Ալեքսանդր Շիրվանզադե

Թանկագին կապանք

Օրն ամառային էր և իրիկնադեմ։ Այրի Հռիփսիմեն իր ամուսնուց ժառանգած սեփական տան պատշգամբի վրա թեյ էր պատրաստում։ Սմբատը, նրա միակ որդին, մի կողմ նստած, նայում էր դեպի գավիթ, որ զարդարված էր փոքրիկ գեղեցիկ պարտեզով։

Որդին տխուր էր և, կարծես, ինչ-որ մտատանջության մեջ. մի բան, որ հազիվ էր պատահում։ Ժամանակ առ ժամանակ նա հառաչում էր և իր անորոշ հայացքը դարձնում դեպի պարզ մանիշակագույն երկինքը, ուր դանդաղորեն սահում էին ամառային նոսր ամպերը։

Մայրն, արդեն նկատել էր որդու տխրությունը, բայց ինչ էր պատճառը ― չգիտեր։ Թեյի բաժակը դնելով նրա առջև, ինքն էլ նստեց դեմուդեմ և յուր հայացքը հառեց որդու կիսադեմքին։ Որքա՜ն երկյուղ, ակնկալություն և, միևնույն ժամանակ, քնքուշ սեր էր արտահայտում այդ հայացքը։ Թվում էր, և այդ ճիշտ էր, որ մայրն ամեն վայրկյան պատրաստ էր յուր կյանքը զոհելու, միայն թե որդու տխրությունն որևէ ծանր պատճառ չունենա, միայն թե այդ լինի րոպեական անցողիկ տրամադրություն։

Սմբատը դատարկեց թեյի բաժակը, բարձացավ տեղից և շարունակ լռելով, դիմեց դեպի յուր սենյակը։

― Սմբատ,― դարձավ նրան մայրն անվստահ եղանակով։

Սմբատը հետ նայեց և կանգնեց։ Գավթում ոչ ոք չկար, բացի ծառայից, որ հեռվում ցնցուղով ջրում էր պարտիզի ծաղիկները։ Մայր և որդի կարող էին խոսել վստահ, որ ոչ ոք չի լսիլ նրանց։

― Ի՞նչ ես ուզում, հարցրեց որդին։

Որքան ևս աշխատեր մեղմ արտասանել յուր հարցը, այնուամենայնիվ, նրա ձայնի մեջ մայրն զգաց անսովոր խստություն։

― Ուզում եմ տխրությանդ պատճառն ինձ էլ հայտնես։

Ես տխուր չեմ։

Ասաց որդին և անմիջապես շուռ եկավ, որ գնա, բայց մայրը խնդրեց սպասել։

Դու ինձանից թաքցնո՞ւմ էս միտքդ,― հանդիմանեց Հռիփսիմեն․– միթե չե՞ս իմանում, որ ինձ վշտացնում ես։

― Շատ հետաքրքիրն ես․ պատասխանեց որդին տհաճությամբ, և այս անգամ նրա ձայնի կոշտությունն ավելի զգայի էր։

Սմբա՛տ․․․

Մի անսովոր դառն ժպիտ աղավաղեց որդու շրթունքներն, երբ մայրը կասկածելի հայացքով չափեց նրան ոտից մինչև գլուխ։

Այդ, վերջապես, անտանելի է․― գոչեց նա, նստելով յուր աթոռի վրա.― այդ կյանք չէ, մայր, որ ես քաշում եմ։ Քո կասկածներն ինձ հալածում են։ «Սմբա՛տ, ինչո՞ւ, ես տխուր, Սմբա՛տ, ինչո՞ւ ես լուռ, Սմբա՛տ, ինչո՞ւ չես ուտում, ինչո՞ւ չես խմում»։ Խոստովանվում եմ, այդ բոլորն ինձ արդեն ձանձրացրել է։

Մայրը աթոռը առաջ քաշեց և, աչքերը լայն բանալով, հառեց որդու երեսին։ Նա սպասում էր, որ վերջինը շարունակի։

Ես տխուր եմ, որովհետև դու ինքդ ես ինձ ստիպում տխրել,― շարունակեց որդին սրտմտությամբ,― ամեն քայլափոխում խնամք, խնամք ու խնամք, մինչև ե՞րբ։ Գիշերն ուշ եմ վերադարնում― լաց ես լինում, մի տեղ զբնոսնելու եմ գնում― խրատներով ես ճանապարհ դնում։ Չեմ ուտում– ստիպում ես ուտել, չեմ ուզում քնել, պահանջում ես, որ քնեմ, մի գիրք եմ վերցնում կարդալու― խլում էս ձեռքիցս, թէ «աչքերիդ վնաս է», ընկերներիս նամակ եմ ուզում գրել– չես թողնում, թե «կուրծքդ կցավի»։ Ահա, այդ քո հիվանդոտ սերն է, որ, վերջապես, ինձ տխրեցնում է։ Դու ինձ ստրուկի պես ճնշում ես քո սիրով, դու քո կյանքը կապել ես իմ կյանքի հէա, դու ուզում ես, որ քսանչորս տարեկան երիտասարդը

ծծկեր երեխայի պես ապրի։ Դա մայրական սեր չէ, դա բռնություն է։

Այս խոսքերը Սմբատն արտասանամ էր ակնհայտնի դառնությամբ և հետզհետե ավելի ու ավելի հուզվող ձայնով։ Պարզ էր, որ վաղուց նրա մեջ եռում էր այդ դառնությունը և վաղուց նրա սրտում պատրաստվել էր մի թույն, որ ձգտում էր դուրս հոսելու։

Մայրը զարմացած, երկյուղած և լուռ մտիկ էր անում նրա երեսին, աշխատելով մի բառ անգամ բաց չթողնել նրա ասածից։

