դա՞րն է անհաջող,
մարդիկ դարձել են՝ արժեք չունեցող
սուտ "արժեքների" կամավոր մի զոհ,
տկար ու անմիտ, բայց իրենցից գոհ…
Հավատն է միայն ստիպում կառչել
ցնցոտի դարձած կյանքի քղանցքից,
որ կարողանանք ցավից հույս քամել
ու, ինքնությունը չկորցնենք ահից,
իսկ բարության սակավ մնացած
նշույլներն՝ անհագ կարոտով որսանք,
ինչպես մի ճնճղուկ, որ պատահմամբ
գտել է ընկած չոր հացի փշրանք:
Հեռվում տագնապի ղողանջ եմ լսում.
հին տաճարում է, գու՜թ է աղերսում:
Ու թե ամառ է` ինչու՞ եմ մրսում,
ինչու՞ է ցավից հոգիս արտասվում…
Դիլիջան
23.07.2023թ.
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Կոմիտաս
Վաղարշապատ
Բնանկար - Ցախացքար
Խաղա առցանց