Ալեքսանդր Ծատուրյան
Առավոտյան երգ
Ե՛վ այսօր փայլեց առավոտս ուրախ,
Ես ողջունեցի գարնան արշալույս.
Ձեռք առա քընար՝ երգելու անվախ
Քաղցր զեղմունքը սիրահար հոգուս։
Եվ ինձ յուր անշեջ, դյութիչ հայացքով
Նորից փաղաքշեց կենսատու արև.
Սլացավ զեփյուռն ականջիս մոտով
Եվ ես լսեցի. «Բա՛րև քեզ, բա՛րև…»
Եվ թռչունների անթիվ երամներ
Ճախրելով շուրջըս՝ ինձ ավետեցին
Նորից քաղցըր լույս, քաղցըր երազներ,
Եվ պայծառ վիճակ իմ մատաղ կյանքին։
Հրճվիր, դու ազատ, սիրտ իմ սիրավառ,
Վայելի՛ր կյանքի բուռն քաղցրություն.
Հրճվի՛ր, քանի քեզ ժպտում են պայծառ
Ե՛վ անամպ երկինք, և ճոխ բընություն…
Անվերջ չէ գարուն… Կըգա ցուրտ ձմեռ,
Կըթոշնի վարդը, կըլռի սոխակ.
Եվ այնուհետև մնա՛ք բարյավ և՛ սեր,
Ե՛վ անվերջ գգված ցընորք ու տենչանք...
1889, 5 փետրվարի
Մոսկվա
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Ղազարոս Սարյան
Սերենադ
Կոստանդնուպոլիս
Խաղա առցանց