― Կարո՞ղ եմ մայրական սեր անվանել այն, որ ամեն րոպե ճնշում է իմ ազատությունն ու խոչընդոտ դառնում ինձ,― շարունակեց Սմբատը, ավելի գրգռվելով մոր լռությունից։ Դու ինձ չթողիր Ռուսաստան գնալու, որ ուսումս շարունակեմ, կարծում էիր, որ այնտեղ հասա թե չէ– իսկույն պիտի մեռնեմ։ (Մայրը մի ցնցում գործեց)։ Դու ինձ հեռացրիր իմ ընկերների շրջանից և աքսորականի պես դատապարտել ես հավիտյան մի քաղաքում ապրել քո աչքի առջև։ Կրկնում եմ, այդ մայրական սեր չէ, թո՛ղ ինձ մի փոքր ազատ շունչ քաշեմ, բավական է, որքան խանձարուրի մեջ պահեցիր ինձ։

Նա լռեց և, տեղից բարձրանալով, սկսեց հուզված անցուդարձ անել․ ձեռները վարտիքի գրպանները դրած։

― Որդի՜,― խոսեց մայրը, վերջապես ուշքը վրեն հավաքելով․― ե՞րբ եմ ես քեզ արգելք եղել։ Ինչ ուզում ես արա, ինչպես կամենում ես ապրիր, ահա քեզ տուն, տեղ, հարստություն, քո՞նը չէ։ Էլ ի՞նչ ես ուզում. հոգի՞ս․․․ Կտամ, չեմ խնայիլ։ Աստծուն է հայտնի։

Սմբատը դառնությամբ ժպտաց։

― Հոգի՛դ,– կրկնեց նա, կանգնելով մոր առջև։― Հենց այդ է, ոչ ես չեմ ուզում․ ինչի՞ս է պետք քո հոգին։ Ավելի լավ կլիներ ինձ համար, որ դու խնայեիր ինքդ քեզ և իմ մասին քիչ մտածեիր։ Հավատացի՛ր, մայր, որ ես ավելի բախտավոր կլինեի, եթե դու ինձ պակաս սիրեիր կամ չսիրեիր միանգամայն։ Այո, մի՛ սիրիր ինձ։

― Քեզ չսիրե՞մ, ե՜ս քե՞զ չսիրեմ,― կրկնեց այրին զայրացած այս անհնարին և անբնական առաջարկությունից։

― Գոնե, փոխի՛ր սիրելուդ ձևը։

Հռիփսիմեն այլևս չկարողացավ զսպել իր արտասուքը, որ քանի րոպե արդեն խեղդում էր նրա կոկորդը։ Նա սկսեց բարձրաձայն հեկեկալ։

Սմբատը ճնշված սրտով մտավ յուր սենյակը և սկսեց հագնվել։ Նա զգաց, որ իր հանդիմանությունը ավելի խիստ ձևով արտահայտեց, քան

թե հարկավոր էր և խղճաց մորը, տեսնելով նրա բուռն հեկեկանքը։ Միևնույն ժամանակ նա արդարացի էր համարում իրեն․ ծանր էր թվում նրան սիրո այն կապանքը, որով մայրը կաշկանդել էր նրա անհատականությունը։ Այդ սերը նա համարում էր մի տեսակ եսասիրություն մոր կողմից, թեկուզ այն արտահայտվեր անձնազոհությամբ։

Հանկարծ նա լսեց մի ձայն, հետ նայեց և տեսավ մորը, որ գաղտնի դիտում էր որդու շարժվածքը դռների արանքից։ Խե՛ղճ կին, նրա սերը և կասկածանքն այն աստիճանի էին հասել, որ վախենում էր, միգուցե որդին հուզված դրության մեջ մի բան անե․․․ Այդ պարզ էր Սմբատի համար։ Նա արագ-արագ հագավ շորերը և շտապով դուրս գնաց, առանց, սովորական բարևն ասելու։ Սակայն, գավթից դուրս գալիս, նա չհամբերեց, հետ նայեց։ Մայրը, պատուհանի առջև կանգնած, նայում էր նրա հետևից, ձեռները ծոցին դրած և գլուխն ուսերին թեքած։ Նրա հայացքն այնքան տխուր էր, երկյուղած և ազդու, որ դրոշմվեց Սմբատի սրտին, թեև չստիպեց նրան հետ դառնալ և ներումն խնդրել․ մի բան, որ հոգով ցանկանում էր։

Երբ նա հեռացավ, Հռիփսիմեն անմիջապես կանչեց ծառային։

― Գասպա՛ր,― ասաց նա շնչասպառ, որպես թե մի մեծ անբախտություն պատահած լիներ,― այս րոպեից պարոնդ դուրս եկավ շատ չարացած, չգիտեմ ում վրա։ Իսկույն վազիր ետևից, բայց չմոտենաս, հետն ու հետը գնա, այնպես, որ դու նրան տեսնես, նա քեզ չտեսնի։ Աչքդ չհեռացնես, հասկանո՞ւմ ես․․․

― Աչքիս վրա,― ասաց Գասպարը, որ Բարսամյանների տան վաղեմի հավատարիմ ծառան էր։

― Կաց, այս լավ է․ ծխախոտամանը թողել է, եթե քեզ տեսավ, կասես, որ դրա համար ես եկել։ Դեհ, գնա՛, թե չէ չես գտնիլ։

Ծառան վազեց։ Հռիփսիմեն նստեց սեղանի մոտ, գլուխը դրեց կռների վրա և դարձյալ սկսեց լաց լինել։ Հետո նա, թաշկինակով սրբելով աչքերը, վերկացավ և գնաց հարևան Մարիամի մոտ՝ մի կերպ ժամանակը մոռանալու։ Փոքր-ինչ անցած նա վերադարձավ և երկար ժամանակ լարված դրության մեջ, հառաչելով, անցուդարձ էր անում մի սենյակից դեպի մյուսը, անդադար նայելով սեղանատան պատի ժամացույցին։ Յուրաքանչյուր մի անցնող րոպե ավելացնում էր նրա վիշտը և սպառում համբերությունը։ Գտա՞վ, արդյոք, Գասպարը նրան, կվերադառնա՞, արդյոք, նա այս գիշեր, թե՞․․․

