Ալեքսանդր Շիրվանզադե

Քաղաքային դումայի դահլիճում

«Եվ ժողովեալ զմաքսաւորս
և զփարիսեցիս դատ արարին»:

Ապրիլի տասնևմեկն էր, առավոտյան տասնևմեկ ժամը։ Դատարանի տեղը քաղաքային դումայի դահլիճն էր։ Դատարանում նախագահում էր Պիղատոսի փոխանորդ Պլատոնը, դատի էր ենթարկվում ոչ-նազովրեցի Նազարեթը։ Իսկական հեթանոսը, որ դյութական զորությամբ միևնույն կտրոններով երկու անգամ փող էր ստացել քաղաքային բանկից, բացակա էր։ նախագահի աջ կողմում նստած էր մեծն Նապոլեոնը։ Նրա առջև դրված էր Սեղանի... Ներողություն... ծակված կտրոնների հարցը։ Դահլիճը լիքն էր, կային քաղաքի «Նշանավոր գերդաստաններից» շատերը։ Նապոլեոնի զինվորներից երկուսին ներս բերեցին պատգարակների (НОСИЛКИ) վրա, վասնզի շատ ճակատամարտերում վերքեր ստացած լինելով, այժմ նրանք անդամալույծ էին։ Մի ուրիշ հինավուրց զինվորի ձեռից բռնած ներս բերեցին, վասնզի կույր էր աչոք։

Տեսարանը փառահեղ էր։

Սկսվեց պատերազմը։ Հաջն Տիգրանի թոռը՝ ազնիվ Նազարեթը տվեց առաջին հարվածը։ Մեծն Նապոլեոնը կուլ տվեց մի քանի դառն կազդուրիչ «պիլուլներ»։ Նա վճռել էր քաջությամբ կռվել։ Նա մի այնպիսի «հիանալի սառնասրտությամբ» էր լսում դառն ճշմարտության ձայնը, որ նրա սպարապետներից մեկը սքանչացած նայում էր «բեղերը սրելով» և հիշելով իր անցյալ սխրագործությունները։ Եվ՝ հանճարեղ ռազմագետի հզոր ձայնին հնազանդվելով՝ զորագունդը միահամուռ արձակեց քառասունևհինգ գնդակներ և օ՜ն, առաջ, հաղթական բլրի գագաթը հանեց Մեծն Նապոլեոնին։Եվ ամեն մեկը սողալով վեր էր բարձրանում այդ բլուրը, համբուրել մեծ մարդու ոտները, իսկ նա՝ հպարտությամբ շոյում էր իր ստամոքսը։

«Դավաճանությո՜ւն, դավաճանություն», լսելի եղավ ներքևից։ Ռազմագետի մեծ մարշալըա՝ Մարկիանոսը, խույս էր տրվել աշխարհակալից և միացել նազարեթի հետ։ նապոլեոնի պատերազմական հնարքներին քաջ ծանոթ՝ նա քաջությամբ պարզեց այդ գաղտնիքները. օ՛հ, սոսկալի դավադրություն։ «Զե՛նքի, զե՛նքի», որոտաց բլրից ահեղագոչ ձայնը։ Եվ անդամալույծները դյութական ուժ առան ու արձակեցին նորից գնդակներ, քսանվեց թնդանոթային գնդակներ։ Դյուրաթեք կնճիթանոց և կարճապոչ փղերը շուռ եկան Նազարեթի զորքի վրա և իրանց ծանր ոտների տակ տրորեցին նրան։

Եվ մեծն Նապոլեոնը կրկին կանգնած էր բլրի վրա հաղթական ժպիտով և ամեն մեկը, սողալով, նորից վեր էր բարձրանում նրա ոտները համբուրելու համար։

Ա՛խ Նազարեթ, Նազարեթ, մի՞թե դու չգիտես ինչի համար խաշեցին նազովրեցուն: Եթե նա դաշտերում և լեռների վրա չքարոզեր բարձրաձայն ճշմարտությունը, մի՞թե մաքսավորներ նենգավորները և փարիսեցիները կասեին. «Ի խաչ հա՛ն, ի խաչ հան զդա»…

Գոնե պետք է օրինակ առնեիր բանկի այցելուներից և անդամներից։ Դրանք գրավ դրին բոլոր ունեցածը. դու էլ գրավ կդնեի՛ր այն, ինչ որ ունեիր ձայնդ, «Սառնարյուն» մարդկանց խորհրդին չլսեցի՞ր, դեհ, գնա՛ դատափետվիր։


Հ. Գ.։ Երկուշաբթի, ապրիլի 12-ին, Ջգրաշենի եկեղեցում հոգաբարձական ընտրություններին իշխան Նապոլեոն Ամատունին ստացավ մեկ ձայն։ Լսում եմ, խիստ խուզարկություն է սկսվել այդ ձայնը գտնելու։

Յատուկ Երաժշտություն
Առանց քեզ ինչ կոնիմ
Սայաթ Նովա

Առանց քեզ ինչ կոնիմ

Գուշակություն մի բաժակ սուրճով
Գուշակություն մի բաժակ սուրճով
Խաղա առցանց