Նա հանդիմանում էր ինքն իրեն, որ առիթ տվեց իր միակ որդուն

բարկանալու։ Նա իրան համարում էր անպայման մեղավոր․ նա չպիտի հակաճառեր, չպիտի լար, չպիտի զարմանար, չպիտի խոսեր անգամ։

Նա նայում էր մերթ դեպի փողոց, մերթ դեպի գավիթ, ականջները լարում էր լսելու դրսից մի ձայն, և երբեմն սրտի սաստիկ բաբախումը խաբում էր նրան։ Հետզհետե փողոցում անցորդների ձայները ընդհատվեցին, կառքերի դղդյունը դադարեց, հարևանների ճրագները մի առ մի սկսեց հանգչիլ, իսկ Սմբատը չկար ու չկար և ոչ էլ ծառան։

Մի վայրկյան Հռիփսիմեի մեջ ցանկություն ծագեց՝ գնալ և փնտրել որդուն, բայց ո՞րտեղ․․․ Նա փակեց դռները, շալը ձգեց գլխին, դուրս եկավ փողոց և կանգնեց դռների մոտ։

Արդեն կեսգիշերից անց էր, երբ, վերջապես, մի կառք երևաց փողոցի ծայրում։ Հռիփսիմեն շտապեց ներս և մտավ յուր սենյակը։ Նա գիտեր, որ եթե որդին տեսնե իրեն ոտքի վրա անհանգիստ― կբարկանա։ Թող չկարծի, թե մայրը սպասում էր իրեն․․․

Եկողն արդարև Սմբատն էր։ Նա մտավ ներս թե չէ, իսկույն դիմեց մոր սենյակը․ նա նկատել էր նրան գավթից ներս մտնելիս։

― Դու քնած չե՞ս,― ասաց նա,― հավատացի՛ր, մայր, լավ բան չես անում, որ ետևիցս լրտես ես ուղարկում։

Ինչ ուզում է, թող ասի Սմբատը, միայն թե թույլ տա Հռիփսիմեին յուր ուրախությունն արտահայտելու մի համբույրով։ Եվ որդին թույլ տվեց․ նա տրամադրված չէր բարկանալու։

― Բայց լրտեսդ ճարպիկ չէ,― ասաց նա, հեգնելով,― հիմարը կարծում էր նրան չեմ տեսնում։ Այգու դռների մոտ նկատեցի և իսկույն հասկացա, որ դու ես ուղարկել։ Թաքուն հրամայեցի դռնապանին ներս թողնել։ Ծիծաղելի էր։ Խեղճ մարդ, ամբողջ երեկո, մութ ծառուղիում նստած, դիտում էր ինձ կարծելով, որ շատ հաջող է կատարում յուր դերը։ Բայց եթե դու ինձ ստիպեցիր վերադառնալ, ես էլ Գասպարին պատժեցի։ Ես կառքով եկա, նրան չհրամայեցի նստել, ստիպվեց հետևիցս վազել խելագարի պես։ Չէի ուզում ամաչացնել նրան, թե նրա լրտեսությունը նկատել եմ․․․

Պատշգամբի վրա երևաց Գասպարը, քրտնած, շնչասպառ և փոշոտ։

― Ահա, եկավ առաքյալդ,― հեգնեց Սմբատը,― է՛հ, Գասպար, ես քեզ խելոք մարդ էի համարում, բայց դու ինձ երկու տարեկան երեխայի տեղ ես դնում։ Ամոթ է․․․ Բայց դու մեղավոր չես, ես քեզ կվարձատրեմ մորս փոխարեն։

Այս ասելով, նա պատուհանից ձգեց ծառային մի հատ երեք ռուբլիանոց և իսկույն սկսեց հագուստը հանել։

Հետևյալ օրը նա զարթնեց ուրախ, զվարթ ու սկսեց մոր հետ կատակ անել:

Քնած ժամանակս էլ հանգիստ չես թողնում ինձ, ասաց նա, ծիծաղելով, գիշերը շոգից ես վերմակս դեն էի գցել, առավոտ զարթնում եմ ու տեսնում, որ էլի գցել ես վրես ու այնպես փաթաթել, որ տաքից խեղդվում էի:

Նա վճռել էր միայն այս ձևով ազդել մոր վրա, որ գուցե կարողանա մի կերպ զսպել նրա «քնքուշ բռնակալությունը», ինչպես անվանում էր ինքը։ Հռիփսիմեն հասկացավ նրա միտքը. որոշեց զգաստ լինել և, միևնույն ժամանակ, աշխատել ոչ մի կերպ չընդդիմանալ որդու կամքին։ Բայց և այնպես, ճաշի ժամանակ նա չկարողացավ զսպել յուր կիրք դարձած հոգատարությունը: Նա ինքն յուր ձեռքով նրա ափսեի մեջ դրեց կոտլետի մի լավ կտոր:

Իսկ եթե չկամենամ ուտել այդ կտորը, ասաց Սմբատը, ծիծաղելով։

Դո՛ւ գիտես,– պատասխանեց մայրը,– ես քեզ չեմ զոռում: Շատ քիչ ես ուտում, սիրտս… Լա՛վ, էլ չեմ խոսիլ…

Եվ մինչև ճաշի վերջը, նա լռեց. աչքի տակով գաղտնի դիտելով որդուն, ուտո՞ւմ է արդյոք նա:

Երեկոյան, յուր կատակները շարունակելով, Սմբատը, տնից դուրս գալիս, հայտնեց թե դարձյալ ուշանալու է։

Գասպարին չուղարկես ետևիցս, թե չէ մտադրություն չունեմ նրա համար թատրոնի տոմսակ գնելու, որ ինձ լրտեսի:

Դո՛ւ գիտես, պատասխանեց մայրն անսահման խոնարհությամբ,– բայց․․․

Հը՞մ․․․

Լավ կանես, որ վերարկուդ վերցնես, երեկոները ցուրտ է:

Այս անգամ Սմբատը վերադարձավ ավելի ուշ, քան նախընթաց երեկո: Երբ նա եկավ, մայրը, սև շալն ուսերին գցած, անցուդարձ էր անում գավթում անլսելի քայլերով, անշունչ ուրվականի պես։ Սմբատը զգաց խղճի սուր խայթոց և, միևնույն ժամանակ, դարձյալ, բարկությունից, խառնվեց նրա արյունը: Նա վրդովվեց յուր դեմ, որ առիթ էր տալիս մորն՝ այդքան տանջվելու, վրդովվեց և մոր դեմ, որ այդքան զգայուն էր:

Այդ օրից մայրը լուռ էր, անտրտունջ և համբերությամբ խոնարհ իր ճակատագրին։ Նա ոչ մի հանդիմանություն չէր անում, ոչ մի անգամ չէր հարցնում որդու կամքը և ոչ մի ցանկություն չէր հայտնում։ Նա

միայն աշխատում էր լուռ ու մունջ գուշակել որդու ամեն մի չնչին հաճույքը և անվրեպ կատարել։ Բայց որքա՛ն թանկ է նստում նրան այդ համառ լռությունը։ Սմբատը նկատում էր, որ անքուն գիշերները և անխոս մտատանջությունը օրից-օր մաշում են մորը և օրից-օր փութացնում նրա ծերությունը։ Այդ ավելի անտանելի էր նրա համար, քան եթե հանդիպեր մոր կողմից բուռն և բացարձակ հանդիմանության։

Նա փոխեց յուր վարմունքը, սկսեց երեկոները տանն անցկացնել, աշխատելով զվարճացնել մորն առաջվա պես։ Այդ ևս չօգնեց։

Մի օր նա տուն եկավ սաստիկ վրդովված և գույնը թռած։ Հռիփսիմեն, դողդողալով, ձեռները ծոցին դրեց, գլուխը թեքեց դեպի ուսը, կանգնեց ու նայեց որդու աչքերին։ Այնտեղ նա ձգտում էր կարդալ նրա գունատության պատճառը, առանց խոսել համարձակվելու։

― Դու ուրեմն չե՞ս հասկանում, թե ինչ ես արել,― գոչեց որդին, չկարողանալով զսպել իր կատաղությունը։ Դու ինձ բոլոր ընկերներիս մեջ խայտառակել ես և չե՞ս իմանում, չե՞ս իմանում։

― Սմբա՜տ․․․― կարողացավ միայն արտասանել մայրը։

― Ոչ, այդ արդեն չափազանցություն է, դու ամեն կողմից ինձ թշնամու պես պաշարել ես, ամեն ճանապարհ կապել իմ առջև։ Բավական չէր ծառան, այժմ դու ընկերներիս ես ինձ լրտես նշանակել․․․

― Ես․․․ ես․․․― ոչինչ․․․― տատանվեց մայրը և չկարողացավ շարունակել, երկյուղածությամբ ետ ու ետ քաշվելով։

― Այո, Սերգո Քեթխուդյանին դո՞ւ չես խնդրել, որ քեզ պատմի այն ամենը, ինչ որ ես անում եմ դրսում։ Քրոջդ որդուն, Աբգարին, դո՞ւ չես պահապան դրել վրես, որ ես մի քայլ անգամ չանեմ առանց նրան։ Ասենք թե Սերգոն և Աբգարն ինձ լավ են ճանաչում, գիտեն, որ իմ կյանքը դրսում մի վատ կողմ չունի, բայց ինչո՞ւ ես ինձ ամաչացնում։ Այդ դեռ ոչինչ․ ասա՛, խնդրեմ, ես ի՞նչպես չգրգռվեմ, որ դու շրջմոլիկների պարագլուխ Մեփիսովին անգամ ինձ համար լրտես ես նշանակել։ Բայց արդեն բավական է, չափը լրացավ։ Լսի՛ր, ինչ եմ ասում, մայր, դու գիտես, որ վաղուց մտադիր էի Ռուսաստան գնալու, գիտես, որ ես ուզում եմ համալսարան մտնել։

Մայրը գլխով մի շարժումն արավ, լուռ հառաչելով, առանց տեղից շարժվելու։

― Ուրեմն չզարմանաս― ես երկու շաբաթից հետո ուղևորվում եմ․․․ Պետերբուրգ։

Հռիփսիմեն մի ճիչ արձակեց և ուժասպառ, թուլացած, նստեց պատի մոտ գտնվող թախտի վրա։ Այո, նա վաղուց գիտեր որդու մտադրությունը։

Դեռ երկու տարի առաջ, երբ ավարտեց գիմնազիոնը, նա անմիջապես պատրաստվեց ուղևորվելու։ Բայց Հռիփսիմեն ընկավ նրա ոտներին, աղերսեց, որ թողնի յուր մտադրությունն և ապրի մոտ հետ։ Ի՞նչ է անում նա բարձր ուսումը, քանի որ նրա առողջությանը վնասակար է։ Եթե ուսումն առնում են նրա համար, որ աշխարհում ապրելու միջոց ունենան, Սմբատն այդ կողմից ամենից բախտավորն է։ Հայրն այնքան թողել է, որ որդուց որդի բավական է։ Ոչ միայն ուսում, այլև ոչ մի գործով չպիտի պարապվի․ նա միայն պիտի ապրի ու ապրի․․․ այս էր Հռիփսիմեի ուզածը։ Եվ հանկարծ Սմբատը վճռողաբար հայտնում է, թե երկու շաբաթից հետո գնում է։ Հռիփսիմեն կարո՞ղ է ապրել առանց տարիներով որդու երեսը տեսնելու, նա՛, որ երկու ժամ որդուն չտեսնելիս տանջվում է այնքան։

Հռիփսիմեն անցավ յուր սենյակը, դռները փակեց և երկար ժամանակ լաց եղավ, հիշելով անցյալը, յուր հանգուցյալ ամուսնուն և հանգուցյալ որդիներին։ Այն ժամանակ նա երջանիկ էր, այն ժամանակ նա կմահաձայնվեր մեկից բաժանվել, մյուսով մխիթարվել։ Իսկ այժմ․․․ Երբեք, նա կսպանի ինքն իրեն և չի համաձայնվիլ միակ որդուց բաժանվել։ Իսկ եթե Սմբատը համառություն անե, այն ժամանա՞կ․․․

― Կթողնեմ տուն ու տեղ, ամուսնուս ու որդիներիս գերեզմանները և կգնամ նրա հետևից,― ասաց Հռիփսիմեն ինքն իրեն լսելի ձայնով,― կգնամ, թեկուզ աշխարհի մյուս ծայրը։

Սակայն մի րոպե չանցած, այս միտքը նրան սարսափեցրեց։ Ի՞նչ, միթե նա կարո՞ղ է իր սիրեցյալների գերեզմանները մոռանալ, թողնել և հեռանալ օտար աշխարհ։ Ո՛չ, այդ անտանելի կլինի։

Ամբողջ օրը նա ոչինչ չասաց որդուն, միայն հետևյալ առավոտը դարձավ նրան․

― Որդի, երեկ հանաք էիր անում, չէ՞․․․

― Ի՞նչ հանաք։

― Թե պիտի գնաս։

― Բարեբախտաբար, ոչ։ Ամսույս վերջին ինձ բարի ճանապարհ մաղթիր։

― Այդ ինչպես կլինի,― արտասանեց Հռիփսիմեն, կմկմալով։

― Այնպես կլինի, որ կնստեմ կառք, կգնամ և ամեն ամառ կգամ մորս տեսնելու, ինչպես ուրիշներն են անում։

― Ուրիշները շատ որդիք ունին, ես մեկն ունիմ։

― Մեր հարևան այն աղքատ կինը քանի՞ս ունի․ չէ՞ որ մեկը, ինչո՞ւ է թողնում նրան գնալու։ Քեզ նման շատերը կան, մայր, հավատացիր։

Ես մի ռուս ընկեր ունեմ, նրա մայրն հինգ որդի ունի, հինգն էլ նրանից հեռու են ապրում, նա կին չէ՞ քեզ պես․․․

― Ես չեմ կարող․․․ չեմ կարող․․․― կրկնեց մի քանի անգամ Հռիփսիմեն փղձկալով։

Սմբատի պարզ-մեխակագույն աչքերը փայլեցին տհաճությամբ։ Նա մի ծխախոտ վառեց, որ յուր՝ մի վայրկյանում լարված ջղերը փոքր-ինչ թմրեցնի։ Այդ մի սովորական միջոց էր, որին դիմում էր բարկության րոպեներին։ Նա թուլացած նստեց աթոռի վրա․ նա տեսնում էր, որ դժվար է ազատվել կապանքից, որ ծերունի կինն առանց իրեն անկարող է շարունակել իր գոյությունը․․․ այնքան հոգով ու սրտով ձուլվել է նա յուր զավակի հետ։

― Լավ,― ասաց նա,― եթե անպատճառ ուզում ես ոտներս ու ձեռներս շղթայած ունենալ, արի, քեզ ալ տանեմ հետս, ուր որ գնում եմ։ Միայն թե մի ոչնչացնիր իմ ապագան։

Հռիփսիմեն ոչինչ չպատասխանեց․ նա լալիս էր արտասանելով յուր հանգուցյալ որդիներից մերթ մեկի, մերթ մյուսի անունը։ Սմբատը չկարողացավ երկար կրել այդ դառն տեսարանի ծանրությունը, թողեց և հեռացավ մյուս սենյակ։

Այնուհետև նա մի քանի օր աշխատում էր համոզել մորը, թե յուր գնալը անհրաժեշտ է, թե Թիֆլիսի կյանքը և անգործությունը նրան ձանձրացրել են, թե նա մտավորապես բթանում է, բարոյապես աղավաղում, միշտ միատեսակ կյանք վարելով․ թե վերջապես, անգործությունը պատիվ չի բերում տղամարդին։ Նա օրինակ էր բերում յուր նախկին ընկերներին, համեմատում էր իրեն նրանց հետ և ամաչում այդ համեմատությունից։ Ամեն մեկը մի անհատ է, մի ազատ մարդ յուր ուժով, կամքով, խելքով, յուր սեփական ձգտումներով։ Իսկ ի՞նչ է ինքը․ համարյա թե ոչինչ․ փողով ապրող, փայփայված մի երեխա, որին եթե վաղն ազատություն տաս իր ոտքով շրջելու, ով գիտե, չկարողանա շրջել։ Ո՛չ, այսպես չի կարելի, նա արդեն ծիծաղելի է դարձել յուր ընկերների աչքում, նրանք ծաղրում են նրան, արժանի չեն համարում մի լուրջ բանի վրա հետը խոսելու։ Իսկ ով անկեղծ է, խորհուրդ է տալիս ուսումը շարունակելու։

― Խնդրում եմ, մայրիկ, արգելք մի՛ լինիր ինձ, մի՛ կապիր ճանապարհս․․․

Բայց բոլոր այս պատճառաբանություններն ակներև ապարդյուն էին անցնում։ Ճշմարիտ է, Հռիփսիմեն լսում էր որդու ասածները խորին ուշադրությամբ, չէր հակառակում, համաձայնվում էր, բայց, միևնույն ժամանակ, միշտ կրկնում էր․

― Առանց քեզ մի օր չեմ ապրիլ։

Սմբատը շվարված էր մնացել, չգիտեր ինչ աներ։

«Վերջապես, մի կերպ պետք է լուծել այդ կապանքը, թե՞ չէ»,― մտածում էր նա։

Նա վճռեց փոխել իր վարվողության ձևը։ Մինչև այժմ նա դեռ շարունակում էր մեղմ վարվել մոր հետ, որին թե՛ սիրում էր և թե խղճում։ Այժմ նա սկսեց ցույց տալ, որ ատում է նրան և մտադրությամբ իր հարաբերությունները կոշտացրեց։ Նա չէր պատասխանում մոր ոչ մի հարցին, ճաշում էր առանձին, քնում էր յուր առանձնասենյակում, ուր չէր թույլ տալիս մորը ոտք դնելու, տեղի ու անտեղի ծառայի վրա բարկանում էր, մուրացկաններին վռնդում էր դռներից, թափառաշրջիկ երաժիշտներին ու երգիչներին չէր թողնում երգել և նվագել գավթում։ Մի խոսքով, անում էր այն, ինչ որ գիտեր, թե դուր չի գալիս մորը։ Այսպիսով, նա կամենում էր մոր սրտում ատելություն հղացնել դեպի ինքը, մի ծայրահեղ զգացմունքի տեղ հակառակը ներշնչել։ Այն ժամանակ մայրը, վերջապես, կձանձրանա որդուց և բարվոք կհամարի, գեթ միառժամանակ, բաժանվել նրանից։

Սակայն զուր, բոլոր այս միջոցները հակառակ արդյունք ունեցան Սմբատի համար։ Որքան նա բռնի ատելություն էր ցույց տալիս, նույնքան մոր սերը զարգանում էր, կույր հնազանդությունը ամրանում։ Նա շարունակ լուռ ու մունջ դիմանում էր որդու քմահաճություններին, առանց գեթ մի անգամ թեթև հանդիմանություն անելու։

Մի օր Սմբատը նկատեց, որ մայրը գաղտնի մի արծաթե դրամ տվեց մեկ կույր երգչի, որին նա վռնդել էր։ Հետևյալ օրը նա պատահմամբ, դռների մոտով անցնելիս, տեսավ որ մայրը նստած լաց է լինում յուր ամուսնու սենյակում։ Այդ ստիպեց նրան մի կողմ ձգել կեղծ ատելության դիմակը, որ այնքան ծանր էր նրա համար։

Այժմ մնում էր մի վերջին միջոց՝ լինել անզգա, թողնել անուշադիր մոր լացն ու հառաչանքները և գնալ ու հեռանալ։ Նա լաց կլինի, լաց կլինի և գուցե վերջը կամա-ակամա կհնազանդվի յուր ճակատագրին։

Ամառվա վերջերին մի օր նա սառն եղանակով հայտնեց մորը, թե վաղը չէ մյուս օրը ճանապարհ է ընկնելու։

― Ո՞ր քաղաքը․․․ հարցրեց մայրը

― Դու նամակ կստանաս Ռուսաստանից կամ, ով գիտե, արտասահմանից։

Հռիփսիմեն ոչինչ չասաց, մի հառաչանք անգամ չարձակեց, նրա դեմքի մկանունքներն անգամ չշարժվեցին։ Այդ օրերը նա նիհարել էր,

աչքերը խորն էին ընկել, այտերի ոսկորները դուրս էին ցցվել երեսի թառամած կաշվի տակ: Նա լուռ ու խոնարհ երեսը շուռ տվեց, գնաց յուր սենյակն և ամբողջ օրն այնտեղ մնաց։

Մյուս օրն երեկոյան Սմբատը սովորականից վաղ տուն վերադարձավ, հրամայեց Գասպարին յուր հագուստեղենը կապել, ասաց թե վաղը իրիկնադեմին ճանապարհ է ընկնելու, թե արդեն կառքի տոմսակ է վերցրել։

Բաս աղջիկ պարո՞նը, հարցրեց ծառան զարմացած։

Ի՞նչ կա:

Նա հիվանդ է։

Հիվա՞նդ է, գոչեց Սմրատը, զուր աշխատելով չկորցնել սառնասրտությունը։

Այսօր մինչև երեկո պառկած է եղել, ասացի, աղջիկ պարոն, թո՛ղ գնամ, Սմբատին գտնեմ, բժիշկ կանչենք։ Չուզեց ու չուզեց.. Պառկած է ու լաց է լինում… գնում եք այնտե՞ղ, աստված սիրեք, չասեք Գասպարն ասաց: Նա կբարկանա վրես, եթե իմանա, որ ես եմ ձեզ հայտնել։

Հոիփսիմեն արդարև հիվանդ էր և ծանր հառաչում էր, պառկած խավար սենյակում, երբ Սմբատը ներս մտավ։

Ի՞նչ է պատահել, հիվա՞նդ ես, ինչու՞ ես մթնում պառկել, կրկնեց միմյանց հետևից յուր հարցերը Սմբատը։

Գասպարը նրա հրամանով իսկույն ներս բերեց վառած կանթեղը։ Հոիփսիմեն պառկած էր, երեսը պատին ղարձրած, գլուխը սև շալով ծածկած, առանց վերմակի, ձեռում սեղմած մի բան։

Սմբատը զգուշությամբ մոտեցավ նրան։

- Նայի՛ր, մայրի՛կ, ես եմ…

Նրա ձայնը դողում էր, դողում էին և նրա ձեռներն երկյուղից և խղճի հարվածից: Հռիփսիմեն արագությամբ, որքան, իհարկե, ուժ ուներ, բարձրացավ և նստեց անկողնի վրա։

Դո՞ւ ես,– արտասանեց նա քնից նոր սթափվողի պես,– էհ, ոչինչ գլուխս քիչ ցավում էր, անցավ:

Այս ասելով, նա շտապով և գաղտնի թաքցրեց բարձի տակ մի բան:

Այդ ի՞նչ ես թաքցնում, ցո՛ւյց տուր…

Որդին կասկածանքով ձեռը մեկնեց և բարձի տակից հանեց թաքցրած բանը: Դա նրա հանգուցյալ եղբայրների և հոր լուսանկարներն էին: Նայեց նրանց վրա Սմբատը, հիշեց այն երջանիկ օրերը, երբ նրանք կենդանի էին, հիշեց մեկի որդիական և մյուսի ամուսնական սերը։ Չէ՞ որ այժմ չկան նրանք և մոր միակ սփոփանքն ինքն է այսօր։ Չէ՞ որ ինչպես

մայրն է յուր բոլոր սերը նվիրել որդուն, նա ևս պարտավոր է յուր հոր և եղբոր փոխարեն սիրել նրան․․․

Նա ուշադրությամբ նայեց մոր երեսին։ Որքա՞ն նա փոխվել է վերջին ժամանակ, թառամել, դալկացել և գրեթե կմախք դարձել։ Մի վայրկյանում բուռն զորությամբ գրգռվեց նրա որդիական սերը, խառն խղճահարության և ցավակցության հետ։ Ճնշված սրտով, խոր զգացված, նա բռնեց մոր աջը, հպեց յուր շրթունքներին և հուզված ձայնով արտասանեց.

― Ների՛ր, մայրիկ, գիտեմ ինձ համար ես այդքան վշտանում, քո տկարության պատճառը ես եմ միայն․․․ Բայց ահա քո մոտն եմ և չեմ․․․ հեռանալ․․․ Չե՞ս հավատում․․․

Նա վազեց յուր սենյակն և իսկույն հետ դարձավ ճանապարհի տոմսակը ձեռին։

― Տե՛ս, ահա, պատռում եմ տոմսակս և չեմ գնում․․․

Մայրը թռավ ոտքի և բռնեց նրա ձեռը։

― Ոչ, սպասի՛ր, եթե ինձ սիրում ես, մի պատռիր, շատ լավ ես արել որ վերցրել ես։ Գնա՛, որդի, գնա՛, ես ինքս եմ խնդրում, գնա՛, աշխարհ տես, մարդ տես, թող միտքդ բացվի։ Լսո՞ւմ ես, ես քեզ խնդրում եմ, գնա՛։ Էհ, ես հիմար կին եմ, չէի հասկանում, հակառակում էի։ Հիմա հանգիստ կաց, առանց քեզ կարող եմ համբերել, ինչու չէ, կարող եմ․․․

Նա խոսում էր հաստատ ձայնով և համոզված մարդու եղանակով։ Ոչ մի կեղծ հնչյուն կամ թաքցրած դժգոհություն չէր զգացվում նրա ասածի մեջ։ Սմբատը հակառակեց, նա սկսեց հավատացնել, որ այժմ այլևս ինքը չունի ոչ ուսման ցանկություն և ոչ Թիֆլիսից դուրս գալու միտք։ Բայց դժվար էր համոզել Հոիփսիմեին։ Նա անհողդողդ կրկնում էր, թե շատ կվշտացնի Սմբատը նրան, եթե չկամենա գնալ, թե այդ յուր ջերմ ցանկությունն է և այլն։

Հետևյալ օրը Սմբատը պատրաստվեց ճանապարհ ընկնելու։ Հռիփսիմեն ուրախ էր և աշխույժ։ Նա Սմբատի աչքում բավական փոխվել էր ու անհամեմատ առողջ և զվարթ էր երևում, քան նախընթաց երեկո։ Նա օգնում էր Սմբատին, աշխատելով որքան կարելի է, նրա բեռը ծանրացնել զանազան պիտանի ու ավելորդ հագուստներով և ստիպելով անպատճառ յուր հետ վերցնել տեսակ-տեսակ ուտելեղեն ճանապարհի համար։

Սմբատը մեծ հաճությամբ կատարում էր նրա ամենաչնչին ցանկությունն անգամ։ Բայց, զբաղված լինելով յուր նոր սկսվող կյանքի մտքով, չէր նկատում այն խորին և տարօրինակ թախծությունը, որ թաքնված էր մոր զվարթության ներքո և որ մերթ ընդ մերթ փայլում էր նրա աչքերի մեջ կամ արտահայտվում ձեռների դողոցով։

Հոիփսիմեն մի փառավոր ճաշ պատրաստել տվեց յուր որդու համար։ Ներկա էին նրա քույրը, քեռորդին և ուրիշ մի քանի ազգականներ, որ եկել էին ճանապարհ դնելու Սմբատին։ Մայրերը բացարձակ, Սմբատի ներկայությամբ, հանդիմանում էին Հռիփսիմեին, որ նա թողնում է յուր միակ որդուն օտար աշխարհ գնալու։ Հռիփսիմեն, ծիծաղելով և կատակներ անելով, պատասխանում էր, թե Թիֆլիսում արժանավոր հարսնացու չկա Սմբատի համար, թե նա գնում է ուրիշ երկրում պսակվելու և թե շուտով կվերադառնա մի գեղեցիկ կնոջ հետ։

Ճաշն ավարտվեց ուրախ, անթիվ անգամ խմեցին Սմբատի կենացն և բարի ճանապարհ մաղթեցին։ Մոտեցավ ուղևորության ժամը։ Գասպարն իրեղենները տարեց փոստային կայարան։ Սմբատը մոր հետ մի կառքով գնաց։ Նրանց հետևից գնացին բարեկամները։ Եղանակը սաստիկ շոգ էր, անհնարին էր արեգակի տակ մնալ։ Հռիփսիմեն ստեպ-ստեպ սրբում էր յուր ճակատի քրտինքը, ծանր հառաչելով․․․

Կայարանում նա ուշադրությամբ դիտեց այն կառքը, որ պիտի տաներ նրա որդուն, մտքում ցավեց, որ Սմբատը պիտի այդ չորս կողմից բաց կառքում նստի, ով գիտե, ինչ մարդկանց հետ։ Բայց նա արտաքուստ հավանություն ցույց տվեց, մինչև անգամ ասաց, թե լավ է, որ նա փակ կառքի տոմսակ չի վերցրել այդ շոգում։

Վերջապես, հասավ բաժանման տագնապալի րոպեն։ Կոնդուկտորը առաջարկեց կառք նստել։ Սմբատն ընկավ մոր գիրկը, և երկար ժամանակ նրանք չէին անջատվում միմյանցից։ Հասավ և՛ ուրիշների հերթը՝ Սմբատին համբուրելու։

Բոլոր կանայք արտասվեցին․ բացի․․․ Հռիփսիմեից։ Նա անվրդով էր։ Նա ժպտում էր։

Կոնդուկտորը Սմբատին շտապեցրեց։ Նա բռնեց յուր տեղը մի ռուս կնոջ և պառավ հրեայի մեջ, որ աշխատում էր բարեկամական ցույցեր անել յուր ուղեկցին։ Կառավարը բարձրացրեց ձեռի սանձերը։ Կոնդուկտորը հնչեց յուր փողը, ձիերը շարժվեցին։ Սմբատը գդակը վերցրեց վերջին բարևները տալու մորը, որ կանգնած էր անշարժ միևնույն դիրքում, միևնույն տեղում, կառքի մոտ։

― Մնաք բարև, ասաց պառավ հրեան, քաղցր ժպտալով կառքը շրջապատողներին, որոնց մեջ նա ոչ մի ազգական, ոչ մի բարեկամ, ոչ մի ծանոթ չուներ։

Լսվեց մի սուր տարօրինակ գոռոց, նման հուսահատ խոյի բառանչելուն սպանդագործի դանակի տակ։ Եվ մի ինչ-որ սև բան փռվեց գետնին,
Ողիղ կառքի առջև։ Ձիերը խրտնեցին, աջակողմինը փոքր էր մնում, որ ոտը դնի գետնի վրա տարածվածի կրծքին։

Ամենքը շփոթված նայեցին դեպի այն կողմ։ Կառավարը ամուր սեղմած ուներ յուր ձեռքերում ձիերի սանձը։ Սմբատը վախեցած նայեց դեպի ցած․․․ և բանը պարզվեց նրա համար։ Այնտեղ, գետնի վրա, յուր ոտների տակ, փոշիի մեջ տարածված էր յուր մոր անշունչ մարմինը, մի կտոր սև լաթի պես։ Նա վայր ցատկեց կառքից, մոտեցավ և գունաթափ, դողդողալով, թեքվեց մոր վրա։ Նա բռնեց նրա թևից, գոռալով․

Մայրի՛կ, մայրի՛կ։

Մայրիկն անշարժ էր, կենդանության և ոչ մի նշույլ չէր արտահայտում նրա նիհար, պարզ-մոխրագույն դեմքը։ Ազգականներն օգնեցին որդուն՝ բարձրացնել մոր անշնչացած մարմինն ու դնել պատշգամբի վրա, ուր հավաքված էր ճամբորդներ ուղեկցողների մի մեծ խումբ։ Մեկը մի շիշ ջուր բերեց և սկսեց սրսկել Հռիփսիմեի երեսին։ Տեղի ունեցավ խիստ իրարանցում, ազգական կանայք բարձրացրին անասելի աղմուկ։ Հռիփսիմեի քույրը բարձր ձայնով լալիս էր, նա կարծում էր, որ հարվածը մահացու է։ Սակայն սառի ջրի ազդեցությունից դանդաղորեն ետ շարժվեցին ուշաթափվածի կոպերը։ Նա աչքերը բաց արեց և, մի անգամ արտասանելով որդու անունը, կրկին թուլացավ և ընկավ Սմբատի գիրկը։

Պարոն, ներեցեք, մենք սպասել չենք կարող, լսեց Սմբատը յուր հետևից կոնդուկտորի անվրդով ձայնը։

Արդարև, կառքը սպասել չէր կարող, ճանապարհորդները արդեն տրտնջում էին։ Իսկ այստեղ տակավին գրեթե անշունչ ընկած էր նրա մայրը։ Նա դարձավ կոնդուկտորին։

Թողեք իրեղեններս ցած բերեն։

Նույն վարկյանին Հռիփսիմեն բոլորովին սթափվեց։ Նրան կառք դրեցին՝ տուն տանելու։ Նա կրկնում էր․

Մի՜ գնար, մի՜ գնար։

Եվ Սմբատը պատասխանեց․

- Ո՜ւր կարող եմ գնալ․․․

Հետո, երեսը մի կողմ դարձնելով, որ աչքերի արտասուքը թաքցնի, ցածր ձայնով, այնպես որ միայն ինքը կարող էր լսել, արտասանեց․

Այս թանկագին շղթան անկարելի է փշրել․․․
Յատուկ Երաժշտություն
Նոր ծաղիկ
Էլեն Յոլչյան

Նոր ծաղիկ

Խաղաղ երկնքի տակ
Խաղաղ երկնքի տակ
Խաղա առցանց